Նավը լեռան վրա: Վահագնի քաղաքը
(ֆուտուրիստական այլընտրանք)
Մաս II (վերջին)
«Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը ու մեր լճերը մագլցում են դեպի լեռը: ...Հայաստանում դեռ կան հովիվներ: Նրանք ճանաչում են աստղերը եւ քաջ գիտեն բոլոր ճանապարհները: Մշակույթը հովիվների գիտություն է»:
Կոստան Զարյան
Վահագնը՝ Հայաստանի նոր մայրաքաղաքը, սկսեց կառուցվել 2036-ի գարնանը Արգիճի գետի հովտում՝ Արմաղան հրաբխից դեպի արեւմուտք ընկած տարածքում, ծովի մակերեւույթից 2200-2400 մետր բարձրության վրա:
Արգիճիի վերին հոսանքի շրջանը Հայաստանի բարձր լեռնային ամենամեծ հարթավայրերից է: Այն զուրկ է մշտական բնակավայրերից, ինչպես ծովի մակերեւույթից 2000 մետրից բարձր Հայաստանի տարածքի մեծ մասը, եւ ունի լեռնային խիստ կլիմա՝ անպիտան երկրագործության համար եւ օգտագործելի միայն ամառները անասնապահության համար, ինչպես նաեւ ուխտավորների կողմից, քանի որ ինչպես շատ նման տարածքներում, այստեղ քիչ չեն այսպես կոչված «սրբերը»՝ կիսավեր մատուռներ, խաչքարեր եւ այլն:
Ընդհանրապես «բնակելիության» սահմանը Հայաստանում համարվում է 2500 մետր բարձրությունը, որից վեր մշտական բնակավայրեր չկան, սակայն հասկանալի է, որ 2000-2500 մետր բարձրությունը նույնպես շատ խիտ բնակեցված չէ: Մինչդեռ բուն Հայաստանի Հանրապետության (առանց Լեռնային Ղարաբաղի) մոտ 30 հազար (ստույգ՝ 29,74) քառակուսի կմ տարածքից 12 կմ2-ից մի փոքր ավելին 2000-ից ավելի բարձր է, 10,40 կմ2-ը 1400-2000 բարձրության վրա է, եւ մնացած 7 ու մի քիչը 1400-ից ցածրն է: Այսինքն՝ կոպտորեն բաժանված մոտ մեկ երրորդը 2000-ից բարձրն է, մեկ երրորդը՝ 1400-2000 բարձրությունն է, իսկ վերջին մեկ երրորդը 1400-ից ցածրն է, ընդ որում՝ այդ կոպտորեն հաշված մոտավոր եռյակներից ամենամեծը ամենաբարձրն է, իսկ ամենափոքրը՝ ամենացածրը: Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքի մեծ մասը ծովի մակերեւույթից 2000 մետր բարձր է, այսինքն՝ գրեթե չբնակեցված եւ միայն ամռանը անասնապահության ու մասամբ էլ զբոսաշրջության համար օգտագործելի տարածք է: Առանց այդ էլ փոքր տարածք ունեցող երկրի մեկ երրորդից մի քիչ ավելին փաստորեն անմարդաբնակ է եւ չյուրացված: Եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղը (սրա մեջ նկատի ունենալով նաեւ ազատագրված տարածքները), ապա թեեւ հաշվարկը եւ պատկերը կբարդանա, սակայն ընդհանուր տրամաբանությունը մոտավորապես նույնը կմնա:
Ինքնին հասկանալի է, թե ինչու Հայաստանի բարձր լեռնային շրջանները բնակեցված չեն: Բայց նախ՝ ինքնին հասկանալի՝ չի նշանակում անպայման ճիշտ եւ ընդունելի կամ գոնե ոչ վերամտածելի, երկրորդ՝ այս ինքնին հասկանալիի մեջ մի փոքր խորանալու դեպքում կան կարեւոր նրբերանգներ եւ, այսպես ասած, «սեւ կետեր», որոնք խախտում են բուն հասկանալիությունը եւ իրավիճակը դարձնում խնդրահարույց:
Բարձր լեռնային շրջաններում բնակավայրերի բացակայությունը ժառանգություն է նախաարդիական, ավանդական տնտեսության: Պարզ է, որ այնտեղ, ուր հնարավոր չէ հողագործություն, չեն եղել կամ քիչ են եղել նաեւ բնակավայրեր: Արհեստներն ու առեւտուրը նույնպես կենտրոնացել են ավելի ցածրադիր վայրերում, որոնցով բնականորեն անցել են մայրուղային ճանապարհները՝ առեւտրի եւ արհեստների բնական միջավայրերը: Այս իմաստով նախաարդիական Հայաստանը առաջին հայացքից շատ չի տարբերվել ներկայից: Սակայն կան էական տարբերություններ: Ավելի բարձրադիր գոտիներում նախաարդիական շրջանում հաճախ տեղադրվել են մի կողմից պաշտպանական կառույցները՝ ամրոցները, մյուս կողմից՝ հոգեւորները՝ վանքերը: Սա համատարած օրինաչափություն չէ, բայց որոշակի միտում է: Այդպիսով անցյալում որոշ չափով իրավիճակը հավասարակշռվել է՝ երկրի բարձր հարկը յուրացվել է եւ օգտագործվել որպես հենց «բարձր»՝ ոչ միայն բառացի, այլեւ փոխաբերական իմաստով՝ ծառայելով որպես երկրի բարձր շահերի՝ անվտանգության, եւ հոգեւորի՝ սրբության տարածք: Ընդ որում՝ պետք է նկատի ունենանք, որ միջնադարում վանքերը ոչ միայն զուտ կրոնական, այլեւ գիտական, կրոնական եւ արվեստի կենտրոններ էին, իսկ ամրոցները ազնվականության՝ զինվորականության, ազատ կյանքի, երգի, բանաստեղծության կենտրոններն էին: Նշանակում է, որ թեեւ բարձր լեռնային շրջանները բնությունից ի զորու չէին տալ նյութական-տնտեսական արդյունք, սակայն իրենց հերթին հոգեւոր տնտեսության «արտադրամասեր» էին:
Այս առումով այնքան էլ ճիշտ չի թվում Հայկ Ասատրյանի այն պոլեմիկ պնդումը, թե հայերը դարերի ընթացքում լիովին չեն յուրացրել իրենց երկիրը, մնացել են խորք Հայկական լեռնաշխարհին՝ ապրելով լեռնային երկրում որպես հովտային ժողովուրդ (միաժամանակ պետք է շեշտենք Ասատրյանի նշանակությունը՝ որպես եզակի հայ հեղինակ, ով փորձել է հայոց պատմությունն իմաստավորել աշխարհագրական գործոնի տեսակետից, մյուս այսօրինակ բացառությունը Ռուբեն Տեր-Մինասյանն է, իսկ ընդհանուր առմամբ հայկական պատմագիտական եւ քաղաքագիտական միտքն անտարբեր ու անծանոթ է աշխարհագրական գործոնի իմաստավորմանը): Ավելի ճիշտ է թվում այն, որ չնայած հայերը անցյալում թե այսօր Հայկական լեռնաշխարհի միակ էթնիկ խումբը չեն, սակայն միակն են առ այսօր, որ կարողացել են այստեղ ստեղծել, այսպես ասած, ամբողջական քաղաքակրթական ցիկլ: Մի երկու խոսքով փորձենք բացատրել այս պնդման իմաստը: Ընդհանրապես Հայկական լեռնաշխարհը բնականից ավելի անասնապահական, քան հողագործական երկիր է, որից բխում է, որ հողագործության հիմքով աճող քաղաքակրթական այնպիսի «կառույցներ», ինչպիսիք մեծ քաղաքներն են, մեծ պետական միավորումները, մեծ ճարտարապետությունը, մեծ հոգեւոր հաստատությունները եւ այլն նույնպես այնքան էլ բնականորեն ստեղծվելիք չեն այստեղ: Եվ իրոք տեսնում ենք, որ բացի հայերից Հայկական լեռնաշխարհում քիչ թե շատ կայուն եւ երկարատեւ բնակություն հաստատած քրդերը եւ արեւելյան թուրքերը (այսօրվա ադրբեջանցիները) ընթացել են առավել հեշտ եւ բնական՝ անասնապահական ճանապարհով: Եվ չնայած դարեր են բնակվել Հայաստանում, սակայն շատ քիչ աչքի ընկնող ժառանգություն են թողել այստեղ՝ մշակութային եւ քաղաքական (չնայած եղել են բազմաթիվ քրդական եւ թուրքական իշխանություններ, բայց չեն եղել իրապես աչքի ընկնող մեծ պետություններ): Մյուս կողմից Օսմանյան՝ արեւմտյան թուրքերը, դարերի ընթացքում տիրելով Հայաստանին, այդպես էլ ի զորու չեղան այն բնակեցնել, բացի Էրզրումի շրջանից, որը բնության տեսակետից արդեն մասամբ անցնում է դեպի Փոքր Ասիա, եւ բացի այդ, ռազմավարապես առավել կարեւոր կետ է, որը թուրքերը որպես տիրող ազգ պարտավոր էին յուրացնել: Այսօր էլ՝ հայերի բնաջնջումից հետո, Արեւմտյան Հայաստանում այն բնակեցնում են ոչ թե թուրքերը, այլ գերազանցապես քրդերը: Նույն կերպ վրացիները, չնայած բոլոր ջանքերին, ի զորու չեն բնակեցնել Ջավախքը՝ նույնիսկ լեռնաբնակ ավանները: Շեշտված միջերկրական մշակույթով ազգերի համար, ինչպիսիք թուրքերն ու վրացիներն են, Հայաստանը չմարսվող տարածք է որպես բնակության վայր: Այդ իսկ պատճառով ոչ միայն այսօրվա ՀՀ-ն, այլեւ ամբողջ Հայկական լեռնաշխարհը կամ նրա մեծ մասը ցասօր մնում է պոտենցիալ Հայաստան, քանի դեռ որեւէ այլ ժողովուրդ ի զորու չի եղել այս տարածքում զարգացնել լիարժեք քաղաքակրթություն:
Ինչ էլ լինի, ճշմարտության հատիկ կարող է ունենալ նաեւ Հայկ Ասատրյանի ձեւակերպումը: Համենայնդեպս, եթե լայնացնենք մեր դիտարկման սահմանները, ապա կտեսնենք, որ կան ազգեր, որոնք մեզնից ավելի հաջողությամբ են յուրացրել իրենց հայրենիքների բարձրադիր տարածքները: Օրինակ՝ Թիբետը, որը երկրաբանական պատմության տեսակետից Հայաստանի քույր երկիրն է՝ երկուսն էլ ձեւավորվել են երկրաբանական նոր ժամանակներում, մոտավորապես նույն նյութից: Հայաստանն արդյունք է Աֆրիկայից պոկվող Արաբիայի դեպի հյուսիս տեղաշարժման հետեւանքով հին Տեթիս օվկիանոսի փակման, նրա տեղում ցամաքի ձեւավորման եւ այդ ցամաքից դեպի վեր բարձրացման, իսկ Թիբետն արդյունք է Աֆրիկայից պոկված Հնդկաստանի դեպի հյուսիս տեղաշարժման հետեւանքով նույն Տեթիսի մեկ այլ հատվածի փակման, դրա տեղում ցամաքի ձեւավորման եւ դեպի վեր խոյացման: Երկու երկիրն էլ շարունակում է վեր բարձրանալ ցայսօր: Թիբետի մայրաքաղաք Լհասան ծովի մակերեւույթից 3650 մետր բարձրության վրա է, այսինքն՝ 200 մետր ավելի ցածր, քան Արագածի հարավային գագաթը, եւ 200 մետր ավելի բարձր, քան Արագածի Քարե լիճը: Ճիշտ է, կլիմայական պայմանները Լհասայում որոշ չափով ավելի մեղմ են, քան Հայաստանում համապատասխան բարձրության վրա, բայց դա միայն մասամբ է փոխում իրավիճակը: Լատինական Ամերիկայում Մեխիկոն, գոյացած ացտեկական հին մայրաքաղաքի տեղում, 2240 մետր բարձրություն ունի միջինում, ինկերի նախկին մայրաքաղաք, իսկ այժմ Պերուի նահանգային կենտրոն Կուսկոն՝ 3399, Բոլիվիայի նախկին մայրաքաղաք Լա Պասը՝ 3593 եւ այլն: Բնականաբար սրանց բոլորի կլիման ավելի մեղմ է, քան մերը, սակայն 3 հազար մետրից ավելի բարձրության վրա ապրելու խնդիրներին հարմարվելը շատ ավելին է ենթադրում, քան զուտ կլիմայական բարդությունների հաղթահարում: Բայց Հայաստանի դեպքում էլ խոսում ենք ոչ թե 3000, այլ 2000-ից բարձր գուտու յուրացման մասին, որի մեծ մասը 3000-ից ցածր է:
Եթե նախաարդիական Հայաստանում բարձրադիր գոտիների յուրացման խնդիրը ինչ-որ կերպ լուծված էր, չնայած այն բանին, որ հողագործության վրա հիմնված հին տնտեսական համակարգի համար լիարժեք յուրացումը անլուծելի խնդիր էր, ապա նոր շրջանի Հայաստանում, չնայած տնտեսական համակարգի արմատական փոփոխության, յուրացումն է՛լ ավելի ցածր մակարդակի վրա է: Վերջին մի քանի դարի Հայաստանի պատմության միտումն այն էր, որ երկրի առավել բարձրադիր հատվածները բնակեցված էին ոչ հայկական՝ գերազանցապես շիա-թուրքական տարրերով (ներկայի ադրբեջանցիներով): Թուրքերի հեռացմամբ Հայաստանից այդ շրջանների վերաբնակեցումը հայերով (օրինակ՝ Ամասիա, Վարդենիս) լիարժեք չեղավ եւ չի էլ կարող լինել, եթե չփոխենք բարձրադիր տարածքների նկատմամբ մեր հնաոճ հայացքը, ըստ որի՝ դրանք զուտ անասնապահական տնտեսության ոստաններ են: Ավելին՝ սովետական շրջանում հայկական բարձրադիր գյուղերի մի ահագին մասն էլ տեղափոխվեց ավելի ցածրադիր վայրերում հիմնված բնակավայրեր:
Այսօր, երբ հողագործությունն այլեւս տնտեսության հիմքը չէ, վերացած է նաեւ բարձրադիր գոտիների յուրացման հիմնական խոչընդոտը: Նոր տեխնոլոգիաների պայմաններում երկրի տարածքի մեկ երրորդից ավելիի չյուրացված մնալը անախրոնիզմ է եւ սեփական կյանքը խոր օտարացման մեջ, չգիտակցված ապրելու, անտանելի, հանցավոր եւ նույնիսկ զզվելի ծուլության ցուցիչ ու հետեւանք: Պետք է միացվեն հին մոտեցումն ու նոր հնարավորությունները՝ կառուցելու համար Հայաստանի բարձր հարկը՝ նոր վանքերն ու նոր ամրոցները՝ հասկացված ու իմաստավորված այսօրվա լեզվով:
* * *
Վահագնը՝ Հայաստանի նոր մայրաքաղաքը: Բայց ավելի ճիշտ է ասել, որ դա ոչ թե նոր մայրաքաղաքն էր, այլ նոր մայրաքաղաքներից մեկը: Ծրագրավորվել էր ոչ թե մեկ նոր քաղաք, այլ նոր՝ տարածքով ու բնակչությամբ ոչ շատ մեծ, բայց կրթական, կառավարչական, տեխնոլոգիական, հոգեւոր կենտրոններ քաղաքների եւ բնակավայրերի կառուցումը Հայաստանի տարածքով մեկ: Դա պետք է լիներ յուրահատուկ ցանց, այլընտրանքային մի երկիր երկրի մեջ, անհրաժեշտ երկրորդ հարկ, արժեքների ձեւավորման բարձունք, արտադրման, պահպանման եւ զարգացման միջավայր: Այս ցանցի մի մասը կոմպակտ քաղաքներ էին՝ անվանված հին դիցարանի աստվածների անուններով՝ Վահագն, Միհր, Տիր, Անահիտ, Աստղիկ, Արամազդ եւ այլն, իսկ մյուս մասն ավելի փոքր միավորներ՝ համալսարաններ, գիտական հաստատություններ, արտադրամասեր, ռազմական ֆորպոստներ, սրբավայրեր, արվեստի կենտրոններ, սպորտային բազաներ եւ այլն: Սրանք նոր ժամանակների վանքերն ու ամրոցներն էին, որոնց մի մասը միաժամանակ նաեւ զբոսաշրջության կենտրոններ էին: Սրանք տեղադրված էին երկրով մեկ՝ մի մասն աշխարհագրորեն առավել կենտրոնական, իսկ մյուսները, հակառակը, սահմանային շեշտված վայրերում, բայց բոլորն էլ ծովի մակերեւույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա: Որոշներն ունեին համահայաստանյան, մյուսները՝ մարզերի ներուժը կենտրոնացնելու, ձեւավորելու առաքելություն, բայց բոլորը միասին մի նոր՝ «աստղային Հայաստան» պետք է դառնային՝ ձգված դեպի երկինք: Այստեղ պետք է արտադրվեր միտք, արվեստ, գիտություն, գաղափարներ, ձեւեր, կոփվեր կամքն ու մարմինը, ձեւակերպվեին նախագծեր, կառուցվածքներ ու կազմակերպություններ՝ երկրի բարձրագույն տնտեսությունը:
Քաղաքներն աստվածների անուններով անվանելը հին ավանդության վերանորոգում էր, բայց նորացված իմաստավորմամբ: Հնում մի ամբողջ քաղաք կարող էր լինել սրբավայր, ոչ միայն նվիրված մի աստծու, այլեւ ինքը որոշ իմաստով լիներ աստվածություն: Նոր պայմաններում սա պետք է խորհրդանշեր ձգտումը դեպի վերեւ, վերացարկումը մարդկային առօրեականությունից, թուլությունից ու սահմանափակվածությունից, մաքուր կամքի գերակայությունը առարկայական պայմանների նկատմամբ: Ամեն աստվածային քաղաք մի տիեզերանավ պետք է լիներ, որը ձգտում է աստղային իր առաքելությանը՝ հեռավորին, անհնարինին: Կամ լիներ հայկական Վալհալա՝ աստվածների բնակավայր, ուր ստեղծվում են բարձրագույն գաղափարներն ու կաղապարները, ուր երկրի կյանքը հասնում է աստվածային երջանկության, բայց ուր նաեւ կատարվում է բնական ընտրություն լավագույնների միջեւ: Ցանցի յուրաքանչյուր անդամ ուներ իր հատուկ ուղղությունը, որը համապատասխանում էր ընտրված անվան: Օրինակ՝ Միհրը՝ կառավարման, իրավունքի եւ արտաքին հարաբերությունների ու խաղաղության կենտրոն, Վահագնը՝ ռազմարվեստի, ազգային-հեղափոխական գաղափարի, համարձակ ապագայապաշտ նախագծերի, Տիրը՝ գիտության, արվեստի, Աստղիկը՝ նացիոնալ-ֆեմինիզմի, Արամազդը՝ քաղաքականության ու պատմագիտության, եւ այլն:
Հայկական բարձունքները հայկական հյուսիսն են կամ գուցե, ասենք, հայկական արեւմուտքը՝ հակադիր եւ գերիշխող արեւելյան շոգի մեջ ամառները տապակվող ցածրադիր դաշտավայրերի: Արեւելքն ու արեւմուտքը, հյուսիսն ու հարավը, իհարկե, խորհրդանիշներ են, պայմանականություններ, որոնց պետք չէ բառացի ընդունել, բայց Հայաստանի մեջ կան բոլորը՝ արեւելք ու արեւմուտք, հյուսիս ու հարավ, եւ կարեւոր է դրանք ճիշտ դասակարգել, ճիշտ աստիճանակարգել Հայաստանը կազմակերպելու եւ ներուժը բացահայտելու համար: Ինչպես հայկական գենետիկայի մեջ, որն այժմ ակտիվորեն բացահայտվում է՝ շնորհիվ միջազգային հետազոտությունների, գերակայող են երկու հայրական գծերը (գիտականորեն՝ Իգրեկ քրոմոսոմի հապլոխմբերը)՝ արեւմտյան հնդեվրոպականը (R1b), որի այսօրվա հիմնական կենտրոնացումն Արեւմտյան Եվրոպայում է, եւ Մերձավոր Արեւելքի հյուսիսին բնորոշը (J2), այնպես էլ Հայաստանի աշխարհագրությունը միավորում է իր մեջ «նորդիկն» ու «զյույդիկը» եւ մյուսները: Միջինացված հայկական բնավորության մեջ նույնպես ակնհայտ են տարրեր, որոնք այնքան էլ համատեղելի չեն համարվում, օրինակ՝ ավելի հյուսիսային ընկալվող ինտրովերտությունը, զսպվածությունը եւ ավելի արեւելյան ընկալվող ճարպկությունը, խորամանկությունը, ճկունությունը: Սրանք բոլորն էլ որքան հակադիր, նույնքան էլ բնական մասն են հայկականության: Բայց ճիշտ աստիճանակարգման դեպքում պայմանական «նորդիկը» պետք է գերիշխի մյուսների նկատմամբ, ինչպես որ հայկական հայրական գծերում գերիշխում է արեւմտյան հնդեվրոպական R1բ գիծը, ինչպես որ այդ գերիշխող գծից ենք ժառանգել մեր լեզուն, ինչպես որ դա գերիշխել է հայոց պատմության մեծ մասի ընթացքում՝ ի դեմս հայկական ազնվականության: Ի դեպ, միջին բրոնզի դարաշրջանում, որն ակնհայտ հետքեր է կրում մեծ հնդեվրոպական տեղաշարժի դեպի Հայաստան, բնակավայրերի միջին բարձրությունը միանգամից բարձրանում է:
Հյուսիսային բարձունքային պայմանները կոփում են մարդուն, դաստիարակում նրա մեջ կամք, զսպվածություն, բանականություն, արիություն:
Անկախ Հայաստանը դեռ չունի իր մայրաքաղաքը, բայց պետք է ունենա՝ մարմնավորումը իրապես նոր Հայաստանի, ինքնիշխանության ձգտման, գրեթե զրոյից նորը կերտելու կամքի: Նույնիսկ ճարտարապետորեն այն չպետք է փոխառի արդեն կայացած, ավանդույթ դարձած ձեւերը, ոչ էլ պետք է բառացի փոխառի աշխարհոմ այսօր գերակայող որեւէ ձեւ, այլ ավանդական ազգայինի եւ գերակա համաշխարհայինի այնպիսի ստեղծագործական յուրացում լինի, որի մեջ գոնե արտաքուստ գրեթե հաղթահարված լինեն սկզբնօրինակները, այնպես, ինչպես հայոց այբուբենի մեջ գրեթե հաղթահարված է, չի զգացվում հին հունական ենթադրյալ բնօրինակը:
Եթե Երեւանը փոխառում էր ազգային միջնադարից՝ Անիից ու մյուսներից, եւ մյուս կողմից եվրոպական նորդասականությունից, իսկ ավելի ուշ որոշ կառույցներում՝ ընդհուպ մինչեւ ուրարտական ոճերից, ապա նորը կարող է փոխառությունների առումով անգամ ավելի հեռավոր անցյալի ձեւերին դիմել՝ բրոնզե դար, էնեոլիթ, նեոլիթ, որոնք ճանաչելի չեն որպես ավանդույթ այսօրվա մարդու համար, եւ որոնց մեջ մյուս կողմից կան ձեւեր, որոնք ունեն զարմանալիորեն «գերժամանակակից» տեսք: Բայց Երեւանից պետք է ժառանգություն վերցվի եւ փոխառվի արգիշտիական պաթոսը՝ «հողն ամայի էր, մեծ գործեր կատարեցի այդտեղ», այսինքն՝ զրոյից, ոչնչից կառուցելու հոգեբանությունը, որը, ի դեպ, առանց որեւէ բան իմանալու Արգիշտիի եւ Էրեբունու մասին կարողացել էր որսալ նաեւ Թամանյանը:
* * *
Վահագնի եւ աստղային ցանցի մյուս բնակավայրերի կառուցումը 2030-ականների Հայաստանում հետեւանք էր քաղաքական լուրջ փոփոխությունների, որոնք տեղի ունեցան երկրում 2028-ից հետո: Այդ ժամանակ էր, որ ազդված նաեւ համաշխարհային փոփոխվող իրավիճակից, արդեն ավելի քան 100-ամյա ավանդույթ ունեցող հայկական հեղափոխությունը վերջապես հասու եղավ սեփական ինքնագիտակցության կառուցմանը եւ ինքնակազմակերպմանը՝ հիմնված քաղաքական բնիկ փորձի իմաստավորման վրա, եւ դադարեց իրեն դիտել ու գիտակցել սոսկ որպես «առաջադեմ մարդկության» մի տեղական անդեմ ու անհոգի մասնաճյուղ, որի միակ նպատակն է պայմանական Փարիզի «չափերի եւ կշիռների պալատում պահվող վակուումի մեջ էտալոնային ճշմարտությունների եւ սֆերիկ ձիերի» ճշգրիտ տեղակայումը Հայաստանում, բոլոր լավ բաներին կողմ լինելն ու բոլոր վատ բաներին դեմ լինելը, ծխելու եւ այլ «խուժան բաների» դեմ պայքարը, հավաքարարական-սանիտարական միջոցառումները, եւ որ հենց այդ՝ թեկուզեւ խիստ անհրաժեշտ միջոցառումներն իմաստ են ստանում, միայն եթե մեծ քաղաքականության մաս են:
Քաղաքական մտածողության այս կարեւոր հեղաշրջման բնական հետեւանք դարձան մեծ նպատակներով ու մեծ հեռանկարներով մտածելը, նախագծելը, կյանքի կոչելը:
* * *
Նոր էր սկսվել Վահագնի կառուցումը, երբ ստացվեցին տեղեկություններ այն մասին, որ հայկական բանակը, օգտվելով պատեհ իրավիճակից, մտել է Նախիջեւան, եւ Երեւանի բնական աշխարհագրական կապը հարավի հետ վերականգնված կարող է լինել:
* * *
Հավելված: Պատառիկ Հայաստանի նոր մայրաքաղաքին նվիրված չափածո սեւագրից, որը հայտնաբերվել է վաղամեռիկ բանաստեղծ Վարագ Անգեղյանի արխիվից (բաց ենք թողել անընթեռնելի հատվածները, որոնք նշել ենք՝ /......./):
Խալդիի զորությամբ
Արգիիստիիսե Մենուախինիսե
Ժայռերից պոկված քարաբեկորներն
Իր ուսին կրեց,
Կառուցեց փողերն ահագին
Մեծամորի ատոմակայանի
Արմավիրի դաշտի
Խամրած կանաչում՝
Մե խա՛չ ի փայդա ըլի խայոց ազգին.
Հողն ամայի էր,
Ձադուբի արնիսինիլի DAN.NU
Արգիստինի Մենուախի
Կալաշնիկովի խաչը
Ձեռքերին.
Տանկերը խաչազա՛րդ,
Լուսավոր ճանապարհ.
Խալդիի կուրո՜ւնի,
Խալդինի սուրի կուրո՜ւնի,
Կատղավ մանուկ ուրօրոցին՝
Խրողբեր, կուզեմ քենե
Իմ խոր խաչ Պատարազին,
Գրադ կայանը
Բանեցնեմ հմուտ
Հրետանավորի պես,
Ռազմամթերքի արկղը գրկած
Iron ma՛n եմ ես,
Բանուկ դարձնեմ ուղիները՝
Երկնային երկաթգիծը
Լուլուինաուի նապախիաիդի:
«Black winter day»,
Վարդն ի պացվե Վարդըվէրի կիրակին.
Արգիստիսե Մենուախինիսե՝
Երկթեւանի արծի՛վ՝
(Նոր լրջություն)
Ճանկերով սո՛ւր,
Երկաթագի՛ր,
Բարձրաքանդա՛կ.
Զանգիբասարի ուրու,
Ղամարլուի ուրվական,
Բասարգեչարի բազե,
Դավալուի դարանակալ
Գազան....
Ժամանակը դառնում է կրկին
Զրոյից է սկսվում աշխարհը,
Ու երկնում է նոր ինքնություն
Գուշակում է նորակերտում.
Սուր ժայռաբեկորային,
Ժայռապատկեր հայություն
Ձմեռային.
Բարզափրան Ռշտունի`
Մագիլներով հովազի
Քարերին քերթող,
Նոր Տուշպա`
Հակաբյուզանդական,
/......./ ատյաց,
Միաբնակ,
Գայլախումբ,
Մթնաձոր:
Led Zeppelin.
Immigrant song.
Ռուբեն Դարբինյան
«Ռուսական վտանգը»…
A human destiny, but nothing human inside