Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը
2016-ի Ապրիլյան պատերազմն առանցքային իրադարձություն էր ոչ միայն ինքն իրենով, այլեւ որպես Հայաստանի Հանրապետության պատմության շրջադարձային կետ, ջրբաժան. ՀՀ պատմությունը կարելի է բաժանել ըստ այդմ երկու մեծ փուլի՝ մինչեւ 2016-ի ապրիլ եւ 2016-ից հետո: Որքան էլ տարբերվեն միմյանցից 1988-2016-ի ՀՀ պատմության առանձին հատվածները, դրանք մեծ հեռանկարի մեջ պատմական մեկ փուլ են, իսկ 2016-ից հետո սկսվածը՝ պատմական մեկ այլ փուլ: Ինչո՞ւ ենք այդպես կարծում:
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՊԵՍ ՆՇԱՆ
2016-ի Ապրիլյան պատերազմը նշան էր այն բանի, որ համաշխարհային եւ տարածաշրջանային անկայունացման ու ճգնաժամային փուլը, որը սկսվեց 2010-ականներին (թերեւս առաջին ակնհայտ նշանը համարենք Արաբական գարունը), եւ որի մեջ այսօր ապրում է աշխարհի մեծ մասն այս կամ այն չափով եւ դրսեւորմամբ, իր ազդեցությունը տարածեց նաեւ Հայաստանում:
Առանձին ազգերի ու պետությունների պատմությունները երբեք չեն եղել ու առավել եւս չեն այսօր ինքնամփոփ, մեկուսի ընթացքներ, այլ ինչպես տեղական եղանակը, կարգավորվում են տարածաշրջանային եւ գլոբալ մեծ մթնոլորտային համակարգով։ Ինչպես յուրաքանչյուր երկրի կլիման եւ կոնկրետ օրվա եղանակը տեղական դրսեւորում է ու հարմարեցում մեծ կլիմային ու եղանակին, այդպես էլ ամեն տվյալ ազգի եւ պետության քաղաքական պատմությունը տեղական դրսեւորում ու հարմարեցում է մեծ քաղաքական կլիմայի, մեծ քաղաքական մթնոլորտի:
ՀՀ 1988-2016-ի պատմությունը, այդ թվում Ղարաբաղյան խնդրի պատմությունը մասն էր համաշխարհային մեծ այն կլիմայի, որը ձեւավորվեց ԽՍՀՄ փլուզմամբ եւ այս կամ այն փոփոխություններով տեւեց մինչեւ 2000- ականների ավարտը: Դա կարող ենք կոչել լիբերալ մեծ ուտոպիայի փուլ, որի հիմնական հղացքը պատմության ավարտի հղացքն էր: Ըստ այդմ՝ մեծ կոնֆլիկտների՝ պատերազմների ու հեղափոխությունների ժամանակն անցել է, եւ չնայած տեղական կոնֆլիկտներ դեռ կան, բայց ընդհանուր առմամբ մարդկությունը մտնում է պատմության, այսինքն՝ մեծ պայքարների եւ մեծ փոփոխությունների ավարտի փուլ: Այս մտածողությունը գերակայող էր 1990- ականներին, այդ թվում՝ Հայաստանում. 2000-ականներին դա միգուցե այդքան շեշտված չէր, բայց ընդհանուր առմամբ նույն գիծը պահպանվում էր: 2010-ականներին, սակայն, համաշխարհային մեծ ուժային բալանսի փոփոխմամբ (ԱՄՆ-ի՝ որպես գերտերության դանդաղ, բայց հետեւողական թուլացումը Չինաստանի աճին զուգահեռ) համաշխարհային մթնոլորտը մտնում է անկայունացման, ճգնաժամերի, փոփոխման փուլ՝ պատմությունը, այսինքն՝ մեծ պայքարների ժամանակը, արտաքին ու ներքին ժամանակը վերադառնում է: 2016-ից սկսած՝ Հայաստանում ունեցանք երկուսն էլ՝ պատերազմ եւ հեղափոխություն:
Ի՞նչ տիպի նոր կայունացմամբ կավարտվի այս փուլը՝ ոչ ոք այսօր չի կարող իմանալ, նման կանխատեսումները սկզբունքորեն անհնար են: Կարող ենք միայն փաստագրել ու արձանագրել փոփոխության քամին եւ դրա առանձին դրսեւորումները, նաեւ այն, որ անիմաստ է վախենալ կամ զգուշանալ միայն փոփոխություններից ու ճգնաժամերից, այլ պետք է դիտարկել դրանք նաեւ որպես հնարավորությունների շրջան, քանի որ բաց իրավիճակները, որպիսիք են ճգնաժամերը, որքան մարտահրավերների, նույնքան էլ հնարավորությունների աճ են ենթադրում:
Ճգնաժամի կարեւոր արտահայտություններն են՝ Մերձավոր Արեւելքի արմատական անկայունացումը, ընդհուպ մինչեւ պետական ամբողջ համակարգերի փլուզում եւ տեւական քաղաքացիական պատերազմներ, ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարման նոր մակարդակը՝ նոր «փոքր» «սառը պատերազմը», էլիտա-ժողովուրդ հարաբերությունների ճգնաժամը Արեւմտյան աշխարհում՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Բոլորն էլ ոչ թե մեկուսի, այլ միմյանց հետ կապված են:
Օրինակ՝ եվրոպական ճգնաժամի առավել կարեւոր առիթներից՝ քաոսի վերածված Մերձավոր Արեւելքից եկած փախստականների ալիքն էր: Ընդհանրապես Եվրոպան ու Մերձավոր Արեւելքը ոչ թե պարզապես միմյանց հետ կապված, այլ մեծ հաշվով պատմականորեն, քաղաքակրթորեն, մշակութապես, տնտեսապես, գեոպոլիտիկ միեւնույն մեծ տարածաշրջանն են եղել միշտ եւ ե՛ն, որի զարգացումը փոխկապակցված ու միասնական է: Եվրոպայի գեոպոլիտիկ բնական մասերն են Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը: Պատմականորեն դրանք միշտ միեւնույն մեծ ճակատագիրն են ունեցել, դեռեւս սկսած նախնադարից՝ նեոլիթից ու բրոնզե դարից մինչեւ նոր ժամանակները:
2016-ի ապրիլից ՀՀ պատմության մեջ սկսած նոր փուլը հենց այս միջազգային մթնոլորտի տեղական դրսեւորումն է: Ոչ միայն պատերազմը, այլեւ դրան հետեւած բոլոր դեպքերը, ընդհուպ մինչեւ 2018-ի հեղափոխությունը, այս նույն միտման մեջ են, որը որակապես տարբեր է նախորդից, եւ որը գրեթե անհնար է հասկանալ նախորդում գերակայող մտածողությամբ: 1990-2000-ականները վերջնականապես ավարտվել են որպես էպոխա, բայց քանի դեռ հաղթահարված չէ 90-ականների գերիշխող գիտակցությունը, մենք ի զորու չենք լինի հասկանալ ինքներս մեզ՝ մեր էպոխան եւ գործողությունները:
2018-Ի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍ
Քանի որ հիշատակեցինք 2018-ի հեղափոխությունը, մի երկու խոսք էլ այդ մասին: Շատերը հեղափոխությունն ընկալում ու գնահատում են որպես 1990- ականներին իրենց կարծիքով անավարտ մնացած լիբերալ հեղափոխության շարունակություն, նոր սերիա, հերթական փուլ եւ այլն, եւ ընդհանրապես 2018- ը դիտարկում են որպես լիբերալ ուտոպիզմի բաղկացուցիչ մաս: Իրականում 2018-ի հեղափոխությունը անկախ մասնակիցների ու նույնիսկ առաջորդների կարծիքից մասը եւ շարունակությունն է ոչ թե անցյալի ինչ-որ գործընթացի (թեեւ բնական է, որ կան ամուր ու կարեւոր ժառանգական կապեր, մեկը մյուսին չի բացառում), այլ ժամանակակից մեծ միտման Արեւմուտքում եւ Մերձավոր Արեւելքում էլիտաների մեծ ճգնաժամի, որի արտահայտումները շատ տարբեր են տարբեր միջավայրերում՝ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից մինչեւ Սիրիա ու Եգիպտոս կամ Ուկրաինա, բայց էությունը նույնն է:
Հայաստանում մինչեւ 2018-ն էլ եղել են մեծ հրապարակային ընդդիմադիր շարժումներ, բայց դրանք չնայած հաճախ շատ մեծ ծավալներ են ունեցել, երբեք չեն հասել վերջնական հաղթանակի: Իսկ 2018-ին ոչ միայն պարզապես օրվա կառավարությունն ու իշխող թիմը հեռացվեցին, այլեւ մի ամբողջ շրջան ավարտվեց. Ղարաբաղյան շարժմամբ եւ նրա շարունակությամբ ձեւավորված հայկական վերնախավը հեռացվեց իշխանությունից: Լավ է, թե վատ, բայց էլիտաների համաշխարհային մեծ ճգնաժամի մի տեղական դրսեւորում էր, իսկ հայկական հեղափոխությունը՝ մի տեղական դրսեւորում աշխահով մեկ ծավալվող ժողովրդական հակաէլիտար շարժումների (այսօրվա քաղաքական ժարգոնով ասած՝ պոպուլիստական, որն իրական պոպուլիզմի՝ դեմագոգիայի հետ կապ չունի):
Սա մեր հեղափոխության մեծ էությունն է, ինչը չի նշանակում, որ մանրամասներում ամեն բան պետք է համընկնի մյուսների հետ: Պարզապես պետք է հասկանալ պատմագիտական եւ քաղաքագիտական հիմնասկզբունքներից մեկը. ցանկացած երեւույթ բացատրելի է միայն ու միայն իր բնական միջավայրի՝ ժամանակի ու տեղի մեջ, եւ հակառակը, չի կարող բացատրվել որպես ոչ թե իր, այլ մի անցյալ ժամանակի օրգանական մաս: Ընդ որում՝ ժամանակը չի լինում տեղական, այլ համաշխարհային, միջազգային: Ճիշտ է, ժամանակակից ընկալման մեջ լռելյայն գերակայում է հակառակ պատկերացումը՝ «պրոգրեսիստական», իբր տարբեր երկրների, ազգերի եւ պետությունների ժամանակները տարբեր են՝ բաժանվում են զարգացածների ու հետամնացների, ուր հետ ընկածներն իբր կրկնում են զարգացածների անցյալի տարբեր փուլերը, տարբեր ժամանակները: Ըստ այդմ՝ միասնական համաշխարհային, միջազգային ժամանակի փոխարեն կան տարբեր՝ միմյանցից կտրված տեղական ժամանակներ: Չենք ուզում այստեղ քննել պրոգրեսիզմի այս միամիտ տարբերակը, ասենք միայն, որ ավելին չէ, քան սովորական հավատքը: Յուրաքանչյուր պատմական էպոխա ունենում է իր հավատքը՝ սկզբունքորեն անհիմնավորելի պատկերացումների համակարգ, որոնց, ըստ Տերտուլիանոսի հայտնի խոսքի, հավատում են, քանզի անհեթեթ են, աբսուրդ: Նրբությունն այստեղ այն է, որ ժամանակի միասնությանը չհավատալը եւ այն կտրտված պատկերացնելը հենց ժամանակաշրջանին բնորոշ առանձնահատկություն է: Այսինքն՝ մենք ապրում ենք մի մեծ էպոխայում, որի բնորոշ գծերից է չհավատալ սեփական միասնականությանը:
Այսպես՝ կարծում են, թե իսլամական ահաբեկչությունը ոչ թե ժամանակին բնորոշ՝ ժամանակակից երեւույթ է, այլ մութ անցյալի ինչ-որ մնացուկ կամ անսպասելի վերադարձ: Այդուհանդերձ, լուսավոր համարվող էպոխան հավատում է ուրվականներին եւ մեռելների վերադարձի հնարավորությանը: Ժամանակակիցը հոմանիշ է լավ բաների այդ հավատքի սահմաններում, արդ, ինչպե՞ս կարող է վատ բանը լինել ժամանակակից: Հենց իրենք՝ իսլամիստները, հավատում են, որ իրենք այլ բան չեն, քան Մոհամեդ մարգարեի ժամանակների անարատ իսլամի վերադարձը, ինչը, իհարկե, այլ բան չէ, քան մաքուր ուտոպիա, բայց նաեւ արտահայտում իրենց «թարս պրոգրեսիստ», այսինքն՝ ժամանակակից մարդիկ լինելուն: Իրականում իսլամական տեռորիզմը ոչ մի կապ չունի ոչ հեռավոր, ոչ էլ մոտակա անցյալի հետ (օրինակ՝ 1960-80- ականներին մերձավորարեւելյան ահաբեկչության գերակշիռ մասը սոցիալիստական եւ ազգային-ազատագրական գաղափարների կրողներ էին եւ աշխարհիկ), այլ մաքրամաքուր ժամանակակից, նույնիսկ գերժամանակակից երեւույթ է, նույնքան ժամանակակից, որքան սմարթֆոնը կամ արագ ինտերնետը՝ առաջացած միանգամայն ժամանակակից խնդիրներից ու հանրային կառուցվածքի հակասություններից:
Լավն ու վատը, դրականն ու բացասականը կապ չունեն ժամանակակիցի հետ: Ժամանակը մի մեծ համակարգ է՝ պայմանական պլյուս-մինուս բեւեռներով, ընդ որում՝ մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով: Զարգացած եւ հետամնաց երկրները ոչ թե տարբեր աշխարհներ ու տարբեր ժամանակներ են, այլ միեւնույն համակարգի մասը. մեծ հարստությունը ոչ միայն ենթադրում է մեծ աղքատություն, այլեւ հիմնված է դրա վրա: Ժամանակակից հավատքի միֆերից է այն, որ բոլորը հնարավորություն ունեն մտնելու զարգացածների էլիտար ակումբ, եթե կիրառեն այսինչ ու այնինչ մոգական գործողությունները՝ կապված քաղաքական ու տնտեսական համակարգերի բարեփոխումների հետ: Իրականությունն այն է, որ հարստության եւ աղքատության համաչափությունը պետք է մոտավորապես նույն մակարդակին մնա, որպեսզի միջազգային համակարգը չփլուզվի:
Բուն թեմայից շեղվեցինք՝ ցույց տալու համար, որ հայկական իրողությունները մաս են միասնական միջազգային ժամանակի: Դուր է գալիս մեզ, թե ոչ, 2016-ի պատերազմը եւ 2018-ի հեղափոխությունը ոչ միայն կապված են միմյանց հետ, այլեւ մասն են եւ բնական շարունակությունը ժամանակակից, համընթաց միջազգային գործընթացի եւ նախեւառաջ դրա:
2016-Ի ԱՊՐԻԼ՝ ՀԱՂԹԱՆԱ՞Կ, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Եթե 2016-ի պատերազմն այդքան կարեւորություն ունի, որ համարում ենք Հայաստանի Հանրապետության պատմության որակապես մի նոր փուլի սկզբնական կետ, ապա անպայման կարեւոր է հասկանալ՝ իսկ ի՞նչ կարող էր լինել, եթե պատերազմը ստանար այլ ընթացք եւ այլ ելք:
ՍԱ ԱՐԴԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԶՈՒՏ ԶՎԱՐՃԱԼԻ, ԱՅԼԵՒ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑ Է:
Բայց կառուցելու համար իրատեսական եւ ոչ զուտ ֆենթեզի այլընտրանքային սցենար 2016-ի ապրիլի վերաբերյալ, պետք է նախ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իրականում 2016-ին՝ պատերազմի, դրա ծագման, ընթացքի, արդյունքի ու հետեւանքների էությունը:
Որեւէ ռազմական գործողությունների նպատակը երբեք զուտ ռազմական լինել չի կարող, այլ նախեւառաջ քաղաքական է: Սա ռազմական ոլորտի կարեւոր առանձնահատկություններից է, այն գործիքային է՝ ըստ Կլաուզեւիցի դասականությունից մաշված, բայց իմաստը չկորցրած սահմանման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է», այսինքն՝ քաղաքականության գործիքներից մեկը, այլ՝ խաղաղ գործիքների սպառման դեպքում: Ռազմական ոլորտը ոչ թե պարզապես կապված է քաղաքականի հետ, ինչպես, ասենք, տնտեսությունն է կապված կամ արվեստը, այլ հենց քաղաքականի մասն է, եւ ինքն իր մեջ, ինքն իրենով իմաստ չունի, ոնց որ ինքնին իմաստ չունի, ասենք, մուրճը շինարարությունից դուրս: Դա նշանակում է, որ օրինակ՝ գնահատելու համար ռազմական գործողության արդյունքը՝ հաղթանա՞կ, թե՞ պարտություն, հնարավոր չէ հիմնվել միայն զուտ ռազմական տվյալների վրա, այլ անհրաժեշտ է քաղաքական վերլուծություն: Քանի որ ցանկացած պատերազմի վերջնանպատակը ռազմական չէ, այլ քաղաքական, իսկ ռազմականը միայն միջոց եւ գործիք է քաղաքական նպատակի իրացման համար, ապա ռազմաքաղաքական վերլուծության խնդիրը նախ տվյալ պատերազմի քաղաքական նպատակի սահմանումն է: Ըստ այդմ՝ պատերազմի արդյունքը պետք է հաղթական գնահատել, եթե իրացվել է այն քաղաքական նպատակը, որի համար սկսվել է պատերազմը, եւ հակառակը, պարտություն համարել, եթե ձախողվել է այն քաղաքական նպատակը, որը դրել էր իր առջեւ պատերազմը նախաձեռնող կողմը: Մնացած տվյալները՝ տարածքների գրավում ու կորուստ, նույնիսկ առանձին ճակատամարտերում հաղթանակ եւ պարտություն, այս հիմնական գործոնի համեմատ երկրորդական, «բոնուսային» դեր են ստանում: Պատերազմների պատմությունը լի է հաղթանակած ճակատամարտերով, որոնք չեն ունեցել ստրատեգիական հետեւանք, եւ հակառակը, քիչ չեն առանց մեծ ճակատամարտերի շահած պատերազմները:
Չնայած Հայաստանը պատերազմող երկիր է, եւ թվում էր՝ մեր հանրությունը, հատկապես վերնախավը պետք է գոնե բազիսային մակարդակով ծանոթ լինեին ռազմական պատմությանն ու ռազմական տեսության տարրերին, սակայն գիտենք, որ դա ավելի քան հեռու է իրականությունից: Պատճառը մեր վերնախավի ընդհանուր «դեկորատիվ» բնույթն է՝ անհամապատասխանությունն այն հողին ու միջավայրին, որում ապրում են «թվալու», այլ ոչ թե «լինելու»՝ «եվրոպացի» խաղալու հիմնարար կենսակերպը (չնայած ռազմական միտքը հենց մեծ եվրոպական քաղաքակրթության կարեւորագույն տարրերից է, բայց դա մերոնց իմացած Եվրոպան չէ):
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՄԵԶԱՆՈՒՄ ԳԵՐԱԿԱՅՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՌԻՎ-ԿՌԻՎ ԿԻՆՈՆԵՐԻՑ ՓՈԽԱՌԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՈՆՑԻՑ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ԲԱՌՆ Է:
Ըստ այդմ՝ պատերազմների իբր օրինաչափ ավարտը կապիտուլյացիայի ակտի ստորագրումն է: Խոսքը, անշուշտ, անվերապահ կապիտուլյացիայի մասին է, քանի որ կապիտուլյացիան եւ անվերապահ կապիտուլյացիան որակապես տարբեր բաներ են, չնայած մերոնք դա առանձնապես չեն տարբերում: Առաջինը՝ անվերապահ կապիտուլյացիան, իրավական ձեւակերպում է, որն ամբողջ համաշխարհային պատմության մեջ կիրառվել է միայն Երկրորդ համաշխարհայինում, եւ հենց դրա համար էլ կարելի է ասել ստեղծվել է (թեեւ կան ավելի վաղ կիրառման դեպքեր, բայց այլ իմաստով): Ի դեպ, հենց անվերապահ կապիտուլյացիայի աննախադեպ պահանջի պատճառով է Երկրորդ համաշխարհայինը երկարել ավելի, քան կարող էր տեւել այդ պահանջի բացակայության դեպքում, ինչը հավելյալ միլիոնավոր մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ է: Իսկ կապիտուլյացիան առանց անվերապահի՝ նշանակում է պատերազմի ըթնացքում ցանկացած հանձնման ակտ, որը կարող է ավարտել ոչ միայն տվյալ պատերազմը, այլեւ, օրինակ, ճակատամարտը կամ պաշարումը (հիմնականում հենց բերդերի պաշարման պատմությունից էլ այս եզրը մտել է ռազմական իրավունքի ոլորտ):
Ինչեւէ, թեեւ անվերապահ կապիտուլյացիան եզակի է պատերազմների պատմության մեջ, բայց անշուշտ եղել են նաեւ այլ պատերազմներ, որոնք ավարտվել են կողմերից մեկի գլխովին ջախջախմամբ եւ հաղթողի պայմանների անվերապահ ընդունմամբ, ինչը կարող ենք համարել անվերապահ կապիտուլյացիայի համարժեք: Սակայն նման ելքով պատերազմները փոքրամասնություն են: Ռազմական պատմության մեջ գերակշռում են պատերազմները, որոնք չեն ավարտվել մեկի կամ մյուսի լիակատար ջախջախմամբ, սակայն դրանցում էլ բնականաբար գրանցվել են հաղթողներ ու պարտվողներ, եւ կնքվել են խաղաղության կամ հրադադարի պայմանագրեր: Եվ եթե լիակատար պարտությամբ ավարտվող պատերազմներում հաղթանակի ու պարտության հարցն ինքնին պարզ է՝ ռազմականն ու քաղաքականն այստեղ լիովին համընկնում են, ապա սահմանափակ նպատակներով պատերազմներում, որոնք, շեշտենք, ռազմական պատմության մեջ մեծամասնություն են, միշտ չէ ակնհայտ, թե ով է հաղթողը, իսկ ով՝ պարտվողը: Այստեղ մնում է մեկնաբանությունների ու բանավեճի տեղ, եւ որոշելու համար հաղթանակն ու պարտությունը՝ պետք է քաղաքական վերլուծություն, միայն զուտ ռազմական տվյալները բավարար չեն:
Բացի պատերազմների տիպաբանությունից, լիակատար պարտությամբ եւ սահմանափակ արդյունքով ավարտվող ռազմական պատմությանը հայտնի են նաեւ երկու հակոտնյա ստրատեգիկ բեւեռներ՝ ճնշման ռազմավարություն եւ հյուծման ռազմավարություն (գերմաներեն՝ Niederwerfungsstrategie եւ Ermattungsstrategie, մեր թարգմանությունը պայմանակն է եւ բառացի), որոնց բաժանումը եւ դրսեւորումը համաշխարհային ողջ պատմության ընթացքում առաջինը հիմնավորել է ռազմական պատմության, կարելի է ասել, անգերազանց հանճար Հանս Դելբրյուկը իր «Ռազմական արվեստի համընդհանուր պատմություն» քառահատորյակում: Եթե կարճ, ապա դրանց տարբերությունը հետեւյալն է՝ ճնշման ստրատեգիայի հիմնական ռազմական նպատակը թշնամու զորքերն են եւ դրանց ջախջախումը վճռական ճակատամարտում, իսկ տարածքների գրավումը, բերդերի պաշարումը եւ այլն, երկրորդական նշանակություն ունեն: Հյուծման ստրատեգիայի դեպքում, որը, օրինակ, գերակայում էր եվրոպական պատերազմներում մինչեւ Նապոլեոնյան շրջանը, ճակատամարտը ռազմական նպատակին հասնելու միայն գործիքներից մեկն է, այն էլ՝ ոչ միշտ առավել կարեւոր, որից բացի կարեւորվում են նաեւ զորքերի բարդ տեղաշարժերը, տարածքների գրավումը, բերդերի պաշարումը եւ այլն:
Հասկանալի է, որ սահմանափակ նպատակներով պատերազմներն ավելի կապված են հյուծման ստրատեգիայի, իսկ վճռական նպատակներովները՝ ջախջախման ստրատեգիայի հետ: Սակայն այս կապը բացարձակ չէ, եւ կան հակառակ օրինակներ: Օրինակ՝ Առաջին համաշխարհայինը վճռական նպատակներով պատերազմ էր, որը դեպքերի բերմամբ վերածվեց հյուծման ստրատեգիայով վարվողի:
2016-ի Ապրիլյան պատերազմը սահմանափակ նպատակներով պատերազմ էր, որը նախաձեռնվել էր Ադրբեջանի կողմից (ենթադրաբար արտաքին եթե ոչ թողտվությամբ, ապա «անտեսմամբ»): Կարծում եմ՝ դա կարելի է բնորոշել նաեւ որպես հյուծման ստրատեգիայի պատերազմ: Հյուծում բառն այստեղ չպետք է հասկանալ բառացի. խոսքը ոչ թե երկարատեւ եւ մեթոդիկ հյուծման մասին է տվյալ դեպքում, այլ այն բանի, որ հակառակորդի զինուժի գլխովին ջախջախումն այս պատերազմի խնդիրներից չէր, այլ խնդիր էր հայկական կողմին որոշ՝ ցավալի տարածքային կորուստներ պատճառելով՝ ստիպել բանակցելու թուլացած դիրքերից եւ համաձայնելու որոշակի պայմանների, որոնց համաձայնելն անհնար էր պատկերացնել առանց հայերի պարտության:
Վճռական նպատակներով, այսինքն՝ տվյալ դեպքում հայկական զինուժի գլխովին ջախջախմամբ եւ Արցախի գրավմամբ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է շատ ամուր երաշխիք ունենար, որ կարճ ժամկետում ի զորու է իրացնել դա, ընդ որում՝ հաշվի առնելով ոչ միայն զուտ ռազմական, այլեւ միջազգային քաղաքական միջավայրը: Եթե նույնիսկ պատերազմում առավելությունը լիներ Ադրբեջանի կողմը, բայց այն ձգձգվեր, ասենք, մեկ ամիս եւ ավելի՝ առանց վճռական արդյունքների, ապա դրա հնարավոր գինն անկախ ընթացիկ արդյունքներից արդեն չափազանց բարձր եւ ընդհանրապես անկանխատեսելի կարող էր լինել Ադրբեջանի համար: Հազարումի պատճառով նա չէր կարող եւ չէր պատրաստվում գնալ նման քայլի: Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսն ամենեւին էլ այն վիճակում չէր եւ չէ, որպեսզի Ադրբեջանը հաշվարկեր արագ ու երաշխավորված վճռական հաղթանակ: Ուրեմն մնում էր սահմանափակ նպատակներով կարճատեւ պատերազմի տարբերակը:
Հենց բուն ռազմական գործողություններն էլ դրա ապացույցն են: Պատերազմը տեւեց չորս օր, վարվեց էլիտար սահմանափակ ուժերով (Ադրբեջանի կողմից) եւ ավարտվեց առանց որեւէ շոշափելի դրական ռազմական արդյունքի նախաձեռնող կողմի համար: Իհարկե, արդյունք չենք կարող համարել այն չարաբաստիկ 800 հեկտարը, որը հայկական կողմը կորցրեց:
ՄԻԱՅՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՅԴ 800 ՀԵԿՏԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԿՆԱԲԱՆՎԵԼ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ:
Համարել, որ Ադրբեջանն իր լավագույնս մարզված էլիտար հատուկ ջոկատները պետք է նետեր մարտի դաշտ մի քանի 100 հեկտար տափաստան գրավելու համար, այսպես ասենք՝ շատ ինքնատիպ մոտեցում է:
Եթե չորս օրում չհասնելով շոշափելի ռազմական արդյունքի՝ Ադրբեջանը համաձայնեց հաշտության, նշանակում է՝ հաշվարկը եղել է հենց մի քանի օրում՝ կայծակնային, անսպասելի գործողություններով էլիտար հատուկ ուժերի միջոցով տեսանելի արդյունքի հասնել: Ավելի շատ ռեսուրս, այդ թվում՝ ժամանակային, Ադրբեջանը ոչ միայն կիրառել ողջամիտ չէր համարում, այլեւ չուներ դրա հնարավորությունը: Քանի որ արդյունքի հասնել չհաջողվեց նշված ժամկետում, ողջամիտ համարվեց պատերազմն ավարտել: Հատկանշական է, որ հաշտության միջնորդությունը, որն արվեց Ռուսաստանի կողմից, նույնպես հապաղեց մի քանի օրով: Չնայած ռուսները կարող էին միջնորդել կռվին առաջին իսկ օրից, սակայն միջամտեցին մի փոքր սպասելով: Իսկ ի՞նչ նպատակ կարող էր դրվել պատերազմը նախաձեռնողի կողմից, եթե դա գլխովին ջախջախումն ու վճռական հաղթանակը չէր: Տարբերակներն այնքան էլ շատ չեն: Ռազմական խնդիրը պետք է լիներ մի քանի, այսպես ասած, հնչեղ տարածքների, բնակավայրերի արագ գրավումը, օրինակ՝ կարող էր լինել Մարտակերտը՝ հյուսիսում, եւ Ֆիզուլին՝ հարավում: Իհարկե, պայմանական անուններ եմ տալիս. կարեւորը կոնկրետ բնակավայրերի անունները չեն, այլ բուն գաղափարը՝ մի քանի «հնչեղ կետի» գրավումը որպես սահմանափակ պատերազմի ռազմական հիմնանպատակ: Այդքանը բավական էր անխուսափելի քաղաքական հետեւանքներ հարուցելու համար, որոնք էլ արդեն պատերազմի բուն քաղաքական նպատակն էին:
«Հնչեղ» բնակավայրերի գրավումն անհրաժեշտաբար հարուցելու էր արտաքին միջնորդություն՝ անհապաղ բանակցությունների, խաղաղ կարգավորման արագացման, ընդհանրապես խաղաղեցման օրակարգով: Սրան զուգահեռ թերեւս կարող էր սրվել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում՝ խիստ հայրենասիրական կարգախոսներով, իսկ օբյեկտիվորեն ի նպաստ ռուսական խաղաղ պլանի: Մի գաղտնիք բացեմ համենայնդեպս. պետական դավաճանությունները չեն արվում դավաճանության կարգախոսներով, այլ ճիշտ հակառակը՝ խիստ հայրենասիրական, նույնիսկ ծայրահեղ հայրենասիրական կարգախոսներով, եւ հինգերորդ շարասյուններն իրենց ճակատին չեն գրում՝ մենք հինգերորդ շարասյուն ենք:
Այն, որ դա մոտավորապես այդպես պետք է լիներ, վկայում է ոչ միայն պարզ տրամաբանությունը, այլեւ պատերազմին հետեւած դեպքերի ընթացքը Հայաստանում: Պատերազմից անմիջապես հետո սկսվեցին պարտության քարոզի փորձերը: Դրանք սկզբում այնքան էլ հաջողության չէին հասնում, մինչեւ որ մոտավորապես ամառվա սկզբի կողմերը պայթեցվեց «բոմբը» 800 հեկտարի մասին: Այն, որ հայկական կողմը որոշ դիրքեր ու հողատարածքներ էր կորցրել հրապարակավ, հայտնի էր պաշտոնապես: Նույնիսկ «բոմբ» պայթեցնողներն իրենց հոլովակում օգտագործել էին «Արմենիա» հեռուստատեսության կադրերը, որոնք հստակ ցույց էին տալիս կորցրած դիրքերի տեղը: Հանրությունը լսել էր եւ մեծ ուշադրության չէր արժանացրել: Բայց ահա, երբ նույն՝ պաշտոնապես դեռ մոտ մեկուկես ամիս առաջ հայտարարված եւ արդեն իսկ հայտնի փաստը սկսվեց «ռասկրուտկա» արվել համացանցում արդեն ոչ պաշտոնական՝ ընդդիմադիր եւ, այսպես ասած, հայրենասիրական կողմերից, ապա նույն հայտնի փաստը, որը փաստացի անտեսվել էր, հակարծ դարձավ վրդովմունքի առիթ: Ի վերջո այս քարոզչական պարզ հնարն աշխատեց՝ հանրության զգալի մասին հնարավոր եղավ համոզել, որ պատերազմը տանուլ ենք տվել: Այն ժամանակվա իշխանությունը քիչ բան ուներ հակադարձելու, քանի որ վստահությունը նրա նկատմամբ ցածր էր, եւ եզակի հնարավորությունը՝ պատերազմից դրդված համազգային տրամադրությունը, չօգտագործվեց իշխանություն-հանրություն (եւ ոչ թե իշխանությունկուսակցություններ) երկխոսություն ծավալելու համար: Եթե չհաջողվեց Հայաստանին պարտության մատնել ռազմի դաշտում, ապա քարոզչական պարտությունն էլ «շնից մազ էր» եւ նույնիսկ՝ ավելին: Չեղած, բայց քարոզչական արշավով հանրությանը ներշնչած պարտությունը, թեեւ պակաս չափով, քան իրականը, հիմք էր ստեղծում բանակցությունների ընթացքում Հայաստանի հետ խոսել ավելի կոշտ դիրքերից՝ կորզելու համար Լավրովի պլանի իրացումը՝ խաղաղապահ զորքերի տեղադրմամբ Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում: Ու բացարձակ կարեւոր չէ, թե հայրենասերներից որ մասն էր հասկանում, թե ինչ խաղի գործիք է, կարեւորն այստեղ այն է, որ օբյեկտիվորեն նրանք մասը դարձան Ապրիլյան պատերազմի շարունակության:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՏԵՂԸ ՉԵՆ, ՈՒՐ ԳՆՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, ԱՅԼ ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԻՆ ՁԵՒԱՎՈՐՎԱԾ ՈՒԺԱՅԻՆ ԿՇՌՈՒՅԹԸ:
Եթե Ապրիլյան պատերազմում հայկական կողմն ունենար արդեն հիշատակված «հնչեղ» կորուստները, ապա դրանից հետո անխուսափելի էր նախ՝ ռուսական միջնորդությունը կողմերին՝ անհապաղ նոր բանակցություններ սկսելու առաջարկ, որից հնարավոր չէր հրաժարվել: Նման պայմաններում ցանկացած իշխանություն կամ պետք է համաձայներ լուրջ զիջումների, կամ էլ պատերազմի շարունակությանը անկանխատեսելի հեռանկարներով ու նաեւ ներսում աճող անկայունության ֆոնին: Ի՞նչ էր պահանջվելու Հայաստանից: Ազատագրված շրջանների մեծ մասի զիջում, ինչպես եւ նախատեսված էր Լավրովի պլանով, բայց ամենաէականը՝ խաղաղապահ զորքի տեղակայում առճակատման գոտում: Խաղի մեխը հենց այդ զորքն էր: Պատերազմի քաղաքական նպատակը բացահայտվեց:
Ադրբեջանը չուներ եւ չէր կարող ունենալ այս պատերազմում լիովին ինքնուրույն քաղաքական նպատակ: Բուն նպատակը ռուսական զորքի վերադարձն էր տարածաշրջան, այսինքն՝ վերադարձ 1988-ի վիճակին, որտեղից ամեն բան սկսվեց, որովհետեւ ռուսական զորքի վերադարձը Ղարաբաղ այլ բան չէր նշանակում, քան վերադարձ նախաղարաբաղյան շարժում վիճակին: Զորքերը չեն լինում խաղաղապահ եւ ռազմապահ, զորքերը լինում են այսինչ պետությանը պատկանող, իսկ խաղաղապահը գեղեցիկ անուն է: Ի վերջո ռուսական բանակը մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Ղարաբաղում միշտ էլ, եթե ոչ բուն անվամբ, ապա ներկայացվող դերով միշտ էլ եղել է «խաղաղապահ», բա հո չեն ասելու՝ մենք այստեղ բոլորիդ գրավել ենք, խաղաղություն ենք պահպանում, որ իրար չկոտորեք: Իրական պարտության դեպքում Հայաստանը գրեթե շանս չէր ունենալու հրաժարվել այս «փրկությունից»: Ուժային բալանսը հստակ փոխված կլիներ ի վնաս մեզ:
Բայց եթե իրական պարտությունը չեղավ, ապա վիրտուալն էլ որոշ չափով կարող էր նպաստել իրավիճակին:
Հայաստանը պատերազմում հաղթել էր այնքանով, որքանով ռազմական այն խնդիրը, որը պետք է հիմք ստեղծեր քաղաքական նպատակի՝ խաղաղապահ զորքի տեղադրման համար, չէր իրացվել. Ադրբեջանն ի զորու չեղավ հատուկ պատրաստված էլիտար զորքերի կայծակնային հարվածով գրավել գոնե մի քանի բնակավայր, էլ չասած՝ Մարտակերտի կամ Ֆիզուլիի «հնչեղ» օբյեկտների մասին: Սա հայկական կողմի պաշտպանական հաղթանակն էր. ինչպես հիշում ենք՝ հաղթում է նա, ով հասնում է իր քաղաքական նպատակին, եւ հակառակը, պարտվում է այն կողմը, ով նպատակին չի հասնում: Պաշտպանվող կողմի խնդիրն ավելի պարզ է. եթե հարձակվողը չի հասնում իր քաղաքական նպատակին, ապա պաշտպանվողը հաղթում է:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ, ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 16-Ը
Չնայած սրան, քաղաքական գործընթացը, որը նախատեսվում էր գործարկվել հայերի ռազմական պարտությունից հետո, միացվեց նաեւ այս դեպքում: Այստեղ չկա ոչ մի հակասություն: Պարզապես պետք է հասկանալ, որ պատերազմը միայն ռազմական գործողություն չէ: Ընդ որում՝ ոչ միայն արդի աշխարհում, այլեւ հնուց ի վեր պատերազմի կարեւոր բաղադրիչներն են ոչ ռազմական՝ քարոզչական, տնտեսական, նույնիսկ մշակութային գործոնները: Ապրիլից հետո պատերազմը շարունակվեց այլ մեթոդներով՝ ոչ ուղիղ ռազմական: Ինչպես որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով, այդպես էլ կարող ենք ասել, որ քարոզչությունը եւ մնացածները պատերազմի շարունակությունն են այլ մեթոդներով: Վիրտուալ քարոզչական պարտությունը, որը մեծ ջանքերով, բայց ի վերջո հաջողությամբ հրամցվեց հայ հանրությանը, նույնպես որոշ չափով փոխում էր բալանսը բանակցային սեղանին՝ թուլացնելով հայկական դիրքերն այդտեղ: Իհարկե, էական տարբերություն կա. ռազմական իրական պարտության դեպքում բալանսը փոխվելու էր կտրուկ, իսկ վիրտուալ պարտությունն ընդամենը մի փոքր շեղում էր այն: Սակայն որքան կշեղեր, կախված կլիներ արդեն այլեւայլ հանգամանքներից:
Եվ միայն քարոզչականը չէր պատերազմի շարունակությունը: Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ պատերազմի սկզբնական պլանի մեջ հաշվարկված էր, որ քանի հայ հանրությունը ծայրահեղ ընդդիմադիր է տրամադրված, ապա պատերազմի դեպքում նախ՝ բնակչության աջակցությունը թույլ է լինելու, եւ երկրորդ՝ մանավանդ պարտության դեպքում ներքին քաղաքական ցնցումներ են առաջ գալու, որոնք արդեն իրենց հերթին ոչ թե թուլացնելու են, այլ պարզապես փլուզելու են հայկական դիրքերը բանակցություններում (ռազմական պարտության հետ մեկտեղ):
Սա, ի դեպ, մեծապետական պլանների տիպիկ սխալն է. նրանք միշտ անտեսում են ազգային գործոնը՝ կարծելով, որ ճգնաժամային իրավիճակում ազգային գիտակցությունն ավելի թույլ է լինելու սոցիալականի նկատմամբ: Ճիշտ նույն կերպ Պոլիտբյուրոն ամենայն անկեղծությամբ փորձում էր Ղարաբաղի հարցը լուծել տնտեսական ու սոցիալական բարեփոխումների ծրագրով: Անիմաստ է որեւէ մեծապետական մտածողության կրողի բացատրել, որ ազգային գիտակցությունն ավելի ուժեղ է. նրա համար դա միշտ մնալու է անբացատրելիի եւ ապաբանականի ոլորտից: Ինչեւէ, այս հաշվարկը նույնպես սխալ դուրս եկավ:
Բայց ահա, ներքաղաքական լարման բաղադրիչը որոշ չափով աշխատեց հետպատերազմյան շրջանում: Ճիշտ է, կռահելի է, որ ոչ այն չափով, ինչ չափով ենթադրվում էր ռազմական պարտության պլանի իրացման դեպքում: Հետագա ամիսների իրադարձություններն ապացուցեցին, որ նույնիսկ բանակում բարձրաստիճան դիրքերին հնարավոր է կային ականներ, որոնք պետք է պայթեին, բայց չպայթեցին, եւ կարելի է միայն ենթադրել, թե ինչպես կզարգանար իրավիճակը, եթե ռազմական պարտությունն իրական լիներ: Հենց միայն սա ցույց է տալիս, որ պատերազմը միայն Ադրբեջանի խելքի բանը չէր, որը հաստատապես չունի եւ չէր կարող ունենալ նման հնարավորություններ Հայաստանի ներսում:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո հրապարակային եւ ոչ հրապարակային ակտիվություն նկատվեց իրարից բավականին տարբեր եւ նույնիսկ հակոտնյա շրջանակում՝ այդ շրջանաներից մեկի հերոսի լեզվով ասենք՝ ներքաղաքական բոլոլա սարքելու նպատակով: Հետագա զարգացումը ցույց տվեց, որ այստեղ հեռվից հեռու իրար միացան շատ տարբեր խմբեր՝ խիստ հայրենասերներից մինչեւ համոզված պացիֆիստներ, բռնապետներից մինչեւ արդի իրավունքների երդվյալ պաշտպաններ:
Վերջապես ներքին ռումբը պայթեց բանակցությունների հերթական ռաունդին ընդառաջ, երբ զինված գործողության թատերաբեմ դարձավ Երեւանի կենտրոնը: Այսինքն՝ ռազմական գործողությունները տեղափոխվեցին Ղարաբաղի ճակատից Հայաստանի մայրաքաղաք: Չտեսնել կապ այս երկու իրադարձության միջեւ՝ պատերազմ եւ զինված ապստամբություն, շատ բարդ է, իսկ զինված գործողություններով ներքաղաքական հարցեր բարձրացնելը լիովին խորթ է հայկական բնիկ քաղաքական ավանդույթին, եւ բոլոր դեպքերում, երբ դա տեղի է ունեցել, օրինակ, 1999-ին կամ 1991-ի մայիսին, հետքերը տանում են դուրս: Այս գործողությունը միանգամից ստացավ կազմակերպված ու լավ հաշվարկված տեղեկատվական աջակցություն, որը չէր կարող սպոնտան լինել, եւ որը մանավանդ զարմանալի էր իր ընդգրկմամբ: Արցախի պատերազմի հերոսները, որոնք, ցավոք, մասնակից դարձան զինված խռովության, գուցե վատ երազներում իսկ չէին տեսնի, թե ինչպիսի անսպասելի կողմերից են ստանալու այդ աջակցությունը: «Բոլոլիստներից» մինչեւ, այսպես կոչված, «գրանտակերներ» շատ հուզիչ ցանցային դաշինք էր աշխատում օրնիբուն ապստամբության ապահովման տեղեկատվական ճակատում, եւ «ռուսամետն» ու «արեւմտամետն» առանց քաշվելու լծվել էին միեւնույն գործին (թերեւս հեռու չէ այն օրը, երբ նույն դաշինքի բուռն գործունեությանը նորից ականատես կդառնանք): Բանը հասավ նրան, որ մի հայտնի, հույժ հայրենասեր համարվող փորձագետ հայտարարեց՝ «Հայկական բանակը փուչիկ է», եւ այդ գրառումը ստացավ հարյուրավոր լայքեր մարդկանցից, որոնք թվում էր՝ կորցնում են բանականության վերջին կաթիլները: Դժվար է նույնիսկ այսօր հասկանալ, թե ինչպես կարելի էր չտեսնել, որ նման կարգախոսն այլ բան չէր, քան Ապրիլյան պատերազմի ուղիղ շարունակություն Հայաստանի, այլ ոչ օրվա իշխանության դեմ, եւ որ հայկական բանակը մանավանդ ու հատապես այդ օրերին թիրախ կարող էր դառնալ միայն այն ուժերի համար, որոնք ապրիլին այդ նույն բանակից պարտություն կրեցին: Եվ պատկերացնել՝ որքան իրականում անպաշտպան է այն հասարակությունը, որը հուզական ազդեցության տակ կարող է չնկատել իր դեմ այսքան պարզունակ միջոցներով վարվող տեղեկատվական պատերազմը:
Չնայած քարոզչական նախապես կազմակերպված եւ լավ յուղած մեքենայի պես աշխատող աջակցությանը, բուն զինված գործողությունը փաստորեն տապալվեց: Նախ այն լոկալիզացվեց եւ տարածում չստացավ: Հատկապես չեղարկվեց որոշ ակնարկներից ենթադրյալ աջակցությունը բանակի ներսից (հետագայում զարմանքով ականատես եղանք, թե ինչպես նախկին պաշտպանության նախարարը, վերածվելով քաղաքական գործչի, որպես այդպիսին աջակցություն ստացավ արդեն բանտում նստած գործողության մասնակիցներից):
Քաղաքական մի քանի ուժ փորձեց իրավիճակը սրել դրսում, բայց դա էլ չստացվեց: Երբ ապստամբները հասկացան, որ իրենք մեկուսացվել են, սկսվեց հանձնման գործընթացը: Ցավալի եւ ողբերգական էր տեսնել Հայաստանին իրապես նվիրված, բայց խաբված եւ իրենք իրենց ծուղակն ընկած մարդկանց հանձնվելու կադրերը: Մյուս կողմից, պետք է պատկերացնենք այն ներքին քաոսը, որը ստեղծվելու էր այն դեպքում, եթե զինված ապստամբությունը դուրս գար մեկուսի տեղանքից եւ տարածվեր Երեւանում, ու դրա ազդեցությունը բանակցությունների սեղանի շուրջ բալանսի վրա հասկանալու համար, որ սա եւս մի ծանր մարտ էր՝ Ապրիլյան պատերազմի անմիջական շարունակությունը, որից մեր պետությունը կարողացավ դուրս գալ նվազագույն զոհերով, եւ որը նույնպես վարվեց ոչ թե ճնշման, այլ հյուծման ստրատեգիայի օրենքներով:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵԿ ՈՒ ԱՅՍՕՐ
Ապրիլյանի ռազմական մասն ավարտվեց Երեւանում 2016-ի հուլիսին: Բայց քաղաքականը շարունակվեց եւ շարունակվում է ցայսօր: Որքան էլ հաղթել ենք ռազմի դաշտում եւ անմիջապես հետեւած սուր իրադարձություններում, այդուհանդերձ կրել ենք նաեւ կորուստներ: Սերժ Սարգսյանի իշխանությունը որքանով ի զորու էր՝ դիմադրել է Հայաստանին պարտադրվող իրողությունների դեմ, որոշ հարցերում խուսանավել եւ զիջել (օրինակ՝ 2016-ի սեպտեմբերին կառավարության փոփոխությունը), բայց չունենալով ժողովրդական լայն աջակցություն՝ ի վերջո ստիպված եղավ հեռանալ ասպարեզից: Այսօրվա կառավարությունն ունի կարեւորը՝ ժողովրդական հենարանը, բայց այդ հենարանն անհրաժեշտ է կազմակերպել եւ ամրացնել, ինչը կարծես չի գիտակցվում: Իշխող թիմը հույսը դրել է պաշտոնական իշխանության վրա, ինչը խաբուսիկ է: Եվ այսօր արդեն տեսնում ենք կազմակերպված ջանքեր՝ վիճարկելու նաեւ ժողովրդական հենարանի առկայությունը:
Չնայած ներքաղաքական խաղի դերակատարները մասամբ փոխվել են, այդ թվում նաեւ տեղերով, սակայն նախ՝ մի մասը մնում է իր տեղում, երկրորդ՝ կռվի քարտեզն էական փոփոխություններ չի կրել՝ անկախ այդ փաստի ներգրավվածների գիտացումից: Քաղաքական պայքարի, ինչպես նաեւ ընդհանրապես քարտեզների վրա կարեւոր են ոչ թե անունները, այլ դիրքերը: Եթե, օրինակ, սովորական քարտեզին Լոնդոնի անունը շփոթենք ու գրենք Երեւանի վրա, դրանից Երեւանը Լոնդոն չի դառնա. Լոնդոնը դիրք է, այլ ոչ թե անուն: Նույնն է քաղաքական քարտեզում. ով քաղաքական կռիվը հասկանալու համար միայն անվանական մասի հետ գործ ունի, նա ուրիշի քաղաքական խաղի զինվորը կարող է լինել միայն:
Մեր մեջ ասած՝ բառի բուն իմաստով ներքին քաղաքականություն Հայաստանում թերեւս չկա էլ 2016-ից հետո: Արտաքին ուժերն իրենց կառույցներով, ռեսուրսներով ամուր են մտել ու մտնում մեր ներքին դաշտը, եւ մեր պատասխանը պետք է լինի միայն ներսում՝ կենտրոնական հայկական դիրքի ամեն գնով կազմակերպում, համախմբում, գիտակցության ուժեղացում, որովհետեւ 2016-ին սկսած պայքարի կարեւոր դրվագները դեռ առջեւում են, իսկ 16-ի ապրլի այլընտրանքային պատմությունը պետք է օգնի մեզ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ ունենք այսօր:
Շարունակելի