Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը

 
Ներածական.
Սովետական արդիականացման
յուրահատկությունները
Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

 

Ի՞նչ կլիներ, եթե 1920-21թթ. Հայաստանը չսովետականացվեր, այլ մնար անկախ պետություն եւ գոյատեւեր մինչեւ մեր օրերը: Հարցն իրականում անիմաստ չէ: Այս հարցի տրամաբանորեն հիմնված պատասխանը ոչ միայն այլընտրանքային պատմության գեղեցիկ առիթ է, այլեւ իրական, ոչ այլընտրանքային ներկայի շատ խնդիրներ բացահայտող:

Մենք սիրում ենք խոսել Սովետական Հայաստանի արդիականացման (մոդեռնիզացիայի) բերած օգուտների մասին՝ արդյունաբերության ստեղծում, քաղաքաշինություն, անգրագիտության վերացում եւ այլն: Թվում է աներկբա՝ Սովետական Հայաստանն իր թերություններով հանդերձ հայ ժողովրդի զարգացման կարեւոր փուլերից էր: Որոշները խոսում են նույնիսկ ծաղկման մասին՝ շարունակելով սովետական քարոզչության գլխավոր թեզերից մեկը: Ամենեւին նպատակ չունեմ Սովետական Հայաստանի դերը մեր պատմության մեջ նսեմացնելու, այսպես ասած՝ սեւացնելու, բայց լուրջ պատմական գնահատական այդքան հեշտ չի տրվում, որքան շատերիս թվում է:

Բավականին զարմանալի է, բայց շատ ավելի քիչ ենք քննարկում սովետական արդիականացման գինը՝ կորուստները, որոնք վճարվել են ձեռքբերումների դիմաց՝ մղելով այդ կարեւոր թեման մարգինալիզմի դաշտ: Եվ ավելի զարմանալի է ինձ համար, որ ոչ ոք կարծես ինքն իրեն հարց չի տալիս՝ իսկ ո՞վ ասաց, որ առանց սովետականացման Հայաստանն ինքն իրենով զարգացում չէր ապրելու, արդիականացման չէր ենթարկվելու:

Սովետական արդիականացումը պատմաքաղաքական վերլուծության բարդագույն թեմաներից է, եւ Հայաստանում մենք նույնիսկ մոտ չենք եկել դրա իրական վերլուծությանը՝ գիտական թե պարզապես հրապարակախոսական: Սովետական Հայաստանի պատմությունը, որն ունենք եւ դասավանդում ենք մեր սերունդներին, պատմություն չէ բառիս գիտական իմաստով, այլ ժամանակագրական կարգով իրար հետեւող «պատմվածքների» էկլեկտիկ հերթականություն, ընդ որում՝ տարբեր կտորները շարադրված են ըստ տարբեր ժամանակների, հաճախ էլ իրար հակադիր քաղաքական քարոզչությունների սխեմաների:

Ընդհանրապես ցանկացած արդիականացում ունենում է իր գինը: «Զարգացումը չի լինում առանց կորուստների» պնդումը գուցե հնչում է որպես բավականաչափ տափակ իմաստություն, բայց դրանից պակաս ճշմարտացի չէ: Հարցն այն չէ, որ զարգացման դիմաց պետք է գին վճարել, այսինքն՝ նաեւ կորուստներ ունենալ, հարցն այն է, թե ամեն տվյալ դեպքում ինչ գին է վճարվել, եւ ինչ զարգացում է «գնվել» դրա դիմաց:

Եվրոպական արդիականացման պատմության դասական օրինակ է 1870-1914թթ. Գերմանիայի պատմությունը: Առաջին հայացքից որեւէ կապ չունի հայոց պատմության հետ, իրականում կապերը, թեեւ անուղղակի, բայց շատ կարեւոր են:

30-40 տարվա ընթացքում գերազանցապես գյուղատնտեսական հանրությունից Գերմանիան վերածվեց ոչ միայն պարզապես արդյունաբերության առաջատարի, այլեւ Մեծ Բրիտանիայի համաշխարհային մրցակցի: Այդ արդյունքի հիմքում, ի դեպ, պարադոքսալ կերպով հենց Գերմանիայի «հետամնացությունն» էր Արեւմուտքի համեմատ (այո, կային ժամանակներ, եւ դրանք այդքան էլ հեռու չէին, երբ գերմանացիներն իրենց գիտակցում էին որպես «ոչ Արեւմուտք»՝ վերջինս նույնացնելով Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ): Հետամնացությունը կարող է լինել արդիականացման ռեսուրս եւ հենարան, ինչպես եղավ Գերմանիայում, քանի որ նշանակում է ծնելիության բարձր ցուցանիշ, մեծ թվով ազատ ու էժան աշխատուժ եւ այլն: Սրան պետք է գումարել նաեւ տնտեսական զարգացման պետական հովանավորությունը, որը մասն էր գերմանա-պրուսական միապետության քաղաքական ավանդույթի: Գերմանիայի մայրցամաքային գլխավոր մրցակից Ֆրանսիան ի զորու չէր դիմակայել գերմանական այդ թռիչքին եւ արդիականացման անհրաժետ տեմպ ապահովել հենց որովհետեւ ... արդեն այդքան հետամնաց չէր, որքան Գերմանիան, այսինքն՝ ավելի շուտ էր մտել արդիականացման գործընթացի մեջ:

Ահա արդիականացման միայն մեկ պարադոքսներից մեկը: Մեկ անգամ արդեն արդիականացված երկիրը հաճախ չի կարողանում վերարդիականանալ եւ արդիականացման մրցավազքում պարտվում է իր սկբնական դիրքով ավելի հետամնաց հանրությանը: Սա ունիվերսալ օրենք չէ, այլ միայն միտումներից մեկը, բայց համոզվելու համար, որ այդքան էլ եզակի չէ, կարող ենք հիշել 20-րդ դարում թեկուզ Ճապոնիայի եւ հատկապես Չինաստանի օրինակները: Այսինքն՝ զարգացման կարեւորագույն ռեսուրսը հաճախ զարգացումից հետ ընկնելն է: Իհարկե, միայն հետամնացությունը բավարար չէ եւ չի բացատրում ամբողջովին ո՛չ գերմանական, ոչ էլ մեր օրերի չինական սցենարները: Կարեւոր դեր երկու դեպքում էլ կատարել են աշխարհաքաղաքական գործոնները, օրինակ, Գերմանիայի բնականից կենտրոնական, գերիշխող դիրքն Արեւմտյան Եվրոպայում եւ այլն:

Գերմանական սցենարը, թեեւ իր ընթացքում ոչ դրամատիկ եւ առանց ծանր զոհերի, սակայն իր ծանր գինն ունեցավ պատմության ավարտին: Դա Առաջին համաշխարհային պատերազմն էր (եւ դրա ածանցյալ Երկրորդը), որն ուղիղ հետեւանք էր այն փաստի, որ գերմանական առաջընթացը՝ որպես մարտահրավեր բրիտանական համաշխարհային գերակայության, արդեն հնարավոր չէր զսպել այլ միջոցներով, բացի պատերազմից: Չնայած Գերմանիան պարտվեց երկու պատերազմում էլ, սակայն նրա նկատմամբ հաղթանակի գինն այնքան մեծ էր, որ դրա արդյունքում քայքայվեց նաեւ բրիտանական աշխարհակալությունը ու ընդհանրապես եվրոպական գերակայությունն աշխարհում, եւ համաշխարհային գերիշխանության համար մրցման մեջ մտան ԱՄՆ-ը, Սովետական Ռուսաստանը, իսկ այսօր նաեւ՝ Չինաստանը:

Առաջին համաշխարհայինն առանցքային հանգրվան եղավ ոչ միայն համաշխարհային գերիշխանության համար Անգլիայի ու Գերմանիայի պայքարում, այլեւ Եվրասիայի ժողովուրդների մեծ մասի, այդ թվում հայերի ճակատագրում: Մեծ եղեռնը, Ռուսական հեղափոխությունը եւ Հայաստանի Հանրապետության ձեւարումը՝ երեքն էլ արդյունք եւ մաս են Առաջին համաշխարհայինի պատմության:

Որո՞նք էին սովետական արդիականացման նախապայմանները, նպատակները եւ խնդիրները:  

Առաջին հայացքից թվում է, որ դա մեզ արդեն հայտնի պատմության շարունակությունը պետք է լինի. «արեւելյան» (հիշում ենք, որ «արեւելքն» այս իմաստով սկսվում է Գերմանիայից) եւ հետամնաց մի հանրություն իրացնում է արագ արդիականացման ու զարգացման ծրագիր: Մասամբ այդպես էլ կա, եւ Ռուսաստանն իր այս՝ «գերմանական» ընթացքը սկսում է դեռեւս 1900-ականներից՝ ցարական շրջանից: Սակայն սա պատմության միայն մի մասն է: Ռուսական սովետական արդիականացման տարբերությունները «գերմանական ստանդարտից» էական են եւ որակապես «նոր ստանդարտ» են սահմանում (նույն ստանդարտով իրացվում է արդիականացման առաջին փուլը նաեւ մաոիստական Չինաստանում):

Սովետական արդիականացման գլխավոր նպատակն էր անծայրածիր սովետական պետության ռազմական անվտանգության ժամանակակից հենարան ստեղծելը հնարավորինս արագ ժամկետներում: Դա բխում էր սովետական պետության ինքնագիտակցությունից. «Սովետական միությունը պաշարված ամրոց է թշնամական շրջապատում»: Դա մասամբ արտացոլում էր առարկայական իրականության՝ համաշխարհային կարգի դեմ դրոշ բարձրացրած Ռուսաստանը, որը պետք է առաջին հերթին ապահովեր իր անվտանգությունը նույն այդ կարգի հնարավոր պատժիչ գործողությունների դեմ: Եղած տեխնոլոգիական բազան չափազանց թույլ էր այդ հարցում վստահ լինելու համար, Ռուսաստանը գերազանցապես նախաարդիական գյուղատնտեսական երկիր էր՝ արդյունաբերության կետային կենտրոնացմամբ մի քանի մեկուսի կենտրոնում: Իսկ արդյունաբերությունը արդիական պատերազմի հենքն է:

Սոցիալիստական հեղափոխությունը Ռուսաստանում իրացվեց բոլշեւիկների կողմից հակառակ դասական համարվող մարքսիստական պատկերացումների համաձայն, որոնց անցումը կապիտալիզմից կոմունիզմ պետք է տեղի ունենար նախ առավել զարգացած կապիտալիստական երկրներում, օրինակ՝ հենց նույն Անգլիայում: Բոլշեւիկների սկզբնական հաշվարկը ոչ թե այն էր, որ իրենք պետք է սոցիալիզմ կառուցեն Ռուսաստանում արդյունաբերական թույլ հիմքի վրա, այլ քանի որ համաշխարհային շուկան դարձել է միասնական, եւ առանձին ազգային պետություններն այլեւս էական չեն, Ռուսական հեղափոխությունը պարզապես կատալիզատոր պետք է դառնա «համաշխարհային», այսինքն՝ համաեվրոպական սոցիալիստական հեղափոխության համար: Ռուսաստանը, ըստ այդ մեկնաբանության, համաշխարհային կապիտալիզմի շղթայի թույլ օղակն էր, որը քանդելով պետք է քանդվեր ողջ շղթան, եւ սոցիալիզմը կառուցվեր եվրոպական կապիտալիզմի զարգացած տեխնոլոգիական հենքով:

Ինչպես տեսնում ենք «ազգային պետությունների» իմաստազրկվելու մասին տեսություններն աղավաղել են ոչ միայն ներկա, այլեւ ուտոպիստների անցած բազմաթիվ սերունդների գիտակցությունը: Պատմությունը՝ որպես համբերատար, բայց խիստ մայրիկ, ստիպված է ամեն անգամ դասեր տալ իր ուտոպիստ բալիկներին: Մոտավորապես 1922-ից աստիճանաբար բոլշեւիկներն էլ սկսեցին հասկանալ, որ համաշխարհային հեղափոխությունն առնվազն հետաձգվում է, եւ իրենք ստիպված են լինելու հակառակ իրենց դավանանքի սոցիալիզմ կառուցել առանձին վերցրած Ռուսաստանում: 1926-ի կողմերը այդ ընկալումը Ստալինի կողմից ձեւակերպվեց որպես «սոցիալիզմի կառուցում մեկ առանձին վերցրած երկրում» թեզ, որն էլ վերագրվեց Լենինին՝ օգտվելով վերջինիս իմիջիայլոց արված դիտողությունից: Համաշխարհային հեղափոխության տեսությունը փորձեց պաշտպանել Տրոցկին, բայց դա էլ զուտ մարտավարական քայլ էր ներիշխանական պայքարում. Տրոցկին, որն առաջինն էր բոլշեւիկների մեջ, ով՝ որպես Կարմիր բանակի ղեկավար, ստիպված էր դիմել ռուսական հայրենասիրությանը եւ այդու հիմքը դնել սովետական իշխանության ձեւափոխմանը ռուսական նոր կայսերականության, այն միամիտ ռոմանտիկը չէր, որպեսզի չընկալեր նոր իրականությունը:

 

Սոցիալիզմ կառուցելը մեկ առանձին վերցրած երկրում փաստացի նշանակում էր կապիտալիզմ, այսինքն՝ արդյունաբերական եւ ուրբանիզացված հասարակություն կառուցել նույն այդ առանձին վերցրած, բայց կապիտալիզմի զարգացման մեջ մյուսներից հետ ընկած երկրում: Պարզապես կապիտալիզմի կառուցումն այստեղ ուներ այն առանձնահատկությունը, որ դա պետք է արվեր ոչ թե տարերայնորեն, հետեւաբար ժամանակի մեջ ձգված, այլ պետության կողմից կենտրոնացված ջանքով ու գերարագ տեմպերով: Բայց սա էլ քիչ է:

Սովետական պետության նպատակն այն յուրահատուկ պայմաններում, որոնց մեջ երկիրը հայտնվել էր բոլշեւիկյան հեղաշրջման շնորհիվ, ոչ միայն պարզապես զարգացած արդյունաբերության կառուցումն էր սեղմ ժամկետներում, այլեւ նախ այնպիսի արդյունաբերության, որը հենք պետք է դառնար երկրի ռազմական անվտանգության համար: Սովետական միությանը շտապ պետք էր արդիական, մեխանիզացված եւ տեխնոլոգիապես համարժեք բանակ: Իսկ բանակը չի կարող երկար սպասել. պատերազմը կարող էր ծագել ցանկացած պահի՝ պատերազմ, որտեղ վճռվելու էր բոլշեւիկյան ռեժիմի եւ ընդհանրապես սովետական նախագծի բախտը: Ուրեմն տեմպերն էլ պետք է լինեին ոչ թե պարզապես արագ, այլ գերարագ: Իսկ դա նշանակում է, որ միջոցների խտրականություն չի կարող լինել, ամենաարմատական մոտեցումները կարող են գործի դրվել: Սովետական արդիականացումն իր բոլոր դաժանություններով ու ծայրահեղություններով՝ գյուղի կոլեկտիվիզացիա, քաղաքական ռեպրեսիաներ, ազատությունների սահմանափակում, տոտալիտար համակարգ եւ այլն, մեծ մասամբ բացատրելի է հենց այս ելակետից:

Գանք վերջապես Հայաստանին:

Սովետական արդիականացման նպատակները, ինչպես տեսնում ենք, որեւէ ուղղակի կապ չունեն բուն Հայաստանի հետ: Այսինքն՝ Հայաստանի զարգացումը՝ որպես այդպիսին, սովետական քաղաքականության նպատակը չէր, այլ Հայաստանի զարգացումը կարող էր լինել եւ է՛ր միայն անուղղակի հետեւանք կամ մնացորդային, երկրորդական-երրորդական խնդիր Սովետական միության գլխավոր ռազմավարական նպատակի: Սա թվում է տրիվիալ պնդում, բայց իրականում սրա գիտակցումը մեր հանրությունը կարծես չունի, այդ թվում այն պատճառով, որ հոգեբանորեն բարդ է ընդունել այն հանգամանքը, որ այն, ինչ դու ընկալում ես որպես քո երկրի զարգացում եւ նույնիսկ ծաղկում, չի եղել ինքնանպատակ, այլ միայն կողմնակի արդյունք լրիվ այլ նպատակներ ունեցող քաղաքականության: Քանի որ առանց այդ էլ մեր պատմությունն ընկալում ենք որպես պարտությունների եւ ձախողումների շղթա (ինչն իրականում այդպես չէ, բայց այդ պատկերացումը նպատակաուղղված ամրապնդվել է, այդ թվում նաեւ սովետական քարոզչության կողմից), ապա հոգեբանորեն ցանկալի է դառնում առանձնացնել սեփական պատմության գոնե մեկ տեւական երջանիկ շրջանը: Երջանկությունը, իհարկե, հարաբերական հասկացություն է, բայց փաստն այն է, որ Հայաստանը դարձել է Սովետական միության մաս՝ որպես քաղաքականապես եւ ռազմականապես պարտված ազգ, հետեւաբար այնպիսի միավոր, որի հետ հաղթողը կարող է վարվել ըստ իր հայեցողության, եւ որն ինքնուրույն որոշելու եւ ընտրելու իրավունքից զուրկ է:

Բայց խնդիրը միայն սա չէ: Այն, որ Հայաստանի զարգացումը ոչ թե ինքնանպատակ էր սովետական քաղաքականության տեսակետից, այլ ընդամենը մի կողմնակի արդյունք եւ երրորդական, մնացորդային ենթանպատակ, նշանակում է նաեւ, որ այդ զարգացման ուղղությունները, միջոցները, առաջնայնությունները որոշվել են ոչ թե տեղական պայմաններին դրանց համարժեքության հիմամբ, այլ լրիվ այլ՝ տեղականից միանգամայն դուրս եւ օտար խնդիրներով: Եվ սա բնականաբար ունեցել է իր շատ նյութական, շոշափելի հետեւանքները:

Ճիշտ գնահատելու համար սովետական արդիականացման արդյունքները, ժառանգությունը, հետեւանքները, այդ թվում՝ այսօրվա վրա, ինչպես նաեւ ճիշտ հասկանալու համար դրանց հետ այսօր ինչպես վարվելը, պետք է ուրեմն քննարկենք ոչ միայն Սովետական Հայաստանի զարգացման ձեռքբերումները, այլեւ՝ 1. կորուստները՝ ի վերջո կառուցելով ձեռքբերումների եւ կորուստների հաշվեկշիռը, 2. պատկերացնել Հայաստանի արդիականացման այլընտրանքային սցենարները, այսինքն՝ ինչպիսին կարող էր լինել Հայաստանի զարգացումը, եթե Հայաստանը մնար անկախ պետություն՝ ՍՍՀՄ-ից դուրս: 

Որպես կանոն՝ մեզանում այդ ճանապարհով չեն գնում: Վերցնում են միայն առաջին կետը՝ ձեռքբերումները, եւ թվարկելով մի քանի խորհրդանշական փաստ եւ անուն՝ կառուցեցինք գործարաններ, մեծ քաղաքներ, ունեցանք Վիկտոր Համբարձումյան ու Տիգրան Պետրոսյան, գալիս են ակնհայտ եզրակացության՝ Սովետական Հայաստանը հայ ժողովրդի ծաղկման շրջանն էր: Ես շատ հեռու եմ, իհարկե, Սովետական Հայաստանը օսմանյան տիրապետության տակ գտնվող Արեւմտյան Հայաստանի հետ համեմատելուց (Սովետական Հայաստանն իր բոլոր թերություններով հանդերձ մեր հայկական պետությունն էր, սահմանափակ ինքնիշխանությամբ, բայց կարեւոր հիմք այսօրվա անկախ պետության համար), բայց նման պարզամիտ մեթոդով կարելի է Օսմանյան կայսրությունն էլ հայերի ծաղկման շրջան հռչակել. չէ՞ որ ունեցանք Պետրոս Դուրյան, Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, բազմաթիվ հայ մեծահարուստներ, էլ չասած՝ օսմանյան կառավարության հայ անդամներ եւ այլն: Թուրքերն ի դեպ նման ծաղկման պատկեր փորձում են ներկայացնել:

Իրական գնահատական հնարավոր չէ ոչ միայն ձեռքբերումներին զուգահեռ կորուստների ցանկի կառուցմանը, այլեւ առանց այլընտրանքային սցենարի կառուցման:

Ընդ որում՝ ձեռքբերումներ-կորուստներ ցանկի կառուցումը ոչ թե ինքնանպատակ է, ասենք, արձանագրելու համար հերթական անգամ, որ կյանքը բարդ է, որ Սովետական Հայաստանն ունեցել է թերություններ ու առավելություններ, եւ ոչ էլ զուտ քանակական-թվաբանական համեմատության համար, այլ այսօր դրանցից բխող խնդիրների ախտորոշման համար: Մենք այսօր էլ ապրում ենք սովետական արդիականացման ստեղծած աշխարհում, դրա տված սահմաններում: Այլ արդիականացում Հայաստանում չի էլ եղել, եւ մեծ հարց է՝ երբ կլինի: Ուրեմն սովետական արդիականացումը մեզ համար ոչ թե անցյալ է՝ անցած-գնացած, ինչպես հաճախ թվում է, այլ կենդանի ներկա, որի մեջ կանք:

Սովետական Հայաստանի արդիականացման ձեռքբերումները կարող է թվարկել երեւի ցանկացած դպրոցական՝ ընդհանրապես Սովետական Հայաստանի ծաղկման մասին, եւ սովետական արդիականացման դրական գնահատականը հաղթած քարոզչական պատմություն է: Այդ ձեռքբերումներից են արդյունաբերության ստեղծումը, շինարարությունը, անգրագիտության վերացումը, բնակչության աճը եւ այլն: Սրանք շատ յուրահատուկ բաներ չեն, այլ բնորոշ են ցանկացած արդիականացման:

 

 

 Սովետական արդիականացման հետեւանք կորուստների մասին նույնպես որոշ չափով խոսվում է, բայց նախ՝ խոսակցությունն ակնհայտորեն ամբողջական չէ եւ ներառում է միայն մի քանի մակերեսային իրողություն, եւ երկրորդ՝ այդ խոսակցություններն այդքան էլ մոդայիկ չեն այլեւայլ հանգամանքների բերմամբ: Կորուստների ցանկի մեջ հիմնականում հիշատակվում են ստալինյան ռեպրեսիաները, որոնք էլ ընկալվում են թեեւ ցավալի, բայց ի վերջո ժամանակավոր եւ անցողիկ երեւույթ: Քանի որ դրանք դատապարտվել են դեռեւս հենց Սովետական միությունում, ապա վաղուց ի վեր դարձել են սովետի մասին ընդհանուր պատմության մաս՝ «Եղել են մեզանում նաեւ առանձին թերացումներ»՝ սովետական հայտնի ոճաբանությամբ ու տրամադրությամբ: Ի դեպ, բավականին զավեշտալի է, բայց նույնիսկ այսօր Հայոց պատմության պաշտոնական՝ ակադեմիական հատորյակների շարադրանքում ստալինյան ռեպրեսիաները նկարագրվում են ճիշտ նույն լեզվով ու ոճով, ինչ այդ պատումը սահմանվել է Խրուշչովի ելույթներում: Օրինակ՝ սովետական պաշտոնական լեզվի անբովանդակ «անհատի պաշտամունքի տարիներ» եզրը, որը գիտական շարադրանքում հանդիպել որպես լուրջ ձեւակերպում՝ տիպիկ սովետական անհեթեթություն է, լայնորեն կիրառվում է ժամանակակից շարադրանքում:

 

Փորձենք այժմ կառուցել կորուստների մի նախնական ցանկ.

1. վերնախավերի «ջախջախում»: Սրա մեջ մտնում են արդեն հիշատակված ստալինյան ռեպրեսիաները, բայց ոչ միայն դրանք:

1.1. 1920-ականներին երկրից տարագրվեց կարող մարդկանց՝ քաղաքական գործիչների, զինվորականների, մտավորականների, գրողների մի զգալի հատված: Այսօր դա շատերին կարող է երկրորդական փաստ թվալ, բայց հայ ազգի համար կրթված խավում նույնիսկ ոչ ամենամեծաքանակ կորուստը լուրջ եւ անդառնալի է: Եթե մի կողմ թողնենք դեռ քաղաքական ֆիգուրներին, ապա Ահարոն Ավետիսյանը, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը եւ մյուսները կարող էին եւ պետք է մեծ դեր ունենային Հայաստանի արդիականացման մեջ: Սրանց մի մասը միայն վերադարձավ, ինչպես Ավետիք Իսահակյանը: Եվ հենց նրա օրինակով էլ կարելի է պատկերացնել, թե որքան ենք կորցրել, եթե մեկ վերադարձած Իսահակյանն այդքան մեծ պատիվ ունեցավ: Այս մարդկանց բացակայությունը Հայաստանից նշանակում է բազմաթիվ մշակութային արժեքների կորուստ, որոնք կարող էին ստեղծվել, եթե նրանք մասնակից լինեին Հայաստանի կյանքին:

1.2. Երկրում մնացած մտավորական ուժը՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ եւ այլն, զրկված էին ազատորեն ստեղծագործելու հնարավորությունից հայտնի պատճառներով: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ արժեքներ կարող էր ստեղծել հայ մտավորականության այդ լավագույն եւ այլեւս երբեք չկրկնված սերունդը, եթե չլիներ ազատության այդ սահմանափակումը:

1.3. Բուն ստալինյան եւ մինչ այդ եղած ռեպրեսիաները:

1.3.1 Քաղաքական գործիչների ոչնչացում կամ աքսոր: Եթե ոչ բոլշեւիկ քաղաքական գործիչների մեծամասնությունը տարագրվելով դուրս մնաց Հայաստանի կյանքից, ապա հայ բոլշեւիկ քաղաքական գործիչների մեծ մասը (եթե չասենք ճնշող մեծամասնությունը) ոչնչացվեց 1937-38-ին, իսկ մի մասն էլ աքսորվեց ու այլեւս երբեք ակտիվ քաղաքական կյանքի, նույնիսկ այնքանով, որքանով հնարավոր է Սովետական միության մեջ, չվերադարձավ: Երեւի ընթերցողի համար անակնկալ չեն լինի այս տողերը. 1937-ի հալածանքներն ուղղված էին նախ բոլշեւիզմի դեմ, եւ Հայաստանը բացառություն չէր: Հայաստանի հին բոլշեւիկների, բոլշեւիկյան առաջնորդների մեծ մասը կամ ոչնչացվել, կամ աքսորվել են այդ ընթացքում: Ընդ որում՝ խոսքը ե՛ւ կուսակցական, ե՛ւ պետական պաշտոններ զբաղեցնողների մասին է: Իհարկե, սա էլ ինչ-որ մեկին այսօր կարող է թվալ ոչ այնքան ողբերգական փաստ: Բայց խնդիրը բոլշեւիկը կամ մենշեւիկը չէ, խնդիրն այն է, որ ոչնչացվել է ազգային վերնախավի եւս մեկ շերտ, եւ այդ ոչնչացումից հետո Հայաստանում փաստորեն վերանում է քաղաքական վերնախավն ընդհանրապես: Հաջորդներն արդեն պետք է համարվեն ոչ թե քաղաքական, այլ կառավարական վերնախավեր (սրանով չենք ուզում վիրավորած լինել որեւէ մեկին, պարզապես արձանագրում ենք): Հայ բոլշեւիկների ոչնչացմամբ ավարտին հասցվեց ինքնուրույն հայկական քաղաքական վերնախավի մի ամբողջ սերնդի պատմություն:

 

Քաղաքական վերնախավերն անկախություն չունեցող ազգերի մեջ այդքան էլ հեշտ չեն ձեւավորվում, դա թանկ ու բարդ գործընթաց է: Հայկական քաղաքական վերնախավերը սկսեցին ձեւավորվել 1880-ականներից, մոտ երկու-երեք սերունդ գործիչ հասցրին տալ եւ իրենց բոլոր սխալներով հանդերձ բավականաչափ փորձ էին կուտակել (իսկ քաղաքական իմաստնությունը գալիս է փորձով, եւ հազվադեպ է լինում, երբ գործիչների հենց առաջին սերունդը բավականաչափ քաղաքական իմաստնություն է ունենում): Այդ փորձը ոչնչացվեց, եւ հաջորդ սերունդներին գրեթե չփոխանցվեց, ինչը լուրջ խզում էր ազգային պատմության մեջ: Որքան էլ զարմանալի է, բայց հայ բոլշեւիկների ոչնչացումը Հայաստանի քաղաքական անկախության ոչնչացման վերջին գործողությունն էր: Պատահական չէ Չարենցի բանաստեղծական շարքի անվանումը՝ նվիրված զոհված Խանջյանին՝ «Դոֆինը նաիրական»:

1.3.2 Մտավորականների ոչնչացման եւ աքսորի գինը երեւի չարժի ապացուցել անգամ, չնայած զգացողություն ունեմ, որ նույնիսկ այդ փաստը մարդիկ հակված են թերարժեւորել: Ինձ թվում է՝ շատերը մտածում են՝ դե իհարկե, լավ բան չի եղել, բայց ամեն դեպքում ընդամենը մի անգամ է եղել, մի քանի մարդ են գնդակահարել, ճիշտ է, շատ հնչեղ անուններով՝ Չարենց, Բակունց, Թոթովենց, մի քանիսին էլ Մահարու նման աքսորել են, բայց բոլորին չեն ոչնչացրել (շնորհակալություն մեծ Առաջնորդին), հետո հների փոխարեն մտավորականների նոր սերունդներ են եկել: Կորուստ է, բայց տանելի:

Մտավորականների եւ գործիչների սերունդները համարժեք չեն միմյանց: Որքան էլ հարգեմ, օրինակ, 1960-ականներին ստեղծագործող հայ գրողներին, նրանց ստեղծած արժեքների համագումարը, չեմ կարող մոտ անգամ համարել 20-րդ դարի սկզբին հայերեն ստեղծածի համագումարին: Մտավորականները, որոնք գլխատվեցին 1915-ին ու 1937-ին, լավագույն սերունդներն էին, որոնց նմանը հայոց նոր պատմության մեջ ոչ մինչ այդ է եղել, ոչ էլ հետո եղավ: Որովհետեւ մտավորական սերունդների ձեւավորումն էլ բարդ գործընթաց է, որը ենթադրում է բազմաթիվ եզակի գործոնների համընկնում:

Հարցն այն չէ նույնիսկ, որ ոչնչացվել են լավագույն սերնդի միանշանակ լավագույն ներկայացուցիչները, այն էլ՝ ծաղկուն տարիքում, այլ այն, որ ոչնչացվել է նրանց հետ անկրկնելի հնարավորությունների մի ամբողջ շտեմարան: Ինչե՜ր կստեղծեր դեռ 40-ը նոր բոլորած Չարենցը, 40-ին նույնիսկ չհասած Վարուժանը եւ այլն, եւ այդ ինչերն իրենց հերթին ինչի՞ հիմք կդառնային, ի՞նչ նոր ավանդույթներ կձեւավորվեին, որոնք երբեք չեն ձեւավորվել՝ սա է հարցը: Ազգային մշակույթի ստեղծումը, ավանդությունը մեխանիկական գործընթացներ չեն, այլ ստեղծագործական: Շղթան ընդհատվում է, նրա հետ անհետ կորչում են բազմաթիվ հնարավորություններ, որոնք այլեւս երբեք չեն լինելու:   

2.Ավանդական ինստիտուտների իսպառ ոչնչացում, նոր՝ արդիական ինստիտուտների ձեւական բնույթ:

Սա կարեւորագույն թեմա է, որը, որքան գիտեմ, չի ուսումնասիրվել մեզանում:

Ընդհանրապես ցանկացած արդիականացման արդյունքներից է ավանդական հանրային ինքնակազմակերպման կառույցների թուլացումը եւ նորերի ձեւավորումը: Բայց սովետական արդիականացման առանձնահատկությունն այն է, որ ավանդական ինքնակազմակերպման ինստիտուտները ոչ թե պարզապես թուլացել են, այլ իսպառ ոչնչացվել են, իսկ դրանց փոխարեն ստեղծված նորերը իրականում չեն գործել:

Ինչի՞ մասին է խոսքը: Ցանկացած հասարակություն կազմված է մի քանի մակարդակով՝ անհատից մինչեւ պետական ապարատ: Որպես կանոն՝ անհատի եւ պետության հարաբերությունների միջակայքում առկա են հանրային ինքնակազմակերպման այլեւայլ ձեւաչափեր, որոնք միջնորդում են անհատ-պետություն հարաբերությունը: Դա հենց քաղաքացիական հասարակությունն է բառի բուն իմաստով, այլ ոչ թե այն, որն օգտագործվում է այսօր մեզանում (իբրեւ ՀԿ սեկտոր կոչվածի կամ էլ ավելի լայն «առաջադեմ քաղաքացիների» հոմանիշ): Ավանդական հանրությունում միջնորդի դերում են գյուղական համայնքները (ոչ թե այսօրվա ֆորմալ, այլ հին իմաստով՝ որպես գյուղացիների ինքնակազմակերպման եւ համատեղ սեփականություն), արհեստավորների համքարությունները, եկեղեցական համայնքները (գործող, ոչ թե անվանական, այդ թվում՝ ոչ միայն կրոնական գործառույթներով, օրինակ՝ կրթական), նաեւ ավանդական տոները եւ այլն: Արդիականացումը որպես կանոն փոխարինում է այս ձեւաչափերը նորերով՝ կուսակցություններ, արհմիություններ, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Բայց նույնիսկ, այսպես կոչված, առավել զարգացած երկրներում ավանդականի այս կամ այն չափի ամուր մնացորդները նույնպես պահպանվում են կամ ձեւափոխվում: 

 

Սովետական արդիականացումը, ինչպես նշեցինք, իսպառ վերացնում է ավանդականները, իսկ դրա փոխարեն ստեղծված արդիականները կրում են ձեւական բնույթ: Սովետական միակուսակցական համակարգը, այդ համակարգին լիովին ենթակա արհմիությունները եւ հասարակական կազմակերպությունները չեն կատարում իրենց միջնորդման գործառույթը, այլ հակառակը, հավելյալ գործիք են ծառայում անհատների պետական վերահսկման համար:

Հանրային բազմահարկ կառուցվածքի ոչնչացումը սովետական արդիականացման կողմից այնքան լիակատար է, որ մենք նույնիսկ չենք գիտակցում այդ խնդիրը, չենք գիտակցում, որ Հայաստանի արմատական, հիմնարար խնդիրներից մեկն այն է, որ պետությունից դուրս հանրային կազմակերպման միակ միավորն ընտանիքն է: Մենք այս վիճակը միամտաբար սիրում ենք վերագրել մեր պատմությանը՝ իբր պետություն չենք ունեցել, դրա համար ընտանիքից դուրս բան չենք ճանաչում: Իրականում խնդիրը ոչ թե մեր պետություն ունենալ-չունենալն է, այլ որ ընտանիքից զատ մնացած հանրային ձեւաչափերն այնպես են արմատախիլ արվել, որ նույնիսկ հուշ չի մնացել նրանից:

Ընդ որում՝ պետք է շեշտել, որ այս կորուստը եւս անդառնալի է: Ոչ ոք չի կարող վերականգնել ավանդականը. ավանդության ընդհատումը միշտ էլ անդառնալի է, իսկ վերականգնման փորձերը՝ միշտ էլ թատերական, արհեստական, եւ ոչ ոք չի կարող պատկերացնել, թե արդիականացման այլ տարբերակում ավանդական ձեւաչափերն ինչ ձեւափոխումներ կկրեին եւ ինչպես կդառնային մասը ժամանակակից հասարակության:

Բայց ոչ միայն ավանդականը, արդիականը նույնպես անհնար է կամ շատ բարդ է վերստեղծել: Օրինակ՝ ինչպե՞ս վերստեղծել այն ուղին, որն այսօր պետք է անցած լինեին իրական գործող արհմիությունները: Կամ ի՞նչ անել այն փաստի հետ, որ ավանդական կուսակցությունները Հայաստանից դուրս գոյություն ունեցած տասնամյակների ընթացքում չեն անցել այն բնական ճանապարհը, որը պետք է անցնեին Հայաստանում: Սրանք երեւույթներ են, որոնք հնարավոր չէ հետ շրջել եւ արդյունքերը հետ ստանալ:

Այսօրվա Հայաստանում կան, ճիշտ է, կուսակցություններ, բայց դրանք թույլ են, այդ թվում այն պատճառով, որ ստեղծվել են մի ժամանակում, երբ արդիական բազմաթիվ ձեւաչափեր ճգնաժամ են ապրում, եւ մեր կուսակցությունները, չունենալով տասնամյակների ավանդույթ, այդ համաշխարհային միտմանն ավելի շեշտված զոհ են, քան այլ երկրներում: Հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը նույնպես ֆիկտիվ է: Դա չի նշանակում՝ որեւէ օգտակար գործ չեն անում: Պարզապես դրանք իրական հասարակական ինքնակազմակերպման ձեւեր չեն, այլ արեւմտյան գումարներով Հայաստանում օգտակար կամ անօգուտ, կարեւոր չէ, ծրագրեր իրացնելու համար ստեղծված բիզնեսներ, օֆիսներ, որոշ դեպքում էլ՝ ոչ ֆորմալ քաղաքական կուսակցություններ:

Արդյունքում այսօր մենք փաստացի հաշմանդամ հանրություն ենք՝ զուրկ որեւէ հանրության կառուցվածքում կարեւորագույն դեր ունեցող լիարժեք միջին հարկից. անհատի եւ պետության միջեւ գրեթե բացակայում են լուրջ կազմակերպված միջնորդող օղակները: Եվ մենք չենք էլ գիտակցում դա որպես խնդիր:

Չեմ անդրադառնում այստեղ մյուս կարեւոր կորուստներին, ոչ թե որովհետեւ ասելիք չկա, այլ որովհետեւ չեմ ցանկանում անվերջ երկարացնել գրածս: Այդ կարեւոր, բայց այստեղ բաց թողնվող խնդիրներից են, օրինակ, մի քանի տասնամյակ մեկուսանալը մի կողմից՝ համաշխարհային մշակութային, հանրային եւ քաղաքական գործընթացից, մյուս կողմից՝ սեփական ազգային հիմքից: Նաեւ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, որը հանգեցրեց նոր՝ տասնյակհազարավոր զոհերի, առանց այդ էլ 20-րդ դարում բազմաթիվ զոհեր տված ժողովրդի մեջ: Ցանկը կարելի է շարունակել, բայց մեր խնդիրը տվյալ դեպքում ցանկի ամբողջականացումը չէ, այլ նախապատրաստումը այստեղ հետաքրքրող գլխավոր հարցի՝ կա՞ր արդյոք այլընտրանքային զարգացման ճանապարհ, եթե Հայաստանը պահպաներ իր անկախությունը, եւ ի՞նչ զարգացում կլիներ դա: Միայն համեմատելով այդ այլընտրանքային հնարավորությունը եղածի հետ՝ կկարողանանք ստույգ գնահատական տալ սովետական արդիականացման ժառանգությանը եւ ախտորոշել մեր այսօրվա խնդիրները: Եթե, օրինակ, քննությունը պարզի, որ անկախ Հայաստանն ի զորու չէր ինքնուրույն զարգանալ, սա մի բան է, իսկ եթե պարզվի, որ կարող էինք ունենալ այլընտրանքային ճանապարհ, որի արդյունքում կստանայինք մոտավորապես նույն ձեռքբերումները, բայց ավելի ցածր կորուստների գնով, ապա սա միանգամայն այլ հեռանկարներ է բացում:  

Շարունակելի

 

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: