Վռամշապուհ արքայի
աստղային պատերազմները.
Մաս I

Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

- Հայոց թագավորությանը մնացել է մի քանի տարվա կյանք:

- Այն օրվանից, երբ թագավորությունը բաժանվեց հույների ու պարսիկների միջեւ, եւ մնացյալ երկու բաժնից էլ առանձնացվեցին խոշոր երկրամասեր՝ միացվելով Աղվանքին ու Վիրքին, մեր օրերը հաշված են: Հույներն արդեն վերացրին իրենց թագավորությունն ավելի փոքր բաժնում: Ես հավանաբար կլինեմ վերջինն ավելի մեծ՝ պարսկական մասում: Իմ մահվանից հետո, եթե նույնիսկ եւս մեկ թագավոր ունենանք, ապա հայոց իշխաններն առիթը կգտնեն ազատվելու Հայոց թագավորությունից, որը նրանց խանգարում է՝ դավադրության մեջ մտնելով պարսիկների հետ: Պարսիկները չեն ուզենա իրենց ձեռքով վերացնել թագավորությունը, նրանք կուզենան գործը ձեւակերպել այնպես, որ հայերն իրենք կամովին հրաժարվեն իրենց թագավորից: Ես ասում եմ ձեզ, որ չի լինելու ոչ մեկը, թեկուզ մեկ իշխան կամ նախարար, կամ մեծամեծ, որը դեմ լինի թագավորության վերացմանը, որքան էլ մնացած բոլոր հարցերում նրանք իրար մրցակից լինեն: Հայոց թագավորն այժմ որբ ու անտեր է եւ չունի գեթ մեկ պաշտպան: Իսկ իշխաններին ծառայող սքեմավոր պատմիչները գեղեցիկ կբացատրեն, թե ինչու էր անխուսափելի այն, ինչ եղավ՝ ամեն գնով թաքցնելով իրենց տերերի մեղքերը եւ բարդելով թագավորների վրա: Սերունդները կկարդան նրանց գրածներն ու կեզրակացնեն, որ չեն եղել աշխարհիս վրա ավելի մեծ հանցագործներ, քան Արշակունիները:

- Բայց մենք պատրաստ ենք ապրել եւ մեռնել քեզ համար, մեր բնիկ տեր Արշակունիների համար, արքա:

Սենյակը մութ էր, դեմքերը հազիվ էին նշմարվում, խոսում էին ցածր ձայնով: Հայոց արքա Վռամշապուհն էր, որի դիմաց նստած էին երկու եղբայր՝ Այրարատ գավառի մանր ազնվական տոհմերից մեկի զավակները՝ Միհրդատն ու Վարազդատը:

- Ես չեմ կասկածում ձեր հավատարմությանը: Առանձին հավատարիմները կարող են դիմադրել, եւ դա անհրաժեշտ է, նույնիսկ, եթե դիմադրությունն անիմաստ է եւ դատապարտված, այն դառնում է խորհրդանիշ ապագա սերունդների համար, օրինակ, որը ոգեւորում է եւ առաջնորդում: Հենց ապագայով էլ պետք է մտածենք: Այսօր չենք խոսելու կարճ ժամկետների, առօրյա հաշվարկների եւ պարզ լուծումների մասին: Մեզ պետք է դարերի կամք՝ հաջողության հասնելու մեծ խաղում, որն ավելի տեւական է, քան մեր կարճ կյանքը:

Ես չեմ մեղադրում իշխաններին: Երբ խոսում ենք դարերից՝ կարեւոր չեն դատապարտումներն ու արդարացումները, մեղավորներն ու անմեղները, որոնք առօրյա կյանքի բաներ են: Մեծ պատմություններում ո՞վ է մեղավոր ու անմեղ: Դուք ծանոթ եք հին հունական վեպին Տրոյական պատերազմի մասին, գիտեք նաեւ մեր հայրենի երգերը՝ այնտեղ արդյոք մեղավորի ու անմեղի հարցե՞րն են կարեւոր: Մեծ պատումների գեղեցկությունը առօրյա բարոյականությունը չէ, այլ գեղեցկությունն ինքնին, որը ծնվում է մեծությունից, ծնվում է ուժից: Երբ խոսում ենք դարերի մասին, պետք է խոսենք մեծությունից, ուժից, այլ ոչ թե առօրյա լավ ու վատից, բարուց ու չարից:

Առաջ իշխանները ենթարկվում էին թագավորի գերիշխանությանը, որովհետեւ թագավորն ուժեղ էր, բավականաչափ ուժեղ, որպեսզի Հայոց թագավորությունն իմաստ ունենար, նրա գոյությունն ուժի դրսեւորում լիներ: Այժմ բաժանված ու մասնատված երկրում թագավորը թույլ է եւ անիմաստ, նա անցյալ ուժի մասին հուշ է, այլ ոչ իրական ուժ, իրական կյանք: Այդ թույլ թագավորը չի կարող բնական գերիշխողը լինել իշխանների նկատմամբ: Կա իրապես ուժեղը՝ պարսից թագավորը, որին հայոց իշխանները կնախընտրեն ենթարկվել: Ինչի՞ համար է այդ բարդացված կառույցը, ուր կա երկու թագավոր՝ մեկը մյուսին ենթակա, եւ իշխաններ, որոնք պիտի ծառայեն մեծ թագավորին ծառայող փոքր թագավորին: Անկախ որեւէ մեկի կամքից՝ այս կառուցվածքը պարզեցվելու է: Եվ հայոց իշխաններին ավելի ձեռնտու է որպես տեր ընդունել ավելի հեռավոր պարսից թագավորին, որը բացի հայերից, տասնյակ այլ երկրներ ունի եւ ժամանակ էլ չունի շատ միջամտելու հայերի գործերին, քան հայոց թագավորին, որը մոտիկ է եւ գիտի իշխաններից յուրաքանչյուրի գործերը: Իշխանների եւ նրանց գավառների բնական ցանկությունն է ավելի մեծ ազատություն ունենալ, եւ նրանց թվում է, որ իրենք դա կունենան, եթե ընդունեն պարսից արքայի գերիշխանությունը, քան իրենց բնիկ տիրոջ՝ Արշակունու, որը, ի վերջո, նույնպես ծագմամբ պարսիկ է, հայ չէ:

- Ուրեմն հրաժարվենք մեր թագավորությունից, տեր, սա՞ է ասածդ: Սրա համա՞ր ես կանչել մեզ այս անլուսին գիշերով: Սա՞ պետք է լսեինք հայոց արքայից, որը նույնիսկ անխուսափելիի դեմ պետք է լինի անդրդվելի եւ չասի բաներ, որոնք հակասում են իր դիրքին՝ նույնիսկ եթե դրանք ճիշտ են: Արդյոք եպիսկոպոսապետը, որը հասկացել է, որ Աստված չկա, պե՞տք է պատմի դրա մասին ի լուր աշխարհի:

Վռամշապուհը լարված ժպտաց:

- Ո՛չ, սա չէ ամբողջ ասելիքս: Բայց եթե ուզում ես թագավորական խոսք լսել, պետք է համբերություն ունենաս: Կարճ է լինում փայտը, որով ծեծում են վատ աշակերտներին, բայց ոչ լուրջ ասելիքը:

Թագավորության անկումը չի նշանակում թագավորության մահ: Մենք պետք է կարողանանք թաքցնել Հայոց թագավորությունը, մինչեւ որ նոր ժամանակներ գան, եւ այն հնարավոր լինի նորից լույս աշխարհ բերել: Մենք պետք է գործենք մթան մեջ, ստվերում, ընդհատակյա: Կամ ավելի նուրբ, չերեւացող գործիքներով հյուսենք սարդոստայններ:

Թագավորությունների անկումները երբեմն անխուսափելի են, բայց դրանք ժամանակավոր են ու մակերեսային, եթե պահպանվում են, եւ ավելի լավ զարգացվում է այն ուժը, որի հիմքով գոյանում են թագավորությունները: Մենք այժմ պետք է անտեսանելի ուժերի հետ աշխատենք՝ ստեղծենք դրանք, տեղադրենք իրենց տեղերում եւ ուժի ցանք անենք ապագայի համար: Վիշապի ատամներ պետք է ցանենք հողի մեջ, որոնցից կաճեն ոչ թե ցորեն ու գարի, այլ երկաթե զինվորներ:

Մենք արդեն ստեղծել ենք այդպիսի մի ուժ, մի սարդոստայն ենք հյուսել. դա հայոց գիրն է, որը ես հանձնարարել եմ ստեղծել տարոնցի Մաշտոցին: Սահակն էլ օգնում է նրան, որովհետեւ կարծում է, որ դա լավ կլինի իր կրոնի տարածման ու ամրապնդման համար: Բայց Մաշտոցը զինվորական է, արքունիքում ծառայած եւ եկեղեցական դարձած միայն իմ հրամանով ու հանձնարարությամբ: Նա գիտի, թե ինչ է անում: Նա տարոնցի է՝ ազատ տոհմից:

Քանի կար Հայոց թագավորությունը, թագավորի անձն ու թագավորական տան անունն էր գլխավոր միավորիչ ուժը Հայքում: Մենք հայ ենք երեք պատճառով. ունենք միասնական ծագում կամ այդպես ենք համարում, որովհետեւ ունենք մեր հայկական կարգը՝ իշխանությունների բազմությունը, որոնցից ամեն մեկն իր համար ազատ է եւ ունի իր զորքը, եւ որովհետեւ ունենք մեկ թագավոր: Երբ թագավորը դուրս գա, մյուս երկուսի ուժը կարող է բավական չլինել պահպանելու միությունը, եւ ուրեմն ապագայում՝ թագավորություն վերստեղծելու հնարավորությունը: Ուրեմն, մենք պետք է ստեղծենք նոր միավորող ուժեր, որոնք կփոխարինեն թագավորին նրա բացակայության ընթացքում: Հայոց այբուբենը կլինի այն թագավորը, որը կմիավորի հայերին եւ կդառնա հիմքերից մեկը, որի ուժով թագավորության գաղափարը՝ միասնության ու անկախության գաղափարը միշտ կապրի եւ թագավորությունը կվերստեղծի նպաստավոր պայմաններում: Մեր գիրը նման չի լինի ոչ մի այլ գրի այս աշխարհում: Գրի գաղափարը մենք վերցնում ենք հույներից, բայց տառերի ձեւը խիստ տարբեր է, եւ դա մեր սերունդների մեջ կձեւավորի ինքնուրույնության, տարբերության զգացում դարերի համար: Մենք գիր ենք ստեղծելու նաեւ վրացիների ու աղվանների համար, որովհետեւ նրանց անկախությունը նույնպես կարեւոր է մեզ համար: Հույները՝ Վիրքով ու Աղվանքով, իսկ պարսիկները հիմնականում միայն Աղվանքով շատ անգամ են փորձել շրջապատել մեզ, թուլացնել մեր ազատությունը: Մենք պետք է հակառակին ձգտենք՝ անկախության եւ ինքնուրույնության ձգտում տարածենք նրանց միջեւ, որը մեր ազատության երաշխիքն է, մեր արքայական գավառի՝ Այրարատի թիկունքը: Ազգերը, որոնք կունենան սեփական գիր, նույնիսկ սեփական կետադրություն, կձգտեն ինքնուրույնության՝ նույնիսկ չգիտակցելով այդ ձգտումը կամ դրա ակունքները: Երեխաները կմեծանան այն բնական զգացումով, որ ամեն ազգ պետք է ունենա իր սեփական գիրը, եւ նա, ով ունի սեփական գիր, չի կարող չունենալ նաեւ սեփական թագավորություն:

Բայց մենակ գիրը չէ: Գիրն առաջին քայլն է: Իսկ հաջորդ քայլերով մենք կունենանք մեր առանձին եկեղեցին՝ առանձնացնելով այն հունականից: Մենք նույնիսկ կստեղծենք մեր եկեղեցական ճարտարապետությունը, որպեսզի ցանկացած մեկը, ով մտնի Հայաստան, միանգամից հասկանա, որ սա թեկուզ քրիստոնյա, բայց այլ երկիր է, որ ոչ միայն իր լեռներով ու դաշտերով, այլեւ նույն լեռներից ու դաշտերից ծառի պես աճած եկեղեցիներով այս երկիրը տարբեր է մյուսներից: Ազգի սերունդները, որոնք կմեծանան՝ տեսնելով այդ ուրույնությունը, չեն կարող չցանկանալ սեփական թագավորություն, նույնիսկ եթե թագավորության գաղափարն իսպառ ջնջված լինի նրանց հիշողությունից, գիտակցությունից: Նրանք իրենց միշտ տարբեր կզգան եւ տարբերությունը կընդունեն բնական: Այդպես մենք կկառուցենք երկրորդ բնություն:

- Կանչել ես մեզ, որ օգնե՞նք Մաշտոցին եւ մյուսներին, արքա:

- Ո՛չ, ձեր գործն ավելի մեծ է լինելու ու ավելի փակ օտար աչքից: Մաշտոցի եւ մյուսների արածը գործի երեւացող կողմն է: Դուք՝ Այրարատի հին տոհմերի զավակներդ, որոնց հայրերը կռվել են ու իշխել, թագավորական արյան շառավիղներդ, գործելու եք մթան ու ստվերի մեջ: Թագավորության հետ առժամանակ թաքնվելու եք հետաքրքրասեր աչքերից հեռու: Դուք կլինեք գաղտնի եղբայրության, գաղտնի ուխտի երդվյալներ: Դուք հիմնելու եք մի գործ, որն այնքան մեծ է, որ ոչ թե դուք, այլ ձեր հետնորդները կկարողանան ավարտին հասցնել:

Երիտասարդները հարցական հայացքով նայեցին արքային: Նրանք պատկերացում չունեին՝ ինչի մասին է խոսքը:

Վռամշապուհը տեղից վեր կացավ եւ սկսեց քայլել փոքր սենյակի մի անկյունից մյուսը: Նա մի պահ դադար տվեց՝ նախապատրաստելով իր կարեւոր ասելիքը:

- Դուրս գանք այս փոքր տարածքից,- առաջարկեց նա եղբայրներին:

Երեքով դուրս եկան ընդարձակ բակ եւ այնտեղից էլ դարպասով դեպի բաց, արձակ, ոչնչով չսահմանափակված տարածք: Ցուրտ եւ երկար ձմեռային գիշեր էր: Ձյուն չկար: Նորալուսնի օրեր էին: Մթությունը կատարյալ կլիներ, եթե երկինքը չլիներ բաց ու աստղազարդ: Օրիոնի աստղերը, Սիրիուսը, Պրոցիոնը, Ալդեբարանը, Բույլը եւ Երկվորյակները գերիշխում էին ձմեռային երկնքում:

Մի որոշ ժամանակ լուռ էին: Արքան չէր խոսում, իսկ երիտասարդները չէին համարձակվում սկսել խոսակցությունը: Նայում էին երկնքին, շնչում սառն օդը: Վերջապես Վռամշապուհը խոսեց:

- Գիշերվա մթան մեջ բոլոր երկրները, թագավորությունները, ազգերը, մարդիկ չեն տարբերվում իրարից: Գիշերվա մթան մեջ չկան երկրներ, կա միայն երկրագունդը: Մենք չենք տեսնում երկրային տարբերությունները, նույնիսկ գույները կորչում են գերիշխող սեւի մեջ: Մեր հայացքն ուղղվում է երկինք՝ միակ լուսավոր կետը, որտեղ կան տարբերություններ: Գիշերը կարեւոր են դառնում տարբերությունները ոչ թե երկրների, այլ աստղերի միջեւ: Ցերեկվա լույսը երեւան է բերում այն, ինչ թաքնված է գիշերվա մեջ, բայց մյուս կողմից լույսը թաքցնում է մեզնից գիշերային երկնքի բազմազանությունը:

Ամեն բանի սկիզբը մթությունն է: Լույսը ծնվում է մթից եւ մարում մթան մեջ: Բայց մթան մասին չենք ասում, թե ծագում է կամ ծնվում է լույսից: Օրերը սկսում են երկարել ձմռանը, բայց դա միանգամից չի զգացվում: Օրերը սկսում են կարճանալ ամռանը, դա նույնպես չի զգացվում միանգամից: Օրվա լույսի մեջ իրացնում ենք այն, ինչ մտածել ենք մութ մենակության մեջ: Եվ թագավորությունները սկսում են անկում ապրել իրենց ծաղկման մեջ եւ սկզբնավորվում պատմական ձմեռներում:

Հայաստանի ազատությունը Հայաստանում չէ միայն: Հայաստանում կարող ենք այն ամրացնել, պահպանել, զարգացնել: Բայց ազատությունը մեկ երկրում չէ, ազատությունը դուրսն է, աշխարհով մեկ սփռված: Հայաստանի ազատությունը Հայաստանից դուրս է: Պետք է դուրս գաք Հայաստանից, որ վերագտենք Հայոց թագավորությունը:

Երիտասարդները լսում էին արքային՝ չիմանալով ինչ պատասխանել այս տարօրինակ խոսքերին:

- Ազգերի ազատությունը միմյանցից է կախված,- շարունակում էր արքան:- Կան ազգեր, որոնք ազատ են իրենց ներսում եւ հարգում են նաեւ ուրիշների ազատությունը: Նրանք նույնիսկ, եթե ձգտում են գերիշխանության, չեն ոչնչացնում իրենց ենթարկվածի ներքին ազատությունը, ներքին կարգը: Նրանք չեն ձգտում ամենուր տարածել իրենց օրենքը, իրենց սովորությունները, իրենց... երկինքը: Նրանք գիտեն, որ ազատների մեջ չի կարող լինել մեկ տեսակետ, մեկ ճշմարտություն, եւ գիտեն, որ ճշմարտությունը գցված չէ փողոցներում ու հեշտ գտնելի չէ, այլ ավելի շուտ հարց է, քան պատասխան, եւ դիտանկյուն է, քան ամբողջական պատկեր, հետեւաբար, ոչ թե մեկն է, այլ բազմաթիվ: Եվ կան ազգեր, որոնք իրենց ներսում ստրուկ են եւ ձգտում են ստրկացնել մյուսներին: Ամենուր, ուր նրանք մտնում են, տարածում են մեկ օրենք, մեկ ճանապարհ, մեկ ճշմարտություն:

 

Մեզ նման ազատ ազգեր դեռ կան աշխարհի երեսին, որոնք կռիվ են տալիս հունաց թագավորի հետ: Դրանք ապրում են մեզնից էլ հյուսիս՝ հոներ, գերմաններ եւ մյուսներ: Նրանց կարգը նման է մեր հայկականին՝ ոչ թե մեկ, այլ բազում իշխաններ, ազատներ, որոնց գլխին թագավորներն են, բայց ոչ որպես բռնապետներ, այլ իշխաններից ամենաուժեղն ու տոհմիկները: Նրանք մեզ նման սիրում են վիպական երգեր հերոսների մասին: Նրանք քաջ են, ազնիվ, հաղթող: Բաց ճակատում միշտ հաղթել են ու կհաղթեն հոռոմներին, որոնք այդ պարտությունների ամոթի հեքիաթներ են հորինում հաղթողների՝ իբր բյուրավոր քանակի, հատուկ դաժանության, վայրենության մասին, մինչ իրականում հռոմեացիներն են միշտ եղել քանակապես ավելի: Մեր ազատությունն այդ ազգերի հաղթանակն է:

Բայց նրանք ունեն մի թուլություն: Նրանք չունեն հակազենք հռոմեական երկնային քարոզի դեմ եւ որքան էլ հաղթական լինեն ստրկացման ենթակա են հռոմեական եկեղեցու կողմից:

Նայեք Հայկի աստղերին, որոնք այս պահին փայլում են կեսգիշերային երկնքում: Թագավորությունների հիմքը երկնքում է: Երկրի ու երկրների վրա թագավորում է նա, ով տիրանում է երկնքին: Մեր պապերի ժամանակ դեռ ամեն ազգ, ամեն երկիր ուներ իր երկինքը՝ բնակեցված իր աստվածներով: Երկինքը միայն թվում է նույնը բոլորի համար: Բայց աստղային քարտեզը տարբերվում է երկրից երկիր: Իրար մոտ երկրներում այն գրեթե նույնն է, բայց փոքրի տարբերությունները կուտակվում են եւ դառնում նշանակալի հեռավորության վրա: Հյուսիսում եւ հարավում նույն աստղերը երեւում են տարբեր ժամանակ ու տարբեր կետերից եւ նույնիսկ երեւում են կամ չեն երեւում տարբեր աստղեր տարբեր ժողովուրդերի համար: Օրինակ՝ մենք չենք տեսնում Կենտավրոսի աստղերը, որոնք տեսնում են Հունաստանում եւ ավելի հարավ: Երկինքը նույնն է, դիտանկյունները՝ տարբեր: Երկրներն ունեն տարբեր երկինքներ՝ տարբեր ու նման աստղերով եւ տարբեր ու նման աստվածներով, եւ այդ տարբերությունն է թագավորությունների ինքնուրույնության հիմքերի հիմքը: Ամեն ազգ գնում էր պատերազմ իր աստվածներին օգնության կանչելով: Բայց եթե աստված մեկն է, եթե երկինքը միայն մեկն է, եթե դիտանկյունն անփոփոխ է, ապա ինչո՞ւ պայքարել, ինչո՞ւ ունենալ առանձին թագավորություններ: Եթե երկու ազգ միեւնույն աստծուն են պաշտում, ապա նրանց պայքարի դեպքում երկուսից որի՞ կողմից է մեկ աստվածը: Եթե կա մեկ աստված ու մեկ երկինք, ապա ինչո՞ւ չլինի միայն մեկ թագավոր, միայն մեկ օրենք, միայն մեկ կարգ: Տարբերությունները դառնում են անվանական:

Այժմ օրերը փոխվել են: Կռիվը դարձել է երկնային: Այժմ աստղային պատերազմներ են: Եվ ես ուզում եմ, որ դուք լինեք աստղային պատերազմների գաղտնի ուխտի ասպետներ:

Հին աստվածները չեն դիմանում եւ չեն դիմանա նոր կռիվներում: Նրանց պետք է նոր ուժ տալ: Պարսիկ Մանին սրանից 100 տարի եւ ավել առաջ հասկացավ, որ հռոմեական նոր զենքի դեմ կարող ես պայքարել միայն նոր զենքով: Նա ստեղծեց նոր կրոն, որը կոչվեց նրա անունով՝ մանիքեություն եւ առաջարկեց դա պարսից արքա Շապուհին: Շապուհը հովանավորեց Մանիի քարոզը, բայց Շապուհի հետնորդները չհասկացան այդ մեծ քաղաքականության իմաստը, սպանեցին մարգարեին եւ վերադարձան իրենց կարծրացած, հին զրադաշտական ուսմունքին, որը գեղեցիկ էր ու կենդանի իր ժամանակին, բայց որն այսօրվանը չէ այլեւս: Զրադաշտի ուսմունքը մեռնելու է Պարսից թագավորության անկմամբ, բայց հռոմեական եկեղեցին կմնա որպես Հռոմի պետական կառույց, նույնիսկ Հռոմի անկումից հետո եւ կշարունակի Հռոմի գործը՝ ստրկացնելով ժողովուրդներին:

Արեւելքն ունենալու է մի օր նոր կրոն՝ համարժեք ժամանակին, որը պետք է ուղղորդի արեւելքի պայքարը Հռոմի դեմ: Մանիի գեղեցիկ ուսմունքը չդարձավ այդ կրոնը, բայց մեկնումեկը՝ գուցե պակաս ընդունակ, քան Արշակունի Մանին, կստեղծի այդ նորը եւ կառաջնորդի ժողովուրդներին դեպի պայքար:

Մենք հայերս արեւելք չենք: Արեւելքի համար մենք հյուսիս ենք: Մենք հռոմեական արեւմուտք էլ չենք: Մեզնից հեռու է Միջերկրական ծովը, որի շուրջ ձեւավորվել է թե՛ արեւմուտքը, թե՛ արեւելքը: Մեր ճանապարհը եղել է դեպի հյուսիս: Պապենական ավանդույթը պատմում է, որ Հայկի որդիները, դեպի հյուսիս շարժվելով, հիմնեցին Այրարատում իրենց ոստանը: Հյուսիսում ենք հիմնել մեր թագավորանիստ քաղաքները՝ այստեղ գտնելով թիկունք եւ պաշտպանություն: Ավելի հյուսիս պետք է շարժվենք այժմ՝ դուրս գալով Հայաստանից՝ փնտրելու եւ վերագտնելու համար մեր ազատությունը, որը լինելու է ոչ միայն մերը, այլեւ բոլոր ազատ ազգերինը:

Փոքրիկ հրեա ազգն իրենից դուրս եկած կրոնի միջոցով կարողացավ մեծերին պարտադրել իր՝ ոչ այնքան նշանակալի պատմությունը որպես օրինակելի: Հույները, հայերը, ասորիները, հոռոմները իրենց երեխաների անուններն ընտրում են հրեական պատմությունից: Հայերս նույնպես պետք է ստեղծենք նոր կրոն, որը միաժամանակ ազատության զենք կդառնա ազգերի համար: Ոչ թե մեզ համար, այլ մեր միջից:

Մենք չենք կարող դա անել Հայաստանում: Հայքը չունի այսօր այն ուժը, որ կարողանա իրեն թույլ տալ բացեիբաց հռչակել նոր կրոնական շարժում: Հայոց թագավորը պետք է հավատարիմ մնա մեկ անգամ ընտրած ուղուն: Մենք կարող ենք միայն ընտրել այլոց երկինքների միջեւ, բայց մերից զրկվել ենք:

Բայց կա ազատ հյուսիսը: Այնտեղ կուղեւորվեք դուք եւ կտարածեք այն, ինչ ես կփոխանցեմ ձեզ այստեղ՝ որպես նոր ուսմունք: Սրա մասին տեղյակ կլինենք մենք եւ իմ որդի Արտաշեսը: Դուք պետք է երդում տաք, որ սա կմնա գաղտնիք: Նոր ուսմունքն արդեն կա եւ մշակված է, բայց թե ո՛ւմ կողմից, կարիք չկա, որ իմանաք: Բայց արված է հմուտ եւ հավատարիմ մարդու կողմից, որն ուսումնասիրել է երկինքն ու երկիրը: Դուք կտարածեք այս նոր ուսմունքը ձեր անունից՝ շարժվելով ավելի ու ավելի դեպի հյուսիս՝ հոների ու գերմանների մեջ: Այդ ուսմունքի ուժով նրանք վերջնականապես կտապալեն Հռոմն ու նրա եկեղեցին եւ կստեղծեն նոր՝ ազատ աշխարհ բոլորի համար: Եվ դրանից հետո միայն նոր հաղթական հավատքը կվերադառնա իր հայրենիք՝ Մեծ Հայք: Հին աստվածները կվերածնվեն նոր, թարմացված, երիտասարդ, քան երբեւէ: Երկնային բռնակալությունը կտապալվի, եւ դրանից հետո կտապալվեն նաեւ երկրային բռնապետությունները:

Վաղն առավոտյան կփոխանցեմ ձեզ բոլոր մանրամասները եւ հրահանգներ կտամ: Շուտով կլուսանա, պետք է մի փոքր հանգստանալ:

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: