1920-ի հարյուրամյակ. թղթի եւ երկաթի միջեւ
Ինչպես տեսանք նախորդիվ, հայկական հեղափոխության կամ հայկական ազատագրական պայքարի հիմնական պարադոքսն այն էր, որ պայքարելով հանուն Տաճկահայաստանի քաղաքական ազատության եւ երբեք չդնելով Ռուսահայաստանի քաղաքական ազատության հարցը՝ կորցրինք Տաճկահայաստանը, բայց ձեռք բերեցինք քաղաքական անկախություն Արեւելյան Հայաստանում: Միաժամանակ Արեւելյան Հայաստանի անկախությունը մոռացված նպատակի վերածնունդն էր, քանի որ ինչպես տեսանք նախորդ հոդվածում, 18-րդ դարում հայկական ազատագրական պայքարի հիմնական նպատակը հենց Արեւելյան Հայաստանում հայոց թագավորության վերականգնումն էր:
Հայկական պայքարն ընդհանրապես լի էր ներքին հակասություններով: Դրանց հիմքում թերեւս հենց երկրի բաժանումն էր Արեւելյան՝ ռուսական, եւ Արեւմտյան՝ տաճկական Հայաստանների: Եթե պայքարի շեշտը Տաճկահայաստանն էր, ապա բավականին բնական էր եթե ոչ ռուսական կողմնորոշումը, ապա գոնե չեզոք-դրական հայ-ռուսական հարաբերությունը, բայց հակառակն էլ ճիշտ էր. Արեւելյան Հայաստանի անկախության դեպքում հենքը թուրքերի հետ հարաբերությունները պետք է լինեին:
Բնական է, որ պայքարելով հանուն Տաճկահայաստանի՝ հայկական քաղաքական հոսանքները փորձում էին հնարավորինս նվազագույնի հասցնել պահանջները Ռուսահայաստանի մասով: Բայց երբ պարադոքսալ կերպով անկախացավ հենց Արեւելյան Հայաստանը, ապա ցավոտ, բայց բնական շրջադարձը պետք է լիներ թուրքերի հետ հարաբերությունների ստեղծումը:
Այնպես չէր, որ այդ պարզ ճշմարտությունը հասկացողներ չկային 1920 թվի Հայաստանի ղեկավարության մեջ: Բայց հասկանալը մի բան էր, իսկ իրագործելը՝ այլ: Իրագործմանը խանգարում էր հայկական պայքարի մեկ այլ հակասություն: 1918-20 թվականների Հայաստանի Հանրապետությունում անկախության գաղափարի իրական կրողները մեծ մասամբ տաճկահայերն էին, որոնք ոչ միայն պարզապես գաղափարակիրն էին, այլեւ հանուն անկախության արյուն թափողների կորիզը, կառավարության գլխավոր հենարանը ճգնաժամային պահերին, մինչդեռ ռուսահայերի զգալի մասն անտարբեր էր անկախության գաղափարի նկատմամբ եւ ավելի շատ երազում էր հին ու բարի Ռուսական կայսրության վերադարձի մասին կամ առնվազն պատրաստ չէր դիմադրելու ռուսական նոր ծավալմանն Այսրկովկասում: Տաճկահայերը ռուսներին դիմադրելու բարդույթ չունեին:
Բայց բնական է միաժամանակ, որ տաճկահայերի գլխավոր ձգտումը հենց Տաճկահայաստանի ազատագրումն էր եւ վերադարձը կորսված հայրենիք: Եվ կառավարությունը, որի վերջին փաստացի հենարանը տաճկահայերն էին, չէր կարող հաշվի չառնել այդ ձգտումը: Մանավանդ որ դա հենված էր ամենաբարձր մակարդակի միջազգային խոստումների վրա՝ ընդհուպ մինչեւ Սեւրի պայմանագիր:
Միայն 1920-ի աշնան ծանր պարտությունից հետո Դաշնակցության ղեկավարությունն ընդունեց մի քաղաքական գիծ, որը դրա թշնամիների կողմից կոչվեց «տաճկական օրիենտացիա», որի իրական բովանդակությունն այն էր, որ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության՝ պետք է փորձել ժամանակավոր լեզու գտնել թուրքերի հետ, քանի որ ՀՀ անկախության գլխավոր սպառնալիքը գալիս էր Մոսկվայից: Այս քաղաքական գիծը, կարելի է ասել, պաշտոնական էր 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ. բավական է կարդալ Հայրենիքի փրկության կոմիտեի «Ազատ Հայաստան» պաշտոնաթերթը: Այս կամ այն ձեւով՝ կես-բաց, կես-քողարկված, սա էր ՀՅԴ ղեկավարության քաղաքական գիծը նաեւ 1920-30-ականներին: Իհարկե, այս պատկերը մի փոքր պարզեցված է, ինչպես նաեւ բոլոր նման պատկերները, բայց ընդհանուր առմամբ ստույգ է:
Հայոց նորագույն պատմության հիմնական, առանցքային այլընտրանքները հենց այս կետում են՝ արդյոք որեւէ պատմական պահի հնարավո՞ր էր հայ-թուրքական գործակցություն հանուն Արեւելյան Հայաստանի անկախության: Իրականում կար ոչ թե մեկ, այլ մի քանի նման պատմական շրջադարձային կետ, երբ գոնե տեսականորեն դա հնարավոր էր, եւ 1921 թվականը դրանցից ամենաանհարմարն էր, քանի որ 21 թվի հայ-թուրքական լռելյայն գործակցության հիմքում Հայաստանի պարտությունն էր, իսկ գործուն գործակցությունը ոչ թե հաղթող ու պարտվող է ենթադրում, այլ միմյանց հանդեպ համեմատաբար հավասար եւ միմյանց հանդեպ փոխշահագրգիռ երկու կողմ (21 թվի մասին գրում եմ «լռելյայն գործակցություն», որովհետեւ պարզ է, որ եթե թուրքերը չեն միջամտել 1921-ի փետրվար-հուլիսի հայ-ռուսական կռվին, ապա դա չէր կարող լինել առանց առնվազն լուռ փոխհամաձայնության): Նման պահեր հայ-թուրքական հարաբերություններում եղել են:
Մի անգամ արդեն փորձել եմ բարձրաձայնել այս «վտանգավոր» այլընտրանքի մասին՝ Այլընտրանքային պատմության շարքի հենց երկրորդ մեծ թեմայում, որը նվիրված էր Ռուբեն Տեր-Մինասյանին: Արձագանքները կարծես ավելի քիչ էին, քան սպասելի էր նման թեմայի համար: Իրականում հայ-թուրքական այլընտրանքը վտանգավոր կարելի է համարել բոլորի համար, բացի հայ ժողովրդից: Որովհետեւ հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն այն է, որ նա գիտակցի, որ ցանկացած պահի կարող է գործակցել ցանկացած ուժի հետ՝ հանուն իր անկախության ու առանց խտրականության եւ ցանկացած պահի էլ խզել այդ գործակցությունը՝ հանուն նույն նպատակի: Հայ ժողովուրդը բացարձակ ազատ է գործակցել եւ կռվել ցանկացածի հետ ցանկացած պահի՝ թուրքի, ռուսի, վրացու, պապուասի:
Փորձենք եւս մեկ անգամ պատկերացնել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր այլընտրանքները 20-րդ դարի սկզբին: Եթե նախորդ անգամ կենտրոնացել էի 1914-ից սկսվող դեպքերի վրա, ապա այժմ կփորձեմ ավելի համապարփակ, թեեւ պակաս մանրամասն պատկեր վերստեղծել: Այս այլընտրանքային տարբերակներն ինքնանպատակ չեն բնականաբար, դրանք պետք է մեզ մոդել ծառայեն ապագայի համար:
Նշելու եւ կարեւորը՝ լավ հասկանալու համար այլընտրանքային կետերը՝ պետք է մեկ անգամ եւս փորձենք խորանալ հայկական ազատագրական պայքարի հակասությունների մեջ:
Հայկական ազատագրական պայքարը փաստացի ուներ երկու իրար հակադիր, բայց այդպես էլ իրարից վերջնականապես չտարանջատված ուղղություն՝ դիվանագիտական ուղղությունը, որի թագն ու պսակը Սեւրի պայմանագրի թղթե շերեփն էր, եւ բուն հեղափոխականը՝ զինված պայքարի ուղղությունը, որի արդյունքը ցայսօր գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունն է: Հայկական ազատագրական պայքարի քննադատությունները, որոնք՝ որպես կանոն, հաշվի չեն առնում այս ներքին բաժանումը, վրիպում են իրենց վերլուծության մեջ: Ինչպե՞ս ձեւավորվեց այս երկու ուղղությունը:
Ինչպես նախորդ նյութում նշել էինք, Տաճկահայաստանում քաղաքական պայքարի գաղափարի նախակարապետը Միքայել Նալբանդյանն էր, որին կոչեցինք ազգային-հեղափոխական ուղղության ներկայացուցիչ եւ հիմնադիր: Նրան ժամանակակից մյուս հոսանքները՝ ազգային-լիբերալներն ու ազգային-պահպանողականները, դեռ առաջ չէին քաշում քաղաքական պայքարի, քաղաքական ինքնուրույնության գաղափարը, այլ որպես նպատակ ընդունում եւ ընկալում էին միայն հայերի մշակութային ինքնավարությունը:
Բայց լիբերալների եւ պահպանողականների հաջորդ սերունդները 1870-ականներից արդեն որդեգրում են Տաճկահայաստանի գաղափարը: Սակայն այնպես, որ դրանից դուրս է գալիս հեղափոխական՝ սեփական ուժերով, ժողովրդական ինքնակազմակերպմամբ, եւ գյուղացիության վրա հենված պայքարի գաղափարը, որը Նալբանդյանի աշխարհայացքի առանցքն էր: Հայ լիբերալներն ու հայ պահպանողականները հայկական պայքարը պատկերացնում էին որպես «դիվանագիտական», այսինքն՝ հայերը պետք է ինքնուրույնություն ձեռք բերեին մեծ տերությունների օգնությամբ ու միջամտությամբ: Սա Հայաստանից դուրս՝ գաղութներում ապրող հայ բուրժուազիայի, կղերականության եւ մտավորականության մտածողության տիպական դրսեւորում էր, որի վերապրուկներն ուժեղ են մինչեւ այսօր. նրանց թվում է, որ աշխարհում գոյություն ունի ինչ-որ առանձին վերցրած դիվանագիտություն, որը կարող է հենված չլինել ռազմական, քաղաքական, տնտեսական ուժի վրա: Մինչեւ այսօր էլ կան մարդիկ, որոնք ասում են՝ Առաջին հանրապետությունը պարտվեց, որովհետեւ վատ դիվանագետներ էին, կամ հայերը վատ դիվանագետներ են, իսկ թուրքերը՝ լավ: Իրականությունը, իհարկե, ծայրահեղ հեռու է այս պատկերացումից, որովհետեւ դիվանագիտությունն ընդամենը մի գործիք է, որը կոչված է ձեւակերպելու իրական ուժային դասավորությունը՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն: Դիվանագիտությունն ինքնին ոչինչ չի որոշում եւ չի կարող որոշել:
Հայ լիբերալիզմի աշխարհայացքի հիմքում հավատն էր քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ: Ըստ այդմ՝ հետամնաց ու բարբարոս Թուրքիան անխուսափելիորեն պետք է նահանջի քաղաքակիրթ եւ լուսավոր եվրոպական աշխարհի առջեւ, եւ հայերն էլ՝ որպես քաղաքակրթության ներկայացուցիչներ, պետք է օգնություն ստանան «աշխարհից» եւ ազատվեն: Շատ պարզունակ, բայց սա էր ընդհանուր սխեման, որը, իհարկե, մեզ ծանոթ, չափազանց ծանոթ է նաեւ այսօր: Շատ զարմանալի չէ, որ մյուս հարցերում իրար հակադիր հայ լիբերալներն ու հայ պահպանողականներն այս հարցում համախոհ էին, քանի որ լիբերալների հավատը քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ այլ բան չէ, քան «քրիստոնյա աշխարհի» հանդեպ միջնադարյան հավատի աշխարհիկացված տարբերակ: Մեծ տարբերություն չկա. նույն Եվրոպան եւ Ռուսաստանը՝ որպես քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներ, միջազգային հանրություն եւ որպես քրիստոնյա խաչակիր զորք, պետք է փրկեին իրենց հայ եղբայրներին բարբարոսական լծից:
Հայ լիբերալների իդեալը, ըստ էության, մի մեծ պատերազմ էր «քաղաքակիրթ աշխարհի» եւ Թուրքիայի միջեւ, որի ընթացքում հայ ժողովուրդը պետք է փրկվեր թուրքական լծից: Եվ պետք է ասել, որ այդ իդեալն իրականացավ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմով, իսկ թե արդյունքում ինչ եղավ հայ ժողովրդի հետ, այդ մասին լռենք: Իհարկե, այդ իդեալի կրողներն ամեն ինչ արեցին, որ տեղի ունեցած մեծագույն ողբերգության մեղքն իրենց վրայից գցեն զինված պայքարի կողմնակիցների վրա՝ իբր հայերը կոտորվեցին թուրքերի դեմ զինված պայքարի պատճառով: Սա տեսակետ է, որը սրբագրված է հայ լիբերալիզմի կարկառուն ներկայացուցիչ Լեոյի «Անցյալից» գրքում, որը սեփական ճամբարի մեղքերը փորձում է բարդել այլոց վրա:
Ազատագրական պայքարի հեղափոխական ուղղության հիմնադիրների մեջ, բացի Նալբանդյանից, կարելի է դասել նաեւ Խրիմյանին եւ Րաֆֆուն: Խրիմյանի հայտնի խոսքերը երկաթե շերեփի մասին, Րաֆֆու «Կայծերը»՝ սեփական ուժերով զինված պայքարի ուղին էին հիմնավորում: Գործնականում հեղափոխական պայքարի գաղափարը փորձեցին կյանքի կոչել 1880-1890-ականներին ձեւավորված հայկական կուսակցությունները՝ հնչակյանները եւ Դաշնակցությունը: Վերջինիս անունը՝ Հեղափոխական դաշնակցություն, հենց հուշում է հակադրությունը լիբերալիզմի գաղափարախոս Արծրունու եւ մյուսների քարոզած դիվանագիտական ուղուն: Հեղափոխությունն այստեղ նշանակում է՝ սեփական ուժերի վրա հենված զինված եւ անզեն պայքար, որի գլխավոր հենարանը կազմակերպված ժողովրդական զանգվածներն են, եւ որը այնուհետեւ անխուսափելիորեն պետք է առաջ քաշի ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական ազատագրման կարգախոսները, որոնք համահունչ պետք է լինեին հայ ժողովրդի ճնշող մեծամասնության՝ գյուղացիության շահերին:
Սա իդեալական տարբերակում, բայց գործնականում խնդիրն այն է, որ հեղափոխական ուղղությունը երբեք էլ չկարողացավ վերջնականապես կտրվել դիվանագիտական՝ լիբերալ ուղղությունից եւ կայանալ որպես ինքնուրույն շարժում: Հենց այստեղ է հայկական հեղափոխության ձախողումների գլխավոր, հիմնարար պատճառներից մեկը: Եթե Լեոյի պես քննադատներն ասում են, որ հայերը կորուստներ կրեցին, որովհետեւ հեղափոխական էին, ապա իրականությունն այն է, որ կորուստների պատճառը ոչ թե հեղափոխական պայքարն էր, այլ դրա անհետեւողականությունը, կիսատությունը:
Ինչպիսի՞ն պետք է լիներ լիարժեք, հետեւողական հեղափոխական ծրագիրը: Դա այն ծրագիրն էր, որը, օրինակ, առաջարկում էր հայտնի Հրայր Դժոխքը: Այն է՝ ժողովրդական մեծ ապստամբության նախապատրաստություն, ինչը ենթադրում էր ցուցադրական զինված գործողությունների, մանր ընդհարումների, ֆիդայական կռվի բացառում կամ նվազեցում, դրա փոխարեն ժողովրդի լայն զանգվածների կազմակերպում, մարզում, ընդհատակյա, գաղտնի, ինքն իրեն չցուցադրող աշխատանք: Այդ ծրագիրը մասամբ իրացվեց Հրայրի մահվանից հետո՝ 1904-08 թվականներին, եւ դա էր, որ բերեց փայլուն արդյունքների:
Իսկ ի՞նչ ունեցանք այդ ծրագրի փոխարեն 1890-1904 թվականներին: Թե՛ հնչակյանների, թե՛ հետագայում դաշնակցականների գործունեության մեջ այդ փուլում զինված պայքարը, հեղափոխությունը ոչ թե բուն նպատակն էին, այլ գործիք եւ միջոց, մարտավարություն, որոնք կոչված էին ծառայելու ռազմավարական մի նպատակի, որը փոխառված էր լիբերալների դիվանագիտական ծրագրից՝ հասնել քաղաքակիրթ աշխարհի միջամտությանը: Այսինքն՝ իրականությունը խառնուրդ չէր երկու՝ դիվանագիտական եւ հեղափոխական ծրագրերի, որտեղ հեղափոխականը ստորադասված էր դիվանագիտականին: Հայկական կուսակցությունների առաջին սերնդի առաջնորդները, թեեւ հակադրվեցին հայ լիբերալների ծրագրին, սակայն այդպես էլ չկարողացան վերջնականապես ազատվել դրա ազդեցությունից:
Այս՝ դիվանագիտական-հեղափոխական խառնուրդի գլխավոր գործիքը, այսպես կոչված, «ցուցական մարտավարությունն էր»: Դրա էությունը շատ պարզ էր. խոշոր հայկական կենտրոններում առաջ բերել զինված ապստամբություններ կամ անզեն մեծ ցույցեր, որոնք պետք է առաջ բերեին եվրոպական միջամտություն, եւ 1878-ի Բեռլինի դաշնագրի հայկական վիլայեթների մասին դրույթների իրականացման պարտադրում սուլթանին «աշխարհի» կողմից: Բեռլինի դաշնագիրն այն ժամանակվա Սեւրն էր՝ թղթի վրա մնացած մեծ խոստումներ: Այսինքն՝ այն բոլոր մեծ ապստամբությունների, որոնք եղան 1894-96-ին, ապա 1904-ին, հատկապես Սասունի երկու ապստամբությունների նպատակը հենց սկզբից ոչ թե դրանց հաջողության հույսն էր, այլ այն, որ դրանք կգրավեն Եվրոպայի ուշադրությունը եւ առաջ կբերեն միջամտություն: Սա, իհարկե, շատ հեռու էր իրական հեղափոխական ծրագրից, որի ամբողջ իմաստը սեփական ուժերի վրա հենքն է: «Ցուցական մարտավարությունը» մեծ ռեսուրս խլեց՝ մարդկային, զինամթերքի եւ այլն՝ առանց այդ էլ ոչ հարուստ հայկական ազատագրական պայքարից (հայ բուրժուազիան երբեք չմասնակցեց այդ պայքարին), բայց անշուշտ նպատակը չիրականացավ. «աշխարհի միջամտությունը» այդպես էլ տեղի չունեցավ: Դրա փոխարեն եղան հայկական ջարդեր: Քննադատներն ասում են, որ ջարդերի պատճառը զինված պայքարն էր: Իրական պատճառը ոչ թե զինված պայքարն էր ինքնին, այլ արտաքին միջամտության ռազմավարությունը:
Այդուհանդերձ, նույնիսկ այդ՝ աղավաղված եւ ստորադասված զինված պայքարը որոշակի արդյունքներ տվեց: Եթե «դիվանագիտությունը»՝ մեծ տերությունների միջամտությանն ապավինելու գլխավոր հետեւանքը հայկական ջարդերն էին, ապա զինված պայքարի արդյունքը հայերի սուբյեկտացումն էր, գործոնի վերածվելը: Եթե նախկինում հայը հլու-հպատակ գյուղացին էր, որի հետ հաշվի նստելն իմաստ չուներ, ապա այժմ հայերի հետ գործակցության կամ գոնե հաշտության եզրեր սկսում են փնտրել մի կողմից քրդական առանձին ցեղերը, մյուս կողմից՝ թուրքական հակասուլթանական կազմակերպությունները: Եթե մեծ տերությունների համար հայկական զինված պայքարը մեծ բան չէր, ապա հարեւանների աչքին դա բավականաչափ ազդեցիկ գործոն էր:
1904-ի Սասունի ապստամբությունը, որը երկար տարիների նախապատրաստության եւ դժվարությամբ գտնված միջոցների ներդրման արդյունք էր, ավարտվելով կատարյալ անհաջողությամբ՝ վերջ դրեց «ցուցական մարտավարությանը»: Նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չէր կազմակերպել այդպիսի մի նոր ելույթ հայկական հեղափոխության սուղ միջոցներով: Այս անհաջողությունն իրականում մեծ օգուտ էր հայկական պայքարին: Այլ տարբերակ չկար, քան անցնել բուն հեղափոխական ծրագրին՝ մի կողմ դնելով եվրոպական միջամտության սին նպատակը: Ցավալիորեն հեղափոխական ծրագրի իրացման ճանապարհը բացվեց դրա ջատագովներից երեւի առավել կարեւորի՝ Հրայր Դժոխքի մահվամբ. նա զոհվեց հենց նույն Սասունի ապստամբության ժամանակ՝ մի գործողության ընթացքում, որը հակադիր էր իր պատկերացրած մարտավարությանը:
1904-08 թվականները հայկական հեղափոխական պատմության մեջ ամենալուռ տարիներն են՝ դրանց մասին քիչ է խոսվում, քանի որ մեծ ու աղմկալից իրադարձությունները քիչ են: Բայց իրականում սրանք ամենակարեւոր տարիներն էին, որոնց ընթացքում առանց չափազանցության նույնիսկ այսօրվա Հայաստանի հիմքերն են դրվել:
Այդ տարիներին, ինչպես ասացինք, իրացվեց բուն հեղափոխական ծրագիրը: Ո՞րն էր դրա էությունը: Շեշտն այժմ ոչ թե փոքրիկ զինված խմբերն էին, այլ ամբողջ ժողովրդի զինումն ու մարզումը: Ֆիդայական ջոկատների մեծ մասը դուրս բերվեց երկրից: Զենքն այլեւս չէր ներմուծվում դրսից: Այժմ ընդհատակյա կազմակերպությունների մեջ ընդգրկված հայ գյուղացիները պարտավոր էին իրենք իրենց միջոցներով զենք ձեռք բերել եւ պահպանել այն: Միաժամանակ յուրաքանչյուր գյուղում հենց գյուղացիներն էին կազմում ջոկատներ, որոնք վարժեցվում էին զենքին եւ կռվին: Նման կերպով ստեղծվեց փաստորեն այլընտրանքային հայկական զինուժ: Որեւէ ցուցադրական գործողություն, անհարկի զինված ելույթ այս զինուժը չէր ունենում, բայց անհրաժեշտության դեպքում պաշտպանում էր հայկական գյուղերը քրդերից ու թուրքերից: Այս ծրագիրն իրականացվեց Վասպուրականում եւ Տարոնում Դաշնակցության երկրորդ սերնդի երիտասարդ գործիչների՝ Արամ Մանուկյանի, Իշխանի, Ռուբեն Տեր-Մինասյանի կողմից, որոնք առաջնորդվում էին Հրայրի գծած ուղով: Զինված ուժերից բացի, ստեղծվեցին ընդհատակյա դատարաններ. հայերից ոչ ոք չէր դիմում պաշտոնական դատարաններին, այլ բոլոր վեճերը լուծվում էին տեղում հեղափոխական դատարանների կողմից, որոնց ստիպված էին դիմել նաեւ քրդերը: Հաջորդ քայլով հեղափոխական ընդհատակյա կազմակերպությունը սկսեց մտնել նաեւ դպրոցները: Փաստացի ընդամենը չորս տարում զուտ հեղափոխական՝ ժողովրդական ինքնակազմակերպման միջոցով հնարավոր եղավ հայկական այլընտրանքային պետության հիմքերը դնել: Իհարկե, թուրքերը զգալիորեն տեղյակ էին այդ գործողություններից, բայց նրանք տեղում չունեին այդքան իրական իշխանություն՝ խոչընդոտելու դրան, եւ քանի որ արտաքին միջամտության հարց էլ չկար, ապա չեղան նաեւ հայկական ջարդեր: Հայ ժողովուրդը մի կողմից զինվեց, մարզվեց, կազմակերպվեց, մյուս կողմից հանգիստ ստացավ ու պաշտպանություն: Սա է իրական հեղափոխական պայքարի ուժը: Այս չորս տարում Վասպուրականի մարզված մարտիկները հնարավոր դարձրին ոչ միայն 1915-ի Վանի ինքնապաշտպանությունը, այլեւ 1918-ի Սարդարապատի ճակատամարտը եւ 1918-20 թվականների շատ կռիվներ, որոնց մշտական մասնակիցներն էին այդ թվերին իսկական զինվորների վերածված հայ գյուղացիները: Անզեն ու պատերազմին անվարժ ժողովուրդը չի կարող ինքնապաշտպանվել:
1904-08 թվականների լուռ հեղափոխության շրջանը Տաճկահայաստանում զուգորդվում է բուռն եւ աղմկալից իրադարձություններով Ռուսահայաստանում: Այստեղ այդ շրջանում գագաթնակետին է հասնում ռուսական հակահայկական քաղաքականությունը: Հայկական դպրոցները փակված էին, օրենք է ընդունվում հայկական եկեղեցու ունեցվածքի գրավման մասին, որի դեմ կազմակերպվում է համաժողովրդական պայքար: Այստեղ է, որ առաջին անգամ քաղաքական շարժում է սկսվում Արեւելյան Հայաստանում: Սրան հետեւում է ռուսական հեղափոխությունը՝ 1905-07 թվականներին, որի գործուն մասնակիցներն էին նաեւ հայկական կուսակցությունները: Հայերը ռուսական իշխանության աչքի փուշն էին Կովկասում թե՛ որպես տնտեսական ուժ, թե՛ որպես քաղաքականացված՝ հեղափոխական ազգ: Հայերի դեմն առնելու համար կազմակերվում են, այսպես կոչված, հայ-թաթարական ընդհարումները: Եվ այստեղ է, որ Տաճկահայաստանում զինված պայքարի փորձը վճռական նշանակություն է ունենում Արեւելյան Հայաստանի համար առաջին անգամ: Հայերը Կովկասի ամենաանպաշտպան ժողովուրդն էին, եւ հայերին ջարդելը առանց դիմադրության հանդիպելու լազաթ էր Կովկասի թուրքերի համար: Արեւելահայ ժողովրդի մեծ մասը, բացի մի քանի շրջանից, չուներ դիմադրելու, ինքնապաշտպանվելու կարողություն եւ փորձ: Եվ ինքնապաշտպանության կազմակերպումն ընկնում է տաճկահայ կամ Տաճկահայաստանում փորձ ստացած հեղափոխական զինվորների վրա, որոնց շնորհիվ ոչ միայն հնարավոր է լինում պաշտպանվել ռուսական իշխանության հովանավորած թաթարներից, այլեւ հաղթել փաստացի պատերազմում: Հայերը հաստատում են իրենց ոչ միայն որպես Կովկասի առաջատար տնտեսական, այլեւ ռազմական ուժ: Եթե չլիներ զինված պայքարը Տաճկահայաստանում, դա չէր լինի: Այսօր մոռացված գործիչ եւ գիտնական Դավիթ Անանունը գրում էր, որ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ արեւելահայությունը կայացավ որպես քաղաքական ազգ: Մենք կարող ենք հավելել՝ այդ օրերին հիմքերից մեկը դրվեց ապագա Հայաստանի Հանրապետության՝ Արեւելյան Հայաստանում:
Ռուսական հեղափոխության պարտությամբ նորից մարեց քաղաքական կյանքը Ռուսահայաստանում: Դաշնակցությունը Ռուսաստանում հետապնդվեց, նետվեց բանտերը եւ փաստացի քայքայվեց:
Եվ այդ ժամանակ է, որ օգնության հասավ 1908-ի օսմանյան հեղափոխությունը, որով իշխանության եկան երիտթուրքերը: Այս հեղափոխությանը մասնակցություն ունեցան նաեւ հայերը: Հայկական գերիշխող ուժը՝ Դաշնակցությունը, դարձավ թուրքական գերիշխող ուժի՝ երիտթուրքերի պաշտոնական դաշնակիցը:
Երիտթուրքերի հետ գործակցության մասին այսօր, հաշվի առնելով հետագա իրադարձությունները, ոչ ոք, իհարկե, լավ բան չի ասում: Դաշնակցությունը փորձում է «ցրել» թեման կամ արդարանալ, մյուսները բնականաբար միայն բացասական են արտահայտվում: Ամենազարմանալին զինված պայքարի քննադատների տեսակետն է: Նրանք համ հակաթուրքական պայքարն են քննադատում եւ սխալ համարում, համ թուրքերի հետ գործակցությունը: Ազնիվ քննադատությունը միշտ պետք է սեփական ելքն առաջարկի՝ եթե սխալ էր հակաթուրքական պայքարը, ապա ո՞րն էր ճիշտ: Պետք է ենթադրել, որ այդ դեպքում ճիշտ պետք է լիներ գոնե գործակցությունը: Բայց երկուսն էլ սխալ միաժամանա՞կ: Կռվել թուրքերի հետ սխալ էր, հաշտվել՝ նույնպես… Սա, իհարկե, իրական քննադատություն չէ, այլ պարզ անտրամաբանություն կամ էլ քարոզչություն:
Իրականությունն այն է, որ դարերով որեւէ սուբյեկտությունից զուրկ հայ ժողովրդի ներկայացուցչական կազմակերպությունը դառնում է թուրքական պետության գերիշխող ուժի դաշնակիցը, թուրքական քաղաքական կյանքի կարեւոր մասնակիցը: Եվ սա այլ բան չէ, քան արդյունք հայ հեղափոխության, որի միջոցով հայերը դառնում են իրական ուժային գործոն եւ ճանաչում ստանում որպես այդպիսին: Հանուն սիրուն աչքերի չէր, որ երիտթուրքերը դաշնակցում էին հայերի հետ, այլ որովհետեւ նրանք ունեին հայերի կարիքը որպես ուժի: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանում հայերի քաղաքական կյանքը լիովին ճնշված էր եւ չուներ գրեթե ոչ մի լեգիտիմ դրսեւորում: Մինչդեռ միաժամանակ Օսմանյան կայսրությունում հայերը ոչ միայն ազատություն են վայելում, այլեւ իշխող ուժի դաշնակիցներն էին: Ամեն ինչ այս պահին հայերի ձեռքում էր:
Իհարկե, հայերն ու թուրքերը չդարձան դրանով ընկերներ: Որովհետեւ ազգերն ընդհանրապես ընկերներ չեն լինում ու չեն դառնում: Իհարկե, երիտթուրքերը չէին պատրաստվում հենց այնպես իրականացնել իրենց հայ դաշնակիցների բոլոր պահանջները: Բայց դա չի էլ ենթադրվում: Ինչպես որ հայերն ուժով հասել էին թուրքերի հետ դաշինքի, նույնպես էլ ուժեղանալով կարող էին հասնել ավելիին: Բայց իրականում ընտրվեց վատագույն ճանապարհը: Թուրքերի հետ դաշինքը խզվեց 1912-ին:
Քննադատները, որոնք քննադատում են այսօրվա դիրքերից երիտթուրքերի հետ դաշինքը, եթե հայ ժողովրդի շահերից խոսեին, պետք է քննադատեին ոչ թե այդ դաշինքը, այլ ազնվություն ու համարձակություն ունենային քննադատելու 1912-ի խզումը երիտթուրքերի հետ: Ճիշտ է, ինքնին խզումը չէ խնդիրը. դաշինքները կարող են կնքվել եւ խզվել, դա չի կարող լինել սխալ կամ ճիշտ:
Բայց մենք պետք է վաղուց բաց ու շիտակ ասեինք խզման իրական պատճառները. դրանք Թուրքիայում ռուսական դեսպանի հետ Դաշնակցության՝ Պոլսի կոմիտեի բանակցությունների արդյունքն էին, այսինքն՝ փաստացի թելադրված էին դրսից ու մի պետության ներկայացուցչի կողմից, որտեղ հայկական քաղաքական կյանքը հալածված էր ու մեռած: Խզման պաշտոնական պատճառները, որոնց մի մասը կարող էին արդար լինել, մի մասը՝ ոչ, կարեւոր չեն, քանի որ կոչված էին միայն քողարկելու իրական պատճառները: Հայկական քաղաքական վերնախավը վերադարձավ հին ճանապարհին՝ «դիվանագիտական ուղուն»: Ռուսները, որոնք բանակցության մեջ էին մտել ոչ միայն Դաշնակցության, այլեւ հայկական այլ շրջանակների, այդ թվում՝ եկեղեցու հետ, նորից Հայկական հարցի միջազգայնացման խոստումներ էին տալիս: Հայերը նորից ապավինեցին դրսի փրկիչներին: Մեծ եղեռնի ժամացույցը միանում է այդ պահից… Եվ հասկացողի համար կարեւոր է, որ 1912 թվի որոշումը որպես դավաճանություն ու խոշորագույն սխալ է որակվել հենց նույն թվին եւ հենց Դաշնակցության ներսում, հենց այդ կուսակցության առավել մարտական, առավել հեղափոխական, հակաթուրքական պայքարում առավել աչքի ընկած Տարոնի եւ Վանի կոմիտեների, այդ թվում՝ անձամբ Ռուբեն Տեր-Մինասյանի կողմից:
1912-ից հայկական պայքարը թվում էր, թե նորից մտավ բարեհաջող մոռացված «դիվանագիտական» փուլ, բայց այս անգամ դա հավասարակշռված չէր զինված պայքարով, այնպես որ, արդյունքներն ավելի «շքեղ էին»: Հայկական հարցի նոր միջազգայնացման արդյունքում 1914-ին հայերս ստացանք մի նոր փայլուն թուղթ՝ Հայկական բարենորոգումների ծրագիրը: Սա Բեռլինի դաշնագրի ապօրինի զավակն էր եւ Սեւրի դաշնագրի նույնքան ապօրինի հայրիկը: Ինչպես միշտ նման դեպքերում, խառնվեց «հայի բախտը». երբ թվում էր, որ բոլոր երազանքներն իրականանում են, եւ հայկական նահանգներ պիտի մտնեին եվրոպացի կառավարիչները, մի չնչին պատահականություն խանգարեց՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:
Պատերազմից անմիջապես առաջ հայերին եղավ թուրքական նոր առաջարկը: Երիտթուրքերի պաշտոնական պատվիրակությունն Էրզրումում գումարված ՀՅԴ ընդհանուր ժողովին առաջարկում էր գործակցություն ապագա պատերազմում ռուսների դեմ, որի դիմաց խոստանում էին Արեւելյան Հայաստանի անկախություն, եւ բացի այդ, Տաճկահայաստանից որոշ հողամասերի կցում այդ անկախ Հայաստանին (տարբեր աղբյուրներ մի քիչ տարբեր են նկարագրում ավելի կոնկրետ բովանդակությունը): Ուշադրություն դարձնենք, որ չնայած արդեն երկու տարի էր, ինչ հայկական վերնախավը ռուսների հետ խաղի մեջ էր, սակայն Տաճկահայաստանի կենտրոն Էրզրումում Դաշնակցության օրինական համաժողով էր անցկացվում, մինչդեռ նույն Ռուսաստանում նույն Դաշնակցությունը շարունակում էր պաշտոնապես ընդհատակում մնալ եւ իր ամբողջ պատմության մեջ երբեւէ լեգալ ժողով չի ունեցել ցարական Ռուսաստանում: Սա չեմ գրում հօգուտ թուրքերի: Հօգուտը կամ դեմը ընդհանրապես մանկական մոտեցում է: Սա նորից ուժային հարաբերության արտահայտություն է. հայերը թուրքերի համար ավելի պատկառելի եւ անհրաժեշտ ուժ էին, քան ռուսների: Դրա համար նաեւ թուրքերը պաշտոնապե՛ս էին առաջարկներ անում հայկական առավել ուժեղ կուսակցությանը եւ կոնկրե´տ առաջարկներ անում, իսկ նույն ժամանակ ռուսները, որոնք նույնպես հայերին առաջարկում էին գործակցություն ապագա պատերազմում, տալիս էին անորոշ խոստումներ, որոնք հայերը մեկնաբանում էին որպես ինքնավարության առաջարկ եւ բանակցում ոչ պաշտոնապես, այլ փաստացի մասնավոր զրույցների մակարդակում, չնայած կովկասյան փոխարքայի ներգրավվածությամբ: Թուրքական առաջարկը մերժվեց. միակ կողմը Ռուբեն Տեր-Մինասյանն էր նորից, եւ Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը պատերազմում չեզոքությունն էր: Բայց այդ չեզոքությանն իհարկե ոչ թուրքերն էին հավատում, ոչ էլ որեւէ մեկն այս աշխարհում: Պատերազմը դեռ չէր սկսվել, բայց արդեն Թիֆլիսում սկսվել էր հայկական կամավորական ջոկատների ստեղծումը, որոնք պետք է կռվեին ռուսների կողմից ընդդեմ թուրքերի: 1914-ի մասին բավականին մանրամասն գրել եմ Այլընտրանքայինի այլ թեմաներում, դրա համար այստեղ չեմ խորանա:
1912-ն ու 1914-ը կարեւոր խաչմերուկներ էին հայկական պայքարի ճանապարհին: Ի՞նչ կլիներ, եթե հարաբերությունները երիտթուրքերի հետ չխզվեին, եւ հայերը նորից չընտրեին մի անգամ արդեն մեծ ձախողումների ու կոտորածների բերած «դիվանագիտությունը», թղթե շերեփը: Սեփական ուժերի վրա հենված պայքարի արդյունքում կարճ ժամանակում հայերը հասան թուրքերի կողմից ճանաչման որպես ուժային գործոն: Բայց դիվանագիտությունը նորից բերեց պատրանքային հույսեր ու հիասթափություններ: Հայ գյուղացիության թափած արյունը հայերին դարձրեց իրական սուբյեկտ, իսկ հայ գաղութային բուրժուազիայի կույր հավատը քաղաքակիրթ աշխարհին եւ «դիվանագիտությանը» մոտեցրեց Տաճկահայաստանի վերջնական կործանման օրը:
Ի՞նչ կլիներ, եթե 1914-ին թուրքական առաջարկը չմերժվեր: Եթե, ինչպես Երկրորդ համաշխարհայինում, խրատված նախորդ դառնագույն փորձից, հայկական վերնախավը բոլոր ձվերը չդներ մեկ զամբյուղի մեջ, այլ մի մասով գործակցեր ռուսների, իսկ մյուս մասով՝ թուրքերի հետ: Եթե Թուրքիայի կողմից էլ հայկական կամավորական ջոկատներ ստեղծվեին: Հայկական աշխարհիկ կրոնը՝ հավատը քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ, իհարկե, կսասանվեր, շոկ կապրեր, բայց դա մեծ կորուստ չէր:
Իհարկե, հաշվարկն այն էր, որ Թուրքիան կպարտվի պատերազմում: Թուրքիան իրոք պարտվեց, բայց նորից խառնվեց «հայի բախտը»: Ո՞վ կմտածեր, որ ռուսներն ավելի շուտ դուրս կգան պատերազմից, քան թուրքերը կպարտվեն, որ բոլշեւիկների պես ոչ նշանակալի կուսակցությունը կդառնա Ռուսաստանի տերն ու մի օր էլ կգա դաշնակցելու նույն պարտված թուրքերի հետ: Իրականում «հայի բախտի» գաղտնիքն այն է, որ բախտն այստեղ կապ չունի: Ամենաանհավանական բաները կարող են տեղի ունենալ պատմության մեջ, մանավանդ մեծ պատերազմների դեպքում, դրա համար պարզունակ՝ մեկին գումարած մեկ հավասար է երկու, հաշվարկները միշտ չէ, որ գործում են այստեղ:
1914-ի թուրքական առաջարկն ընդունելու դեպքում, նույնիսկ եթե թուրքերի խոստումները կեղծ կամ մասամբ կեղծ լինեին, կխուսափեինք Տաճկահայաստանի կործանումից: Ռուսների հետ քաշվելով 1917-ին՝ լրիվ այլ իրավիճակ կստեղծվեր. թուրքերի կողմից կռվող հայկական ջոկատները կլինեին Այսրկովկասի գլխավոր ռազմական ուժը՝ Հայաստանն ի սկզբանե կհռչակվեր լրիվ այլ սահմաններով: Այսպես թե այնպես 1918-ի անկախության ակտը ե´ւ այն ժամանակ, ե´ւ հետագայում շատերը որակել են որպես թուրքական վերջնագրի արդյունք: Բայց ինքնին վատ բան այդտեղ չկա. բնական է, որ թուրքերին ձեռք տար Արեւելյան Հայաստանի անկախությունը: Եթե սրան նախորդեր հայ-թուրքական գործակցությունը, ապա 1918-ի Հայաստանի սահմանները շատ ավելի լայն կլինեին, եւ հավանաբար հնարավոր կլիներ ամբողջացնել առնվազն Արեւելյան Հայաստանը: Թուրքերի պարտությունը 1918-ի վերջին մեծ վնաս չէր տա հայերին, ինչպես մեծ վնաս չտվեց թուրքերի հետ դաշնակցած Ադրբեջանին կամ Վրաստանին: Դժվար չէր լինի լեզու գտնել 1919-ին տարածաշրջան եկած անգլիացիների հետ, քանի որ նրանց հիմնական փնտրածը ոչ թե հակաթուրքականությունն էր, այլ հակառուսական կողմնորոշումը, որի պատճառով էլ նրանք նույն Ադրբեջանին հովանավորում էին 1919-ին: Քանի որ Տաճկահայաստանում կպահպանվեր հայ բնակչությունը, ապա Արեւմտյան Հայաստանի հարցը շատ ավելի իրական կդառնար, քան եղավ իրականում, երբ Սեւրի պայմանագրով այն տրվեց Հայաստանին, բայց անհայաբնակ էր եւ այդպես էլ մնաց:
Հայ-թուրքական հարաբերությունների մյուս կետերը՝ 1920-ը եւ 1921-ը, արդեն մասամբ քննարկեցինք եւ այստեղ նորից չենք անդրադառնա: Ասենք միայն, որ լավագույն հնարավորությունները՝ հենվելով հայ-թուրքական հարաբերությունների վրա ավելի կենսունակ Հայաստան ստեղծել, որը կարող էր սովետականացումից էլ խուսափել, 1912-ի եւ 1914-ի խաչմերուկներում էին, որովհետեւ հայկական ուժն առավելագույնն էր այն ժամանակ: 1915-16-ին ցեղասպանված եւ 1920-ին պարտված հայ ազգին բնականաբար շատ ավելի բարդ էր շահավետ հարաբերությունների ձեւաչափ գտնել թուրքերի հետ: Պետք էր նորից ապացուցել սեփական ուժը նույն թուրքերի դեմ պայքարում: Բայց ամեն դեպքում Արեւելյան Հայաստանի լիարժեք անկախության հարցը մնում է կախված հայ-թուրքական հարաբերությունների որակից մինչեւ այսօր:
Այսօր այդ հարցն առավել բարդ է, քանի որ ի համեմատություն 1914-ի՝ ուժային հավասարակշռությունը շատ է խախտված ի վնաս մեզ: Եվ մենք չունենք տեսանելի տարբերակ այն ուղղակի պայքարով փոխելու հօգուտ մեզ: 1904-1908 թվականների եւ նախորդ տարիների պայքարում կուտակված կապիտալն իսպառ ծախսված է: Այդուհանդերձ, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը մնում է. ոչ թե միֆական հայ-թուրքական հաշտության, առավել եւս ներման ու նման «լիրիկայի», ոչ էլ անգամ «սահմանի բացման», որը նույնպես միֆականացված խնդիր է թվում, այլ հենց հարաբերությունների, հաղորդակցության: Ոչ մի հավետ կարգավորում, ընդմիշտ հաշտեցում եւ այլն: Նորմալ, բանական խնդիրների մասին է խոսքը՝ իրավիճակային փոխշահավետ գործակցության: Այսօր, երբ թուրքերով վախեցնելը նորից փորձում են փաթաթել մեր գլխին, առավել քան արդիական է նորից վերլուծելու մեր անցած ուղին եւ սովորելու սեփական փորձից: