Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա (մաս Ա)
Նվիրում եմ քավորիս՝ Կիլիկյան Գագիկին,
եւ ընկերոջս՝ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանին,
ում խոստացել եմ այս նյութը գրել
Շատերիս մտքում 2020 թվականն արթնացնում է 100 տարի առաջ եղած դեպքերի նկատմամբ հետաքրքրություն՝ հայ-թուրքական պատերազմ, Առաջին հանրապետության անկում, Հայաստանի սովետականացում… Բայց, թերեւս, ավելի քչերս հիշենք մեկ այլ 100-ամյակի եւ մեկ այլ կորսված հնարավորության մասին: 1918-21 թթ. մի պահ այնքան մոտ ու այնքան իրական էին թվում ֆրանսիական հովանու ներքո Կիլիկիայի հայկական հանրապետության ստեղծման հույսերը, որոնք չքացան 1920-21 թթ. Հայաստանի Հանրապետության անկմանը զուգահեռ: Որքան էլ ուզում ես սառնասիրտ եւ անկողմնակալ եղիր, բայց հայերիս ճակատագրի մեջ իրոք կա մի շեղում «նորմալից»: Հայկական ամենավառ երազներն այնքան մոտ էին թվում, համարյա ձեռքի մեջ, եւ այնքան դաժանությամբ կործանվեցին բոլորը միասին, որ դժվար է անտեսել դրանց մռայլ վիպական գեղագիտությունը: Հայկական աշխարհի երկու իրար հակադիր՝ հյուսիսարեւելյան եւ հարավարեւմտյան ծայրագավառներում՝ Արեւելյան Հայաստանում՝ մի կողմից, եւ Կիլիկիայում՝ մյուս կողմից, զարգանում էին թեեւ իրարից զգալի չափով տարբեր, բայց էությամբ շատ մոտ պատմություններ: Իսկ պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե պատմությունը զարգանար այլ կերպ, եւ ունենայինք երկու զուգահեռ Հայաստան...
Պատմության դասագրքերից գիտենք, որ Կիլիկիայում հայկական պետություն է հայտնվել Բագրատունիների եւ Արծրունիների թագավորությունների անկումից հետո: Հայկական ազնվականության՝ հայկական զինված ուժի տեղափոխումը Հայաստանից դուրս զանազան միջոցներով՝ բյուզանդական հին քաղաքականությունն էր, եւ հենց դրա արդյունքում էլ Կիլիկիայի լեռնային մասում եւ նրա շուրջը, որը բյուզանդական տիրապետության սահմաններում էր, կուտակվեց բավականին պատկառելի հայկական ռազմուժ: Հայկական պետության, հայկական անկախության հիմքը հենց այդ ռազմուժն էր: Նույնիսկ երբ չկար հայկական թագավորությունը, Հայաստանը կիսանկախ երկիր էր՝ սեփական բանակով, սեփական սպարապետով եւ այլն հենց շնորհիվ իր ազնվապետական համակարգի. Հայաստանը իշխանությունների միություն էր, որտեղ ամեն իշխան սեփական զորքի տերն էր: Ցանկանալով ոչ թե պարզապես ենթարկել, այլ իրապես նվաճել Հայաստանը, բյուզանդացիները հենց այդ համակարգի հիմքերն էին քանդում: Հայկական ռազմուժի զգալի մասը հայտնվեց Հայաստանից դուրս: Իսկ բուն Հայաստանում հին համակարգը պահպանվեց միայն հյուսիսարեւելյան ծայրամասերում՝ մոտավորապես ներկայի Հայաստանի տարածքում: Մեծ հաշվով դրա շնորհիվ էլ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն (իհարկե, նաեւ դրա շնորհիվ):
Երբ սելջուկները հաղթեցին բյուզանդացիներին, նվաճեցին Հայաստանը եւ Փոքր Ասիան, ապա դա ոչ թե աղետ էր հայերիս համար, ինչպես փորձել են ներկայացնել միջնադարյան մեր պատմիչները կամ էլ արդի պատմաբանները, այլ, կարելի է ասել, ազատագրում եւ հնարավորություն հայերի եւ վրացիների համար՝ վերականգնելու կամ զարգացնելու իրենց անկախությունը: Եթե սելջուկները մի քիչ էլ ուշանային, ապա բյուզանդացիները վերջնականապես կարող էին արմատախիլ անել հին հայկական ռազմական համակարգը: Սրան գումարվեց նաեւ խաչակիրների արշավանքները, որոնք նույնպես բարենպաստ միջավայր ստեղծեցին հայերի համար: Որքան էլ հաճախ բախումներ եղան հայերի ու խաչակիրների, հայերի ու սելջուկների միջեւ, այդուհանդերձ, հայերի հիմնարար թշնամին բյուզանդացիներն էին, իսկ մյուսները պարզապես մրցակիցներ էին՝ մի օր հակառակորդ, մի օր դաշնակից:
Բայց հատկանշական է, որ երբ բարենպաստ միջավայր ստեղծվեց, ապա հայկական պետությունը վերականգնվեց արդեն ոչ թե բուն Հայաստանում, այլ Կիլիկիայում: Իհարկե, դա մի մասով խաչակիրների արշավանքների ազդեցությունն էր. Կիլիկիայի հայկական պետությունը որոշ իմաստով այլ բան չէր, քան խաչակիրների եւս մեկ պետություն, խաչակիրների գալով ստեղծված նոր տարածաշրջանային համակարգի մաս: Բայց հիմնական պատճառն այն էր, որ Կիլիկիայում էր կենտրոնացած հայկական զինուժը, հայկական ազնվականությունը: Որտեղ հայկական ազնվականությունն էր, նույն ինքը՝ հայկական զինուժը, այնտեղ էլ «տեղափոխվեց» հայկական թագավորությունը: (Հայկական ռազմուժի մյուս հատվածը Կիլիկիային զուգահեռ միավորվեց Զաքարյանների գերիշխանության տակ):
Կիլիկիայի իշխանությունը, ապա թագավորությունը ստեղծեցին Ռուբինյանները բյուզանդացիների եւ նրանց դաշնակից Հեթումյանների հետ համառ, տեւական պայքարում: Եղան ընդհարումներ նաեւ խաչակիրների ու սելջուկների հետ, բայց հիմնական պայքարի գիծը բյուզանդականն էր, իսկ խաչակիրների ու սելջուկների հետ Ռուբինյանները մերթ դաշնակցում էին, մերթ կռվում, հաճախ մեկը մյուսի դեմ հանելով: Չնայած միայն Մլեհ իշխանի անունն է դուրս եկել, բայց բոլոր Ռուբինյաններն են վարել այդ ճկուն, իրապաշտական քաղաքականությունը, որտեղ պետք է եղել՝ մուսուլմանների հետ քրիստոնյաների դեմ, եւ որտեղ պետք է եղել՝ հակառակը: Իսկ Մլեհի անունը դուրս է եկել, քանի որ նրան բռնությամբ են գահընկեց արել, եւ պետք էր նրա վրա մեղք բարդել: Ինչպես եւ այսօր, պաշտոնական գաղափարախոսությունն ու իրական քաղաքականությունը տարբերվում էին. պաշտոնապես դատապարտելի էր համարվում մուսուլմանների հետ դաշնակցել ընդդեմ քրիստոնյաների, չնայած իրականում բոլորն էլ դա անում էին: Նույն Լեւոն թագավորը միաժամանակ բանակցություններ էր վարում Արեւելք արշավող Ֆրիդրիխ Բարբարոսայի հետ, եւ մյուս կողմից հարաբերվում նրա հիմնական մուսուլման թշնամիների հետ:
Սելջուկների օգնությամբ Ռուբինյանները կարողացան խաչակիրների հետ մրցակցության մեջ հաղթել Դաշտային Կիլիկիայի համար մղվող պայքարում: Դաշտային Կիլիկիային տիրելով եւ ծով դուրս գալով՝ Ռուբինյանները հիմքեր ստեղծեցին իրենց իշխանությունը թագավորության վերածելու: Թագավորի կարգավիճակն էլ ստացան արդեն նույն գերմանական կայսրից՝ ձեւականորեն ընդունելով կայսեր գերիշխանությունը: Այսպես՝ Ֆրիդրիխ Բարբարոսան, որի անունն արդի հայերի մեծ մասը գիտի Բարբարոսա օպերացիայից, դարձավ հայոց թագավորության վերականգնման հովանավորը:
13-րդ դարում Կիլիկիան դարձավ մոնղոլների դաշնակիցը: Սա արդեն ավելի ծանր դաշինք էր. մոնղոլները շատ ուժեղ էին, եւ նրանց հետ «խաղեր տալ» հնարավոր չէր: Կիլիկիայի եւ Հայաստանի հայկական զինուժերը մասնակցեցին մոնղոլական կռիվներին ընդդեմ մուսուլմանների, ինչն ահագին ավար ու փառք բերեց, բայց ի վերջո թշնամական դարձրեց հարաբերությունները իսլամի հետ: Երբ մոնղոլները թուլացան, այդ թշնամանքը ծանր նստեց Կիլիկիայի վրա: Այդ շրջանում է նաեւ, որ Կիլիկիայի իշխանական եւ թագավորական վերնախավն ավելի ու ավելի «ֆրանկանում է»: Գերմանացիների աջակցությամբ գոյացած թագավորությունը սկսում է անկում ապրել ֆրանսիական ազդեցության տարածմամբ: Ի վերջո Կիլիկիայի գահին բազմում են մայրական կողմից Ռուբինյան-Հեթումյան, իսկ հայրական կողմից ֆրանսիական, բայց պատմության աներեւակայելի զուգադիպությամբ հայահունչ ազգանուն ունեցող Լուսինյանները, որոնց օրոք Կիլիկիայի քաղաքականությունը, կարելի է ասել, վերջնականապես դառնում է արեւմտամետ՝ կորցնելով իր երբեմնի ճկունությունը: Չկար արդեն նաեւ այն միջավայրը, որի ծնունդն էր Կիլիկիայի հայկական թագավորությունը. խաչակիրների պետություններն Ասորիքում եւ Պաղեստինում կործանվել էին, մոնղոլական տերությունը՝ քայքայվել։ Վերջին հայոց թագավոր ֆրանսիացի եւ կաթոլիկ Լեւոն Լուսինյանի գերեզմանը Փարիզում ավերվեց ֆրանսիական հեղափոխության ժամանակ…
Բայց ֆրանսիական հեղափոխությունից ծնվեց ֆրանսիական նոր էքսպանսիոնիզմը, որի շահերի սահմաններում էլ 19-րդ դարի ընթացքում նորից հայտնվեց Մերձավոր Արեւելքը, այդ թվում՝ Ասորիքն ու Կիլիկիան: Հայերի մեջ նոր հույսեր են արթնանում: 19-րդ դարի կեսերին պոլսահայերի մեջ տարածվում է այժմ կիսամոռացված ձգտումը դեպի Կիլիկիա, Կիլիկիայի ընկալումը որպես հայոց վերածննդի հնարավոր տեղ: Սրա արտահայտությունն է Ռուսինյանի «Կիլիկիա» հայտնի երգը (1860), Ծերենցի «Թորոս Լեւոնի» վեպը (1877) եւ այլն: Հայկական զինված ազատագրական պայքարի առաջին փորձերը նույնպես այստեղ են՝ Զեյթունի 1862-ի ապստամբությունը եւ Միքայել Նալբանդյանի դերը դրա կազմակերպման գործում:
Լեռնային Կիլիկիան 19-րդ դարի վերջին այն մի քանի շրջանից էր, ուր կենտրոնացած էր հայկական բնակչությունը, ուր կար հայկական գերակշիռ մեծամասնություն: Ինչպես նշել եմ նախորդ հոդվածներից մեկում, այդ շրջաններն էին՝ Վանը եւ շրջակայքը, Մուշը եւ շրջակայքը, Կարնո դաշտը եւ Լեռնային Կիլիկիան՝ բոլորն էլ իրարից կտրված, բացի մասամբ Վանից ու Մուշից: Դաշտային Կիլիկիայում հայերը նույնպես մեծամասնություն էին, բայց ոչ թե գերակշիռ, այլ հարաբերական: Շնորհիվ այս հանգամանքի՝ Լեռնային Կիլիկիան Վանի եւ Մուշի պես դառնում է հայկական հեղափոխական կազմակերպությունների գործունեության կենտրոններից մեկը: Բայց հեռու եւ կտրված լինելով մյուս կենտրոններից՝ մնում է մեկուսի: Այստեղ, ի տարբերություն Մուշի եւ Վանի, ուժեղ է մնում Հնչակյան կուսակցության ազդեցությունը, չնայած որ Դաշնակցությունը, ինչպես միշտ, ցանկացել եւ փորձել է հաստատվել եւ ծավալվել:
Առաջին համաշխարհայինի մեջ մտնելով՝ Անտանտի հիմնական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, բանակցում են Օսմանյան կայսրության բաժանման նախագծերի շուրջ: Այս գաղտնի բանակցությունների արդյունքով 1916-ի մայիսին կնքվում է Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որով Կիլիկիան Լիբանանի եւ Սիրիայի հետ հայտարարվում է ֆրանսիական ազդեցության գոտի: Նույն թվականին ֆրանսիացիները բանակցությունների մեջ են մտնում Եգիպտոսում ապրող Նուբար փաշա Պողոսյանի հետ, որին խոստանում են հայկական ինքնավարություն Կիլիկիայում, որի դիմաց հայերից պետք է ստեղծվեր կամավորական զորամիավորում ֆրանսիական բանակի կազմում թուրքերի դեմ կռվին մասնակցելու նպատակով: 1916-ի նոյեմբերին ստեղծվում է, այսպես կոչված, Արեւելյան լեգեոնը, որին պետք է անդամակցեին հայերն ու սիրիացիները: Իրականում զինվորների 90 տոկոսից ավելին հայեր էին, եւ հետագայում Արեւելյան լեգեոնը վերանվանվեց Հայկական լեգեոն (1919-ի փետրվարին): Հայկական լեգեոնի մասնակցությամբ ամենահայտնի ճակատամարտը 1918-ի սեպտեմբերի 19-ի Արարայի ճակատամարտն էր, որում հայերի խաղացած վճռական դերը ճանաչում ստացավ ֆրանսիական հրամանատարության կողմից: Արարայի ճակատամարտը, որի անվանումը ճակատագրի մի նոր հեգնանքով այդքան հայկական է թվում (ոչ այն է՝ արարել բառի հետ կապես, ոչ այն է՝ Ավարայրի ճակատամարտի), իր հերթին մասն էր ավելի մեծ՝ Մեգիդոյի ճակատամարտի՝ այն նույն Մեգիդո լեռան մոտ, որից գալիս է Արմագեդոն հասկացությունը։ Արմագեդոնը հրեական Հարմեգիդո՝ Լեռ-Մեգիդոյի հունական տառադարձությունն է, որտեղ, ըստ աստվածաշնչյան վախճանաբանության, պետք է տեղի ունենա վերջնական ճակատամարտը Բարու եւ Չարի միջեւ: Պատմականորեն Մեգիդոյի մոտ տեղի են ունեցել բազմաթիվ ճակատամարտեր՝ մ.թ.ա 1457-ին փարավոն Տուտմոս 3-ի եւ քանանացիների միջեւ, 1799-ին Նապոլեոնի ու թուրքերի միջեւ եւ այլն:
1918-ին, ուրեմն, տեղի է ունենում Արմագեդոնի հերթական ճակատամարտը, որին մասնակցում են մի կողմից՝ բրիտանական, այդ թվում՝ հնդկական, ավստրալիական, նորզելանդական, արաբական, այլեւ՝ ֆրանսիական, որոնց մեջ՝ հայկական զորքերը։ Իսկ մյուս կողմից՝ օսմանցիներն էին, որոնց օգնում էին նաեւ գերմանացիները: Ճեղքելով թուրք-գերմանական ճակատը՝ դաշնակիցները մինչեւ սեպտեմբերի վերջը հասան Դամասկոս, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Հալեպ, որը պաշտպանում էր թուրքական 7-րդ բանակը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ (Քեմալը պետք է մասնակցեր նաեւ Մեգիդոյի մարտին, բայց հրաման ստացավ անցնել թիկունք՝ ճանապարհին ենթարկվելով բրիտանական օդուժի ռմբակոծությանը): Հոկտեմբերի 30-ին Թուրքիան հաշտություն կնքեց: Ֆրանսիական զորքերը մտան Կիլիկիա, նրանց հետ նաեւ Հայկական լեգեոնը: Սկսվեց հայկական մեծ հույսերի շրջանը:
Անիմաստ եւ ծանր կլիներ այստեղ մանրամասն պատմել, թե ինչ եղավ հաջորդ 2-3 տարվա ընթացքում: Ասենք միայն ամենաէականը: 1915-16 թթ. Եղեռնից փրկված հայերը վերադառնում են իրենց տները: Ֆրանսիացիներն ամենաշռայլ խոստումներն են տալիս հայերին՝ ինքնավար հայկական պետություն ֆրանսիական հովանու ներքո: Այդ պետությունը պետք է ունենար նաեւ սեփական զինված ուժերը, որի կորիզը հենց Հայկական լեգեոնն էր: Բայց ժամանակն անցնում էր, նախկին դաշնակիցների՝ անգլիացիների ու ֆրանսիացիների միջեւ հարաբերությունները սառչում էին, մյուս մեծ դաշնակից Ռուսաստանը դուրս էր եկել խաղից, իսկ երբ վերադարձավ, ապա վերադարձավ որպես թուրքական շահերի պաշտպան: Թուրքական հարցի վերջնական լուծումը ձգձգվում էր, եւ հընթացս թուրքերն ուշքի էին գալիս պարտությունից, կազմակերպում դիմադրությունը: Նրանք պատրաստ էին հաշտվել Սիրիայի, Լիբանանի, Միջագետքի, Արաբիայի կորստյան հետ, բայց իրենց ազգային տարածքն էին համարում Կիլիկիան, որտեղ կար ստվար թուրք եւ մահմեդական բնակչություն, եւ պատրաստ էին թե՛ կռվով, թե՛ դիվանագիտությամբ պաշտպանել իրենց տեսակետը: Կիլիկիան դառնում է քեմալական շարժման առաջին թիրախներից դեռ 1919-ին: Ֆրանսիացիներն իրենց հերթին բավականին ուժեղ չէին, որ ե´ւ պահեին Կիլիկիան թուրքական դիմադրությամբ հանդերձ, ե´ւ նոր միջազգային իրավիճակում կարողանային հաստատել իրենց շահերը բոլոր կետերում: Նրանք նախընտրեցին բանակցությունների մեջ մտնել քեմալականների հետ: Եվ սկսվեց Կիլիկիայի աստիճանական, մաշեցնող հանձնումը թուրքերին, որն իր պաշտոնական ավարտին հասավ 1921 թվականին ֆրանս-թուրքական պայմանագրով:
Չարժի ասել, որ դրա տուժողը հայերն էին, որոնք արդեն 1920-ին սկսեցին հասկանալ, որ իրենց խաբում են, եւ նույնիսկ փորձեցին ինքնուրույն քայլեր կատարել, որի պատասխանը եղավ Հայկական լեգեոնի լուծարումը ֆրանսիացիների կողմից: Ես հատուկ չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետեւ չեմ ուզում հերթական հայկական ողբը կապել՝ հուսալով, որ մի օր կգրվի այս իրադարձությունների քննական, սթափ պատմությունը: Բայց, անկեղծ ասած, անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական սառը հաշվարկներից, ֆրանսիացիների վարքը հայերի նկատմամբ աննախադեպ ստոր էր՝ նույնիսկ եթե հաշվի առնենք, որ միջազգային քաղաքականության մեջ բարոյականությունն առաջնային գործոն չէ:
Չեմ կարող զսպել ինձ մի երկու բառ չավելացնելու համար այս առումով:
Ավանդաբար հայերի մեծ դաշնակից համարվող երեք պետություններից՝ անգլիացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից, մեզանում նույնպես ավանդաբար ընդունված է առավել բացասական վերաբերվել անգլիացիներին, իսկ առավել դրական՝ ֆրանսիացիներին: Ռուսները, թերեւս, միջին դիրքում են. որքան էլ ուժեղ է հայկական ռուսասիրությունը, այդուհանդերձ միշտ էլ եղել է նաեւ, թեկուզ փոքրաթիվ, բայց դրանից ավելի շեշտված հակառուսական քննադատություն: Բայց եթե ինձ հարցնեք, ես կասեի, որ այս՝ ոչ պաշտոնական աստիճանակարգը պետք է փոխվի՝ ամենաազնիվը հայերի հետ վարվել են անգլիացիները, իսկ ամենաանազնիվը եղել են ֆրանսիացիները: Իհարկե, այս ամենը համեմատության մեջ, եւ իհարկե, հաշվի առնելով, որ խոսքը միջազգային քաղաքականության մասին է, որտեղ բարոյական հասկացություններից խոսել կարելի է միայն շատ պայմանական իմաստով: Այդուհանդերձ, նույնիսկ միջազգային քաղաքականության մեջ կա արդարության եւ ազնվության որոշակի չափ:
Ինչո՞ւ հայերս հատկապես անգլիացիներին չենք սիրում եւ հատկապես քիչ պրետենզիա ունենք ֆրանսիացիներից: Իհարկե, այստեղ մասամբ դեր ունեն առարկայական հանգամանքները. անգլիացիների միջազգային կշիռն ավելի մեծ է, եւ բացի այդ, սովետական քարոզչությունն աշխատել է հատկապես հակաանգլիական ուղղությամբ: Բայց կան նաեւ ազգային ընկալման կարեւոր առանձնահատկություններ: Մենք չենք սիրում անգլիացիներին, հենց որովհետեւ նրանք մեզ հետ ավելի ազնիվ են եղել՝ իհարկե չգիտակցելով այդ կապը: Եվ սիրում ենք ֆրանսիացիներին, հենց որովհետեւ նրանք մեզ հետ ամենաանազնիվն են վարվել, եւ այդպիսին է մեզ նման ազգերի ճակատագիրը. մեզ հետ պետք է վարվել անազնվորեն, որպեսզի մենք սիրենք եւ շնորհակալ լինենք: Փորձեմ բացատրել այս՝ բավականին ծանր «մեղադրանքը»:
Անգլիացիները, գոնե 1918-20 թթ., մեզ խոստացել են երկու բան՝ միջազգայնորեն ճանաչված Միացյալ Հայաստան՝ դեպի ծով ելքով, եւ օգնություն բանակին՝ զենքով ու հանդերձանքով: Մնացածը պետք է հայերն իրենք անեին: Ահարոնյանի հետ բանակցություններում անգլիական ներկայացուցիչն ուղիղ ասում է, որ անգլիացիները չեն կարող զինուժ ուղարկել թուրքերի դեմ, որ հայերը պետք է սեփական ուժերով կարողանան ազատագրել այն հողերը, որոնք, ըստ կնքվելիք պայմանագրի, նախատեսվում են Հայաստանի համար: Անգլիական ներկայացուցիչը հատուկ հարցնում է Ահարոնյանին, թե արդյոք հայկական բանակն ի վիճակի՞ է ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Ահարոնյանը պնդում է, որ այո´, կարող է: Անգլիացին ասում է, որ քեմալականները բավականին ուժ ունեն, ինչին Ահարոնյանը պատասխանում է, որ քեմալականների ուժերն իրականում մեծ չեն, իսկ հայկական բանակը ղեկավարվում է մասնագետ սպաների կողմից, բայց որ հայերը կարիք ունեն զենքի, պարենավորման եւ այլն: Անգլիացին խոստանում է, որ իրենք կտրամադրեն զենք, հանդերձանք, պարենավորում: Բոլոր խոստումները կատարվում են. կնքվում է Սեւրի դաշնագիրը, որով միջազգային ճանաչում է ստանում Միացյալ Հայաստանը, եւ հայկական բանակը ստանում է անգլիական զենք, հանդերձանք, կազմակերպվում է նաեւ պարենավորման խնդիրը: Այդ հիմա ենք հեգնանքով վերաբերվում Սեւրի պայմանագրին, քանի որ չիրականացավ: Բայց պատկերացրեք, որ դուք 1920 թվի օգոստոսին եք ապրում, եւ աշխարհի առավել հզոր տերությունների կողմից ճանաչվել են Հայաստանի սահմանները մինչեւ Տրապիզոն, Էրզրում, Վան, եւ այդ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտոնական կառավարությունը… Եվ դրան դեմ է միայն մի ապստամբ թուրք գեներալ, որին նույնիսկ Թուրքիայի պաշտոնական կառավարությունն է ճանաչում որպես խռովարար: Կասեք, բայց նաեւ Սովետական Ռուսաստանը… Այո´, բայց 20 թվին դեռ ոչ ոք վստահ չէր, որ կիսասոված, ավերված, քանդուքարափ բոլշեւիկյան Ռուսաստանը կդիմանա… Պատկերացրեք, որ հենց այսօր աշխարհի մեծ տերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ավելին՝ Ադրբեջանի կառավարությունն էլ ստորագրում է այդ ճանաչման տակ: Եվ միայն մի ադրբեջանցի գեներալ դիմադրում է, եւ մեկ էլ՝ Ռուսաստանը ոչ պաշտոնապես, բայց դժգոհում է: Տեսնեմ քանի հայ հենց այսօր գլուխը չէր կորցնի նման հեռանկարից… Շեղվեցինք:
Անգլիացիներն իրենց բոլոր պայմանները կատարեցին: Նրանց մեղքը չէր, որ հայերն ի զորու չեղան իրացնել այն, ինչ իրավականորեն տրված էր մեզ: Տեսնելով, որ հայերի վրա դրված դրույքը չի աշխատում, անգլիացիները՝ որպես նորմալ խաղացողներ, դրույքը փոխեցին եւ դրեցին ի վերջո… նույն թուրքերի վրա: Հայերի սիրուն աչքերն իհարկե անգլիացիներին հետաքրքիր չէին, բայց Ռուսաստանի սահմանին ուժեղ, անկախ պետություն իրենց պետք էր: Հայաստանը չստացվեց, ստացվեց Թուրքիան: Ամեն ինչ ազնիվ էր այնքանով, որքանով հնարավոր է միջազգային հարաբերություններում: Բայց ամենաազնիվ բանը, որ հետագայում անգլիացիներն արել են մեր նկատմամբ՝ ի տարբերություն ֆրանսիացիների, ամերիկացիների, ռուսների, այլեւս երբեք չեն շահարկել Հայկական հարցը, չեն շահարկել Հայոց ցեղասպանության թեման, չեն ճանաչել Ցեղասպանությունը: Եվ դա ամենաազնիվ բանն է, որ հնարավոր է անել մեր ժողովրդի ու մեր զոհերի հիշատակի նկատմամբ: Ինչո՞ւ:
100 տարուց ավելի է անցել Մեծ եղեռնից, ու մենք այդպես էլ չենք հասկացել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե օդում ինչ-որ իրադարձություն է եղել, այլ Առաջին համաշխարհային պատերազմի մասը, եւ որ միլիոնուկես հայ զոհվել է որովհետեւ ընկալվել եւ ինքն իրեն հռչակել է Անտանտի՝ Անգլիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դաշնակից: Հայերը կոտորվել են որպես Անտանտի դաշնակիցներ, ոչ որպես պարզապես հայեր: Սա շատ կարեւոր է հասկանալ:
Պատմական իրադարձությունները շատ կոնկրետ են եւ պետք է հասկացվեն կոնկրետ: Դա միայն գիտական խնդիր չէ, այլ ազգային գիտակցության խնդիր. եթե ազգը չի ուզում հավետ մնալ ստրուկի, գործիքի, թնդանոթի մսի կարգավիճակում, եթե ուզում է ապրել իրական աշխարհում, եթե ուզում է իրապես անկախ ու ինքնիշխան լինել, չկա ավելի կարեւոր բան, քան սեփական պատմական փորձի ճշգրիտ, ստույգ, սթափ ընկալումը:
Թուրքիայում հայկական կոտորածներ, իհարկե, եղել են մինչեւ 1915-ն էլ: Բայց թուրքերը չեն ցեղասպանել մեզ 1905-ին, 1805-ին, 1705-ին կամ ցանկացած այլ տարեթվին, այլ 1915-16-ին՝ շատ կոնկրետ միջազգային քաղաքական իրավիճակում: Եթե շարունակենք մեզ խաբել՝ մտածելով, որ թուրքերը, միեւնույն է, մեզ կկոտորեին, պարզապես առիթի էին սպասում, առիթն էլ եղավ պատերազմը, եթե շարունակենք ինքներս մեզ խաբել, թե պանթուրքիզմը եւ այլ գաղափարներն էին հիմնական պատճառը, ոչինչ չենք հասկանա ոչ միայն մեր պատմությունից, այլեւ իրապես քաղաքական ազգ չենք դառնա՝ կմնանք մշտական խաղալիք:
Դա չի նշանակում, պարզ է, որ թուրքերը լավն էին ու հայերի լավն էին ուզում: Ո´չ, պարզապես երբ նախկին Անտանտի որեւէ պետություն՝ որպես մեծ լավություն, «ճանաչում» է Հայոց ցեղասպանությունը, եւ մենք էլ շնորհակալության զգացումից հուզված՝ թուք ենք կուլ տալիս, վերահաստատում ենք մեր ստորադաս կարգավիճակը ազգերի ոչ պաշտոնական աստիճանակարգում: Որովհետեւ ոչ թե մենք պետք է ուրախանանք, որ նույն Ֆրանսիան կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ը ճանաչում են Մեծ եղեռնը, այլ իրենք պետք է գան, մեզ խնդրեն, հարցնեն՝ կարելի՞ է մենք դա անենք, ու մենք էլ մերժենք: Որովհետեւ էդ զոհերը պարզապես հայ ժողովրդինը չեն, այլ հանուն հենց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ շահերի զոհված մարդիկ են: Սա չափազանցություն չէ, հուզականություն չէ, այլ չոր փաստ: Հայերը կոտորվել են, որովհետեւ հավատացել են Անտանտին, քաղաքակիրթ աշխարհին, առաջադեմ մարդկությանը: Իհարկե, ոչ ոք մեղավոր չէ, որ մենք հավատացյալ ազգ ենք: Ասածս այլոց ուղղված մեղադրանք չէ, այլ սեփականը գիտակցելու կոչ: Երբ Անտանտի որեւէ պետություն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոչ թե մեզ է լավություն անում, այլ ինքն իրեն: Սա´ լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում՝ արդեն մեկ անգամ հանուն իր շահերի ոչնչացված նահատակներին մի երկրորդ անգամ փորձում է օգտագործել քաղաքական իր խաղում: Զոհված հայերը կարող են զոհվելուց հետո էլ օգտակար լինել Անտանտին: Սրա համար եմ ասում, որ Մեծ Բրիտանիայի դիրքը հայերի նկատմամբ միակ ազնիվ, միակ «տղավարի» դիրքն է:
Ճիշտ հակառակ բեւեռում է ֆրանսիական տիպի քաղաքականությունը:
Ի տարբերություն անգլիացիների՝ ֆրանսիացիները Կիլիկիայում հայերին խոստանում էին ամեն ինչ՝ ինքնավարություն, պաշտպանություն, հովանավորություն: Իսկ իրականության մեջ հաճախ ոչ միայն իրենք չեն պաշտպանել հայերին, այլեւ Հայկական լեգեոնին են արգելել հասնել օգնության, օրինակ, Մարաշին: Ի վերջո, նաեւ զինաթափել են Հայկական լեգեոնը: Գրեթե մինչեւ վերջ պահել են հայերին անորոշության մեջ եւ թուրքերի փաստի առաջ կանգնեցրել՝ հանձնելով Կիլիկիան թուրքերին:
Դրա փոխարեն հետագա տասնամյակներին ֆրանսիացիները, շռայլելով զգացմունքային ճառեր, մեր աչքին մնացել են լավագույն բարեկամներ: Ցեղասպանության ճանաչման առաջնագծում են, նույնիսկ քրեականացրել են դրա ժխտումը եւ այլն, եւ այլն: Մի խոսքով՝ հայ ժողովրդի իսկական բարեկամն են: Ընդ որում՝ առանց հեգնանքի, որովհետեւ մեր ազգային գիտակցության մակարդակը հենց այդպիսի բարեկամության է արժանի, եւ ֆրանսիական քաղաքականությունը մեր նկատմամբ ոչ թե դատապարտելի է, այլ միակ ճիշտն է: Ուզում եմ ճիշտ հասկացվել: Մազաչափ անգամ չեմ դատապարտում ֆրանսիականը, այլ մերն եմ ցույց տալիս:
Մենք հավատացյալ ազգ ենք: Հնում հավատում էինք քրիստոնյա աշխարհին, հիմա մեր հավատքը քաղաքակիրթ աշխարհն է, առաջադեմ մարդկությունը, որը քրիստոնյա աշխարհի թարմացված անունն է: Կդառնանք իրապես քաղաքական ազգ, երբ հավատանք ինքերս մեզ, մեր ուժերին, եւ կգործենք այդ ուժերին համարժեք՝ ոչ գերագնահատելով, ոչ էլ առավել եւս թերագնահատելով դրանք:
Եվ սակայն Կիլիկիան…
Շարունակելի