Գրական հայերեն՝ պատմություն, այլընտրանքներ, ապագա (Մաս Ա)
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վերջերս գրել էր, թե բա, եթե առանձին Հայ եկեղեցու պատմություն ենք դասավանդում դպրոցում, եկեք Հայոց լեզվի պատմություն էլ դասավանդենք, դա էլ է մեծ դեր խաղացել մեր ինքնության կայացման մեջ եւ այլն: Այդքան էլ լավ չհասկացա այդ գրառման իմաստը. ոչ այն է՝ հեգնական էր, ոչ այն է՝ կեսլուրջ: Բայց խնդիրն այն է, որ հայոց լեզվի պատմության իմացության տարրական մակարդակն իրոք անհրաժեշտություն է եւ ոչ թե զուտ նրա համար, որ իմանանք դրա դերը մեր ինքնության կայացման պատմության մեջ եւ այլն, այլ՝ գործնական: Եվ եթե մենք չենք հասկանում, որ դա այդպես է, խնդիրն էլ գալիս է հենց… լեզվի պատմության մեր չիմացությունից: Հենց չիմացությունից է բխում այն, որ չենք պատկերացնում՝ գրական լեզուն հենց այնպես, ինքնուրույն պահպանվող, ինքնակարգավորվող ու մշտապես կայուն երեւույթ չէ, այլ մտածված քաղաքականություն պահանջող երեւույթ: Որ գրական լեզուն ոչ թե ինքնուրույն է ստեղծվել, այլ կոնկրետ մարդկանց լուրջ ու մտածված ջանքերի շնորհիվ, եւ եթե ուզում ենք մեր հաջորդներին էլ փոխանցել իրապես կենսունակ գրական հայերեն, մենք էլ պետք է մտածված ջանքեր գործադրենք, պատկերացում, տեսություն եւ ծրագրային մոտեցում ցուցաբերենք: Մինչդեռ այս, ինչպես եւ մյուս նման հարցերում, մենք, ցավոք, կրավորական սպառողի դերում ենք՝ վայելում ենք նախորդ սերունդների ստեղծածը, բայց չենք մտածում, որ ջանքեր են պահաջվում, որպեսզի դա շարունակի մնալ մրցունակ ու կենսունակ:
Խոսքը, շեշտեմ, հե՛նց գրական հայերենի մասին է: Հայերենը՝ որպես խոսակցական լեզու, այո´, կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կա հայկական միջավայրը, քանի դեռ Հայաստանում ապրում են հայեր: Խոսակցական լեզուն կինքնակարգավորվի առանց միջամտության, այնպես, ինչպես հազարամյակներ շարունակ ինքնակարգավորվել է՝ սկսած հնդեվրոպական նախալեզվի մեջ ձեւավորված նախահայկական բարբառից մինչեւ մեր օրերը: Բայց գրական լեզուն այլ է՝ դա արդեն քաղաքական եւ մշակութային ինքնուրույնության բարձր հայտ ներկայացրած հանրության գործիքներից է, որը պահանջում է անգամ քաղաքական մոտեցում: Քաղաքական, իհարկե, այստեղ լայն իմաստը նկատի ունենք, ոչ թե, ասենք, կուսակցական գործունեությունը, այլ որոշումների ընդունումը, ծրագրային մոտեցումը եւ այլն:
Հայերենի մրցունակության խնդիրը պարապ հարց չէ: Այն չի եղել այդպիսին նախկինում, երբ հայերենը դարերի ընթացքում որպես գրական լեզու մրցել է իրենից շատ ավելի ուժեղների հետ՝ հին հունարենից ու լատիներենից սկսած մինչեւ ռուսերեն: Առավել եւս դա պարապ հարց չէ այսօր՝ մի աշխարհի պայմաններում, ուր խնդիրը ոչ միայն հաղորդակցության տեխնոլոգիաների գերարագ զարգացումն է, գիտելիքի եւ տեղեկատվության անընդատ կտրուկ աճը, որին լեզուները պետք է նույնքան արագ հարմարվեն, այլեւ այն, որ ուժեղները դառնում են ավելի ուժեղ, իսկ թույլերը՝ հաճախ ավելի թույլ: Լեզուների ոլորտում դա նշանակում է, որ համաշխարհային լեզվի՝ անգլերենի դերը, նշանակությունը, տարածվածությունը, ներգրավվածությունն աննախադեպ ավելանում է, բայց սրան գումարած՝ նաեւ ռեգիոնալ մեծ լեզուների խնդիր կա՝ իսպաներեն, չինարեն, մեր դեպքում՝ ռուսերեն: Վերջինների դիրքերին անգլերենը շատ չի սպառնում, բայց կա հայերենի նման ավելի փոքր եւ միայն տեղական-ազգային տարածում ունեցող լեզուների հանդեպ հավելյալ ճնշման գործոն ոչ միայն համաշխարհային, այլեւ ռեգիոնալ մեծ լեզուների կողմից:
Մեզ հիմա շատ բնական է թվում այն վիճակը, որ հայերենը՝ որպես գրական լեզու, սպասարկում է մարդկային մտքի եւ գործունեության բոլոր ոլորտները: Մեզ համար զարմանալի չէ, որ հայերեն ունենք, ասենք, ֆիզիկայի դասագիրք կամ երկրաբանության վերաբերյալ գիտական հոդված եւ այլն: Այնպես չէ, որ աշխարհի բոլոր մեր չափի ազգերն ունեն նման կարողություն, եւ նույնիսկ մեզնից քանակով ավելի մեծ ազգերը Ասիայում կամ Աֆրիկայում այս ավանդույթը չունեն: Իհարկե, մենք սիրում ենք մեզ համեմատել միայն Եվրոպայի մեծ ազգերի հետ, դա ինքնին լավ է, որովհետեւ նաեւ ստիպում է մեզ հաճախ մեր գլխից էլ վեր թռչել, բայց նաեւ լավ կլինի ժամանակ առ ժամանակ հիշել, որ աշխարհը մեծ է:
Սակայն չի բացառվում, որ արդեն մեկ-երկու սերունդ անց այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հայերենի մրցակցային կարողությունները նվազեն, եւ ավելի ու ավելի բարդանա հայերենով ծածկել բոլոր ոլորտները, հայերենի կարգավիճակը որպես լիարժեք ինքնիշխան լեզու նվազի: Որպեսզի դա չլինի, պետք է նախ հասկանանք մեր լեզվի պատմությունը, երկրորդ՝ նաեւ այդ հասկացության հիմամբ այսօրվանից մտածենք մեծ քաղաքականությունը, որը հաջորդ սերունդներին պետք է փոխանցի նույնքան մրցունակ հայերեն, որքան ստացել ենք որպես ժառանգություն նախորդներից:
Ի՞նչ պետք է եւ կարող է մեզ սովորեցնել լեզվի պատմությունը:
Նախ՝ որ հայերենը մեծ, բազմաշերտ համակարգ է, երկրորդ՝ որ գրական լեզուն ինքնակարգավորվող համակարգ չէ, այլ քաղաքականության արդյունք:
Սկսենք առաջինից. ի՞նչ է նշանակում մեծ եւ բազմաշերտ համակարգ:
Մեր խոսքի շեշտը գրական լեզուն է, բայց գրական լեզվի կենսունակության միակ հիմքն էլ հենց այն է, որ չի կարելի նույնացնել հայերենն ընդհանրապես գրական հայերենի հետ միայն: Հայերենը մի մեծ ամբողջություն է, որի մասերն են հին գրական լեզուն՝ գրաբարը, երկու նոր գրական լեզուները՝ արեւելահայերենն ու արեւմտահայերենը եւ հայերեն բարբառների ու նրանց խոսվաքծների բազմազանությունը: Չնայած այսօր հայերենի բարբառների զգալի մասը դուրս է եկել գործածությունից՝ հիմնականում Մեծ եղեռնից հետո ու դրա հետեւանքով, բայց մյուսներն էլ շարունակում են իրենց գոյությունը, ինչպես օրինակ՝ Էրզրումի բարբառը՝ Շիրակում ու Ջավախքում, Ղարաբաղի բարբառը՝ Արցախում ու Գորիս-Կապանում, Տավուշում, Խոյի բարբառը՝ Արարատյան դաշտի մեծ մասում ու շրջակայքում, Մշո բարբառը՝ Ապարանում ու Սեւանի ավազանում եւ այլուր, Արարատյան բարբառը՝ Լոռիում, Աշտարակում եւ այլուր: Եվ նույնիսկ վերացած կամ թուլացած բարբառների զգալի մասով գրանցված է մեծ բանահյուսական նյութ, օրինակ՝ հեքիաթներ, երգեր եւ այլն: Այսինքն՝ դրանք էլ, չնայած չեն գործածվում կամ քիչ են գործածվում, բայց հայերենի համակարգի մեջ կան: Հայերենի բարբառային հարստությունը հատկապես տպավորիչ է. աշխարհի ոչ բոլոր լեզուներն ունեն նման բազմազանություն ու տարբերակում: Օրինակ՝ գերմաներենը մեզ նման հարուստ է բարբառներով, իսկ ռուսերենը եւ վրացերենը՝ ոչ: Մի այլընտրանքային իրականության մեջ հայերենի այս հարստության հիմամբ հանգիստ կարող էր ձեւավորվել մի քանի առանձին գրական լեզու եւ մի քանի առանձին ազգային ինքնություն: Ընդ որում՝ այդ լեզուների կրողները միմյանց բարդությամբ կհասկանային: Օրինակ՝ եթե պատկերացնենք մեկ առանձին գրական լեզու Զեյթունի բարբառի հիմամբ, մեկն էլ՝ Ղարաբաղի, ապա դրանք իրարից թերեւս մոտավորապես նույնքան տարբեր կլինեին, որքան, ասենք, ռուսերենն ու հայերենը: Եթե կարծում եք, որ չափազանցնում եմ, կարող եք փորձել «զեյունեներից» գրական հայերեն թարգմանել «ճոյ պեյ» շատ պարզ բառակապակցությունը, որի երկու բառն էլ մաքուր հայերեն են, մեզ բոլորիս մանկուց հայտնի են եւ նշանակում են շատ սովորական, առօրյա մի երեւույթ: Ընդամենը բառերն այստեղ հնչյունափոխված են այնքան, որ առաջին հայացքից անճանաչելի են, բայց եթե իմանաս այս բարբառի հնչյունափոխության օրենքները՝ կռահելը բարդ չէ: «Ճոյ պեյ»-ը նշանակում է «ջուր բեր»՝ ջ-ն դառնում է ճ, ու-ն՝ ո, ր-յ եւ այլն: Միայն «պեյ»-«բեր» զույգի ե-ն փոխված չէ:
Բարբառներից պետք է տարբերել այն խոսակցական հայերենը, որով խոսում ենք Երեւանում: Դա բարբառ չէ, այլ գրական լեզվի խոսակցական տարբերակ՝ բարբառային որոշ տարրերով: Արարատյան բարբառի երեւանյան խոսվածքը, որով նախկինում խոսում էին Երեւանում, փաստացի գոյություն չունի, ձուլվել է խոսակցականի մեջ: Իր նախնական վիճակում այդ բարբառը ավելի մոտ էր, ասենք, Լոռու խոսվածքին, քան նրան, որով մենք այսօր խոսում ենք: Սա իմիջիայլոց:
Մեզանում դեռ առկա է բարբառներին մի տեսակ վերեւից նայելու, բարբառային ձեւերն արհամարհելու, դրանք գրականով շտկելու ավանդույթը: Նույնիսկ միտում կա հայերենն ընդհանրապես նույնացնել միայն գրական, ավելի նեղ՝ գրական արեւելահայերենի հետ: Մինչդեռ շատ կարեւոր է հասկանալ, որ հայերենը հայերենի դրսեւորումների ամբողջությունն է՝ հին եւ նոր գրական լեզուներով՝ գրաբար, արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ բարբառների բազմազանությամբ՝ գործածվող եւ գործածությունից դուրս եկած, բայց գրանցված: Սա հիմնարար այն ընկալումն է, որի օգնությամբ միայն կարող ենք հուսալ, որ գրական հայերենի մրցունակությունն ու կենսունակությունը կկարողանանք փոխանցել ապագա սերունդներին: Որովհետեւ գրական լեզվի հետագա զարգացման, հարստացման, ընդլայնման, ճկունության անսպառ աղբյուրը հենց այդտեղ է՝ մի կողմից իբր մեռած համարվող գրաբարում, մյուս կողմից՝ իբր ցածր համարվող բարբառներում: Գրական հայերենը զարգացնել կկարողանանք միայն, այսպես ասած, հենվելով սեփական ուժերի վրա: Իսկ եթե շարունակենք կրել հայերենի՝ որպես միայն արդի գրական արեւելահայերենի ընկալումը, ապա կշարունակենք կանգնել մի նեղ հենքի վրա, որը լեզվի զարգացումը փակուղի կտանի, եւ այն կդարձնի անմրցունակ: Սրա մասին մի փոքր ավելի ուշ նորից կխոսենք: Հիմա մի կարճ անդրադարձ անենք գրական հայերենի պատմությանը, ինչն ավելի կհեշտացնի արդի խնդիրների ընկալումը:
Գրական հայերենը, ինչպես գիտենք, ստեղծվել է 5-րդ դարում, եւ այդ գործը շարունակվել է հետագա մեկ-երկու դարերում եւս՝ թարգմանական եւ օրիգինալ գրականությամբ: Պատմությունն այստեղ չենք պատմելու, մեզ համար կարեւոր է այստեղ հասանելի դարձնել այն միտքը, թե ինչպիսի ջանքեր է պահանջում գրական լեզվի ստեղծումն ու զարգացումը: Հայերենը՝ որպես խոսակցական, շատ հին լեզու է, բայց մի՝ թեկուզ շատ հին խոսակցական լեզվի հիմքով գրական լեզու ստեղծելը, որը պետք է սպասարկի մարդկային գործունեության բոլոր ոլորտները՝ բարդ խնդիր է: Նույնիսկ 19-20-րդ դարերում, երբ բազմաթիվ ժողովուրդներ առաջին անգամ ստեղծեցին իրենց գրականները, լուրջ խնդիրների հանդիպեցին: Որեւէ զուտ խոսակցական, գրական ավանդույթ չունեցող լեզվի բառապաշարը, որքան էլ հարուստ լինի, քանակով մի քանի անգամ զիջում է գրական լեզուներին: Մարդիկ օգտագործում են այնքան բառ, որքան անհրաժեշտ է սովորական կենցաղում: Գիտական, պետական-կառավարչական, բարձր գրականության եւ նման բառապաշարը պետք է ստեղծվի զրոյից, եթե չկա սեփական գրական ավանդույթ: Դրա համար կա մի քանի ճանապարհ՝ փոխառությունները, պատճենումը՝ սեփական բառային հիմքով, բայց փոխառյալ կաղապարով եւ այլն: Ինքնատիպ ճանապարհներ էին ընտրել, օրինակ, 19-րդ դարում էստոնական գրական լեզվի հիմնադիրները, որոնք չէին ուզում շատ փոխառություններ անել, ոչ էլ պարզ պատճենումներ եւ պարզապես ոչնչից բառեր էին ստեղծում՝ բառացիորեն հորինելով դրանք: Բայց հիմնական ճանապարհը սկզբում, իհարկե, փոխառությունն է կամ պատճենումը, իսկ հետագայում արդեն եղած կաղապարներով լեզուն կարող է ինքն իր համար ստեղծել նոր բառեր:
Խնդիրն առավել բարդ էր հնում, երբ ստեղծվում էր գրական հայերենը՝ այն, ինչ այսօր կոչում ենք գրաբար, իսկ գիտական գրականության մեջ ավելի ընդունված է անվանել դասական հայերեն: Այդ ժամանակ աշխարհում մի քանի գրական լեզու կար միայն՝ հին հունարենը, լատիներենը, արամերենը, ղպտերենը, իսկ մեզնից ավելի հեռու՝ Հնդկաստանի գրական լեզուները՝ սանսկրիտն ու պալին: Իրանի պես հին պետությունն ու քաղաքակրթությունը փաստորեն լիարժեք գրական լեզու չուներ: Այս պայմաններում սեփական գրական լեզու ունենալու հայտ ներկայացնելն անգամ մեծ հավակնությունների նշան էր: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօրվա հայերս նման հայտ այն ժամանակվա պայմաններում չէինք համարձակվի ներկայացնել: Ավելին՝ շատերը դա խելագարություն կհամարեին:
Գրական հայերենը ստեղծվում էր Հայոց թագավորության անկմանը զուգահեռ, ի սկզբանե թագավորական պատվերով ու հովանավորությամբ, իսկ հետո՝ հայկական իշխանական տների: Սա զուտ մշակութային գործընթաց չէր, այն ժամանակ չկային էլ մաքուր, անկախ մշակութային, գիտական գործընթացներ, այլ քաղաքականություն: Հայոց գրական լեզուն պետք է որոշ չափով հենց հայոց նոր թագավորություն լիներ, այսինքն՝ ամրապնդեր հայկական ինքնուրույնությունը թագավորության անկմանը զուգահեռ, որոշ չափով փոխհատուցեր այդ անկումը եւ հետագայում դրա վերականգնման հիմքերից մեկը դառնար: Դա մեկուսի գործընթաց չէր, այլ մասն էր մի մեծ քաղաքականության, որի շրջանակում 5-7-րդ դարերում կայացավ հայկական ինքնուրույն աստվածաբանությունը եւ դավանանքը, եկեղեցական կառույցը, ուրույն ճարտարապետական ոճը եւ այլն:
Գրական հայերենը ստեղծվել է հունարենի, մասամբ էլ արամերենի օրինակով: Ճիշտ նույն կերպ՝ հունարենի հիմքով ստեղծվել է նաեւ օրինակ գրական լատիներենը, ավելի ուշ՝ հին սլավոներենը, որն այսօրվա գրական ռուսերենի աղբյուրներից է: Բառերը ոչ թե փոխառվում էին հունարենից, այլ հունարենի կաղապարներով եւ հաճախ բառացի պատճենումներով, բայց հայկական նյութով ստեղծվում էին հայերենները: Կարելի է ասել, որ այդ իմաստով գրական հայերենը հին հունարենի «թարգմանությունն է» կամ հայացումը: Այս կերպով հսկայական բառապաշար է ստեղծվել, որից օգտվում ենք ցայսօր: Մեր կենցաղ մտած եւ այնքան սովորական թվացող բառերը, ինչպիսիք են օրինակ՝ ներկա, ապագա, բացարձակ, շրջակա, քաղաքական, մերձակա, տեսական, ենթակա, բացառություն եւ տասնյակ ու տասնյակ այլ բառեր, հունարենից արված պատճենումներ են: Այսինքն՝ սրանք չեն եղել «բնական», «խոսակցական» հայերենում, այլ ստեղծվել են հունական ձեւերի հայացմամբ 5-7-րդ դարերի թարգմանիչների կողմից: Հետագայում էլ այս բառերը կաղապար են դարձել նոր բառերի ստեղծման համար, արդեն պատճենումից դուրս: Ի դեպ, ինչպես ասեցինք, նույն կերպ՝ հունարենի պատճենմամբ ստեղծվել են եւ այլ գրական լեզուներ: Դրա պատճառով շատ բառեր հայերենում, լատիներենում, հին սլավոներենում ունեն նույնատիպ կառուցվածք: Օրինակ՝ հայերեն ներկա, լատիներեն՝ praesent ոչ միայն նույն իմաստն ունեն, այլեւ կառուցված են նույնիմաստ տարրերից՝ պատճենումը լինելով հունարեն «էնեստոս» բառի:
Մի անգամ ստեղծվելով՝ գրական հայերենն անընդհատ զարգացել է, այն չի մնացել նույնը դարերի ընթացքում: Օրինակ՝ 5-րդ դարի գրաբարը տարբեր է 7-րդ դարի լեզվից, որն ավելի խրթին է, իսկ 9-րդ դարում աշխատանք է տարվում՝ վերադառնալու ավելի պարզ ձեւերին, միաժամանակ ճոխացնելով ոճը: 12-13 դարերում, երբ խոսակցական լեզուն արդեն շատ տարբեր էր գրականից, նոր կարգավորումներ են արվում, այդ թվում կանոնակարգվում է ուղղագրությունը եւ այլն: Այսինքն՝ եղել է շարունակական գործընթաց, աշխատանք՝ գրական լեզուն որպես համակարգ «աշխատող» վիճակում պահելու համար:
Շարունակելի