Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը
Եվ այսպես, ի՞նչ կարող էր լինել, եթե Հայաստանն իրական ռազմական պարտություն կրեր 2016-ի պատերազմում:
Խոստովանեմ, որ ինձ բարդ է այս սցենարը կառուցել մի քանի պատճառով:
Նախ՝ ընդհանրապես հոգեբանորեն հեշտ չէ սեփական երկրի պարտության մասին սցենար կառուցել:
Երկրորդ՝ չեմ հավատում հայ ժողովրդի պարտությանը: Ոչ թե այն իմաստով, որ հնարավոր չէր եւ չէ ռազմական պարտություն: Դա, իհարկե, հնարավոր է, եւ նման հնարավորությունների մասին միշտ էլ պետք է մտածել ու խոսել, որպեսզի դրանցից խուսափելու հավանականությունը մեծանա: Բայց ես չեմ հավատում, որ նույնիսկ ռազմական պարտության դեպքում հայ ժողովրդի ազգային բնազդը ելքեր չէր գտնի վերակազմավորվելու ու հաղթելու: Իմ հավատը գուցե մոդայից դուրս է, բայց դրանից ոչ պակաս հաստատուն: Ես հավատում եմ հենց հայ ժողովրդին ու նրա բնազդին եւ առանձնապես չեմ հավատում հայ ժողովրդի էլիտաների ներուժին ու բանականությանը: Շատ կուզենայի, որ հայկական ազգային գիտակցությունը, այսինքն՝ էլիտաների ու նրանց ստեղծածի ներուժը լիներ ավելի հզոր, քան ժողովրդական բնազդը, եւ էլիտաներն իրոք ի զորու լինեին առաջնորդել ժողովրդական բնազդը: Բայց ցավոք, այդպես չէ ու թերեւս դեռ երկար այդպես չի լինելու, հետեւաբար մեր բնազդն ավելի ուժեղ է, քան գիտակցությունը, ինչը նորմալ չէ, ճիշտ չէ, բայց այս պահին այդպես է:
Ինչ վերաբերում է իմ հավատի հիմնավորմանը, ապա հավատը միակ ոլորտն է, որտեղ մարդը կարող է բացարձակ ազատ լինել: Հավատը չի պահանջում տրամաբանական հիմնավորվածություն, նույնիսկ հակասում է դրան, ուր մի բան կարելի է հիմնավորել, կորչում է հավատքի իմաստը: Հավատքն ընտրությամբ է եւ ոչ թե հիմնավորմամբ: Ու եթե կա ընտրություն ինչին հավատալու, ըստ իս՝ առավել նախընտրելի հավատն աշխարհում հավատքն է սեփական ուժերին: Եվ իմ հավատքը շատ պարզ է՝ հավատում եմ այն բանին, ինչ իմն է, սեփականը, ինչ որ ես եմ եւ իմ տիպն է, իմ ազգն է, ի վերջո՝ իմ գիտակցված ընտրած խաղն ու խաղադրույքը:
Չնայած այս ամենին, գրել պարտության սցենարը՝ անհրաժեշտ է: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ մարտահրավերների առջեւ ենք կանգնած նաեւ այսօր, շատ կարեւոր է ունենալ 2016-ի հոռետեսական տարբերակը:
Կա եւ մասնավոր մի օգուտ: 2016-ին շատերը, այդ թվում՝ ընկերներիցս, ի վերջո հավատացին եւ զոհ գնացին պարտության քարոզին: Այսօր, երբ արդեն արդիական չէ, եւ նախորդ կառավարությունն այլեւս չկա, կարեւոր է ավելի հանգիստ պայմաններում դիտարկել ու հասկանալ, թե ինչ կարող էր լինել իրական պարտությունն ու դրա գինը: Կարեւոր է քաղել այս դասը՝ ընդունելու համար պետության եւ օրվա կառավարության տարբերությունը ոչ թե տեսականորեն, այլ կենսականորեն: Կարողանալ ճիշտ պահերին վեր կանգնել ցանկացած ներքաղաքական մասնավոր դիրքից ու պահպանել սառնասիրտ օբյեկտիվությունը՝ երբեք չքարոզելու համար սեփական հայրենիքի պարտությունը, ոչ էլ դառնալու նման քարոզի զոհը:
Մի փոքր ճշտում եւս: Գիտակցաբար հանել եմ սցենարիս հաշվարկից բազմաթիվ կարեւոր գործոններ, որոնց հաշվի առնելը կարող էր արմատապես փոխել իմ շարադրանքը: Դրանով խախտել եմ, իհարկե, կարեւոր մի սկզբունք՝ այլընտրանքային պատմությունը, չնայած տարբեր է իրականից, պետք է հնարավորինս հիմնավորված լինի: Սակայն տվյալ դեպքում դա զոհել եմ հանուն մեկ այլ սկզբունքի, որը պակաս կարեւոր չէ. այլընտրանքային պատմությունը պետք է հնարավորինս գործնականորեն օգտակար լինի եւ իր պատկերներով բացահայտի, նյութականացնի որոշ իրականություններ, որոնք երբ վերացական հնարավորություն են, զուտ խոսք են, թվում են ընդունելի որոշակի պայմաններում, բայց երբ մանրամասն պատկերացվում են, հասկանալի է դառնում դրանց ողջ վտանգավորությունը: Տվյալ դեպքում ինձ համար առավել կարեւոր էր ցույց տալ խաղաղապահ զորք հասկացության էությունը, եւ ես ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ շարադրանքում դա իրականություն դառնա՝ անտեսելով, ինչպես ասեցի, որոշ գործոններ, որոնք, ըստ իս, անհրաժեշտաբար խոչընդոտելու էին իմ նկարագրած սցենարի իրականացմանը: Կարելի է ասել, որոշ կետերում բռնություն եմ գործադրել իրականության եւ տրամաբանության հանդեպ, բայց համարում եմ, որ դրանով տրված օգուտն ավելին է, քան վնասը:
Եվ կրկին: Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը 2016-ին կրեր ռազմական պարտություն:
2016-ի ապրիլի առաջին օրեր: Անակնկալի բերելով հայկական զինված ուժերին՝ թուրքերը կարողանում են արագ մտնել Մարտակերտ շրջկենտրոն՝ գրավելով նաեւ շրջակա մի քանի բնակավայրը եւ հյուսիսում հասնելով մինչեւ Սարսանգի ջրամբարի արեւելյան սահմանը, իսկ հարավում «ազատում են» Ֆիզուլի քաղաքը, Հորադիզն ու առաջանում մինչեւ Հադրութի շրջանի սահմանը: Մինչ հայկական զինված ուժերը պատրաստվում են հակահարվածի, Ռուսաստանի ԱԳՆ-ն շտապ հաշտության եւ անհապաղ խաղաղ բանակցությունների առաջարկ է ներկայացնում:
Հայկական կողմը համաձայնում է զինադադար կնքել այն պայմանով, որ թուրքերի կողմից նոր գրավված տարածքներից անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զորքերը: Սակայն հնարավոր չի լինում հասնել այդ պայմանի իրականացմանը: Մինչ հայկական զորքերը փորձում են վերադասավորվել հակագրոհի համար, շարունակվում են թուրքերի նոր գրոհները, եւ վտանգ է ստեղծվում նոր տարածքային կորուստների:
Միաժամանակ Հայաստանի ներսում սկսում է գլուխ բարձրացնել քննադատությունը, խախտվում է պատերազմի ժամանակ հակաիշխանական որեւէ ելույթ ունենալու տաբուն: Սկզբում քննադատությունը տարածվում է սոցիալական ցանցերով անհատների կողմից, որոնք, ըստ ձեւի, դուրս են որեւէ քաղաքական հոսանքից: Մի կողմից՝ ուռա-հայրենասիրական, իսկ մյուս կողմից «հակամիլիտարիստական» դիրքերից խոսում են պարտության, դրա համար պատասխանատվության, բանակի անռազմունակության եւ իշխանության փոփոխության անհրաժեշտության մասին: Այս պայմաններում հասկանալով, որ Հայաստանն ընկնում է ծուղակի մեջ, արտաքինից բացի, երկրի դեմ բացվում է նաեւ ներքին ճակատը, եւ փորձելով կանխել իրավիճակի զարգացումը դեպի կատարյալ ներքին ու արտաքին փլուզում՝ Հայաստանի ղեկավարությունը ստիպված է համաձայնել զինադադարի եւ անհապաղ խաղաղ բանակցությունների առաջարկին առանց նախապայմանների: Միայն կարողանում են խոստում կորզել, որ բանակցությունների հաջող ավարտից հետո Մարտակերտի շրջանի գրաված տարածքները կարող են վերադարձվել հայերին:
Զինադադարը կնքվում է: Արագ նախապատրաստումից հետո սկսվում են բանակցությունները Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Զինադադարից հետո եւ մանավանդ բանակցություններին ընդառաջ ու դրանց զուգահեռ ներքին լարվածությունը Հայաստանում ոչ միայն չի զսպվում, այլեւ միայն աճում է: Ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ չգիտակցված արտաքին պատվեր կատարելով՝ իրար են միանում ոչ միայն այլեւայլ քաղաքական ու հանրային խմբեր, կուսակցություններ, այլեւ անհատներ: Հայտարարված նպատակները հայրենասիրական են կամ մարդասիրական, սակայն իրական արդյունքը Հայաստանի դիրքերի հետագա թուլացումն է բանակցությունների սեղանի շուրջը, հայկական բանակի «միֆի» պայթեցումը, եղած պարտության հետեւանքների է՛լ ավելի ուժգնացումը քարոզչական միջոցներով: Այս շարժումը ծավալվում է իշխանության նկատմամբ առարկայորեն եղած լայն ժողովրդական դժգոհության հիմքով:
Միգուցե եթե ժամանակն ավելին լիներ եւ այս ծավալվող շարժմանը միանային իրապես լայն զանգվածներ, ապա այդ հանգամանքը կձեւափոխեր գործընթացի էությունը: Պատմությունից բազում դեպքեր են հայտնի, երբ ի սկզբանե էլիտար, դավադիր եւ դրսից հովանավորում ունեցող շարժումները փոխել են իրենց էությունը, ճիշտ հակառակ արդյունքն են տվել, երբ դրանց միացել են լայն ժողովրդական զանգվածները՝ ակամայից ազգայնացնելով եղած շարժումները: Հակառակ էլիտարիստական պատկերացումների՝ ժողովրդական զանգվածներն իրական պատմական ուժ են, այլ ոչ թե միայն գործիքներ, եւ որոշակի սահմանից այն կողմ արդեն ոչ թե էլիտաները, այլ հենց զանգվածներն ու նրանց ազգային բնազդն է միշտ էլ սկսում թելադրել դեպքերի զարգացումը: Սակայն 2016-ի գարնան վերջին Հայաստանն այդքան ժամանակ չուներ, որպեսզի այդ բարդ եւ հակասական գործընթացը ծավալվեր եւ արդյունք տար:
Բանակցությունների նախաձեռնող ռուսներն իրենք շտապում էին, ոչ թե որովհետեւ անհանգստանում էին Հայաստանում հնարավոր ժողովրդական շարժման հետեւանքներից (ժողովրդական գործոնին չեն հավատում ռուսները, այդ թվում ազգությամբ ոչ ռուս, բայց քաղաքականապես ռուսները, ինչպես նաեւ լիբերալները, ինչը ոչ լավ է, ոչ էլ վատ, պարզապես փաստ է), այլ «куй железо, пока горячо» սկզբունքով, նաեւ մտքում ունենալով հնարավոր այլ արտաքին միջամտությունները:
Ռուսների գլխավոր նպատակն էր կոնֆլիկտի գոտում խաղաղապահ զորքերի տեղադրումը: Մնացածը նրանց տեսակետից դետալներ էին՝ ինչ պայմաններով հայերն ու թուրքերը կհամաձայնեին դրան: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր նախեւառաջ, որպեսզի պարտություն կրի հայկական բանակը, որի հաղթական դիրքն ու կերպարը մինչ այդ կոնֆլիկտի գոտում խաղաղության գլխավոր երաշխիքն էին: Պետք էր ոչ միայն անկայունացնել կոնֆլիկտի գոտին, այլեւ ջարդել հայկական բանակի «միֆը»: Սա էր Ապրիլյան պատերազմի իմաստն ու նպատակը:
Հայկական բանակը փաստացի խաղաղապահ ուժն էր: Այն պետք է «փուչիկ» հայտարարվեր, որպեսզի իրական դառնային մեկ այլ՝ խաղաղություն ապահովող ուժի տեղադրումը Ղարաբաղում:
2016-ի հունիսի սկզբին հապճեպ կնքվում է, այսպես կոչված, Մեծ պայմանագիրը, որով հայկական զորքերը դուրս են բերվում ազատագրված հինգ շրջանից (բացի Քելբաջարից ու Լաչինից), կոնֆլիկտի գոտի են մտնում ռուսական խաղաղապահ ուժերը, Ղարաբաղին տրվում է միջազգային իրավունքի տեսակետից անհասկանալի, անորոշ եւ մեծ հաշվով ոչինչ չնշանակող «միջանկյալ կարգավիճակ»: Ղարաբաղի հարցը հռչակվում է լուծված, եւ խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների վերականգնման, մեծ ներդրումների դարաշրջանի բացման մասին եւ այլն: Այլ կերպ ասած՝ արտասանվեցին այն բոլոր որքան մոգական, նույնքան էլ ոչինչ չնշանակող դատարկաբանությունները, որով արդի աշխարհում էլիտաները «օրշնում են» ժողովրդի սեղանը:
Այս խոստումներով Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց՝ ռուսահայ հայտնի գործարարների ներկայացուցիչներից: Դա շատերը կոչեցին Չորրորդ հանրապետություն՝ նկատի ունենալով, որ Երրորդ հանրապետությունը՝ ծնունդը Ղարաբաղյան կոնֆլիկտի եւ դրա բեռը կրողը, այլեւս ավարտվեց, եւ Հայաստանը թեւակոխում է նոր՝ խաղաղության եւ բարեկեցության դարաշրջանը: Այս գաղափարաբանությունն ու դրա ոգեւորությունը կրում եւ տարածում էին մի կողմից՝ հետսովետական նոստալգիայի, մյուս կողմից՝ լիբերալ ուտոպիզմի հավատավորները: Հայրենասիրական մղումներով դավադրության ծուղակն ընկած շատերն ուշացմամբ հասկացան, թե ինչ տեղի ունեցավ, եւ ինչ ցանցի մաս էին դարձել: Քարոզչական մեքենան, որը դեռ երեկ ամբողջ ուժով լծված էր նրանց հերոսացնելու գործին, մեկ օրվա մեջ դադարեցրեց իր աջակցությունը, եւ 180 տոկոս շրջադարձ կատարելով՝ սկսեց երեկվա հերոսների մարգինալիզացիայի եւ սեւացման գործընթացը: Ոչ ոք չպետք է խանգարեր նոր «դրախտի» կառուցմանը:
Մյուս կողմից՝ Ադրբեջանն իր համաձայնությունն է տալիս ԵԱՏՄ մտնելուն, եւ բանակցություններ են սկսվում նաեւ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին: Ընդհանրապես ռուսական զորքի մուտքով Այսրկովկասյան տարածաշրջանային բալանսը բնականաբար փոխվում է: Տարածաշրջան հյուսիսից մտնելու եւ այստեղ գերիշխելու երկու-երեք ճամփեքից թերեւս առավել հարմարն է հենց Դերբենտ-Բաքու-Ղարաբաղ ուղին, որից նույն ռուսներն օգտվել են 1920-ին, այլեւ՝ 18-րդ դարի, որոշ չափով էլ՝ 19-րդ դարի սկզբներին, իսկ ավելի հնում այս ուղով եղել են քոչվորների ներխուժումները: Հայտնվելով Ղարաբաղում՝ ռուսները ոչ միայն վերահսկում են Ադրբեջանն ու Հայաստանը, այլեւ թիկունքից «խփում են» Վրաստանին: Վրաստանի վրա ապակայունացնող ազդեցությունն անխուսափելի է դառնում: Բայց ռուսների արագ եւ անսպասելի վերադարձից անակնկալի են գալիս բնականաբար ոչ միայն վրացիներն, այլեւ Իրանն ու Թուրքիան:
Խաղաղապահ զորքի տեղադրումը Ղարաբաղում այլ բան չէր, քան վերադարձ 1988-91 թթ. վիճակին, եւ իհարկե, դա ոչ միայն Ղարաբաղյան խնդրի լուծում չէր, այլեւ հարցի հետշպրտում դեպի առավել անկայուն, պայթյունավտանգ, քաոտիկ փուլը: Ընդհանրապես Ղարաբաղի հարցն ինքնին այլ բան չէ, քան հետեւանք տարածաշրջանում, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական զորքի ներկայության վերջին 200 եւ ավելի տարիների ընթացքում:
Ղարաբաղի հարցի ակունքները 18-րդ դարի սկզբում են, երբ ռուսական զորքերն առաջին անգամ երեւում են տարածաշրջանում՝ մտնելով Դերբենտից, տարածվելով Կասպից ծովի ափի երկայնքով եւ հարուցելով հայկական զինված շարժում Ղարաբաղում, իսկ ապա հեռանալով Կովկասից այն կողմ եւ հետները տանելով Ղարաբաղի ժողովրդի ու զորքի մի ստվար հատվածը: Ղարաբաղի հայության այս թուլացման արդյունքում է, որ թուրքական խաները կարողանում են հաստատվել Ղարաբաղում եւ իրենց գերիշխանությունը պարտադրել հայ իշխաններին: Ռուսների հաջորդ հայտնվելը՝ 18-րդ դարի վերջին, նույնպես ի վերջո հանգեցնում է հայկական դիրքերի թուլացմանը Ղարաբաղում եւ նոր գաղթերին. Տավուշի մարզի մեծ մասը ցայսօր բնակեցված է ղարաբաղյան հերթական գաղթականությամբ: Ռուսական տիրապետության վերջնական հաստատումը թեեւ կայունություն է բերում, բայց միաժամանակ վերջնականապես վերացնում է Ղարաբաղի հայոց իշխանությունը՝ հայոց երբեմնի անկախության վերջին խոշոր մնացորդը:
Բայց կայսերական կայունությունը միշտ էլ խաբուսիկ է: Ճգնաժամային պահերին, երբ կայսրությունը թուլանում է, նրա լավագույն գործիքն է ազգամիջյան կառավարելի թշնամանքը: 1905-07 թթ. ռուսական ճգնաժամի ժամանակ դա առաջին անգամ լավագույնս դրսեւորվեց, երբ հեղափոխական համարվող հայերի դեմ ռուսական քաղաքականությունը հանեց ցարին հավատարիմ համարվող Կովկասի թուրքերին, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի արդի փուլին: Ցարական ռուսական զորքն այդ ժամանակ առաջին անգամ ստանձնեց «խաղաղապահի» դերը՝ առաքելություն, որն այնքան վատ էր կատարում, որ եթե չլինեին հայկական ինքնապաշտպանական ջոկատները, ապա հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում 10 տարով կարող էր նախորդել Արեւմտյան Հայաստանի հայության ցեղասպանությանը: Իհարկե, վատ կատարելը հարաբերական հասկացություն է: Ռուսական «խաղաղապահները» կատարում էին այն դերը, որը պետք է կատարեին ըստ սահմանման, պարզապես դա էապես տարբերվում էր պաշտոնապես ստանձնած խաղաղապահի դերին:
1920-21-ին ռուսների վերադարձը Այսրկովկաս, որը տեղի ունեցավ մեզ արդեն հայտնի Դերբենտ-Բաքու-Ղարաբաղ-Երեւան-Թիֆլիս ճամփով, հանգեցրեց Ղարաբաղի հայտնվելուն Ադրբեջանի կազմում, որն էլ հիմնաքարը եղավ Ղարաբաղյան հարցի բարձրացման 1988-ին իր բոլոր հետեւանքներով: Սովետական շրջանը հանգեցրեց նոր խաբուսիկ կայունացման փուլին, որն ավարտվեց արդեն 1988-ին: 1988-91-ին մասամբ կրկնվեց 1905-07-ի սցենարը՝ ռուսական զորքի խաղաղապահ առաքելությունը, որի իմաստն էր՝ ա. «հակասովետական հայերին» հսկելը «սովետասեր» թուրքերի միջոցով, բ. միաժամանակ ընդհանուր բալանսի պահելն այնպես, որ կողմերից ոչ մեկը վճռական առավելություն չստանա, որպեսզի ճգնաժամի մեջ եղած կայսրությունը կարողանա իր ազդեցությունը պահել տարածաշրջանում: Եվ կրկին այս ամենը ստիպեց հայերին ստեղծել ինքնապաշտպանական ուժեր իրական խաղաղություն ապահովելու համար: Այս ուժերից աճած հայկական բանակը հետագայում դարձավ խաղաղության գլխավոր երաշխիքը տարածաշրջանում՝ շնորհիվ իր հաղթանակների ու հաղթողի կերպարի: Երբ հայերի անկախության ձգտումն ավելի հստակ դարձավ, ապա մի պահ՝ 1991-ի գարնանը, Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսեց վերածվել հայ-ռուսական պատերազմի: Իսկ 1991-ից այն կողմ՝ ռուսական զորքի հեռացմամբ, արդեն կերտվեցին հայկական հաղթանակները: Բայց պատերազմի ընթացքում էլ ռուսական քաղաքականությունը, որը բնականաբար շարունակում էր միջամտել խնդրին, անում էր ամեն ինչ, որպեսզի կողմերից որեւէ մեկը վճռական առավելության չհասնի, եւ բախումն իր բնական՝ ռազմական լուծումն ու ավարտը չունենա:
Այսքանից հետո ավելորդ է ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված հռչակելը 2016-ին պարզ կեղծիք էր, իսկ տնտեսական զարգացման մասին պնդումների արժեքը հավասարազոր էր Պոլիտբյուրոյի որոշումներին Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման մասին:
Հարցը ոչ միայն պարզապես լուծված չէր, այլեւ անխուսափելիորեն մտնում էր քաոտիկ անկայունացման մի նոր փուլ, որը, ինչպես ասացինք, համեմատելի էր միայն 1988-91-ի՝ առավել ծանր ու անկայուն փուլի հետ: Ինչո՞ւ հենց 1988-91: Նախքան 1988-ը, սովետական կայունության շրջանում Ռուսաստանի ձեռքին էր տարածաշրջանի լիարժեք եւ ամբողջական գերիշխանությունը: Սա արմատապես տարբեր է այն վիճակներից, երբ գերիշխանությունը սկսում է ճեղքեր տալ, սակայն նախկին գերիշխողը պահպանում է զինված ներկայությունը տարածաշրջանում: Այս երկրորդ դեպքում է, որ կայսերական զորքը ստանձնում է «խաղաղապահ» առաքելությունը, այսինքն՝ ազգամիջյան բախման իրեն ձեռնտու տոնուսը, տեմպը եւ բալանսը պահելու միջոցով սեփական ազդեցության պահպանման խնդիրն է լուծում: Նույնն է տեղի ունենում, երբ նախկին գերիշխող ուժը կարողանում է ապահովել իր զինված ուժերի վերադարձը տարածաշրջան՝ առանց լիարժեք գերիշխանության հաստատման, բայց հեռանկարում որպես նպատակ ունենալով, իհարկե, հենց դա: Այս դեպքում էլ կայսերական զորքը մտնում է «խաղաղապահ մոդուսի» մեջ եւ խնդիր է դնում ազգամիջյան կոնֆլիկտի կառավարմամբ լայնացնել իր ազդեցությունը՝ ընդհուպ մինչեւ լիարժեք գերիշխանության հաստատում: Հենց այս իրավիճակներն են առավել անկայուն, քաոտիկ ու արյունոտ, ինչպիսին էր 1988-91-ը կամ մինչ այդ՝ 1905-07-ը, նաեւ՝ 1920-21-ը:
Բուն ազգամիջյան կոնֆլիկտները, երբ վերածվում են միջպետական պատերազմների՝ առանց երրորդ ուժի ակտիվ միջամտության արագ զարգանալով, սպառվում են կողմերից մեկի հաղթանակով եւ մյուսի պարտությամբ: Դրանք չեն կարող տեւել անվերջ՝ չունենալով ռեսուրս, այլ արագ զարգանում եւ ավարտվում են, ինչպես ուժեղ կրակը: Իսկ ահա, խաղաղապահ առաքելությամբ զսպվող, բայց միաժամանակ տաք պահվող կոնֆլիկտները կարող են տեւել անվերջ. այստեղ կրակը ծխում է, բայց բոց չի դառնում՝ դանդաղորեն մաշելով հակասությունների վառելափայտը: Ուրեմն, խաղաղապահ զորքի տեղադրմամբ խնդիրը ոչ միայն չէր լուծվում, այլեւ նորից էր սկսում ծխալ ու բորբոքվել: Ավելին՝ ամեն ինչ դառնում էր մի իրավիճակի, որը ժամանակին հայկական կողմը հաղթահարել էր, լուծել: Եվ հիմա փաստորեն նորից պետք է փորձեր լուծել անորոշ հեռանկարով:
Պայմանագիրը ստորագրելու լուրը շոկային էր հատկապես Ղարաբաղի բնակչության համար: Երբ պարզ դարձավ, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված շրջաններից, սկսվեց մի տարերային շարժում, որի մի կողմը կոչ էր անում դիմադրել մինչեւ վերջ եւ խոչընդոտել պայմանագրի իրացմանը, մյուս կողմն էլ շտապում էր օր առաջ հավաքել իրերը եւ լքել Ղարաբաղը: Արցախը կանգնեց փլուզման վտանգի առջեւ: Պայմանագիր ստորագրողները եւ թղթային խաղաղության ջատագովները չէին հաշվարկել, բացի ամենից, նաեւ այս՝ հոգեբանական պահը: Մարդիկ կորցնելով հավատքն իրենց անվտանգության նկատմամբ՝ վերածվում են անկառավարելի տարերքի: Մեծ ջանքերով հնարավոր եղավ ինչ-որ պահի հանդարտեցնել իրավիճակը՝ մի կողմից՝ կանխելով փաստացի քաղաքացիական պատերազմի վտանգը, մյուս կողմից՝ Ղարաբաղի դատարկումը: Այդուհանդերձ գաղթի ալիքը Ղարաբաղից միայն մասնակիորեն կանգնեցվեց, բայց չկասեցվեց: Ամսեամիս չդադարող հոսանքով հարյուրավոր ու հազարավոր մարդիկ լքում էին երկրամասը՝ կորցնելով իրենց հավատն ապահով ապագայի նկատմամբ: Հեռանկարում դա նշանակում էր Ղարաբաղի հայաթափում:
Ճակատի մյուս կողմում Ադրբեջանն արագ կազմակերպում էր փախստականների վերադարձի գործընթացը: Իհարկե, եթե խնդիրը մնար մարդկանց կամքին, շատ քչերը կամավոր կթողնեին Բաքվի եւ շրջակայքի ապահով ու բարեկեցիկ կյանքը՝ վերադառնալու համար Աղդամի կամ Ջեբրայիլի տափաստանները: Բայց խնդիրը կամավորը չէր: Մեծ փողեր էին ներդրվում գյուղերի ու քաղաքների արագ վերակառուցման եւ մարդկանց կամավոր-պարտադիր վերադարձի համար: Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը եւ մյուսները պետք է նորից դառնային հակահայկական ուժեղ պլացդարմներ, ճնշման հզոր գործիքներ նյութական ու հոգեբանական Ղարաբաղում դեռ մնացող հայության համար: Երկուսին այժմ բաժանում էր ռուսական «խաղաղապահ» բարակ շերտը, որը, պատմական փորձն ու արեւելյան առողջ բնազդը հուշում էին, ոչ հավիտյան է, ոչ էլ առանձնապես ապահով:
Արդեն շատերին պարզ էր դառնում, որ խաղաղության փոխարեն ստանում ենք նոր անկայունություն: Բայց դրա առավել վատ կողմն այն էր, որ իրավիճակի վերահսկողությունն այլեւս դուրս էր հայերի կամ թեկուզ ադրբեջանցիների ձեռքից: Ազգերը, որոնք սեփական՝ թեկուզեւ վատ խաղաղության ապահովությունը վստահել են մեկ այլ ազգի, կորցնում են իրենց ինքնիշխանության կարեւորագույն մասը: Փաստացի դրվում է նորից ոչ թե միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի անկախության խնդիրը, իսկ սրանց միջոցով նաեւ՝ Վրաստանի: Բացի մեծ քաղաքական խնդրից, առաջ է գալիս նաեւ կենցաղայինը: Ռուսական զորքի ընդհանուր քաղաքական նպատակն էր պահել բալանսը երկու կողմի միջեւ, փորձել թույլ չտալ կողմերից մեկի չափից ավելի ուժեղացումը եւ միաժամանակ հենարան լինել ռուսական նոր գերիշխանության հաստատման տարածաշրջանում: Բայց քանի որ երկրորդ խնդիրն անլուծելի էր, ռուսներն իրենց գլխից վեր գործ էին բռնել այս անգամ. ոչ 1920 թիվն էր, երբ նրանք վերադառնում էին հստակ գաղափարական առաքելությամբ ու փաստացի մրցակից չունեին տարածաշրջաում, ոչ էլ առավել եւս 1828-ը, այդ մեծ նպատակի անկատարելիությունն անդրադառնում էր առաջինի բալանս պահելու խնդրին: Հնարավոր է մի որոշ ժամանակ քիչ թե շատ հաջողությամբ բալանս պահել: Եթե հնարավոր լիներ ռուսական լիարժեքության արագ հաստատմանը հասնել տարածաշրջանում ցարական եւ սովետական շրջանին մոտ չափով, ապա խաղաղապահ առաքելությունն ինքնաբերաբար կավարտվեր, եւ Այսրկովկասը կմտներ կայսերական հերթական՝ էությամբ կեղծ, բայց արտաքուստ գոնե տեւական կայունության փուլ:
Եվ ուրեմն, որքան ձգվում էր խաղաղապահ առաքելությունը առանց տարածաշրջանում իրական գերիշխանություն հաստատելու հնարավորության, այնքան շատանում էին առաքելության առօրյա, կենցաղային «error-ները»՝ տեղացիների հետ խնդիրներ երկու կողմից էլ, ինչ-որ միջադեպեր, որոնք լարված իրավիճակում կարող էին ստանալ տեղականից շատ ավելի մեծ նշանակություն, սադրանքներ եւ այլն: Աստիճանաբար խաղաղապահ առաքելությունը սկսում էր տապալվել նաեւ այդ՝ ոչ քաղաքական, կենցաղային մակարդակում, որի հետեւանքներն ու շրջարկը սակայն քաղաքական էին:
Ի վերջո պարզ է դառնում, որ եթե մի կողմից հայերն ու ադրբեջանցիները պատրաստվում էին նոր զինված բախման միմյանց դեմ, ապա մյուս կողմից երկուսի աչքի փուշն էլ դառնում են խաղաղապահները, որոնք գնալով ավելի ու ավելի կորցնում էին իրավիճակը վերահսկելու, բալանսը պահելու կարողությունը:
Ո՞ր հակասությունն էր ավելի ակտուալ՝ հայերի ու թուրքերի չլուծված խնդի՞րը, թե՞ հայերի ու թուրքերի համատեղ խնդիրը ռուս խաղաղապահների հետ, եւ դրանցից որի՞ հիմքով էր ծագելու նոր կոնֆլիկտը, հարց է, որին չի կարող պատասխանել նույնիսկ այլընտրանքային պատմությունը:
Հնարավոր է, որ ինչ-որ այլընտրանքային աշխարհում իրավիճակը հանգեր այն բանին, որ հայերն ու ադրբեջանցիները միավորվեին հանուն իրենց երկրներից օտար ռազմական ներկայության դուրսբերման նպատակի, հանուն իրենց երկրների անկախության վերականգնման՝ այս խնդրում ունենալով բոլոր հարեւանների աջակցությունը: Հնարավոր է նույնիսկ, որ կա մի հեռավոր այլընտրանքային աշխարհ, ուր այդ խնդիրը լուծելուց հետո երկու ժողովուրդները ոչ թե շարունակեին պատերազմել միմյանց դեմ, այլ գային իրական խաղաղության…