Գրական հայերեն՝ պատմություն, այլընտրանքներ, ապագա (Մաս Բ)

Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

 

Գրական հայերենն անկում է ապրում հայոց մութ դարերում՝ 15-16 դարերում: Բայց նոր վերածնունդ է ստանում 17-19 դարերում՝ նախեւառաջ Մխիթարյան միաբանության ջանքերի շնորհիվ: Տիտանական աշխատանք է տարվել գրաբարի՝ որպես գրական լեզվի վերականգնման համար: Առանձնացվել են դրա տարբեր շերտերը, այդ թվում՝ առավել մաքուր ու դասական համարվող 5-րդ դարի լեզուն, կազմվել են հսկայական բառարաններ, ուսումնասիրվել է քերականությունը, եւ բացի այդ, հայերեն (գրաբար) են թարգմանվել հին ու նոր եվրոպական գրականության դասական նմուշները՝ Վերգիլիոսից մինչեւ Կոռնեյլ եւ Ռասին: Թարգմանությունների ցանկն իրոք պատկառելի է եւ զարմանքի արժանի. պետություն չունեցող, ճնշված ժողովրդի ներկայացուցիչներն այնպիսի գործ են արել, որը համեմատելի է ժամանակի քաղաքականապես հզոր ազգերի գործի հետ: Եվ էլի նշեմ՝ ժամանակակից հայերը, նույնիսկ պետություն ունենալով, նման տիտանական աշխատանքի ունակություն առայժմ չեն ցուցաբերել: Աշխարհաբար Վերգիլիոսը դեռ նոր-նոր է թարգմանվել՝ հրապարակվելով 2018-ին, եւ այն էլ միայն «Էնեականը»: Իսկ գրաբարով 19-րդ դարի առաջին կեսի դրությամբ ունեցել ենք Վերգիլիոսի ամբողջականը: Սա միայն մեկ օրինակ է, իսկ ցանկը, կրկնեմ, շատ ավելի մեծ է:

Մխիթարյանները որպես գրական հայերեն տեսնում էին գրաբարը, թեեւ այն ժամանակ արդեն վաղուց ոչ ոք չէր խոսում գրաբարով: Այսօր դա կարող է թվալ ժամանակավրեպ մոտեցում, Մխիթարյանների ջանքերն էլ՝ անարդյունավետ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Նախ՝ ժամանակի առումով: Մխիթարյանները եվրոպական նորդասականության՝ կլասիցիզմի շրջանում էին սկսել իրենց գործը եւ դրա մտածողության կրողներն էին: Եվրոպական նորդասականությունը արվեստում, գիտության մեջ եւ այլն, օրինակելի էր համարում հին հունականն ու հռոմեականը: Դասական բառը հենց դրա հոմանիշն էր՝ հին հունական, հռոմեական: Հայկական շրջարկում դասականը գրաբարն էր ու հին հայկականը: Այստեղից էլ Մխիթարյանների ջանքը՝ գրաբարի վերածննդի գործում: Նրանք դասական հայերենը վերականգնեցին մոխիրներից եւ նորից բարձրացրին հին բարձունքներին: Նորից հնարավոր դարձավ հայերեն գրել ոչ միայն բարձր ոճի գրական եւ գիտական տեքստեր, այլեւ թարգմանաբար ներկայացնել ոչ հայկականը:



Իսկ ինչ վերաբերում է ջանքի արդյունավետությանը… Կարող է թվալ, որ քանի որ այսօրվա գրական լեզուն արդեն գրաբարը չէ, ապա դրա վերականգնմանն ուղղված ջանքերի մեծ մասն ապարդյուն է անցել: Իրականությունն այն է, որ մեզ որոշ իմաստով թվում է՝ մեր այսօրվա խոսացածն ու առավել եւս գրածը գրաբար չէ: Իրականում բառապաշարի եւ արտասանության իմաստով ավելի գրաբար է, քան բարբառ կամ աշխարհաբար:
 
Ճիշտ է, ասում ենք, որ արդի գրական արեւելահայերենի հիմքում Արարատյան բարբառն է: Դա ճիշտ է այնքանով, որ այսօրվա մեր խոսքի ու գրածի հիմքում Արարատյան բարբառի քերականությունն է: Այսինքն՝ ինչպես ենք հոլովում, խոնարհում բառերը, կազմում նախադասություններ եւ այլն: Սա իհարկե ցանկացած լեզվի ողնաշարն է, բայց ամբողջ լեզուն չէ: Իրականում մեր բառապաշարի մեծ մասն այսօր գրաբար է, այսինքն՝ փոխառված է գրաբարից: Արդեն ասել ենք, որ ցանկացած բարբառի հիմամբ գրական լեզու ստեղծելը բարդագույն գործ է, որովհետեւ ցանկացած բարբառ ունի միայն կենցաղային կարիքները բավարարելու բառապաշար: Արարատյան բարբառը բացառություն չէր իհարկե: Դրա համար գրական լեզու ստեղծելու համար այն պետք է փոխառեր բառապաշար: Բնական է, որ ամենից հեշտը արդեն եղած՝ հին գրական հայերենից փոխառումն էր: Մեր այսօրվա բառապաշարի մեծ մասը գրաբար է, այսինքն՝ բառեր են, որոնք երբեք չեն խոսվել Արարատյան բարբառը կրողների կողմից մինչեւ 19-րդ դարը: Այդ փոխառությունների մեծ մասը եկել է լրացնելու բարբառում բացակայող հասկացությունների տեղը, մի մասն էլ փոխարինել են բարբառում եղած ուշ պարսկական, արաբական եւ թուրքական փոխառությունները: Դրա համար, եթե այսօր փորձեք կարդալ, օրինակ, Արարատյան բարբառով գրի առնված հեքիաթները, ապա դրանք իհարկե հասկանալի կլինեն ձեզ, բայց շատ անգամ կարիք կունենաք բառարանում ստուգել բազմաթիվ բառերի իմաստները, որոնք այսօր չեն գործածվում: Մյուս կողմից, հասկանալու համար գրաբարյան փոխառությունների քանակը մեր գրական լեզու, վերցնենք մի հատված հենց այս հոդվածից: Օրինակ՝ հենց «Մյուս կողմից, հասկանալու համար գրաբարյան փոխառությունների քանակը մեր գրական լեզու, վերցնենք մի հատված հենց այս հոդվածից» նախադասության մեջ՝ փոխառություն, քանակ, հատված, հոդված բառերը հաստատապես «գրաբարիզմներ» են, իսկ մյուս, կողմ, համար, այս բառերը թեեւ բարբառում էլ օգտագործվել են, բայց այլ արտասանությամբ: Եվ եթե մի կողմ դնենք քերականական կառուցվածքը, որը բարբառային է, ապա մեծ հարց է, թե այդ նախադասությունն ի՞նչ է՝ գրաբա՞ր, թե՞ աշխարհաբար: Եվ եթե նույնիսկ փորձենք վերածել այդ նույն նախադասությունն այսօրվա մեր խոսակցականի, ապա շատ բան չի փոխվի՝ այս-ը կդառնա էս, կողմը գուցե դառնա՝ կոմ:

Ավելին՝ մեր արտասանությունն էլ է զգալի չափով գրաբարացված: Օրինակ՝ շեշտը: Արարատյան բարբառի բնական շեշտը նախավերջին վանկի վրա է, ինչպես այսօր խոսում են լոռեցիները: Բայց մենք այսօր վերջին վանկն ենք շեշտում՝ փոխառելով գրաբարից: Բայց ավելին կա: Բառերի մի մասն ենք միայն արտասանում Արարատյան բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ: Ասենք՝ աջ բառն արտասանում ենք՝ աչ: Բայց նույն արմատից կազմված հաջողը՝ ջ-ով՝ հաջող, ոչ թե հաչող: Ու նման բազմաթիվ օրինակներ: Ի դեպ, այդպես էլ կարող եք տարբերել՝ որ բառն է բուն բարբառային, իսկ որը՝ գրաբար, այսինքն՝ գրքերից փոխառած: Հենց «աջ» արմատով կարող եք ստուգել, եթե դրա միջի ջ-ն չ է արտասանվում, ուրեմն բառը եղել է բարբառում, ասենք՝ առաջին՝ առաչին, իսկ եթե ջ ենք ասում, ուրեմն այդ բառը գրքերից ենք վերցրել, բարբառում չի եղել նախապես, ինչպես նույն հաջողությունը, աջակիցը եւ այլն: Արմատը նույնն է, արտասանությունը՝ տարբեր: Եվ բոլոր նման դեպքերում, ըստ բարբառի կանոնների, ձայնեղը պետք է խլանա միջին դիրքերում, եթե չի խլանում, ուրեմն գրաբարյան փոխառություն է: Օրինակ՝ գաղջը, եթե բարբառում պահպանված լիներ, պիտի ասեինք՝ գախչ, ոնց որ աղջիկն ասում ենք ախչիկ: Եվ այլն, եւ այլն:

Այնպես որ, գրաբարը չի մահացել, եւ Մխիթարյանների ջանքը դրա վերականգնման հարցում զուր չի անցել: Մեր այսօրվա գրական լեզուն փոխզիջումն է գրաբարի եւ աշխարհաբարի, պատկերավոր ասած՝ ողնաշարը բարբառն է, բայց «միսը» գերազանցապես գրաբարյան է:



Ի դեպ, հայտնի բանասեր Ստեփանոս Մալխասյանցը 1917-ին գրած իր մի հոդվածում համարում էր այս վիճակը սխալ այն իմաստով, որ ըստ իր կարծիքի՝ ավելի ճիշտ կլիներ հակառակը՝ գրաբարյան քերականություն եւ աշխարհաբար բառապաշար, որովհետեւ, ասում է, գրաբարյան քերականությունն ավելի ճկուն է: Հոդվածը մեծ է, այստեղ դրա փաստարկումն ավելորդ կլիներ շարադրել, պարզապես հիշատակեցի որպես այլընտրանքային կարգի անվանի, թեեւ իմ կողմից ոչ այնքան սիրված գիտնականից:

Կարելի է, ի դեպ, հանգիստ պատկերացնել մի այլընտրանքային տարբերակ, որում գրաբարը մնում էր գրական լեզու ցայսօր, եւ նույնիսկ դառնում էր խոսակցական նոր լեզվի հիմք: Դրանում ոչ մի անհնարին բան չկար: Միակ լուրջ պատճառը, թե ինչու դա չեղավ, 19-րդ դարի երկրորդ կեսի մտածողությունն էր, որի հիմքում ընկած էր ժողովրդականության միտումը, ինչպես նաեւ ռեալիզմի ոճը: Որեւէ այլ՝ այսպես ասած տեխնիկական մեծ խնդիր չկար: Այսպես թե այնպես, ինչպես տեսանք, մենք այսօր խոսում ենք կիսագրաբարով: Այսպես թե այնպես, բարբառային միջավայրում մեծացած ցանկացած մեկի համար այսօրվա գրական լեզուն գրաբարն է: Եթե աշխարհաբարի փոխարեն գրաբարն ընտրեինք որպես գրական լեզու եւ այն անցնեինք դպրոցներում որպես այդպիսին, ապա այն աստիճանաբար կվերածվեր նաեւ նոր խոսակցականի հիմքի, ինչպես որ այսօրվա գրականի խոսակցականը դուրս է մղել բուն բարբառը Երեւանից: Մենք նույնիսկ չէինք մտածի, թե հնարավոր է ինչ-որ այլ տարբերակ գրական հայերենի, եւ կհպարտանայինք, որ մեր գրականն անփոփոխ է 1500 տարի:

Ճիշտն ասած՝ սա թերեւս կլիներ առավել ճիշտ ընտրություն, այդ թվում՝ զուտ գործնական իմաստով: Գրաբար գրված ամբողջ ժառանգությունը՝ 5-19 դար, այդ թվում՝ թարգմանական մեծ գործն այսօր էլ կլիներ հասանելի ցանկացած հայի, չէր լինի ժառանգականության այն խզումը, որը եղավ նոր գրականն անցնելու արդյունքում: Շատ բան պետք չէր լինի սկսել զրոյից: Իհարկե, ինչպես ասացինք, մեր օգտագործվող աշխարհաբարը կիսով չափ, եթե ոչ ավելին, գրաբարացված է, բայց փոխանցման արդյունքում շատ բան է կորել: Օրինակ՝ բառիմաստների ճկունությունն ու հարստությունը: Օրինակ՝ եթե նայենք հին բառարաններում ազդել, ազդեցություն բառերի իմաստները, ապա դրանք, բացի մեր այսօրվա սովորական իմաստներից, նշանակում են նաեւ՝ տեղեկացնել, տեղեկություն, լուր, զգացմունք եւ այլն, տեսությունը նշանակում է՝ տեսողություն, տեսիլք, կանխատեսում, տեսակցություն, այց եւ այլն, իշխանությունը՝ համարձակություն, կարողություն, ազատություն եւ այլն: Մենք փոխառել ենք գրաբարյան այդ բառերը, բայց միայն մեկ-երկու նեղ իմաստով՝ կորցնելով դրանց կենդանի զգացողությունը, լայնությունը, կապերը: Դրա համար այսօրվա հայերենում միտումը հաճախ այն է, որ մեկ բառը պետք է ունենա մեկ իմաստ: Նման միտմամբ մեզ անընդհատ չեն հերիքում բառերը, մանավանդ երբ պետք են նոր եզրեր նոր երեւույթների համար: Մինչդեռ եթե մենք պահպանած լինեինք հին բառերի լայնքը, ոչ միայն հին իմաստներից կկարողանայինք օգտվել, այլեւ նոր իմաստներն ավելի արագ ու ճկուն ձեւավորել՝ հենվելով այդ լայնքի վրա:



Նույնը վերաբերում է բառերի երկարությանը: Ճիշտ է, նույն գրաբարում բազմաթիվ են երկար բառերը, ինչը բնական է այդքան տեւական գրական ավանդույթ ունեցող ցանկացած լեզվի համար: Բայց մյուս կողմից բառերի բուն արմատային տարբերակներն էլ պահպանում են դեռ իրենց կենսունակությունը: Օրինակ՝ նույն ազդեցություն բառի ազդ արմատը: Մենք դա այսօր օգտագործում ենք միայն շատ նեղ իմաստով՝ ազդ այսինչի մասին, այն էլ՝ միայն բարձր գրական ոճում: Զարմանալի է, որ կարճ ազդը խոսակցականում չենք էլ օգտագործում, բայց երկար ազդեցությունն օգտագործում ենք: Մինչդեռ նույն ազդը գրաբարյան բառարաններում ծածկում է ազդեցության իմաստների զգալի մասը՝ նշանակելով զգացում, իմացում, հայտնի դառնալը եւ այլն: Այսինքն՝ կարիք չկա այս եւ շատ այլ դեպքերում երկարացնել բառը հերթական -ությունով: Բայց մեր այսօրվա միտումն այն է, որ նույնիսկ եղած պարզ բառերը ենթագիտակցաբար ուզում ենք երկարացնել: Օրինակ՝ մեր լեզվազգացողությանն այսօր դեմ է ասել եզր, մենք անպայման ուզում ենք երկարացնել եզրույթի: Նախ՝ որովհետեւ մեզ թվում է, թե շփոթ է առաջանում, երբ նույն բառը երկու իմաստ ունի, երկրորդ՝ որովհետեւ կարճությունը մեզ թվում է ցածր ոճի նշան:

Իրականում բառերի բազմիմաստությունից խուսափելը ոչ միայն խիստ ոչ գործնական, չափազանց շռայլ մոտեցում է, այլեւ լեզուն սպանող: Կենդանի բառը բազմիմաստ է, ընդ որում՝ անընդհատ զարգացնում է իր իմաստները: Իսկ բառը՝ նեղացված մեկ իմաստի, կորցնում է կենսունակությունը, քարանում եւ շնչահեղձ լինում: Դա ազդում է նաեւ մտածողության վրա: Օրինակ՝ որքան ավելի հարուստ կարող էին լինել մեր քաղաքական քննարկումները, եթե իշխանություն բառի նախնական բազմիմաստությունը լիներ մեր մտքում, եթե իշխել ասելով՝ նկատի ունենայինք նաեւ հին իմաստները՝ համարձակվել, ազատ լինել, կարող լինել: Կամ եթե տեսություն՝ թեորիա ասելով՝ կենդանի պահեինք դրա բուն՝ տեսողություն իմաստը, եւ վերացական թեորիայի փոխարեն տեսություն ասելով հասկանայինք իրականության կենդանի տեսնելը: Այսպիսի օրինակներ կարելի է հարյուրներով բերել:

Եվ ի դեպ, այս առումով կենդանության կետը հայերենում մնացել է ավելի շատ խոսակցական լեզուն եւ բարբառները, որոնք մեր իսկ աչքի առաջ նոր իմաստներ են ծնում: Օրինակ՝ ես չեմ հիշում, որ իմ մանկության շրջանում բոց բառը նշանակեր նաեւ՝ սուր կատակ, բայց այսօր այն դառնում է այդ բառի գրեթե առաջին իմաստը: Եվ նման օրինակներ էլի շատ-շատ կարելի է բերել: Սրանք լեզվի կենսունակության օրինակներ են, բայց միայն կենցաղային մակարդակում:

Իհարկե, այսօր արդեն հնարավոր չէ հետ բերել գրաբարը որպես գրական լեզու: Բայց այսօրվա խնդիրը պետք է լինի այն, որ մի կողմից՝ գրաբարը, իսկ մյուս կողմից՝ բարբառներն ու խոսակցական լեզուն պետք է դառնան կենսունակության օրինակ մեր գրական լեզվի համար:

Սրանից ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-ի հունիսին, Նիկոլ Աղբալյանը Երեւանում մի դասախոսություն է կարդում «Հայոց գրականության ապագան» թեմայով: Գրականությունն այստեղ լայն իմաստով էր վերցված՝ ոչ միայն գեղարվեստական, այլեւ գրականություն առհասարակ՝ գիտական, տեխնիկական եւ այլն: Այս ելույթում Աղբալյանն անդրադառնում է նաեւ լեզվի խնդրին:

Նա պնդում է, որ գրական հայերեն չկա: Դա դեռ պետք է ստեղծվի: Դրա ձեւավորման ճանապարհին կարեւորագույն քայլերից է՝ պետության կողմից հովանավորված թարգմանական ծրագիրը: Կստեղծվեն գրական ճյուղեր, որոնք հայերի մեջ չեն եղել՝ ռազմական, իրավական եւ այլն: Հրապարակախոսությունը կփոխի իր բնույթն անկախ պետության պայմաններում:

Սա Աղբալյանի ելույթի լեզվական հատվածի շատ կարճ ամփոփումն է: Բայց դրանում կետեր կան, որոնք արդիական են նաեւ այսօր:

Նախ՝ պնդումը, որ գրական հայերեն չկա, զարմանալի է հնչում՝ հաշվի առնելով, որ 1920 թվին արդեն մի քանի տասնամյակ էր, ինչ կար նոր գրական հայերենով բավականին հարուստ գրականություն, եւ լեզու, որը շատ չէր տարբերվում մեր այսօրվա գործածածից: Բայց Աղբալյանի խոսքը պետք չէ բառացի հասկանալ: Այն բառացիից ավելի խորքային ու կարեւոր իմաստ ունի: Գրական հայերեն չկա՝ նշանակում է, որ լեզուն կարելի է համարել գոյություն ունեցող, միայն եթե կա շարունակական շարժ, գործընթաց՝ լեզվի զարգացման, ստեղծագործության, քաղաքականության: Լեզուն ստատիկ չէ: Այն, ինչ կա, պետք է անընդհատ նորից ու նորից վերստեղծվի հենց լինելու համար: Այս իմաստով այսօր էլ կարող ենք կրկնել Աղբալյանի պնդումը՝ գրական հայերեն չկա: Մենք պետք է շարունակաբար ստեղծենք այն:

Երկրորդ՝ Աղբալյանը դնում է լեզվի խնդիրը որպես պետական խնդիր: Նա ասում է, որ այժմ հայերն անկախ պետություն են, եւ դա նշանակում է նաեւ գրական լեզվի զարգացման նոր փուլ: Ավելին՝ նա հենց պետության վրա է դնում լեզվի զարգացման խնդիրը, այդ թվում՝ թարգմանական մեծ ծրագրի, գրականության զարգացման եւ այլն:

Այս մոտեցումը մեր այսօրվա մտածողությանը օտար է թվում: Պետությունն ի՞նչ գործ ունի գրականության եւ լեզվի զարգացման հետ: Բայց հենց այս՝ «ծույլ պետության» պատկերացման պատճառով է, որ Հայաստանի նոր անկախացումից 30 տարի անց մենք նույնիսկ չենք ձեւակերպել այն խնդիրները, որոնք Աղբալյանը ձեւակերպել է որպես պետական քաղաքականության խնդիրներ Առաջին հանրապետության երերուն ու կիսավեր գոյության երկրորդ եւ վերջին տարում: Մենք այս նույնը եւ ավելի լայն պետք է ձեւակերպեինք մեր անկախության առաջին իսկ տարում: Բայց մենք նախ համարել ու համարում ենք, որ այն, ինչ ստացել ենք Սովետական Հայաստանից որպես ժառանգություն, բավարար է նաեւ գրական լեզվի հարցում՝ որոշ շտկումներով հանդերձ, եւ երկրորդ՝ հնաոճ լիբերալիզմի կարծրատիպերը մեզ չեն թողնում մտածել լեզվի եւ գրականության մասին որպես պետական խնդիրների: Մենք պահպանողական ենք, անստեղծագործ նաեւ այս հարցում:

Ի դեպ, Աղբալյանն իր ելույթն ունենում էր ճիշտ այն նույն ժամանակ, երբ Հայաստանի կառավարությունը հաստատեց Երեւանի զարգացման Թամանյանի պլանը: Սա թամանյանական Երեւանի առաջին ուրվագիծն էր, որը հետագայում իրացվեց մեծ վերապահումներով արդեն Սովետական Հայաստանում: Անշուշտ, եթե 1920-ին գերակայեր նույն մտածողությունը, ինչ մեր օրերին, ապա մայրաքաղաքի պլանավորումը նույնպես չէր համարվի պետության եւ քաղաքականության գործ, եւ մենք չէինք ունենա այն Երեւանը, որն այսօր ունենք: Դե գոնե՝ որն ունեինք մինչեւ այդ, որ առանց այդ էլ կիսատ-պռատ իրացվածը մեր ձեռքով գրեթե ավերեցինք ու դեռ կարծես շարունակում ենք:

Այսօր՝ 100 տարի անց, ժամանակն է, որ մենք վերադիրքավորվենք եւ նորից ընկալենք մեծ հարցերը, այդ թվում՝ լեզվի ու գրականության հարցը որպես պետական եւ քաղաքական խնդիր: Դա չի նշանակում, ասենք, պետական գրականություն, այլսովետական համակարգ: Ո´չ, խնդիրն ավելի նուրբ է՝ գիտակցել, որ ինքնուրույն ոչ մի լուրջ հարց այս աշխարհում չի լուծվում, եւ հայկական պետությունն ու մանավանդ իր անկախությունը նոր կերտող պետությունը պարտավորություններ ունի նաեւ հոգեւոր ոլորտում: Հայերենի հարցը հատկապես ինքնիշխանության հարցերից է: Եվ Աղբալյանի կարճ ելույթը այսօր՝ 100 տարի անց, վերջապես պետք է դառնա այն ուղենիշը, այն սեւագիրը, որի հիմքով, պետք է նորովի դրվի հայոց լեզվի խնդիրն անկախ Հայաստանում:

Հայերենի այլընտրանքային պատմությունը ոչ թե անցյալում է, այլ ապագայում…

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: