Առաջին Հանրապետության
այլընտրանքային պատմությունը

Մաս V. Էնդշպիլ
 
Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

 

Ռուբեն-Դրո-Նժդեհ եռապետության հաստատումից հետո ռազմական գործողությունների կարճ ժամանակագրությունը հետեւյալն է:

Թուրքական ճակատում հայկական զորքերը երկու կողմից՝ հյուսիսից ու հարավից շրջանցելով Կարսում կուտակված Ղարաբեքիրի բանակի հիմնական մասը՝ դուրս են գալիս մի կողմից Օլթիի, մյուս կողմից՝ Սարիղամիշի մատույցները՝ վտանգելով Կարսում կուտակված ուժերի նահանջի ճամփան եւ գրեթե շրջափակելով Ղարաբեքիրին: Վերջինս ստիպված է թողնել Կարսն առանց ճակատամարտի եւ նահանջելով մի կերպ դուրս պրծնել շրջապատման օղակից, որը հայկական զորքերը չէին կարող վերջնականապես սեղմել բավարար ուժերի բացակայության պատճառով: Կարսը վերագրավված է: Նոյեմբերի 18-ին թերթերը գլխագրերով ավետում են այդ լուրը: Հայաստանը ցնծում է: Նոր ոգեւորության ալիքը ավելի շատ կամավորներ է բերում բանակին: Նույնիսկ պարտված զորամասերն ու սպաների մի մասը, ինչպես 1918-ի նահանջից հետո Սարդարապատի տակ, վերագտնում են իրենց քաջությունը:

Ղարաբեքիրը նահանջում է Էրզրումի ուղղությամբ՝ կանգ առնելով Խորասանի մոտ՝ Ալաշկերտ-Էրզրում ճամփի խաչմերուկին: Հայկական ուժերը զգուշորեն հետեւում են այդ նահանջին ու նույնպես կանգնում Խորասանի մատույցներում: Ղարաբեքիրը չուներ բավարար չափով նոր ուժեր՝ վերսկսելու համար հարձակողական գործողությունները՝ նա գնացել էր վա-բանկ՝ կենտրոնացնելով այն, ինչ հնարավոր էր հավաքել այդ ժամանակվա Արեւելյան Թուրքիայում, որը պակաս ծանր վիճակում չէր, քան Հայաստանը:

Երկու ժողովուրդն էլ ուժասպառ, բայց մի վերջին ճիգով իրենց կյանքի ու մահվան կռիվն էին տանում: Լարված անորոշության մեջ կուտակում են իրենց մնացորդները Էրզրումի ճանապարհին՝ կանգնելով դեմ հանդիման եւ պատրաստ ամեն պահի կրծել հողը հանուն Արեւելքի աշխարհաքաղաքական այդ կարեւոր կենտրոններից մեկի: Ո՞վ առաջինը կդիմեր գրոհի, որի արդյունքը կարող էր լինել կամ վերջնական փառքն ու հաղթանակը, կամ բոլոր հույսերի կրկին տապալումը: Ռիսկը մեծ էր, հույսը՝ գլխապտույտ առաջացնող, սպասումը՝ մաշեցնող, ուշ աշնան սառն օդը՝ մինչեւ վերջին բջիջը դողացնող: Կարնո բերդը մի ցնորք էր, Մեջնունի խելքը հանող մի Լեյլի, որի համեմատ ոչինչ էին աշխարհի բոլոր փառքերն ու փողերը, որի համար կյանք տալը գերագույն պատիվ էր եւ տղամարդկային կյանքի բարձրագույն նպատակ: Կարնո բերդը մի տեսիլ էր, գիշերային մի չքնաղ երազ, որը կանչում էր եւ փախչում, խոստանում էր բերկրանք ու տանջում, նա այնքան կանացի էր, որ նրան տիրանալն իսկ թվում էր սխալ՝ այլեւս ի՞նչ կարելի էր ու պե՞տք էր երազել, նման հյուծող, վառող, դեպի ամենաբարձր լեռները տանող նպատակի իրացումից հետո: Մեռնե՞լ, թե՞ ապրել Կարնո պատերի տակ: Ապրե՞լն էր նախընտրելի նրա ազատագրումից հետո, թե՞ մեռնելը նրա մատույցներում վերջին գրոհից առաջ՝ նպատակներից վեհագույնը աչքի առաջ ունենալով, ձեռքով դիպչելով, բայց չհասնելով, սուրբ երազը սրտում պահելով փակել խելագարի, հարբեցողի անքնությունից կարմրած աչքերը մի գերագույն երջանկության մեջ...

Կարնո բե՜րդ՝ Արեւելքի տիրուհի: Այստեղով են անցնում ու այստեղից են ճյուղավորվում ճամփեքը՝ զարդերի նման դեպի Պոլիս եւ դեպի Թավրիզ ու Իրան, դեպի Կարս ու Թիֆլիս, դեպի Կիլիկիա, Հալեպ ու Երուսաղեմ, դեպի Բիթլիս ու Բաղդադ: Արեւելքի ժողովուրդների ազատությունն ես դու, նաեւ ստրկությունը օտարների ձեռքին: Քեզնով են տիրում ու քեզ ազատելով են ազատագրում:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՍ ԴՈՒ՝ ԲԵՐԴԻ ՊԵՍ ՀՍԿՈՂ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՆ ՈՒ ԿՈՎԿԱՍԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՍ ԴՈՒ՝ ԳԵՐՎԱԾ, ՍՏՐԿԱՑՎԱԾ ՕՏԱՐ ՁԵՌՔԻ ՏԱԿ:

Արեւմուտքից՝ Բոսֆորից եկող ուժի վերջին կայանն ես դու դեպի Հայաստան, եւ Հայաստանի առաջին քայլն ես դեպի Արեւմուտք: Կարնո բե՜րդ՝ Հյուսիսի թագուհի: Միայն այն ժամանակ կա անկախ Հայաստան, երբ դու հայկական ես, եւ հյուսիսի աստղի պես հսկում ես արեւելքն ու արեւմուտքը, հարավը: Հայոց արքայի սիրելին ես դու, նրա տիկնանց տիկինը՝ ցանկալին հարսնացուներից...

***

Մինչ լարված սպասում էր Կարնո ճամփին, հայոց բանակի առաջ բացվում են հարավային ճանապարհները՝ Ալաշկերտ-Մանազկերտ եւ Բայազետ-Արճեշ ուղղություններով՝ առաջինն ի վերջո տանելով Մուշ, իսկ երկրորդը՝ Վան: Այստեղ կանոնավոր թուրքական բանակ չկար, ոչ էլ նշանակալի թուրք բնակչություն, այլ միայն քրդական աշիրեթների անկանոն ուժեր: Քայլ առ քայլ առաջ շարժվելով, մի տեղ պայմանավորվելով, մի տեղ կռվելով՝ հայկական զորքերը մտնում են Ալաշկերտ, իսկ մյուս կողմից Բայազետ, ապա եւ զգուշորեն ավելի առաջ՝ դեպի Վանա լճի հյուսիսային ափերը: Նոր հայկական կամավորական ուժերը ոգեւորության ալիքի վրա հասնում էին ճակատ այս ուղղությամբ: Այստեղ խնդիրը ոչ այնքան կանոնավոր ճակատամարտերով կռիվն էր, այլ բնակավայրերի զբաղեցումը, բանակցությունը քրդերի հետ եւ զգոն լինելը քրդական անսպասելի ծուղակը չընկնելու համար:

Քանի դեռ կար թուրքերի ձեռամբ հայերի վճռական պարտության հույսը, ռուսները խուսափում էին ուղիղ միջամտությունից: Չնայած բոլշեւիկները հեղափոխական արմատական ուժ էին, ընդամենը երկու-երեք տարի իշխանության եկած, չնայած նրանց առաջնորդների զգալի մասն ազգությամբ անգամ ռուս չէր, բայց ռուսական ավանդական քաղաքականությունը գիտակցության մեջ չէր, այլ արյան ու բնազդի: Բոլշեւիկների այս շրջանի քաղաքականությունն ընդհանրապես լավագույն ապացույցն էր այն թեզի, որ հզոր կայսերապետական քաղաքական ավանդույթներն ինքնավերարտադրվող են՝ անկախ մարդկանց կամքից ու գիտակցությունից անգամ: Այսպես, քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի դաշինքը կարելի է հստակորեն նախատեսված տեսնել դեռեւս 1914-17 թթ. ցարական Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների նամակագրությունում, չնայած այդ նամակագրության հեղինակները, բնականաբար պատկերացում անգամ չէին կարող ունենալ ո՛չ քեմալիզմի, ո՛չ բոլշեւիզմի, ոչ էլ պատերազմի արդյունքների մասին: Այդ նամակագրությունում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ պատերազմից հետո Ռուսաստանին անհրաժեշտ է մի կենսունակ եւ ինքնուրույն, եվրոպական ազդեցություններից պաշտպանված ազգային Թուրքիա փոքրասիական տարածքներում, որը կլինի ռուսների դաշնակիցը:

Բոլշեւիկները չէին կարդացել այս թղթերը կամ եթե կարդացել էին, թղթերով չէին առաջնորդվում, երբ իրացրին ցարական ԱԳՆ-ի այս նախագիծը: Այն միայն մեկ թերություն ուներ, որը բնորոշ է ցանկացած կայսրության՝ երկրորդ կողմի սուբյեկտությունը հաշվի չէր առնում: Թուրքերը պատրաստ էին օգտվել ռուսների օգնությունից, բայց պատրաստ չէին ռուսական պրոտեկտորատ լինել եւ հրաժարվել եվրոպական կապերից...

Ռուսական ավանդական քաղաքականության մասն էր Կովկասում հայերի խնդիրը լուծել թուրքերի եւ թաթարների ձեռամբ, իսկ ռուսները պետք է վերջում հանդես գային կամ որպես հայերի փրկիչներ, կամ կողմերին խաղաղեցնողներ: Բոլշեւիկներն այստեղ էլ նույն ավանդական գծի կրողներն էին: Նրանք չէին շտապում եւ ցանկություն էլ չունեին անմիջապես միջամտել թուրք-հայկական կռվին, այլ սպասում էին թուրքական հաջողություններին, որպեսզի ասպարեզ գան որպես հայ ժողովրդի փրկիչներ եւ արդար խաղաղարարներ: Որտեղ կայսերական որեւէ ուժ խաղաղություն է հաստատում կամ խաղաղության առաքյալի դերում է հայտնվում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կռիվ գցողն էլ հենց ինքն է եղել, եւ որտեղ կայսերական որեւէ ուժ փրկում է ժողովուրդներին կոտորածներից ու արհավիրքներից, ամենայն հավանականությամբ կամ կոտորածի թիկունքում ինքն է եղել, կամ շատ դեմ չի եղել:

Այժմ սակայն, երբ թուրքական վճռական հաջողության հույսերն այլեւս վերացել էին, եւ դեռ հակառակը, պետք էր օգնության հասնել նեղն ընկած թուրքերին, ռուսական ավանդական քաղաքականությունը լուրջ խնդրի առջեւ էր: Բացահայտ ռուս-հայկական պատերազմ հնարավոր չէր ամեն դեպքում, բացի ռուսական ավանդույթից, նաեւ բոլշեւիկյան կարգախոսները լիովին չարժեզրկելու վտանգի պատճառով:

ԲԱՅՑ ՄԻ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԲԱՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԵՐԻՑ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՊԵՏՔ ԷՐ ՄՏԱԾԵԼ:

Լուծում գտնելն այնքան էլ բարդ չէր՝ ներքին խռովությունների հրահրում ներքին գործակալների ցանցի միջոցով, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանի երկայնքով սադրանքների կազմակերպում, որոնց ծավալման դեպքում ադրբեջանական զորքերի անվան տակ կարող էին գործել նաեւ բուն ռուսական զորամասերը:

Ներքին գործակալների պակաս Հայաստանում ռուսները չունեին: Խոսքը միայն բոլշեւիկների մասին չէ, որոնց թիվն աննշան քիչ էր: Բացի այդ, պետք է ասել, որ հայ բոլշեւիկների բավականին զգալի մասն այնքան էլ տրամադրված չէր ի սկզբանե գործելու Հայաստանի Հանրապետության դեմ, այն էլ որպես ուղիղ դավաճաններ: Դեռեւս 1920 թվականի սկզբին Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը Կասյանի գլխավորությամբ փորձում էր ամեն կերպ, այսպես ասած, ցրել ապստամբության պահանջը, որը գալիս էր անդրկովկասյան բոլշեւիկյան կենտրոնից: Որպես ձեւ՝ նրանք ընդունում էին ապստամբության անհրաժեշտությունը Հայաստանի կառավարության դեմ, սակայն փաստացի փորձում էին խուսափել դրա գործնականացումից: Այսպիսի քաղաքականության հետեւանք էր նաեւ 1920-ի մայիսյան ապստամբությունը, որի պատասխանատվությունն ու ղեկավարությունը Հայ կոմկուսի ղեկավարությունը վերցրեց չկամությամբ, զոռով եւ փայլուն էլ տապալեց դա, չնայած որոշ կոմիտեների՝ Ալեքպոլի եւ Դիլիջանի ավելի, այսպես ասած, ուղղափառ ջանքերի: Իսկ մայիսյանից հետո էլ բոլշեւիկներն էլ ավելի թուլացան Հայաստանում: Բայց դրա փոխարեն կար, որքան էլ զարմանալի է, հայ սպայության մի մասը եւ արեւելահայ քաղքենիությունը:

Ինչպես հայտնի է, հայ սպայության գերակշիռ մասը ռուսական միջավայրի հարազատ ծնունդ էր, ոչ միայն պարզապես ռուսախոս եւ հայերեն չիմացող, այլեւ աշխարհայացքով, վարքուբարքով բավականին ռուսացած: Նրանց մի մասը, իհարկե, միաժամանակ հայրենասեր հայ էր: Բայց մեծ մասի համակրանքը բնականաբար ոչ թե անկախ Հայաստանի, այլ հզոր Ռուսաստանի վերադարձի հետ էր կապված: Իհարկե, նրանց այդ հույսերը նախ ոչ թե կարմիրների, այլ սպիտակների վրա էին: Հազարումի թելով հայկական սպայությունը կապված էր դենիկինյան շարժման հետ: Բայց մի մասի մոտ ռուսական կողմնորոշումն այնքան հզոր հիմք էր, որ դասակարգային հակակրանքը հաղթահարելով հանգում է՝ բոլշեւիկ էլ լինի, միայն թե ռուս լինի տրամաբանությանը: Այս միջավայրում արդեն կարելի էր ձեռք բերել նաեւ օգտակար գործակիցներ բոլշեւիկյան ներքին խարդավանքների համար եւ շատ ավելի հարմար, քան բուն հայ բոլշեւիկները, որովհետեւ թեեւ ռուսասեր, բայց դենիկինյան հայ սպայությունը կասկածի տակ չէր՝ ի տարբերություն կոմունիստների: Արդեն մայիսյան ապստամբության ժամանակ շատ զորամասեր, այդ թվում՝ սպաներ, իրենց կասկածելի պահեցին: Դա, իհարկե, մեծ մասամբ կարող էր լինել ոչ թե ուղիղ դավաճանության, այլ չկողմնորոշվածության կամ Հայաստանի անկախության նկատմամբ պարզ անտարբերության արդյունք, բայց որոշ դեպքերում չի բացառվում նաեւ ուղիղ դավադիր գործակցությունը: Զարմանալի է, բայց թերեւս հատկանշական, որ այդ կասկածելի վարքը ոչ շոշափելի պատժի, ոչ էլ նույնիսկ պատշաճ զգուշության առիթ դարձավ: Իսկ հայ-թուրքական պատերազմի սկզբին կարեւորագույն՝ Կարսի ճակատում մայիսին առանցքային դիրք շարունակեցին գրավել կամ վարանոտ, կամ հատկապես կասկածելի դիրք գրավող սպաները, այդ թվում՝ բարձր հրամանատարությունից...

Ժամանակն էր ուրեմն բոլշեւիկյան քաղաքականության համար ավելի բաց քարտերով խաղալ: Խռովությունների, դավերի, հրոսակային հարձակումների հրդեհը բռնկվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Զանգեզուրից մինչեւ Ղազախ՝ ներառելով Սեւանի ավազանը, Դիլիջանը եւ այլն, իսկ որոշ փորձեր արվում են նաեւ երկրի ավելի խորքային մասերում:

ԱՅՍՏԵՂ ՀԱՏԿԱՊԵՍ ԲԱՐԴ ԷՐ ՆԺԴԵՀԻ ԳՈՐԾԸ, ՈՐԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

Նա պետք է բառացիորեն կայծակնային արագությամբ գործեր. նրա մի քանի օրվա բացակայությունն անգամ Զանգեզուրից կարող էր անցանկալի հետեւանքների բերել: Նա պետք է առանց օր ու դադար ունենալու շրջելով կազմակերպեր դիմադրության ուժեր բոլշեւիկների հնարավոր գործողությունների դեմ արեւելյան առանցքային կետերում՝ Քարվանսարայում, Նոր Բայազետում եւ այլուր: Բացի այդ, պետք է, ըստ հնարավորության եւ պատեհության, զսպեր թուրքական եւ մոլոկանական գյուղերը, որոնք բոլշեւիկյան որջեր էին՝ միշտ պատրաստ թիկունքից հարվածելու հայերին:

Այս չհայտարարված պատերազմի արդյունքը, որն ընթանում էր զուգահեռ հայ-թուրքականին, բայց սրանից ավելի անկանոն ու քաոտիկ էր, հակասական էր: Նոյեմբերի 29-ին բոլշեւիկյան մի բավականին մեծ ջոկատ կարողացավ գրավել Քարվանսարայ բնակավայրը՝ ապագա Իջեւանը, եւ այնտեղ հայտարարել իբր տեղի ունեցած ժողովրդական ապստամբության եւ Խորհրդային Հայաստանի ստեղծման մասին: Այս գործողությանը դիմակայող հայկական զինված ուժերի քանակը շատ փոքր էր՝ նախատեսված ավելի պարտիզանական կռվի համար, քանի որ զինված ուժի մեծ մասը կենտրոնանում էր արեւմուտքում: Բոլշեւիկյան առաջխաղացումը հաջողվեց կանգնեցնել Դիլիջանում, սակայն Քարվանսարայում նրանք կարողացան ամրանալ: Այստեղ մարտերը ստացան դիրքային բնույթ: Մյուս կետերում որեւէ շոշափելի արդյունքի բոլշեւիկյան շարժումները չեն հասնում, բացի մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնող բնակավայրերի շուրջ տեղական կռիվներից: Տապալվում է նաեւ Նոր Բայազետ-Դարալագյազ գծի վրա մեծ ապստամբություն իրացնելու փորձը:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻ ԱՅՍ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ:

Մի կողմից արեւելքում բոլշեւիկյան հաջողությունը թուրքերի վերջին հույսն էր. բոլշեւիկյան ծավալման դեպքում թուրքերը դեռ կարող էին մտածել հակահարձակման մասին: Բայց մյուս կողմից բոլշեւիկյան խռովությունների ճնշումը եւ նորերի վտանգը շղթայում էր նաեւ հայերին՝ անհնար էր դառնում մի նոր, վճռական գրոհ թուրքական դիրքերի վրա: Այս փակուղային վիճակի տրամաբանական հետեւանքը բանակցություններն ու խաղաղության կնքումն էր: Քարվանսարայում ճակատի կայունացումից հետո թե՛ հայերի, թե՛ թուրքերի համար սա դառնում է վերջնականապես ակնհայտ: Բանակցությունները սկսվում եւ ընթանում են արագ, քանզի արդեն նախապես պարզ էր կնքվելիք խաղաղության բովանդակությունը, որը պետք է հիմնվեր ուժերի իրական դասավորության վրա, բացի այդ էլ, նախապես որոշ բաներ խոսվել էին ոչ պաշտոնապես, նույնիսկ ռազմական գործողություններին զուգահեռ:

Դեկտեմբերի 2-ին կնքվում է ոչ միայն խաղաղության, այլեւ դաշինքի պայմանագիրը Հայաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ: Հայաստանը հրաժարվում էր Սեւրի պայմանագրից (այլ տարբերակ չէր էլ մնում), բայց Հայաստանի կազմի մեջ էին մտնում Արեւելյան Հայաստանի ամբողջական տարածքից բացի, նաեւ Արեւմտյան Հայաստանից Բասենի դաշտը, Ալաշկերտը, Բայազետը, Արածանիի վերին հոսանքը, մինչեւ Մանազկերտ, որտեղից սահմանն իջնում էր Վանա լճի հյուսիսային ափ՝ անցնելով Սիփան սարի մոտով: Վան քաղաքը շրջակայքով նույնպես Հայաստանի մաս էր ճանաչվում: Կարինը մնում էր Հայաստանից դուրս: Կարսում թուրքերն ունենում էին հատուկ զինվորական միսիա: Պաշտպանական դաշինք էր կնքվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ ռազմական փոխօգնության պայմանավորվածությամբ: Շուտով սրան պետք է միանար նաեւ Վրաստանը:

Առաջին անգամ երկու դարի ընթացքում խաղը փախավ ռուսների ձեռքից: Թուրքերի եւ հայերի կոնֆլիկտն այն հիմնական վառելանյութն էր, որով ապահովվում էր ռուսական գերիշխանությունն ու դրա առաջխաղացումը տարածաշրջանում: Հայ-թուրքական խաղաղությունն ու դաշինքը անհաղթահարելի խոչընդոտ էր դառնում այլեւս այդ առաջխաղացման ճանապարհին: Բայց ոչ միայն ռուսական, այլեւ գրեթե ցանկացած արտաքին գերիշխանության ճանապարհը փակվում կամ դժվարանցանելի էր դառնում այս միասնության դեմ: Ոչ միայն հայերն ու թուրքերը, ոչ միայն վրացիները, այլեւ Ասորիքը, Միջագետքը, Իրանն ամրապնդում էին իրենց ինքնիշխանությունը այս նոր իրավիճակի շնորհիվ: Կրկնվում էին կարծես ինչ-որ իմաստով Միհրդատ Պոնտացու եւ Տիգրան Մեծի ժամանակները. Հայկական լեռնաշխարհի եւ Փոքր Ասիայի դաշինքը ապահովում են Մերձավոր Արեւելքի անկախությունը արտաքին ուժերից: Զարմանալի չպետք է թվա այս համեմատությունը, քանզի պատմությունը, պատմական ժառանգականությունը ոչ միայն էթնիկ են, այլեւ աշխարհագրական:

Ռուսներին ոչինչ չէր մնում անել սրա դեմ, բայց միայն դադարեցնել խռովությունների հրահրումը Հայաստանի դեմ, ճանաչել իրենց հերթին Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի անկախությունը եւ փորձել հնարավորինս ամրագրվել Ադրբեջանում, որի նկատմամբ սովետական գերիշխանությանն այժմ լուրջ սպառնալիք էր ստեղծվում: Սրա դիմաց ռուսները ստիպված էին նորից խաղարկել... հայկական քարտը: Որպես հակակշիռ անկախ Հայաստանի, ինչպես նաեւ հնարավորության դեպքում առաջխաղացման նախադիրք՝ հռչակվում է Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը: Դրա կազմում մնում է այդպես էլ բոլշեւիկյան տիրապետության տակ մնացած Տավուշի տարածքը, որին միացվում են նաեւ այդտեղից դեպի Լեռնային Ղարաբաղ ձգվող տարածքները՝ Գանձակի նահանգի լեռնային մասից, այսպես կոչված՝ Լեռնային Գանձակը, ապա բուն Լեռնային Ղարաբաղը: Այդու, այս Սովետական Հայաստանը բավականին մեծ տարածք է ստանում Ադրբեջանի հաշվին եւ նրա սահմանները ձգվում են անկախ Հայաստանի ողջ երկայնքով: Մի կողմից այս Սովետական Հայաստանը, ինչպես ասացինք, պլացդարմ էր դեպի անկախ Հայաստան ապագա ծավալման համար, փաստացի հռչակյալ հավակնություն էր այդ ծավալման, Հայաստանի անկախության փաստացի չճանաչման, մյուս կողմից էլ պատնեշ էր Ադրբեջանի հետ թուրք-հայկական դաշինքի: 

Միաժամանակ Կիլիկիայի մի մասում ֆրանսիացիների հովանու տակ հռչակվում է մի երրորդ Հայաստան...

Շարունակելի

 

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: