Պապ թագավորի
այլընտրանքային
պատմությունը
Մաս IV.
Վճռական պայքարի
նախապատրաստությունը
Մուշեղ Մամիկոնյանի մահապատժից հետո երկու կողմերը՝ Պապն ու բյուզանդացիները, պատրաստվում էին վճռական բախման:
Արտաքուստ հարաբերությունները լավ էին, նույնիսկ՝ դրական: Բյուզանդացիները հետ կանչեցին իրենց զորավարին, որը կասկածվում էր Պապի դեմ դավադրության կազմակերպման մեջ: Նրա փոխարեն եկավ նորը՝ ծագմամբ հայ, որը պետք է հաստատեր բյուզանդացիների դաշնակցային վերաբերմունքն առ հայերը: Նա ամեն բան անում էր՝ շահելու երիտասարդ արքայի եւ հայ իշխանների սիրտը: Մուշեղի մասնակցությամբ դավադրությունը բացատրում էին որպես տհաճ միջադեպ, որի մեղքը գցում էին Հայքում բյուզանդական զորքերի նախկին զորավարի վրա, որը գործել է իբր սեփական նախաձեռնությամբ, առանց հռոմեական արքունիքի իմացության, իսկ այժմ էլ պատժված է՝ աքսորված հեռավոր մի կղզի:
Իրական պայքարը, պատրաստությունը տեղի էր ունենում ոչ թե այս՝ արտաքին եւ մակերեսային շերտում, այլ խորքից՝ ընդհատակյա հոսանքով՝ շատերի համար աննկատ ու անընկալելի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՔԱՅԻ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Մուշեղի պատժով խնդիրը ոչ միայն չէր լուծվում, այլեւ դեռ նոր էր դրվում իր ամբողջ սրությամբ ու լրջությամբ: Դա այդպես էր, քանի որ հարցը զուտ ներքին հայկական չէր: Ներքին ուժերի հետ միշտ էլ հնարավոր էր եւ անհրաժեշտ էր պայմանավորվել, հաշտության եզրեր գտնել, խոսել: Ներքին ուժերը չունեին այն հենքը, որի վրա հենվելով կարող էին տեւական պայքար մղել թագավորի դեմ: Ներքին համակարգն ի սկզբանե կառուցված էր ուժերի հավասարակշռության վրա, որը որոշ իրավիճակներում կարող էր խախտվել այս կամ այն կողմ, բայց որը միշտ էլ կարճատեւ ճգնաժամից հետո վերադառնում էր իր միջին վիճակին՝ բալանսին:
Խնդիրն ուրեմն ներսում չէր, այլ դրսում: Ներսի դավադիրներն ընդամենը քող էին, գործիք արտաքին մեծ ծրագրի, որի բոլոր մանրամասները կարող էին եւ չիմանալ՝ գործելով միայն իրենց նեղ տեսադաշտում: Իր գործողություններով Պապը մարտահրավեր էր նետել աշխարհակալ ուժին, հայտ էր ներկայացրել իրական ինքնիշխանության, եւ ուրեմն, պետք է դեռ երկար, ջանադիր, մտածված կռվով ապացուցեր իր իրավունքը՝ հակառակ գնալու աշխարհի տերերի ծրագրերին: Նման իրավունքը երբեք հեշտ չի վաստակվում, երբեք մեկքայլանի գործողությամբ չի ապացուցվում, այլ կյանքի ու մահվան պայքար է, որում պարտվողը վճարում է ամենաթանկ գինը՝ ոչ միայն ֆիզիկական մահ, այեւ դարերի անեծք ու զրպարտանք, իսկ հաղթողն իր անունը դրոշմում է դարերի մեջ:
Երիտասարդ հայոց թագավորը, սկզբում ակամայից, հանգամանքներից դրդված մտնելով պայքարի մեջ, որի ծավալներն ու բուն էությունը նա ի սկզբանե չէր կարող պատկերացնել եւ պատրաստ էլ չէր դրան, հենց այդ պայքարի մեջ եւ դրա շնորհիվ հասունանում էր, «մեծանում», իմաստնանում ոչ թե տարիների, այլ ամիսների եւ նույնիսկ օրերի ընթացքում: Նրա սկզբնական «վարդագույն» մոտեցումներից քիչ բան էր մնացել: Թեեւ անշեղորեն պահում էր իր բարձր ձգտումներն ու իդեալները, բայց ավելի ու ավելի հասկանում էր մեծ նպատակներին հասնելու խճճված բարդությունը ու գերմարդկային կամքի մտածողության անհրաժեշտությունը:
Սկզբում Պապը մտածում էր, որ Կոստանդնուպոլսի արքունիքում պարզապես սխալվել կամ խաբվել են, որ Հայքից նրանց սխալ տեղեկություններ են հաղորդել տեղական զորքի բյուզանդական հրամանատարը կամ էլ հայկական իշխանները: Նա կարծում էր, որ հարցը հնարավոր է հարթել. եթե պարզվի այդ սխալմունքը, ինքը դեմ չէ հայ-հռոմեական դաշինքին, ինքը պատրաստ է լինել հավատարիմ դաշնակից, եւ իր միակ մտահոգությունն իր թագավորության անկախությունն ու անվտանգությունն է:
Երբ պարզ դարձավ, որ խնդիրը միայն տեղեկատվական սխալը չէ, այլ որ բյուզանդական արքունիքն այդուհանդերձ կապ ունի տեղական դավադիրների հետ, հայոց արքան կարծեց, որ խնդիրը բյուզանդացիների սխալ քաղաքական հաշվարկն է:
ԻՆՉՊԵՍ ՑԱՅՍՕՐ ԻՍԿ ԲՆՈՐՈՇ Է ՇԱՏ ՀԱՅԵՐԻ, ՆԱ ՄՏԱԾԵՑ, ՈՐ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՏՐԵԼ ՀԵՆՑ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ, ՉՀԱՍԿԱՆԱԼԸ, ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԸ:
Որ նրանք չեն տեսնում, որ Հայքի անկախությունը, կայունությունը ձեռնտու է, պետք է նաեւ իրենց: Կարծես հնարավոր է, որ մեծապետական դարերի ավանդույթ ունեցող մի որեւէ արքունիք այդ աստիճանի չհասկանա ինքն իր ուզած-չուզածը, սխալն ու ճիշտը: Հայկական միամտության այս երկրորդ փուլն էլ շատ արագ հերքվեց դեպքերի զարգացմամբ:
Վերջապես Պապը որոշեց, որ եթե իր բարի կամքը չի անցնում, ապա հաստատապես կանցնի «չարը»: Ցուցաբերելով առավելագույն դիմադրություն՝ նա կհամոզի բյուզանդացիներին, որ նրանց ծրագրերն իրատեսական չեն, եւ նրանք ստիպված են հաշտվելու հայոց արքայի կամքի հետ, ինչպես որ ցանկացած դիմակայությունում հակառակորդը ստիպված է հրաժարվել իր նպատակներից, եթե դիմադրությունը բավականաչափ ուժեղ է, եւ դրա հաղթահարման գինը՝ անընդունելի: Ընդհանուր առմամբ սա ճիշտ հաշվարկ էր՝ հին եւ աշխատող աշխարհի ու նույնիսկ տիեզերքի պես, սակայն ոչ բառացի աշխատող այս դեպքում: Երբ կայսրությունը նպատակ է դնում իր զինված ուժը տեղադրել այսինչ տարածքում՝ վերացնելով այդ տարածքի տեր պետության փաստացի ինքնիշխանությունը, ապա դիմադրության սովորական չափը չի կարող բավարար լինել այդ նպատակը չեղարկելու համար: Դիմադրության շատ ավելի ուժգին, համակարգված, տեւական եւ բազմամակարդակ աստիճան է պետք:
Այժմ արդեն Պապը հասկանում էր, որ նրա դիմադրության հաջողությունները, նրա հաղթական կետերը, ոչ թե թուլացնելու են, այլ միայն ավելի են սրելու, ուժեղացնելու պայքարը, որ կամա թե ակամա մտնելով հանուն ինքնիշխանության կռվի մեջ՝ նա չի կարող հույս ունենալ մե՛կ գործողությամբ, մե՛կ փուլով, մե՛կ ուղղությամբ միայն ավարտին հասցնել պայքարը: Խաղը, որի մեջ նա արդեն մտել էր, բազմաքայլ ու տեւական էր: Նման խաղերի մեջ առավել հաճախ մտնում են հենց ակամայից, որովհետեւ եթե մարդը նախապես պատկերացնի, թե ինչ մակարդակի բարդ պայքարի մեջ է մտնում, նա չի հավատա հաջողելու հնարավորությանը: Բայց մեկ անգամ մտնելով՝ հետքայլն արդեն հնարավոր չէ, նույնիսկ երբ բարդության եւ անհնարինության գիտակցությունը գալիս է: Հոսանքն ինքն է տանում, իսկ մարդը միայն պետք է ուշադիր լինի նշաններին:
ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱ
Հանգամանքներից դրդված՝ հայոց արքան պետք է ավելի ու ավելի համարձակ դառնար իր մտքերում, իր հոգեբանությամբ, իր ծրագրերում: Կան իրավիճակներ, երբ կարեւոր է չափավորությունը, զգուշությունը, կշռադատվածությունը, եւ կան իրավիճակներ, երբ հակառակը, հաղթողը համարձակությունն է, խոշոր խաղադրույքները: Կան սակայն ավելի հազվադեպները, երբ անհրաժեշտ է ոչ թե նույնիսկ սովորական համարձակություն, այլ դրա գերադիր չափը, ավելի ու ավելի աճող համարձակություն՝ ընդհուպ մինչեւ անհնարինի սահմաններում խաղալը: Սա նման է դրույքներով խաղի՝ խաղացողը պետք է զգա, երբ է գալիս այն պահը, որ լինում է գուցե կյանքում մեկ անգամ, երբ առավել անհավանական դրույքը կարող է աշխատել: Նման կերպով տարվել են պատմության ամենամեծ հաղթանակները, բայց նաեւ կրվել են ամենամեծ պարտությունները: Մեկը կապված է մյուսի հետ, չի կարող դարերի հաղթանակ ունենալ նա, ով չի ենթարկվում դարերի պարտության ռիսկին: Եվ չի կարող խաղալ նա, ով չի տարբերում ժամանակները՝ կանխատեսելիության տեւականությունն ու անկանխատեսելիության կայծակնային պահը:
Այն կռվում, որի մեջ մտել էր Պապը, միակ տարբերակը ոչ թե պարզապես համարձակությունն էր, այլ համարձակության ամեն օր ավելի ու ավելի մեծ չափը, համարձակության էսկալացիան: Համարձակության մեջ մտնում էր նաեւ լայնքը՝ ավելի ու ավելի լայն, մեծ չափերով մտածելը, իրավիճակն ավելի ու ավելի մեծ հեռապատկերի մեջ տեղավորելը՝ դուրս հայկական լեռների հորիզոններից, մինչեւ հեռավոր ծովափեր ու օվկիանոսներ, մինչեւ երկինքն ու երկիրը միավորող եզերքը, մինչեւ ծովը ծիրանի եւ ի ծովույն վազող խարտյաշ պատանեկիկ:
Համարձակությունն ու լայնացումը նշանակում էր նաեւ ավանդական դարձածի վերանայում: Հայկական թագավորների ավանդական քաղաքականությունն էր՝ երկու մեծ տերության ուժերի կշռույթի միջակայքում նուրբ, լարախաղացի արվեստ հիշեցնող խաղը: Դա բնական էր որեւէ պետության համար երկու՝ իրենից ավելի հզորների սահմանին: Հայքը փոքր պետություն չէր, հայոց հզորությունն արհամարհելի միավոր չէր: Ժամանակակից լեզվով ասած՝ Մեծ Հայքը կարելի էր կոչել միջին տերություն (middle power), ինչպիսին է այսօրվա աշխարհում, օրինակ, Թուրքիան: Հայքը դաշնակից էր մերթ Հռոմին, մերթ Իրանին, բայց դաշնակից լինելով մեկին՝ հաշվի էր առնում մյուսի շահերը եւ կարողանում էր նաեւ ապահովել իրեն անհրաժեշտ ինքնուրույնության չափը:
Երկու մեծ տերության միջակայքում բալանսավորվելու կարողությունն արհամարհելի արվեստ չէ: Դեռ մի բան էլ հակառակը, դա հաճախ հասցնում է քաղաքականությունը նրբագույն մակարդակի, նմանվում նուրբ թելից հյուսված, բայց ամուր եւ ճկուն սարդոստայնի: Այս արվեստի մեջ հմտացած պետությունների վերնախավերը կարողանում են հասնել արվեստի այնպիսի բարձունքների, որոնք հաճախ անհասու են մեծերին: Իսկ եթե պետությունը շատ փոքր չէ եւ ունի բավականաչափ ներուժ, ապա հաճախ չկա նրանից ավելի կենսունակը:
ԲԱՅՑ ԲԱԼԱՆՍԻ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ՝ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ՏԵՎԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ:
Անցումային փուլերում, ճգնաժամային իրավիճակներում այս արվեստի ծանրաքաշ նրբությունը վերածվում է բեռի, իներցիայի, աննկատ, բայց անընդհատ մանր կորուստների, որոնք ի վերջո հյուծում եւ թուլացնում են համակարգը, որն այդ արվեստը կոչված է պաշտպանել:
Պապը ստիպված պետք է հրաժարվեր այս ավանդույթից: Թեեւ օգտագործելով որոշ տարրեր՝ նա պետք է փնտրեր այլ լուծումներ ու համակարգեր:
ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻՆԸ
Պատրաստվելով մեծ ու վճռական պայքարի՝ երկու կողմերը նախեւառաջ պետք է պատրաստեին իրենց պայքարի հենքը՝ կառուցեին, ամրացնեին, լայնացնեին կռվի բազիսը, որը ցանկացած կռվի թիվ մեկ անհրաժեշտությունն էր՝ լինի դա ռազմական բախում, թե քաղաքական պայքար: Նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ հենարան՝ այնքան լայն, որքան լայն ու մեծ են նպատակներն ու խնդիրները:
Լայն իմաստով պատերազմի հենքը՝ բազիսը, ամբողջ երկիրն է իր ողջ ներուժով, որը պետք է կազմակերպվի ու ամրացվի: Ավելի նեղ իմաստով պայքարի հենքը ուժերի այն մասն է, որը պետք է անմիջապես ներգրավված լինի պայքարի մեջ: Բյուզանդացիների խնդիրն այստեղ ավելի պարզ էր: Նրանց լայն հենքը կայսրության ամբողջ ներուժն էր, որը վերակազմավորելու խնդիր չկար, քանի որ այն ի սկզբանե կառուցված էր իր մեջ նորանոր կտորներ կլանելու համար, անմիջապես ուղղված էր որեւէ անկախ, ազատ տարածք հնարավորինս գրավելու եւ վերացնելու: Խնդիր էր միայն նեղ իմաստով հենքի ամրապնդումը: Այս նեղ հենքի՝ Հայքի դեմ պայքարում հենց այն դավադրական ցանցն էր, որը կայսրությունն արդեն ուներ Հայքում: Մնում էր միայն ավելի ամրացնել, վերակազմավորել եւ պատրաստել անմիջական բախման:
Մեծ աշխատանք էր տարվում՝ համախմբելու Մամիկոնյանների բոլոր ճյուղերը վրեժի նպատակի շուրջ: Մամիկոնյանների ազգը՝ մեծ եւ բազմաճյուղ, ոչ բոլորն էին իրար հետ հաշտ. ավանդական եւ մշտական ներքին մրցակցությունը, պայքարն ավագության եւ կալվածքների համար բնորոշ էր մեծ ազնվական տոհմերին: Դրա համար հեշտ չէր բոլորին միավորել մեկ նպատակի շուրջ, մանավանդ որ Մուշեղի դատն ու պատիժը շատերին արդար էին թվում նույնիսկ Մամիկոնյանների ներսում, եւ բացի այդ, թագավորական ուժի ու կարողության ապացույց էին: Անհրաժեշտ էին մեծ ջանքեր ցանկալի հակաթագավորական միասնությունն ապահովելու համար՝ սկսած փողից ու թանկարժեք նվերներից մինչեւ բարոյական, գաղափարական եւ քարոզչական ապահովում արքայական դատաստանի արդարության մասին պատկերացումը կոտրելու համար:
Նոր եռանդով մշակված եւ շրջիկ քարոզիչների (գուսանների կամ կրոնավորների քողի տակ) միջոցով տարածվող սարքովի լուրերի համաձայն՝ փորձ էր արվում ոչ միայն եւ ոչ այնքան անմեղ դարձնել Մուշեղին (դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ դեպքերը տեղի էին ունեցել շատերի աչքի առաջ կամ նույնիսկ մասնակցությամբ), որքան ենթատեքստով արդարացնել հակաարքայական դավադրությունը:
Փորձում էին Պապին ներկայացնել ոչ միայն որպես ինչ-որ գաղտնի, դիվական պաշտամունքի նվիրյալ, որն իբր ժառանգել է իր մորից՝ Փառանձեմից, այլեւ որպես սեռական այլասերվածությունների կրող ու տարածող: Ներկայացվում էին նաեւ քաղաքական մեղադրանքներ՝ իբր Պապն ուզում էր երկիրը հանձնել պարսիկներին, որի ճանապարհին նրան խանգարում էր քաջ Մուշեղը, որն այդու հակաանկախական դավադիրից վերածվում էր անկախության համար պայքարի զոհի: Փորձում էին նաեւ բյուզանդացիների հետ առճակատման մեղքը գցել հայոց արքայի վրա՝ վերագրելով նրան բացառիկ հիմարություն՝ իբր տարածքային պահանջներ է ներկայացրել Հռոմին՝ հայտարարելով, որ Կեսարիան եւ մյուսները հայկական հողեր են եւ պետք է վերադարձվեն Հայքին: Մյուս կողմից էլ ասում էին, թե իբր պատրաստ էր հայոց արեւելյան տարածքների մի մասը՝ Փայտակարանը, Արցախը, Պարսկահայքը, նվիրել պարսիկներին ու աղվաններին, որպեսզի աջակցություն ստանա իր հակահռոմեական պայքարում: Այս ամենը պետք է դառնար գաղափարական այն հենքը, որով արդարացվելու էին հակաթագավորական գործողությունները:
Եկեղեցու ներսում էլ տարվում էր համապատասխան աշխատանք, որը նույնպես այդքան էլ հեշտ չէր: Հայոց եկեղեցին միասնական եւ ինքնուրույն քաղաքական միավոր չէր, այլ բաժանված էր ներսում խմբերի, ինչպես հայոց իշխանական տները: Ամեն գավառի եպիսկոպոս փաստացի ենթակա էր տեղի իշխանին եւ մասն էր այն քաղաքական խմբավորման, որի մասն էր գավառի իշխանը: Իշխանական խմբերը մրցում էին միմյանց հետ, թե ում ներկայացուցիչն է զբաղեցնելու հայոց եպիսկոպոսապետի գահը: Ըստ որում՝ թագավորական տունն ուներ իր նախընտրելի Աղբիանոսի տոհմը՝ որպես գլխավոր եկեղեցական գահի ներկայացուցիչ: Չնայած Արշակ Բ-ի թագավորության սկզբին այդ դիրքին էր հասել Մամիկոնյանների թեկնածու Ներսեսը, բայց նրա տոհմը չուներ ոչ եկեղեցու, ոչ էլ իշխանների ներսում միանշանակ աջակցություն եւ դեռ պայքարում էր իրեն համապատասխան ծննդաբանություն եւ եպիսկոպոսապետի գահի՝ իբր ժառանգական իրավունք ունենալու պատմությունը ստեղծելու եւ որպես ճշմարտություն մյուսներին պարտադրելու համար: Այնպես որ, եկեղեցու ներսում բյուզանդական ցանցի ամրացումը շատ հեռուն գնալ չէր կարող. փաստացի դա հայելային պետք է արտացոլեր այնքան, որքան հնարավոր էր կորզել իշխանների մեջ: Որքան իշխանական տներ կկարողանային բյուզանդացիները համախմբել իրենց ցանցում, նույնքան էլ եպիսկոպոսներ կունենային եկեղեցու ներսում:
Բյուզանդական ցանցի նոր ուղղությունն էր՝ Պապի անմիջական շրջապատի մեջ ներդրվելու փորձերը: Այստեղ նրանց բնականաբար պետք էին ոչ թե բաց, այլ քողարկված կողմնակիցներ եւ տեղեկություններ հասցնողներ, այսպես ասած՝ ականներ, որոնք պետք է պայթեին ճիշտ ժամանակին: Թեեւ սա էլ, հասկանալի է, հեշտ խնդիր չէր, սակայն որոշ չափով լուծելի էր: Չնայած Պապի դիրքերն ամրապնդվում էին Մուշեղի պատժից հետո, սակայն քիչ չէին նաեւ վախեցողները: Հայոց արքան վտանգավոր ուղի է բռնում, ասում էին նրանք: Նա տանում է մեզ անխոհեմ առճակատման «աշխարհի» հետ, հռոմեական ուժի դեմ, որի հետ մենք չենք կարող չափվել: Պապը պահում է իրեն խելագարի նման, անկանխատեսելի է, խախտում է ավանդական կարգերը: Խաղաղ ու ապահով կյանք չի լինի նրա օրոք: Այսպես մտածողների մի մասը պարզապես չէին հասկանում ստեղծված նոր՝ նախկին փորձից անծանոթ իրավիճակը, եւ չէին ընկալում այն քայլերն ու ուղին, որոնք հայոց արքան, հաղթահարելով նաեւ սեփական պատկերացումները եւ ներքին արգելքները, ստիպված էր աստիճանաբար ձեռնարկել: Այս «վախեցած» միջավայրը բավականին պարարտ հող էր բյուզանդական ցանցի ներթափանցման համար: Մի քանի զրույց, մի քանի նվեր, մի քանի խոստում, հոգեբանական մշակում եւ նյութական խրախուսում կարող էր ծուղակը գցել արքունիքում կարեւոր դիրքեր ունեցողներից մի քանիսին: Հայոց իշխանները բյուզանդական չափով ոչ շատ փող էին տեսել, ոչ էլ շատ հմուտ էին «համաշխարհային քաղաքականության» նրբություններում. նրանց պատկերացումներն իրենց ու կյանքի մասին նախնական էին, վիպական կյանքով ապրող ժողովրդի պես միամիտ: Շատերն ընկնում էին ծուղակը՝ առանց հասցնելու հասկանալ այդ փաստը:
ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ՊԱՊԻ ՆԵՐՔԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Ինչ վերաբերում է Պապին, ապա պայքարի հենք կառուցելու նրա քայլերն անհրաժեշտաբար ավելի բարդ եւ ընդգրկուն պետք է լինեին, քանի որ նա չուներ բյուզանդական կայսրության բնական լայն հենքը եւ շատ բան պետք է ստեղծեր զրոյից ու արագ:
Պապի ռազմավարական ծրագիրը կարելի էր բաժանել երկու մեծ հատվածի, որոնցից մեկը պայմանականորեն կկոչենք «լայնացում», իսկ երկրորդը՝ «խորացում»: Առաջինն ավելի արտաքին, իսկ երկրորդը ներքին խնդիրներին էր վերաբերում:
«Խորացման» ծրագիրը ենթադրում էր Մեծ Հայքի ներքին համակարգերի ծավալուն եւ արագ վերակառուցում, երկրի ինքնիշխանության ամրացում՝ հիմքերում, արմատներում, կառուցվածքներում: Եթե նախկինում՝ միջազգային տեւական կայունության պայմաններում, երկրների ինքնիշխանության եւ անվտանգության գլխավոր երաշխիքը հենց ինքը՝ միջազգային համակարգն էր եւ հայոց արքաների բալանսավորման քաղաքականությունը, ապա այժմ՝ արմատական փոփոխությունների փուլում, ինքնիշխանության եւ անվտանգության ներքին հիմքերն էին կարեւորվում:
Պապն ու իր թիմը խնդիր էին դնում նախ՝ է՛լ ավելի ամրացնել հայոց եկեղեցու ինքնուրույնությունը, երկրորդ՝ հզորացնել զինված ուժերը՝ նոր տիպի զորամիավորներ ստեղծելով, երրորդ՝ ստեղծել ինքնուրույն հայոց գիր ու գրականություն, չորրորդ՝ պատվիրել հայոց պատմության այնպիսի գիրք, որը կհիմնավորեր հայոց թագավորության հնությունը, հզորությունը, միասնությունը եւ հայերի՝ հնուց անկախ ու քաջ ազգ լինելը, հինգերորդ՝ ստեղծել ուրույն հայկական ճարտարապետական ոճ հատկապես եկեղեցաշինությունում, այնպես, որ Մեծ Հայք մտնողն անմիջապես զգար, որ հայտնվել է թեեւ քրիստոնյա, բայց միանգամայն ինքնուրույն մի տարածքում՝ աչք գցելով եկեղեցիների վրա, որոնք պետք է շեշտեին հռոմեականից տարբեր հայկական բնապատկերի տարբերությունը հարեւան երկրներից: Բացի այդ, նույն ծրագրի մասերն էին՝ երկրով մեկ ամրոցների, բերդերի, քաղաքների ամրացումը, նորերի կառուցումն ըստ անհրաժեշտության:
ԿՌՎԻ ԲԱԶԻՍԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Է՛լ ավելի բարդ, ծավալուն եւ առաջին հայացքից անհնարին էր արտաքին աշխարհին ուղղված Պապի «լայնացման» ծրագիրը: Դրա փիլիսոփայությունն էր. կա մեծ աշխարհ՝ հեռավոր արեւմուտքում Բրիտանիայից ու Գերմանիայից մինչեւ արեւելքում Հայք, ուր թագավորություններն ու ժողովուրդներն ապրում են իրենց բնիկ ազատության մեջ եւ պայքարում հանուն այդ ազատության կայսրության դեմ, որն անկուշտ գազանի պես ձգտում է կլանել ամեն ինչ իր շուրջը: Կայսրությունը զրկում է ոչ միայն արտաքին ազատությունից՝ հարկատու դարձնելով, այլեւ ի տարբերություն մյուս տիրապետողների ու նվաճողների՝ ձգտում է արմատախիլ անել նաեւ ներքին ազատությունը, քանդել յուրաքանչյուրի ներքին կարգը՝ աշխարհի բազմերանգությունը փոխարինելով գորշ, միապաղաղ, դատարկ միասնությամբ: Քաջ, ազատասեր ժողովուրդներին վերածում է հեշտ կառավարելի անզեն, անլեզու (միալեզու) եւ անհայրենիք ամբոխների:
Կայսրությունը վաղուց ի վեր այնքան ուժեղ չէ, որքան է՛ր իր սկզբնավորման դարերում, երբ նրա ուժի հիմքը կարգապահ՝ մեկ հոգի, մեկ մարմին լեգեոններն էին՝ կազմված Իտալիայի բնակիչներից: Լեգեոնների այդ զորքը քայքայվել եւ փոխարինվել էր վարձկանների խմբերով: Կայսրությունն արդեն գրեթե երկու դար ապրում էր ոչ թե սեփական, այլ հենց այն ժողովուրդների ներուժով, որոնց ազատությունը փորձում էր խլել ու քայքայել: Կայսրության վարձու զինված ուժերի կորիզն էին նույն գերմանացիները, իլիրիացիները, հայերը, արաբները, որոնց կռվող տեսակի հիմքն իրենց հայրենիքների ազատ կարգերն էին:
Բայց ժողովուրդներից ամեն մեկն իր առանձին պայքարն էր մղում հանուն ազատության եւ այդ միայնակ պայքարում պարտվում էր: Եթե ազատ ժողովուրդները միավորվեին, կայսրության գերիշխանության հիմքերն անմիջապես կսասանվեին...
Կայսրությունն ուներ ներթափանցման, նվաճման, կլանման, ձուլման բազմաթիվ նուրբ գործիքներ, որոնք գործում էին ավելի հաջողությամբ, քան զենքը, նախապատրաստում էին զինված գրավումը կամ էլ նույնիսկ ավելորդ էին դարձնում այն: Քրիստոնեական ուսմունքն ու եկեղեցին դրանցից առավել նոր եւ հզոր էին, որոնք վերապրեցին նույնիսկ կայսրության զուտ վարչական, պետական՝ «մարմնական» կառուցվածքը: Պարտադրելով բոլորին միեւնույն կրոնն ու միեւնույն եկեղեցական կազմակերպությունը, բառացի նվաճումը նույնիսկ ավելորդ ձեւականություն էր դառնում:
Ոչ միայն կայսրությունից դուրս ապրող ժողովուրդների, այլեւ կայսրության ներսում ապրող խավերի մեջ քիչ չէին նրանք, ովքեր թաքուն եւ անհույս երազում էին վերագտնել կորցրած ազատությունները՝ քաղաքների ինքնավարությունը, պաշտամունքների եւ ուսմունքների ազատությունը: Բոլորը չբացահայտված դաշնակից էին մեկի, ով կբարձրացներ պայքարի դրոշը...
ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Պապի համար պատվի հարց, միաժամանակ կարեւոր ռազմավարական խնդիր էր իր հոր՝ Արշակի սկսած, բայց ձախողված մտահղացման՝ Արշակավան քաղաքի կառուցումը Մասիս լեռան հարավային ստորոտին: Արշակավանը Թավրիզ-Բագրեւանդ-Կարին-Երզնկա-Սեբաստիա մեծ ճանապարհի վրա էր կառուցվում: Այդ ճանապարհը Մեծ Հայքի ողնաշարն էր: Այն անցնում էր երկրի աշխարհագրական կենտրոնով՝ արեւելքից արեւմուտք: Դա թե՛ արեւելքից, թե՛ արեւմուտքից Հայաստան մտնելու լավագույն ուղին էր, հետեւաբար միաժամանակ առեւտրական կարեւորագույն ուղին, ինչպես նաեւ արեւմուտքից ռազմական ներխուժման լավագույն ճամփան էր: Այլ կերպ ասած՝ որքան եկամտաբեր, նույնքան էլ անվտանգության մարտահրավեր: Արեւմուտքից ճամփան հսկում էր Կարնո բերդը, իսկ արեւելքում էին՝ Դարոյնքը ու Արծափը, որոնց կողքին էլ կառուցվում էր Արշակավանը, որը միաժամանակ պետք է լիներ առեւտրական կարեւոր կետ եւ ռազմական հենարան:
Բյուզանդական հնարավոր ներխուժումը Հայաստան եւ դեպի Հայաստանի քաղաքական կենտրոն Արարատյան դաշտ ուներ երկու հնարավոր ուղի. կարճը՝ Կարինով, եւ երկարը՝ Ծոփք-Մուշ-Մանազկերտ-Բագրեւանդով: Երկու դեպքում էլ Արշակավանի տեղադրությունը կարեւոր էր: Նոր քաղաքը շնչում էր Կարինի թիկունքին, ապահովում պաշտպանության առաջին գծում իր ամրությունները արեւմուտքից ներխուժող թշնամուն դեմ տված Կարնո բերդը: Մյուս կողմից հարավից՝ Մանազկերտ ու Բագրեւանդ հասնելու դեպքում էլ ներխուժողը հայտնվում էր Արշակավանի հզոր բերդի ու կայազորի ազդեցության գոտում եւ չէր կարող շարունակել իր ուղին դեպի Արարատյան դաշտ՝ թիկունքում թողնելով նոր քաղաքը:
Ընդհանրապես Արշակավանն ուժեղացնում էր հայոց միջնաշխարհը՝ երկրի կենտրոնական մասն ու միջուկը, որը համընկնում էր Հայկական լեռնաշխարհի կորիզի՝ հրաբխային բարձրավանդակի հետ: Կառուցվելով միջնաշխարհի արեւելյան մասում՝ նոր քաղաքը շեշտում էր երկրի արեւելյան հատվածի դերը որպես բյուզանդացիների դեմ պայքարի հենարան (արեւելքում բյուզանդական ազդեցությունը պարզ պատճառներով ավելի թույլ էր, քան արեւմուտքում): Արշակավանի դիրքից ավելի մոտ էին եւ ավելի վերահսկելի երկրի հարավային մասերը՝ Վանը, նաեւ՝ Մամիկոնյանների Տարոնը, քան Արարատյան դաշտից, մյուս կողմից՝ հյուսիս-արեւելքը՝ Սյունիքը, Արցախը, նույնպես հասանելի էր: Մասիսից հարավ տեղադրված լինելով՝ Արշակավանը կարծես կրկնապատկում էր, հավելում Մասիսից հյուսիս ընկած Արարատյան դաշտը՝ Հայքի քաղաքական կենտրոնը:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԽՈՒԺՈՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵՐ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՐԾԵՍ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ ԷՐ, ԵՐԿՁԵՌԱՆԻ ԴԱՌՆՈՒՄ:
Վերջապես Արշակավանն ուժեղացնում էր բուն թագավորական տիրույթները, որոնք ձգվում էին միջնաշխարհի երկայնքով՝ հորիզոնական ուղղությամբ Հայկական Պար լեռնաշղթայից հյուսիս, եւ հիմնականում դրան զուգահեռ՝ Արարատյան դաշտ, Բագրեւանդ, Կոգովիտ, Կարին գծով:
Արշակավանի կառուցմանը զուգահեռ հնարավորինս ամրացվում էին Հայքի բերդերն ու քաղաքները: Հատկապես խոշոր գործ էր արվում մի կողմից արեւմուտքում՝ Կարինում, մյուս կողմից՝ ծայր հյուսիս-արեւելքում՝ Սյունիք-Արցախ-Ուտիք-Գուգարք կորի վրա: Կարինը, բացի այն, որ կարեւորագույն կետ էր հնավոր արեւմտյան ներխուժման ճանապարհին եւ ընդհանրապես Հայկական լեռնաշխարհի երկու-երեք բացառիկ կարեւորագույն դիրքերից էր, (մյուս նման կետերից էր հարավում՝ Բաղեշը), նաեւ մասնավոր կարեւորություն ուներ Մամիկոնյանների դեմ հնարավոր բախման դեպքում, քանի որ նախ՝ Մամիկոնյանների հայրենիք Տայքից անմիջապես հարավ էր, եւ երկրորդ՝ Տայքը Տարոնի՝ Մամիկոնյանների՝ որպես սպարապետության իշխանների կալվածքի հետ կապող ճամփին էր: Եթե հնարավոր խռովության դեպքում Մամիկոնյաններին հաջողվեր ապահովել Տարոն-Տայք կայուն կապը, ապա Մեծ Հայքի ամբողջ Արեւմուտքն ընկնում էր նրանց ձեռքը, եւ խնդրահարույց էր դառնում նաեւ Արարատյան դաշտի անվտանգությունը: Ապահով դիմադրության համար թագավորական ուժերը պետք է նահանջեին երկրի ծայր արեւելք:
Համենայնդեպս հաշվի էր առնվում նաեւ այս՝ ծայրահեղ արեւելյան տարբերակը: Եթե դեպքերի անցանկալի զարգացման դեպքում անհրաժեշտ լիներ ամրանալ ծայր արեւելքում, պետք էր այնտեղ նախապես ավելի ապահով հենարաններ ստեղծել: Դրանցից մեկը հենց Արշակավանի դիրքն էր, որի մասին ասացինք: Բայց Արշակավանն այս ծայրահեղ ռազմավարության ֆորպոստն էր, առաջնադիրքը: Տայք-Կարին-Մուշ գծի անկման դեպքում դա կարող էր նույնպես երկար չդիմանալ: Դրա համար Պապն իր համար պահուստային դիրք էր պատկերացնում ունենալ հյուսիս-արեւելյան նահանգներում, ուր մի կողմից Սյունիքի լեռներն էին, մյուս կողմից՝ Ուտիքի հովիտները, եւ բացի այդ, ուր կարելի էր կայուն հաղորդակցություն ստեղծել Կովկասից հյուսիս ապրող ցեղերի հետ՝ հնարավորինս նրանց ներգրավելով որպես վարձկաններ, որպես ժամանակավոր օժանդակ զինված ուժ: Այս նպատակով Պապն ամրացնում էր հյուսիս-արեւելքի բերդերն ու քաղաքները հատուկ ուշադրությամբ ու ջանքով: Նա այստեղ ուներ նաեւ ամուր հենարան՝ ի դեմս Սյունյաց հզոր իշխանական տան, որից սերում էր նրա մայր Փառանձեմը, եւ որոնք հակաարեւմտյան կայուն ավանդույթներ ունեին: Նաեւ կարող էին լինել սպարապետության հավակնորդ Մամիկոնյանների փոխարեն: Սյունիներն ազդեցիկ էին ոչ միայն իրենց ընդարձակ երկրում, այլեւ հարեւան Արցախում:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս աշխատանքներին զուգահեռ ընթանում էր քաղաքական աշխատանքը, որի կարեւոր նախնական մասն էին բանակցությունները մի կողմից՝ Մամիկոնյանների, մյուս կողմից՝ պարսիկների հետ: Մամիկոնյանների հետ բանակցությունները Պապը վստահել էր Արծրունյաց իշխաններին, որոնք ազգակցական կապեր ունեին սպարապետության տան հետ, եւ որոնց Մամիկոնյանները վստահում էին: Մյուս կողմից՝ որպես Հայքի արեւելյան կողմի իշխանական տուն, Արծրունիները չունեին Մամիկոնյանների արեւմտամետ հակումները: Բանակցությունների նպատակն էր Մամիկոնյան տան տարբեր ճյուղերում գտնել դաշնակիցներ, որոնք կարգելակեին Մուշեղի ճյուղի փորձերը՝ համախմբելու ամբողջ Մամիկոնյան ազգը հակաթագավորական գծի շուրջ: Այս բանակցություններն ընթանում էին միջին հաջողությամբ եւ անորոշ վերջնարդյունքով, քանի որ զուգակցվում էին բյուզանդական ցանցի հակադարձ աշխատանքով:
Պարսիկների հետ բանակցություններում գլխավոր դերը Սյունիներինն էր եւ Արծրունիներինը, որոնք պետք է հող նախապատրաստեին անձամբ հայոց արքայի եւ պարսից թագավորի պայմանավորվածության համար: Սակայն այս բանակցություններն այդքան էլ արագ եւ արդյունավետ չէին ընթանում, որքան ցանկալի էր: Պարսիկները նախ չէին վստահում հայերին, բացի այդ, չէին հավատում հայկական կարողությանը՝ արդյունավետ դիմադրելու բյուզանդացիներին:
Պապի ամենալուրջ ու բարդ խնդիրը սակայն ավելի հեռավոր բանակցությունների նախապատրաստումն էր՝ Կովկասի ժողովուրդների, տափաստանում գերիշխող հոների եւ վերջապես հեռավոր գերմանների հետ: Այս ուղղություններով դեռ առաջին քայլերն էին արվում:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԾՐԱԳԻՐԸ
Մյուս կարեւոր ու անհետաձգելի խնդիրը երկրի զինուժի ամրացումն էր: Այս խնդրի մի կողմն այն էր, որ Մեծ Հայքի զինված դիմադրության ներուժը բավականին բարձր էր, մյուս կողմից էլ՝ նոր պայմաններում անհրաժեշտ էր այդ ներուժի՝ ավելի ամուր կազմակերպում, նաեւ քանակի ավելացում: Հայաստանն ազնվապետություն էր: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր տեղանքում տեղի իշխանը միաժամանակ նաեւ տեղական զորքի հրամանատարն էր: Տեղական զորքի կորիզը իշխանին ենթակա կրտսեր ազնվականներն էին: Դրանք ծանր հեծյալներն էին՝ զորատեսակ, որը համապատասխանում էր թե՛ հայկական ավանդույթին, թե՛ ժամանակի ոգուն (հռոմեական լեգեոնների փաստացի քայքայումից հետո), միաժամանակ շատ թանկ էին եւ չէին կարող լինել մեծաքանակ: Սրանք բոլորը պատանեկությունից վարժված, ժառանգական ռազմիկներ էին, բարձր որակի կռվողներ: Հավատարիմ էին նախ իրենց իշխանին, ապա միայն թագավորին կամ սպարապետին: Կային նաեւ, այսպես կոչված, ռամիկ զորքեր, որոնց մի մասը նույնպես հեծյալ էր: Ընդհանրապես հետեւակն այդ ժամանակ կորցնում է իր նշանակությունը: Նույնիսկ հռոմեացիները, որոնց ուժն ավանդապես եղել է հետեւակը, 3-րդ դարից սկսած՝ ավելի ու ավելի հեծելազորի երկրի են վերածվում: Հետեւակը կարող է լավ զինուժ լինել, եւ կռվել ու հաղթել հեծյալներին միայն այն դեպքում, երբ առկա է կազմակերպվածության ու կարգապահության բարձրագույն մակարդակ, ինչպես նաեւ զարգացած քաղաքային կյանք՝ արհեստավորների, առեւտրականների դասի աճով երկրի կյանքում: Հետեւակի ուժը միասնական մարմին, խումբ լինելն է՝ ի տարբերություն անհատական ուժի ու վարպետության վրա հենված ազնվական հին հեծելազորի:
Բացի այն, որ յուրաքանչյուր տեղանք Հայքում ուներ իր զորքը, իր գունդը, որը անհրաժեշտության դեպքում մասն էր կազմում հայոց ընդհանուր զորքի՝ միավորվելով այլ տեղական գնդերի եւ թագավորական զորքին, ընդհանրապես էլ Հայքի ամեն ազատ բնակիչ զինված էր եւ ուներ որոշ չափի զինվորական հմտություններ: Առհասարակ Հայոց զորք եւ Հայոց երկիր հասկացություններն այն ժամանակվա լեզվում ու պատկերացումներում նույնական էին: Հայոց պատմության առանցքը, շարժիչ ուժը, ոգին, անհատականությունը Հայոց զորքն էր՝ հայ ազնվականության, նաեւ զինված ժողովրդի (ռամիկ զորքի) ամբողջությունը: Հայքի բնակչության ճնշող մեծամասնությունն ազատ գյուղացիությունն էր, որն ապրում էր համայնքներով, հարկատու էր տեղի իշխաններին կամ թագավորին, բայց ազատ էր, ստրուկ կամ ճորտ չէր: Քաղաքներում ապրող առեւտրականների ու արհեստավորների զգալի մասը հայեր չէին, այլ հույներ, հրեաներ, ասորիներ, եւ քաղաքային կյանքը ընդհանուր առմամբ շատ մեծ դեր չէր էլ կատարում հայոց կյանքում, որը կենտրոնանում էր իշխանական դղյակների, ամրոցների ու բերդերի շուրջը: Քաղաք ասելով էլ՝ այդ ժամանակվա Հայքում մեծ մասամբ հասկանում էին ոչ թե առեւտրական կամ արհեստակցական կենտրոն, որոնք կային, բայց քիչ էին, այլ մեծ մասամբ՝ ամրացված վայր: Հայոց իշխանները գյուղի, ոչ թե քաղաքի մարդիկ էին, փաստացի գյուղացիությունից դուրս եկած, գյուղացիության հիմամբ ձեւավորված եւ գյուղացիությունով ապրող ու դրա հետ սերտորեն կապված դասակարգ: Ինչպես եւ հին գերմանները, հին իրանցիները, հին սլավոնները, հայերը նույնպես զորք-ժողովուրդ էին՝ առանձին «ազգերով» ապրող, որոնց գլխին ժառանգական իշխան-զորավարներն էին: Սա այն նույն հնդեվրոպական շերտն էր, որը հիմնադրել է Եվրասիայի թագավորությունների, իշխանությունների, պետությունների մեծ մասը:
Թագավորին անմիջապես ենթակա զինված ուժերը նույն էությունն ունեին, ինչ իշխանական գնդերը: Թագավորը, բացի այն, որ բոլոր իշխանների տերն էր, նաեւ իշխան էր իր հայրենական կալվածքներում: Այստեղի հողատեր-ազատն էլ թագավորական զորքն էր, թագավորական բուն գունդը: Այդ գունդը բնականաբար մյուսներից մեծ էր, քանի որ ավելի մեծ էին արքայական տիրույթները, բայց ավելի մեծ չէր, քան իշխանական մյուս գնդերը միասին վերցրած:
Ռազմական այս կազմակերպությունը պարզ է, որ բավականին մեծ դիմադրության ներուժ էր: Սակայն ուներ նաեւ ակնհայտ թերություններ: Յուրաքանչյուր իշխանի կամքից էր փաստացի կախված՝ իր գունդը կմասնակցի՞ ընդհանուր հայկական գործին, թե՞ ոչ: Իհարկե, իրավական տեսակետից իշխանը պարտավոր էր ծառայել իր տիրոջը՝ հայոց արքային, նաեւ դեպքերի մեծ մասում այդպես էր անում, բայց փոփոխական պայմաններում միշտ էլ կարող էր դավաճանել, եւ դա, պարզ է, նախեւառաջ վերաբերում էր խոշոր իշխաններին:
Հայոց ռազմական համակարգը հարմար էր եւ բավականին արդյունավետ որպես պաշտպանական, դիմադրողական ուժ: Բայց, օրինակ, հարձակողական խնդիրներ լուծելու համար հատկապես երկրից դուրս այդքան էլ հարմարված չէր: Այս դեպքերում առանձին իշխանների կամքի, ցանկության, ջանքի նշանակությունն ավելի էր մեծանում, ոչ ուժեղ կենտրոնացման թերությունները զգացնել էին տալիս իրենց: Իրականում հայոց զորքի ներուժը բավական էր նույնիսկ մեծ նվաճումներ կատարելու համար: Ի վերջո աշխարհի նվաճումների զգալի, եթե ոչ մեծ մասը (բացի հունականից եւ հռոմեականից) իրացվել է իրականում ոչ մեծաքանակ հեծյալների կողմից (հնդեվրոպական կամ թյուրքական ու մոնղոլական, ըստ որում՝ նվաճող զորքերի քանակը միշտ գերչափազանցվել է ժամանակակից նկարագրողների կողմից, մինչդեռ իրականում ոչ մի հին հեծյալ զորք չէր կարող լինել իրապես մեծաքանակ: Աղբյուրներում խոսվում է տասնյակ կամ նույնիսկ հարյուրհազարավորների մասին, սակայն, նույնիսկ մի քանի հազար հեծյալը հնում չափազանց թանկ հաճույք էր, եւ մոտավորապես հավասարազոր այսօրվա տանկերին եւ օդուժին: Տասնյակհազարավոր հեծյալների մասին պատումները, որոնք կան նաեւ մեր հայկական աղբյուրներում, նույնքան արժանահավատ են, որքան կլինեին պատումները տասնյակ կամ հարյուրհազարավոր տանկերի ու ինքնաթիռների մասին այսօրվա պատումները: Տիգրան Մեծի փորձն էլ ապացույց է հայոց զինուժի նվաճողական կարողությունների մասին: Սակայն դա դրսեւորելու համար անհրաժեշտ էին բարենպաստ արտաքին պայմաններ (Տիգրանին խանգարեց հռոմեական գերկարգապահ հետեւակային զորքը), ինչպես նաեւ ներսում՝ ավելի ուժեղ թագավորական իշխանություն: Այն, որ հայկական զինվորական ուժն ուներ ավելցուկ, այսինքն՝ նաեւ նվաճման կարողություն, ապացուցվում է անուղղակիորեն նաեւ այն փաստով, որ այդ ուժը հետագայում արտահանվել է, եւ ինչպես հին գերմանական, նախաիսլամական արաբական եւ այլ ռազմական ներուժերը ծառայել են նույն Հռոմեական եւ այլ կայսրությունների շահերին: Սա մոտավորապես նույն պատմությունն է, ինչ դարեր անց եղել է ուշ միջնադարյան Շվեյցարիայում: Մեծ ռազմական ներուժ ունեցող, որպես զորք ինքնակազմակերպված, լեռնային ժողովուրդը, չունենալով բավականաչափ ուժեղ, կենտրոնացված եւ միասնական քաղաքական կազմակերպում իր ռազմական ներուժն իրացնելու համար, դարձավ զինվորական ուժի արտահանման կենտրոն այլոց համար, որոնք ունեին ավելի կենտրոնացված քաղաքական համակարգ, բայց պակաս ռազմունակ բնակչություն:
Պապ թագավորը չուներ նվաճողական նպատակներ եւ ոչ էլ կարող էր ունենալ այդպիսիք իր պայմաններում, սակայն նրան անպայման պետք էր եղած ռազմական ներուժն ավելի կենտրոնացած համակարգի բերելը՝ հասնելու համար իր՝ Տիգրան Մեծից ոչ պակաս կարեւոր ու ծավալուն նպատակներին:
Պապը չէր կարող հիմնովին փոխել ռազմական այս համակարգը, քանի որ այն արմատավորված էր երկրի տնտեսական եւ հասարակական կառուցվածքի մեջ, դրա բնական շարունակությունն էր: Կարիք էլ չկար հիմնովին փոխելու մի համակարգ, որն իր թերություններով հանդերձ երկրի ազատության եւ ինքնիշխանության հիմքերի հիմքն էր, ընդհանրապես երկրի ապրելակերպն էր: Սակայն նոր պայմաններում նոր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էին նաեւ լուրջ փոփոխություններ՝ եղածի վերակարգավորում:
Նախեւառաջ անհրաժեշտ էր հավելյալ զինված ուժ, որը ենթակա լիներ բուն թագավորին: Եթե հնարավոր լիներ լուծել այդ խնդիրը, կնվազեր իշխանական գնդերի դավաճանության սպառնալիքի արժեքը, Մամիկոնյանների հնարավոր խռովության վտանգը, նաեւ՝ բնականաբար հնարավոր կլիներ ավելի ճկուն, ավելի տեւական եւ ավելի բազմազան պայքարի մեջ մտնել կայսրության դեմ:
Զինուժի նորոգման եւ ավելացման ծրագիրը Պապը քննարկել էր նախապես իր ոչ պաշտոնական խորհրդի հետ: Կար մի քանի տարբերակ: Կարելի էր արագ հավաքել վարձկանների ջոկատներ՝ օտարազգի թե տեղական: Այդ տարբերակի գլխավոր առավելությունը դրա արագությունն էր: Մեծ ժամանակ ու մեծ ջանք պետք չէր դա իրացնելու համար, այլ միայն որոշ չափի գումար: Սակայն այդ տարբերակը բավականին արագ մերժվեց: Վարձկան զորքը, նույնիսկ եթե կազմված լիներ ոչ թե օտարներից, այլ տեղացիներից, չէր կարող հուսալի գործիք լինել հանուն ազատության մղվող ազգային պայքարի: Իր գործի դիմաց վճարվող մասնագիտական բանակը կարող է արդյունավետ գործիք լինել, օրինակ, բռնապետների համար երկրի ներսում իրենց իշխանությունը պահելու համար, կարող է լավ գործիք լինել կայսրությունների ձեռքին ազգային պետությունների նվաճման համար, կարող է ծառայել երկու սահմանափակ նպատակներով պատերազմներում, միով բանիվ՝ այն լավ գործիք է հիմնականում ընդդեմ, բայց ոչ հանուն ազատության:
Մյուս տարբերակը, որ քննարկվեց Պապի եւ իր խորհդատուների կողմից, մանր ազնվականներից՝ ազատներից կազմված թագավորական զորքի հետագա լայնացումն էր: Այդ ծրագիրն արդեն մասամբ իրականացվում էր այն բանից հետո, երբ պապի հրամանով հարքունիս էին գրավել եկեղեցական կալվածքների մի մասը, եւ դրանցում ապրող հողատերերն այժմ պարտավորված էին ոչ թե եկեղեցական, այլ զինվորական ծառայության: Բայց այս ծրագիրն ուներ իր սահմանները, անցնելու համար պետք էր ավելի շատ ազատ հող, որի հաշվին հնարավոր կլիներ պահել նորանոր հողատեր հեծյալների: Իսկ ավելի շատ հող ունենալու համար արքան պետք է այն գրավեր եկեղեցուց կամ իշխաններից՝ մի բան, որի ոչ առիթը, ոչ հնարավորությունը, ոչ էլ նույնիսկ ցանկությունը նա չուներ:
Մնում էին ավելի յուրօրինակ, արմատական եւ բարդ իրագործելի, բայց դրա փոխարեն հաջողելու դեպքում երկարատեւ ազդեցության եւ նույնիսկ հեղափոխական ներուժ ունեցող ծրագրերը:
Այդպիսին էր թագավորական հողերում ապրող ազատ գյուղացիության՝ թագավորի հաշվին լավ զինման, վարժեցման, ժողովրդական նոր տիպի զորք ստեղծելու ծրագիրը: Ժողովրդական այդ զորքը սկզբնական շրջանում կարող էր օժանդակ՝ զուտ դիմադրողական-պաշտպանական դեր ստանձնել՝ օգնելով հիմնական՝ ազատանի բանակին, բայց հետագայում կարող էր աճել ինքնուրույն խնդիրներ լուծող հզոր ուժի:
Այս ծրագիրը հիմնավորողը կրկին Հրահատն էր, որը հղում էր անում իր ձեռքում անհայտ ճանապարհով հայտնված մի չինական գրքի, ինչպես նաեւ մեկ այլ գրքի, որն ինքն էր գրել երիտասարդ տարիքում, եւ որն ուներ տարօրինակ՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» անվանումը: Բուն հայ ժողովուրդը, ասում էր նա, ազատ գյուղացին է, որն ապրում է համայնքներով: Այս գյուղացին ոչ միայն իր երկիրն ազատ պահելու, այլեւ ողջ աշխարհին ազատություն պարգեւելու, կայսրություններին հաղթելու ներուժ ունի, որը պետք է միայն բացահայտել: Հայ գյուղացին ունակ է պատերազմի պարզ ձեւերի, բայց միայն սահմանափակ ծավալով, քանի որ չունի որակյալ ու թանկարժեք զենք եւ կազմակերպված ու վարժված չէ որպես զորք: Եթե գյուղացի երիտասարդներին թագավորի հաշվին տրվի զենք եւ համապատասխան մարզում իրականացվի, ապա նույնիսկ մի քանի տարում կարելի է ստանալ նոր տիպի հավելյալ զինուժ, որը սկզբում կպաշտպանի իր երկիրը՝ ներխուժման դեպքում, իսկ հետագայում կարող է նույնիսկ ավելի լայն գործողությունների մասնակցել, նախ՝ օգնելով հեծյալներին, ապա՝ ինքնուրույնաբար: Գնալով ավելի հեռուն՝ Հրահատն առաջարկում էր թագավորական հողում ապրող գյուղացիների այն մասին, որոնք անմիջապես հարկատու էին հենց արքային, այլ ոչ թե մանր ազնվականներից մեկին, ազատել հարկերից եւ դրա փոխարեն պարտադրել, որ նրանք որակյալ զենք ձեռք բերեն իրենց հաշվին: Այդ դեպքում կարելի կլինի ստանալ իսկական նվիրյալ զորք, ինչը կփոխհատուցի եղած կորուստները:
Ի վերջո որոշեցին ընդունել այս ծրագրի չափավոր տարբերակը եւ առաջին քայլերն անել որպես փորձ՝ տեսնելու համար արդյունքը: Թագավորական տիրույթներում առանձնացվեցին հատուկ շրջաններ, որոնց բնակչությունն ազատվեց հարկերից, որի փոխարեն ամեն տուն պարտավոր էր իր հաշվին որակյալ զենք գնել եւ պահել՝ առանց վերավաճառելու իրավունքի: Երիտասարդներից կազմավորվում էին հատուկ ջոկատներ, որոնք մարզվում էին հմուտ զինվորականների կողմից: Եթե այդ ընտրված տեղերում փորձը հաջողվեր, ապա դա պետք է տարածվեր նաեւ մյուս տարածքների վրա:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ
Մինչ հայոց արքունիքը պատրաստվում էր վճռական պայքարի, շտապում էր նաեւ կայսրությունը, որն իր ցանցի միջոցով տեղյակ էր Պապի հիմնական գործողություններից: Հասկանալով, որ ժամանակը կարող է խաղալ հայոց արքայի օգտին, բյուզանդացիները որոշում են գործել արագ եւ անսպասելի:
Մինչ հայերը պատրաստվում էին հնարավոր գործողությունների արեւմուտքում՝ բյուզանդական ավանդական ու բնական ազդեցության գոտում, եւ ամրացնում էին արեւելքը, նաեւ նախապատրաստում լայն բանակցություններ Հայքից դուրս, բյուզանդացիները, կանխելով հայկական պլանները, իրենք են գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերում Հայաստանից արեւելք՝ Կասպից ծովի ափին ապրող մազքութների քոչվոր ցեղի հետ, որով վերջիններս դրամական մեծ աջակցության դիմաց պարտավորվում էին ներխուժել Հայաստան՝ ավերելով ընդհուպ մինչեւ Արարատյան դաշտը: Եվ մինչ հայկական զինուժի մեծ մասը զբաղված կլիներ արեւելյան այդ ներխուժմանը դիմադրելով, երկրի արեւմուտքում Մամիկոնյանները պետք է բարձրացնեին խռովություն:
376-ի գարունը դեռ չբացված՝ մազքութներն անսպասելիորեն ներխուժում են Մեծ Հայքի սահմանները...
Շարունակելի