Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը

Մաս III. Ժողովրդական պատերազմ եւ
ազգային հեղափոխություն
 
Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

 

1920 թ. հայ-թուրքական պատերազմի այլընտրանքային պատմությունը կարելի է սկսել մի քանի կետից, ինչպես արդեն նշել ենք նախորդ հատվածում: Մեծ վճռորոշ իրադարձությունների, ճգնաժամային իրավիճակների դեպքում միշտ էլ որպես կանոն բազմաթիվ ճեղքվածքներ, բացվածքներ ու խաչմերուկներ են բացվում պատմական զարգացման դեպի այս կամ այն կողմ զարգանալու առումով, որոնցից միայն մեկն է իրականանում, իսկ մյուսները մնում են որպես այլընտրանք: Սակայն այլընտրանքը չի նշանակում ոչինչ, դատարկություն, անիմաստություն: Այլընտրանքն իմաստ ունի թեկուզ միայն այնքանով, որ ցույց է տալիս, թե որքան փխրուն է պատմական իրականության հյուսվածքը, եւ որքան հնարավորություններ կան նույնիսկ անհույս թվացյալ իրավիճակներում:

Իրականություն դարձած բազմաթիվ պատմական զարգացումներ իրենց անսպասելի բնույթով ավելի շատ մոտ են թվում այլընտրանքային, «երազային», քան իրական պատմությանը: Այսպես օրինակ՝ նույն քեմալական շարժման հաղթանակը, թուրքական «ազգային» տարածքի փրկությունը 1920-ականներին համաշխարհային պատերազմում ջախջախված, կազմալուծված, ավերված պետությունում, եթե մի պահ դիտենք այն ժամանակակիցների աչքերով, այլ բան չէ, քան այլընտրանքային առավել անհավանական մի սցենար: Արդյոք նույնը չէ՞ բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում կամ թեկուզ հայերիս հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում 1990-ականներին: Իսկ ի՞նչ կասեք 2018-ի ապրիլյան հեղափոխության մասին, անկեղծորեն քանի՞ հոգի էր մեզնից 2018-ի փետրվարին հավատում նման զարգացման հնարավորությանը: Իրականի ու այլընտրանքայինի սահմանն այնքան հստակ ու կոշտ չէ, որքան մեզնից շատերը կարծում են:

Վերադառնանք սակայն 1920 թվի աշնանը: 1920 թվի սեպտեմբեր-նոյեմբերի մի քանի հնարավոր այլընտրանքային կետից, որոնցից սկսած հայ-թուրքական պատերազմը կարող էր այլ կերպ զարգանալ, ընտրում ենք առաջին հայացքից ամենաանհավանականը՝ 1920 թվի նոյեմբերի մեկը, երբ արդեն ընկած էր Կարսը, իսկ հայկական բանակի մեծ մասը, թեեւ ձեւականորեն պահպանված, բայց լիովին բարոյալքված, կազմալուծված էր, եւ միայն մի քանի զորամաս էր պահպանում մարտունակությունը: Այս ընտրությունը հեշտ չենք արել: Ավելի պարզ տարբերակներ կային, որոնք սկզբնապես պատրաստվում էինք օգտագործել, որոնցից ամենասիրունը թվում էր 1920-ի հոկտեմբերի կեսը, երբ դեռ թարմ, նոր համալրված ու մարտական ոգին գոնե արտաքուստ բարձր հայկական բանակը ձեռնարկեց իր հակահարձակումը Կարսից Սարիղամիշի ուղղությամբ: Իրականում այն ձախողվեց, բայց առանց մեծ ջանքի կարելի էր պատկերացնել նաեւ դրա հաջողումը: Սակայն գրելու ընթացքում հրաժարվել եմ այդ՝ առավել պարզ թվացող տարբերակից՝ հօգուտ 1920 թվականի մռայլ, մելամաղձոտ, անձրեւոտ նոյեմբերի 1-ի, երբ թուրքերը հասնում էին Արփաչայի ափին՝ Ալեքսանդրապոլի մատույցներին: Թերեւս շատերի համար ընտրության այս տանջանքները թվան դատարկություն, ժամանակի զուր վատնում, հեղինակի պարապության նշան: Իմիջիայլոց նշեմ, որ մեր խնդիրներից շատերը գալիս են հենց այն բանից, որ չափից շատ բան ենք համարում պարապություն կամ «խորանալ»: Ինձ համար ընտրության հարցը սկզբունքային էր եւ ոչ միայն զուտ այլընտրանքային պատմության այս նախագծի առումով, այլեւ մեր պատմության ու քաղաքականության (երկուսն էլ ինձ համար նույն էությունն են ունեցել միշտ, եւ պատմական կրթությունն ընտրել եմ հենց այդ պատճառով)՝ իմ զգացողությունն ու տեսակետները ճիշտ փոխանցելու:

Պատմական «օրինաչափ պարադոքսներից» մեկն այն է, որ առավել մեծ հնարավորությունները բացվում են առավել մեծ ճգնաժամերից ու հիասթափություններից, վերելքները հաճախ հիմնավորվում են անկումներում: Խոսքն այն մասին չէ իհարկե, որ ամեն անկումից վերելք է բխում: Բայց անկումները հաճախ վերելքների ավելի մեծ հնարավորություններ են իրենց մեջ կրում, քան «նորմալ իրավիճակները»: Վերեւում արդեն բերեցինք քեմալական շարժման օրինակը՝ Թուրքիայի վերածնունդը իր պատմության ամենամեծ անկումից: Մեր Սարդարապատն ու անկախ Հայաստանի ծնունդը 1918-ին նույնպես որոշ չափով այդ օրինաչափության դրսեւորումներից են: Պետք է հիշենք, որ 1918-ին ոչ միայն Առաջին Հանրապետությունը ստեղծվեց, այլեւ այսօրվա Հայաստանը՝ որպես պետություն, ուղիղ գծով ծագում է 1918-ի մայիսից. փոխվել են վարչակարգեր ու կառավարություններ, իշխող ուժեր ու գաղափարախոսություններ, սահմանափակվել ու նորից վերականգնվել է միջազգայնորեն ճանաչված անկախ կարգավիճակը, բայց մեկ անգամ հռչակված հայկական պետությունը գոյատեւում է ցայսօր:

Մեծ ճգնաժամերը, անկումները, պարտությունները բերում են տառապանքներ ու կորուստներ, բայց միաժամանակ քանդում են անկենսունակը, արդեն ինքն իր մեջ փտածը, բայց իներցիայի ուժով գոյատեւողը, բովանդակություն կորցրած ձեւականը մաքրում է դաշտը, զրոյից սկսելու հնարավորություն է ստեղծում: Եթե պարտություն կրածն ունի բավականաչափ կենսունակություն, ապա շնորհիվ անկման ու ճգնաժամի՝ այդ զտող ու մաքրող, ըստ էության՝ առողջացնող հատկության՝ կարող է իր պարտությունը դարձնել վերածննդի հիմք:

1920-ի աշնանը Հայաստանում պակասող միակ բանը հայկական Քեմալն էր՝ մեկը, որն իր վրա կվերցներ պատասխանատվություն՝ գործելու ընդդեմ ակնհայտ թվացող պայմանների, մեկը, որը կհավատար, որ այլընտրանքը հնարավոր է, մեկը, որը կփորձեր իրականություն դարձնել այլընտրանքային պատմությունը: Դրա համար 1920-ի այլընտրանքային պատմությունը երեւի իր էությամբ կոչենք ամենաայլընտրանքայինը բոլոր այլընտրանքային պատմություններից, որ ցայսօր շարադրել ենք: Հայկական Քեմալի դերը ստանձնելու թեկնածուներ ունեինք այդ թվերին՝ Ռուբեն Տեր-Մինասյան, Դրո, Նժդեհ, եւ որպես նրանց գործակից՝ էլի մի շարք ռազմական ու քաղաքական գործիչներ: Այլեւայլ հանգամանքների պատճառով ոչ մեկը նրանցից այդ դերը չի ստանձնել: Անհատի ու ազգերի ճակատագիրը հաճախ կախված է մեկ մասնավոր որոշումից. տողերիս հեղինակը դա գիտի նույնիսկ սեփական համեստ փորձից: Մեկ սխալ որոշումը կարող է ոչնչացնել «ճակատագրի պլանը» տվյալ անհատի կամ ազգի համար, չնայած մինչ այդ եղած տասը ճիշտ որոշման: Ռուբենը, Դրոն, Նժդեհը՝ բոլորն էլ ունեցան կիսատ ճակատագրեր, դարձան զորավարներ առանց զորքի: Որքան ավելի գեղեցիկ կարող էր լինել այլընտրանքը, որը կփրկեր նաեւ բազմաթիվ այլոց ճակատագրերը, այդ թվում նրանց քաղաքական ու գաղափարական հակառակորդների...

 

«Իրական», ոչ այլընտրանքային պատմությունն ասում է: 1920-ի նոյեմբերին 1-ին՝ Կարսի անկման երկրորդ օրը, Հայաստանի գրեթե ողջ քաղաքական ղեկավար կազմը՝ նախարարներ, պատգամավորներ, կուսակցական առաջին դեմքեր, հավաքվում է Ալեքսանդրապոլում: Այստեղ էր ռազմական ղեկավարների զգալի մասը, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը: Հայկական զորքը Կարսից նահանջելով հասնում էր Արփաչայի ափերին: Դրանց մեծ մասը, հատկապես կենտրոնական թեւը, չնայած բավականին մեծ թիվ էր կազմում, բայց լիովին բարոյալքված էր: Բարոյալքված էր նաեւ կենտրոնական թեւի հրամանատարությունը՝ ի դեմս զորավար Հովսեփյանի, որի փոփոխության հարցը վաղուց էր դրված, բայց այդպես էլ լուծված չէր: Հայկական բանակի մյուս հատվածներից՝ Կարսի ուղղության հյուսիսային հատվածը պահող զորավար Սեպուհի գլխավորությամբ, որոնց մեջ զգալի մաս էին կազմում արեւմտահայ կամավորները, համեմատաբար ավելի բարվոք վիճակում էր, եւ ինչպես հետագա կռիվներն էլ ցույց տվեցին, պահպանել էր դիմադրության որոշակի ներուժ: Ինքը՝ Սեպուհը, իրական էր համարում հետագա դիմադրությունը: Իգդիր-Երեւան ուղղությամբ գործող հայկական զորքը Դրոյի ղեկավարությամբ, թեեւ Կարսի անկմամբ ստիպված էր թողնել Սուրմալուի գավառն ու նահանջել դեպի Արաքսի ափ, սակայն փաստացի պարտություն չէր կրել եւ չնայած քանակով ավելի փոքր էր, քան Կարսի բանակը, բայց նույնպես համեմատաբար մարտունակ էր համարվում: Մի փոքր զորամաս տեղակայված էր նաեւ Շարուրում (այսօրվա Նախիջեւանի հանրապետության հյուսիսային հատված)՝ Նախիջեւանի ուղղությամբ: Այս ընթացքին գրեթե զուգահեռ՝ հոկտեմբերի երկրորդ կեսին, Նժդեհի ժողովրդական զինված ուժերը բոլշեւիկներից ազատում են Կապանն ու Գորիսը (գրավված էին 1920-ի ամռանը, որից հետո Նժդեհը մի փոքր խմբով քաշվել էր Խուստուփի լեռներ): Զանգեզուրի պայքարն ու հայ-թուրքական պատերազմը սովորաբար մեր պատմագիտության մեջ դիտվում են առանձին-առանձին, կարծես հնարավոր է իրարից անկախ դիտել ժամանակագրորեն իրար համընկնող եւ փաստացի նույն թշնամու (թուրք-ռուսական կամ ինչպես մեզանում ընդունված է «կոռեկտորեն» ասել՝ քեմալաբոլշեւիկյան դաշինքի) դեմ: Իրականում, իհարկե, երկուսն էլ միեւնույն պատերազմի մասն էին:

Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ իրենց մարտունակությունը քիչ թե շատ պահում են ժողովրդական զինված ուժերը եւ հեղափոխական կենսագրություն ունեցող զորավարները: Հակառակը, բանակի պրոֆեսիոնալ մասը կազմալուծման եզրին է, չնայած թվաքանակով դեռ բավականին շոշափելի ուժ է: Առհասարակ իրավիճակն ավելի քան հիշեցնում էր 1918-ի գարնան իրավիճակը, երբ թուրքերը Երզնկա-Կարին-Կարս-Ալեքսանդրապոլ գծով առաջ են շարժվում՝ միաժամանակ ստիպելով, որ հարավային գծի հայկական զորամասերն էլ նահանջեն հյուսիսայինին զուգահեռ, թեեւ հարավային գծում՝ Վան, Իգդիր, Արաքս, հայերը ոչ մի լուրջ պարտություն չեն կրում, այլ միայն հետ են քաշվում ստիպված: Կրկնվում է Սարդարապատին նախորդող իրավիճակը՝ ամեն գնով հաշտությո՞ւն կնքել թե՞ շարունակել հուսահատ թվացող կռիվը թուրքերի դեմ: Շնորհիվ Երեւանում ծավալված ժողովրդական շարժման, որը նոր լիցք է հաղորդում հուսալքված հայկական բանակին, 1918-ին հաջողվում է Սարդարապատում հաղթանակ տանել: Այժմ նույն երկընտրանքն էր՝ կռվե՞լ, թե՞ հանձնվել: Ալեքսանդրապոլում, Երեւանում եւ այլուր մարդիկ, թուրքական անմիջական վտանգի առջեւ կանգնած, սպասում էին քաղաքական վերնախավի որոշմանը:

Նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցող բարձրաստիճան խորհրդակցությունում բոլորի հայացքն ուղղված էր Ռուբեն Տեր-Մինասյանին: Ինչպես վկայում է Կարո Սասունին, հենց Ռուբենի հետ էին կապվում դիմադրության հույսերը. նա պետք է անձամբ գլխավորեր նոր ժողովրդական շարժումը, ինչպես 1918-ին արեց Արամ Մանուկյանը: 1920-ի նոյեմբերի 1-ի Ալեքպոլի ժողովում Ռուբենն ասում է, որ եթե ինքը գտնի թեկուզ 1 000 զինվոր, որոնք դեռ պիտանի են կռվելու, ապա այդքանով կգլխավորի դիմադրությունը: Նա մեկնում է ճակատ, սակայն վերադառնալուց հետո հայտարարում է, որ այդ 1 000-ն էլ չկա: Սրանից հետո որոշվում է, որ միակ ճանապարհը հաշտություն փնտրելն է թուրքերի հետ: Հաշտությունն ի վերջո մի կերպ կնքվում է, եւ զինադադարը տեւում է մինչեւ նոյեմբերի 8-ը, որի ընթացքում թուրքերը, վերջնագիր ներկայացնելով, գրավում են նաեւ Ալեքսանդրապոլը: Ռազմական գործողությունները վերսկսվում են՝ շարունակվելով մինչեւ նոյեմբերի 18-ը, որի ընթացքում մի քանի կետում հայկական զորամասերը համառ դիմադրություն են ցույց տալիս, սակայն զորքի հիմնական մասը շարունակում է գրեթե առանց կռվի նահանջել մինչեւ Արագածի փեշերը: Ռուբեն Տեր-Մինասյանը գրավոր դիմում է ժողովրդին դիմադրության կոչով, սակայն այդ կոչերն ապարդյուն են անցնում: Թվում է, թե այսքանից կարելի է եզրակացնել, որ դիմադրությունն իրոք անհնար էր: Բայց այդքան էլ այդպես չէ:

Գրավոր կոչերը չեն կարող փոխարինել իրական կազմակերպչական աշխատանքին: Սարդարապատի նման հաղթանակները գրավոր կոչերով չեն կերտվել: 1 000 հոգի գտնելու պատմությունը նույնպես տարօրինակ է թվում: Նախ՝ 1 000 հոգի գտնելը ցանկացած պայմանում, նույնիսկ ամենածանր՝ միշտ էլ հնարավոր է, եթե կա իրական ցանկություն: Եվ ով-ով, բայց Ռուբեն Տեր-Մինասյանն իր 1 000-ին դժվար թե չգտներ, նա համենայնդեպս գիտեր՝ որտեղ նրանց կարելի է փնտրել, չէ՞ որ նա է եղել տարիների ընթացքում սասունցիների ռազմական եւ քաղաքական ղեկավարը, նրա ծրագրով են սասունցիները տեղավորվել նախապես թուրքերից մաքրած Թալինի շրջանում, եւ նրանք միշտ էլ պատրաստ են եղել Ռուբենի հրամանով գործել: Նույն Ռուբեն Տեր-Մինասյանը, 1920-ի դեկտեմբերին հեռանալով Զանգեզուր, շատ ավելի անիրատեսական ծրագիր մշակեց եւ իրացրեց՝ փետրվարյան ապստամբությունը (այն, որ դա հենց Ռուբենի՝ դեռեւս 1920-ի դեկտեմբերից մտահղացված ծրագիրն էր, գրեթե կասկած չունեմ, բայց, իհարկե, այս թեզը պետք է հետագայում ապացուցվի համարժեք գիտական քննությամբ): Այդ ապստամբությունը հիմնված էր հենց 1 000-ի վրա, դրա հիմնական մարտիկները հայկական ժողովրդական, հեղափոխական զինված ուժերն էին, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սպայական կազմը:

Այսինքն՝ Ռուբենն ունակ էր հարկ եղած դեպքում 1 000-ով գործելու եւ անհուսալի թվացող իրավիճակներում հեղափոխական բնույթի ծրագրեր իրականացնելու: Բացի այդ, առաջնորդի խնդիրը ոչ թե 1 000 հոգի գտնելն է, այլ կերտելը սեփական օրինակով ու կազմակերպչական ջանքով: Հազար հոգին միշտ էլ կգտնվի, եթե նախապես մեկն իր վրա վերցնի առաջին գործողության պատասխանատվությունը: Ռուբենի ոչ այնքան հասկանալի վարքի պատճառները 1920-ի աշնանը պետք է դեռ մի օր առանձին քննվեն, որովհետեւ եղած պատումները հավաստի չեն թվում: Գուցե պատճառները զուտ հոգեբանական էին, իսկ գուցե խնդիրը նաեւ քաղաքական ինչ-որ երանգներ ուներ՝ դժվար է ասել: Հստակ է միայն այն, որ ցանկության դեպքում դիմադրությունը շարունակելու ճիշտ ճանապարհը կարելի է փորձել գտնել (կորցնելու բան էլ առանձնապես չկար), եւ Ռուբեն Տեր-Մինասյանը նման «անհույս» դիմադրությունների բանալին գիտեր, չէր կարող չիմանալ ե՛ւ սեփական փորձից, ե՛ւ իր ընկեր-կուսակիցների՝ Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի փորձից:

Իրական պատմությունն ուրեմն ասում է, որ նոյեմբերի 1-ին Ռուբեն Տեր-Մինասյանը, որն այդ պահին բոլորի մնացած վերջին հույսն էր, հրաժարվում է դիմադրությունը շարունակելու ծրագրից:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Ռուբենը այլ ընտրություն կատարեր: Այս կետից էլ սկսվում է այլընտրանքը:

Եվ այսպես, այլընտրանքային պատմության մեջ Ռուբեն Տեր-Մինասյանը ժամանում է Ալեքպոլ 1920-ի նոյեմբերի 1-ի առավոտյան՝ դիմադրության շարունակության որոշ ծրագիր մտքում արդեն ուրվագծած: Որպես պաշտպանության նախարար՝ նա նախեւառաջ իրենց զբաղեցրած բարձր հրամանատարական դիրքերից ազատում է Կարսի ճակատի մի շարք զորավարների՝ Դանիել բեկ-Փիրումյանին, Մովսես Սիլիկյանին, զորավար Հովսեփյանին եւ այլոց՝ որպես պարտության անմիջական ռազմական պատասխանատուներ: Զորավար Հովսեփյանը, բացի այս ամենից, ձերբակալվում է, եւ նրա գործի քննությունը հանձնվում է ռազմական տրիբունալին: Մյուսները վերանշանակվում են ավելի ցածր պատասխանատվությամբ պաշտոնների, որտեղ հնարավորություն է տրվում անմիջական կռիվներում վերականգնել Սարդարապատի ճակատամարտի հերոսների իրենց համբավը:

Կարս-Ալեքսանդրապոլ ճակատի հրամանատարությունը Ռուբեն Տեր-Մինասյանը անձամբ է ստանձնում՝ որպես օգնականներ վերցնելով զորավար Սեպուհին եւ Սմբատին: Միաժամանակ արտակարգ զինվորական դատարանների քննությանն են հանձնվում բոլոր այն սպաների ու ենթասպաների գործերը, որոնք զորքում վարել են բոլշեւիկյան քարոզչություն: Այդ գործերը պետք է քննվեն արագ, եւ մեղավորները ենթարկվեն մահապատժի: Ալեքսանդրապոլի բանտերում մայիսից եղած բոլշեւիկները, որոնք օր օրի սպասում են թուրքերի գալստյանը, դուրս են բերվում Երեւան եւ այնտեղ ստանում փաստացի պատանդի կարգավիճակ. նրանց կյանքը կախված է լինում ռազմական գործողությունների ընթացքից եւ դրանցում սովետական մասնակցության անմիջական ներգրավման աստիճանից:

Հասնելով Ալեքպոլի ժողովին՝ Ռուբենը մասնակիցներին հայտարարում է դիմադրությունը շարունակելու իր որոշման մասին եւ ներկաներից յուրաքանչյուրին առաջարկում իրենց որոշված մասնաբաժինն այդ դիմադրությունում, նաեւ հանձնարարում դիմադրության ակտիվ հրապարակային քարոզը: Արագ ավարտելով իր մասնակցությունը պաշտոնյաների խորհրդակցությանը՝ Ռուբենը դիմում է Ալեքսանդրապոլում իրեն լսելու համար հավաքված ժողովրդին: Ռուբենին միանում է նաեւ զորավար Սեպուհը: Նրանք ժողովրդական պատերազմի կոչ են անում եւ խոստանում են ոչ միայն պաշտպանել Ալեքպոլն ու Արարատյան դաշտը, այլեւ հետ գրավել Կարսը: Այս կոչը լայն արձագանք է ստանում թուրքական արշավանքի անմիջական վտանգի առաջ, զանգվածները ոգեւորվում են եւ պատրաստվում դիմադրության:

Զորավարներ Սեպուհին եւ Սմբատին, ինչպես նաեւ Շիրակի նահանգապետ Կարո Սասունուն ժամանակավորապես թողնելով Շիրակի ճակատի եւ Շիրակում ժողովրդական շարժման կազմակերպումը՝ Ռուբենն Ալեքպոլից մեկնում է Թալին՝ սասունցիների մոտ: Ճանապարհին կարճատեւ կանգ է առնում նաեւ Արթիկի գյուղերում եւ այստեղ նույնպես դիմադրության կոչով դիմում ժողովրդին, քաջալերում տեղական ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպումը: Հասնելով Թալին եւ գիշերելով այստեղ՝ իր մոտ է հավաքում տեղական բոլոր խմբապետներին, հայտնում նրանց իր ծրագիրը, հրահանգում հնարավորինս լայն զորահավաք անել եւ հաջորդ երկու օրվա մեջ առավելագույն ուժերով հասնել իր մոտ՝ Ալեքպոլի ճակատ: Մյուս օրը Ռուբենը հասնում է Արարատյան դաշտ՝ Դրոյի հետ տեսակցության, որն այստեղի ճակատի հրամանատարն էր, եւ որի հրամանատարության տակ եղած զորամասերը պահպանում էին իրենց մարտունակությունը, չնայած ստիպողական նահանջին Արաքսի այս ափ: Դրոյին նույնպես հայտնում է իր ծրագիրը եւ խնդրում նրա գործուն աջակցությունը, մինչ Ռուբենը պատրաստվում էր գործել առաջին հերթին Կարսի ճակատի ուղղությամբ. առավել կարեւորվում էր Դրոյի դերն Արարատյան դաշտում ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական իմաստով: Դրոյի հետ Ռուբենն այցելում է նաեւ Շարուրում տեղակայված գեներալ Շելկովնիկովի փոքր զորամասը, որը հսկում էր Նախիջեւանի ճակատը եւ դեռեւս լուրջ մարտերի մեջ չէր մտել: Նրանք խնդրում են Շելկովնիկովին ամուր պաշտպանական դիրքերի վրա մնալ, մինչեւ նոր հրահանգները, եւ պատրաստվել հնարավոր հարձակողական գործողություններին Նախիջեւանի ուղղությամբ: Շարուրից նաեւ մի նամակ են գրում Գարեգին Նժդեհին եւ ուղարկում հատուկ սուրհանդակի միջոցով: Ապա Ռուբենն ու Դրոն նոյեմբերի 3-ին հասնում են Երեւան:

Երեւանում նրանց արդեն սպասում են Հայաստանի տարբեր կողմերից հավաքված դաշնակցական մարմինների ակտիվ ներկայացուցիչները: Սրանց հետ հանդիպման ընթացքում առաջադրանք է դրվում, որ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում պետք է կազմակերպի ժողովրդին՝ դիմադրության ցանց ստեղծելու, եւ մյուս կողմից՝ անհավատարիմ ու կասկածելի տարրերին չեզոքացնելու եւ ճնշելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղական ղեկավարները պետք է գործեն ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ եւ կտրուկ ու վճռական:

Այս խորհրդակցությունից հետո Ռուբենը, Դրոն եւ Երեւանում եղած այլ գործիչները ելույթ են ունենում մայրաքաղաքում կազմակերպված մեծ հանրահավաքին: Ռուբենը կրկնում է իր ալեքպոլյան դրույթները՝ հայտարարելով ժողովրդական եւ հեղափոխական սրբազան պատերազմ: Նա խոստանում է ոչ միայն վճռական հաղթանակ արտաքին թշնամիների դեմ եւ դրա միջոցով վերջնական խաղաղության հաստատում Հայաստանի համար, այլեւ դրանից բխող սոցիալական խնդրի լուծում: Հայաստանի բարձր դասակարգերի վարած ազգային քաղաքականությունը վերջին տարիներին բազմիցս ապացուցել է իր սնանկությունը, հայտարարում է Ռուբենը՝ հակառակ իր սովորության հրապարակավ արտահայտելով առավել ծածուկ մտքերը: Ռուսաստանին կամ Անտանտին ապավինած գաղութահայ «դիվանագիտությունը», պրոֆեսիոնալ ռուսահայ սպաների վարած «ռեգուլյար» կռիվները, ներքին քաղաքականության մեջ լեգալությունից ու ֆորմալիզմից կառչած լինելը բոլորն էլ հերթական մարմնացումը ստացան Կարսի պարտությամբ: Սրան հակառակ՝ հայ գյուղացին իր արյամբ կերտել է Հայաստանի անկախությունն ու նրա սահմանները ոչ միայն Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում, այլեւ հետագա տարիների բոլոր կռիվներում՝ Զանբիբասարից ու Վեդիից մինչեւ Զանգեզուր: Իր միջավայրից ելած մտավորական եւ ռազմական գործիչների ղեկավարությամբ հայ գյուղացին է, որ վարել է նաեւ ամբողջ ազգային-ազատագրական պայքարը նախորդ երկու-երեք տասնամյակում, կերտել հաղթանակները եւ կրել զրկանքները: Հայկական բուրժուազիան եւ նրա գաղափարախոս քաղքենի մտավորականները ոչ միայն կամովին մի կոպեկ չեն զոհաբերել այդ պայքարին, այլեւ ծաղրել ու ձաղկել են զինված պայքարը որպես արկածախնդիր եւ անխոհեմ բան: Իրենց խոհեմությունը եղել է մեծ տերությունների ողորմածությանն ապավինած դիվանագիտությունը: Նույնն է եղել նաեւ բարձրաստիճան կղերի մեծ մասը, չնայած շարքային եկեղեցականները՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ, իրենց մասնակցությունն են ունեցել հայկական հեղափոխությանը: Հայկական վերնախավերի խոհեմ քաղաքականության զոհը դարձյալ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գյուղացիությունն էր՝ սկզբում տաճկահայ, վերջին տարիներին՝ արեւելահայ: Կարսի պարտությունը պետք է վերջինը դառնա եւ դառնա գերեզմանափորը հայ իշխող դասակարգերի սնանկ քաղաքականության, իսկ հողազուրկ հայ գյուղացին պետք է վերջապես ստանա իր փոխհատուցումը հողային արդար ռեֆորմով:

Այսուհետ պետք է գիծ քաշվի այս ամենի հանդեպ: Հայաստանի իշխանությունը, բարձր դասակարգը պետք է դառնա հայ գյուղացիությունը՝ որպես փոխհատուցում իր կրած զրկանքների, ազգային ջոջերի քաղաքականության հետեւանքով: Ազգը՝ ազգի մեծամասնությունն է, այսինքն՝ հայերիս դեպքում՝ գյուղացիությունը, նաեւ՝ քաղաքի հասարակ ժողովուրդը: Հայկական իշխող դասակարգերը պետք է մի քավարան անցնեն, որպեսզի վերականգնեն իրենց վստահությունը: Սրանով իրագործվում է դեռեւս Միքայել Նալբանդյանի՝ հայկական ազգային հեղափոխության հիմնադրի պատգամը՝ ազգային եւ սոցիալական հարցերի նույնությունը, այսինքն, որ չի կարող լինել ազգային ազատություն նույնիսկ քաղաքական անկախության պայմաններում, եթե միաժամանակ չի լուծվում ներքին ազատության՝ սոցիալական խնդիրը: Սրանով բացահայտվում է նաեւ հայկական ազատագրական պայքարի՝ հայկական հեղափոխության ներուժը, եւ իրագործվում Հայ հեղափոխական դաշնակցության ծրագիրը: Հայաստանը դառնալու է մի իրապես հեղափոխական երկիր, որը Ֆրանսիական մեծ հեղափոխության օրինակով՝ բզկտված, դրսից ու ներսից թշնամիներով շրջապատված, իրեն գերազանցող ուժերի դեմ կռիվ տվող հայրենիքը վերածելու է բոլորին հաղթող Նապոլեոնի՝ շնորհիվ իր նորաստեղծ ժողովրդական բանակի: Բայց հայկական Նապոլեոնը լինելու է ոչ թե անձ, այլ հավաքականությունը՝ կազմակերպված հայ ժողովուրդը: 

 

 

Ռուբենի այս ելույթը շշմեցրեց ոչ միայն ժողովրդին, այլեւ իր զինակիցներին, որոնցից շատերը մի պահ սառել էին անսպասելիությունից: Սակայն դա արտահայտում էր ոչ միայն ժամանակի ոգին, այլեւ հարազատ զավակն էր հայկական ազգային-հեղափոխական մտքի՝ Նալբանդյանից մինչեւ Դաշնակցության հիմնադիրներ, եւ նույն Դաշնակցության, ինչպես նաեւ այլ ազգային-ձախ ուժերի հրապարակախոսություն: Բայց խնդիրը ոչ միայն մտքի ժառանգականությունն էր, այլեւ ամենակարեւորն այն էր, որ այդ միտքը կենսականորեն բխում էր իրականությունից, ճշգրտորեն արտահայտում պատմական ու քաղաքական իրողությունները, ստուգապես համարժեք էր իրավիճակին: Դա այն էր, ինչ շատերը զգում էին, բայց գուցե չէին կարողանում  մինչեւ վերջ ձեւակերպել 1918-20 թթ. փոթորկալից տարիներին: Եվ դրա համար այդ խոսքն արձագանք գտավ շատերի սրտերում ու զգացումներում, ոգեշնչեց ու թեւեր տվեց, հանեց հուսահատությունից դեպի գործելու եռանդ:

Մի պահ զարմանքից սառած ներկաները բուռն ծափերով ու գոչերով արձագանքեցին ելույթին: Հավաքված ժողովուրդը պահանջում էր Ռուբենին հռչակել Հայաստանի դիկտատոր...

 

Շարունակելի

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: