Կատաղած օրեր:
Աշխարհի վերջի ժամանակագրություններից:
Մաս Ա
1.
Ինտերնետը վերջնականապես անջատվել էր դեռ երկու շաբաթ առաջ: Բջջային կապը դիմացավ մի երկու օր ավելի: Լույսն անջատվում-միանում էր, բայց պարզ էր, որ երկար չէր ձգի: Հեռուստա- եւ ռադիոհեռարձակումը կտրվել էր երեկ չէ առաջին օրը: Պաշտոնական լրատվություն այլեւս գոյություն չուներ. վերջին բանը, որ հաղորդել էին լուրերով, հորդորն էր խուճապի չմատնվել, հնարավորինս չլքել ժամանակավոր ապաստարանները, խնայել եղած պաշարները եւ սպասել կառավարության հատուկ փրկարարական գործողություններին:
Պաշտոնական այս հորդորները վաղուց ոչ մեկին հավատ չէին ներշնչում, բացի առավել մոլի «ճշտապահներից», բայց մարդիկ ելք էլ չէին տեսնում, չէին իմանում ինչ անել, եւ մնում էր միայն անորոշ հույսը, որ վերջում ամեն բան կկարգավորվի, իրավիճակը կվերադառնա բնականոն հուն: Ոչ ոք պարզապես չէր կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է չլինել վերադարձ սովորականին, չնայած սովորականից վաղուց միայն հուշ էր մնացել: Կյանքը վերածվել էր սարսափ կինոյի, իրականություն էին դարձել ամենաֆանտաստիկ թվացող ապոկալիպտիկ սցենարները: «Կատաղածների» հորդաները լցրել էին փողոցները, եւ նրանց դեմ չէր գտնվում որեւէ ազդու միջոց: Հանրային կյանքը փուլ էր եկել:
Անհասկանալի վարակը տարածվեց անսպասելի եւ արագ: Վարակվածը մի քանի օրում կորցնում էր բանականությունը, դառնում էր գերագրեսիվ, վերածվում «կատաղած շան»: Պահպանվում էին միայն բազիսային բնազդները: Ցանկացած կենդանի էակ, ամեն շարժվող առարկա կատաղածների հարձակման եւ հոշոտման զոհ էր դառնում եւ ոչնչանում: Կատաղածները անհասկանալիորեն կարողանում էին իրար տարբերել մյուսներց եւ միավորվում էին մեծ խմբերի մեջ՝ ոչնչացնելով ամեն բան իրենց ճանապարհին: Ցավի զգացողություն չունեին եւ չէին վախենում ոչնչից: Շատ դժվար էր նրանց շարքից հանել, կարծես անմահացած լինեին՝ մեռած էին, բայց եռած չէին՝ ճիշտ զոմբիների հայտնի պատմությունների նման: Մեծ հմտություն էր պետք գոնե մեկ կատաղածին շարքից հանելու համար, որը սարսափած մարդիկ չունեին:
Հիվանդությունը տարածվեց այնքան արագ, եւ խուճապն այնքան մեծ էր, որ այլեւս հնարավոր չեղավ որեւէ կերպ այն կանխել. վարակվում էին բոլորը, այդ թվում՝ նրանք, ովքեր պետք է զբաղվեին մարդկանց բուժմամբ, պաշտպանությամբ, կազմակերպմամբ: Տարածումը համաշխարհային էր, բայց այն պահից, երբ հերթով սկսեցին անջատվել տեղեկատվական աղբյուրները, մարդիկ այլեւս չգիտեին, թե ինչ է կատարվում սկզբում իրենց երկրից, հետո՝ արդեն իրենց բնակավայրերից եւ վերջում նույնիսկ՝ թաղամասերից դուրս: Հայտնի էր միայն, որ աշխարհում չի մնացել որեւէ երկիր, որտեղ վարակը թափանցած չլիներ, բայց թե կա՞ արդյոք մի տեղ, որտեղ հնարավոր է եղել հաղթահարել ճգնաժամը, դա ոչ ոք չգիտեր:
Վերջին բանը, որ հասցրել էր անել պետությունն իր անհետանալուց առաջ, առողջներին հատուկ ապաստարաններում տեղավորելն էր մոտ երկու շաբաթվա, խիստ խնայողության դեպքում եւս երկու շաբաթվա պաշարով: Համարվում էր, որ այդ ընթացքում կհաջողվի դուրսը մաքրել հորդաներից: Ուժային եւ այլ կառույցների մարդկային կոլապսի պարագայում դա անիրագործելի խնդիր էր: Ապաստարաններում փակված մարդիկ սակայն դրա մասին դեռ չգիտեին եւ սպասում էին սարսափի ավարտին:
2.
- Միակ փրկությունը քաղաքից դուրս պրծնելն է եւ ընդհանրապես բնակավայրերից հեռու փախչելը՝ անտառներ, սարեր: Այստեղ մնալու վերջը բոլորիս մահն է:
Երեք ընկեր՝ շեկ Միհրանը, Շիպոն եւ Բժիշկը, Երեւանի արվարձաններից մեկի մեկուսարանում էին իրենց ընտանիքների եւ մոտ 200 այլ մարդկանց հետ: Առանձնացած մի փոքր տարածությունում նրանք փորձում էին հասկանալ ի՛նչ անել:
- Ստեղից հենց ոտներս դուրս արեցինք, նույն պահին էլ սատկելու ենք, իսկ թե կարողանանք էլ փախչել՝ քո ասած չոլերում սովից ենք սատկելու: Ես մնում եմ ստեղ, իմ ընտանիքը վտանգի տակ չեմ դնի:
- Դու հիմա էստեղ ընտանիքդ ոչ թե վտանգում ես, այլ համարի արդեն կորցրել ես, չունես էլ ոչինչ, օրերի հարց է էստեղ մնալը: Թե բան էլ չեղավ, էն երկու զինված պահակները, որ դեռ չեն թռել էս ապաստարանների վրայից, կամ դրանք էլ կթռնեն, կամ մեզ սաղիս կգյուլլեն, որ մնացած հացով իրանք ավելի երկար ձգեն:
- Էնքան ես էն քո գժական մետալները լսել, խելքդ թափել է, էդ պահակները մեր նման տղերք են՝ կարգին, համեստ, իրանց ու բոլորի հետ մնանք՝ շատով ավելի ապահով է: Քանի ուտելիքը չի պրծել, ես ստեղ եմ:
- Կարգինի ու ոչ կարգինի հարցը չի էլ, հիմա զինված-չզինվածի հարցն է գալու: Կարգինը ժամանակի խնդիր է, քանի դեռ մարդիկ հնի ինքնահոսով են ապրում: Իրականությունը փոխվել է, բայց գիտակցությունը դեռ չի հասցնում իրականության հետեւից: Արագ մտածողը կապրի: Շատովը ուժ չի, որ հույսդ դրել ես դրա վրա: Ուժ դեռ պետք է ստեղծենք ու ոչ թե քանակով, այլ ինքներս մեզնով: …Հը, Դոկտոր, մի բան էլ դու ասա:
- Դե, տղերք, մտածում եմ՝ Կյաժը մի կողմից ճիշտ է ասում՝ երկար չենք ձգի ստեղ, մյուս կողմից՝ ի՞նչ կարող ենք անել, մի հատ պլան է պետք՝ ասենք թե որոշեցինք փախչում ենք սարերը, բայց ո՞նց, ինչո՞վ: Գուցե մի քանի օր էլ սպասենք, կարող է իրոք դրսից օգնություն գա:
- Ախպեր, դուրսը մոռանանք, պրծավ: Պետություն էլ չկա, բան չկա: Հիմա անհատն է որոշում: Անհատը պետությունից էլ է ուժեղ, հանրությունից էլ, ամեն ինչից էլ, պարզապես պետք է իմանա դրա մասին: Հիմա դա իմանալու կամ անկապ մեռնելու պահն է: Կարեւոր չի ոնց ենք էստեղից դուրս գալու, կարեւոր չի ոնց ենք տեղ հասնելու, կարեւորը սկզբից հաստատ որոշենք, որ դուրս ենք գալու, ու որոշենք՝ ո՛րն է մեր ուղղությունը, մնացածն ինքն իրեն կգա: Եթե նպատակիդ ինչ լինելուց առաջ սկզբում խորանում ես դրա ո՛նցի, հնարավոր-անհնարինի մասին, ուրեմն վերջ, ոչ մի տեղ էլ չես հասնի: Գնալը հենց հիմա որոշենք, դրանից հետո նախնական պլան մշակելը Շիպոյի վրա՝ որպես պատիժ, որ գլուխ էր հարդուկում ու ուզում էր ստեղ մնալով սաղովի մեռնեինք:
- Լավ, ես համաձայն եմ:
- Երկու կողմ երեքից՝ անցավ միաձայն, դե պլանը հիմա ասա, Շիպո ախպեր, դու էս տեղանքին լավ ես ծանոթ: Մի բաժակ էլ խմենք մեր պանծալի դավադրության ու նրա հաջողության կենացը:
- Չեք տա մարդ հանգիստ ապրի իրա էսօրը, էլի ընկաք վաղվա հետեւից, նաղդը թողած: Հերն էլ անիծած, ստեղ մի 200 մետրի վրա մի հատ չաստ կա, զինվորները կամ փախել են, կամ կատաղած են, պատերի հետեւը սոված ֆռֆռում են, մարդ են փնտրում, որ գզեն, դարպասն էլ վրեքները փակած է՝ թռնողները գնալուց փակել են, որ կատաղածները մնան մեջը: Դե հիմա, թե տղա եք ու կարաք էդ չաստը մտնեք, էդտեղի զենք-մենքը վերցնեք, մի հատ էլ լավ բեռնատար ճարեք իրա բենզինով, ձեզ տամ Հայաստանի ազգային հերոսի կոչում: Փոշմանեցի՞ք արդեն, մնանք ստեղ, չէ՞, հանգիստ մեռնենք մեր կայֆերով:
- Ընտիր է, ուրեմն էդ չաստը պիտի գրավենք:
- Այո, պարոն Գուդերիան, դե տանկերդ շարի, գնացինք, էս երեքո՞վս ենք, թե՞ այրուձի էլ ունենք:
- Այրուձի չկա, բայց ունենք ստեղ էն թոփալ մայորին, մեկ էլ՝ Սպոն է լավ տղա, երկուսի հետ էլ ժամանակին ահագին շփվել եմ, ու Ծաղիկյան Հրայրը կլինի մեր Դժոխքը: Մեկ էլ Բիձուն ենք հետներս վերցնում՝ զոռով լինի, թե իրա կամքով, չենք թողնում ստեղ փթի:
- Մայորն էն յանը տարա՞ծն է, որ ասում էր, թե էս ամենը չինացիների ու ռուսների բակտերիոլոգիական լաբորատորիաների արտահոսքն էր:
- Նախ՝ տենց չէր ասում, ավելի բարդ տեսություններ ուներ, երկրորդ՝ զաթի հիմա հենց յանը տարածների ժամանակն է: Խելոքներով ու ոչ խփոներով բոլորը կատաղածների կեր դարձան, ով էլ մնաց, չալաղաջի կտոր է դառնալու մոտ օրերս: Ինչքան ավելի ճիշտ պահեցին իրանց ու բոլոր ցուցումներին հետեւեցին, էնքան ավելի շուտ գառան խորոված դարձան, յանի ե՞րբ է աշխարհն այլ կերպ եղել: Պետությունը մեռավ՝ ընդունված ճշմարտությունները սեփական ուղեղի տեղ բանեցնողներն էլ հետը. առանց սեփական ուղեղի մարդը քանի՞ վայրկյան կապրի բամբակներից դուրս՝ նույնը սոցիոցեֆալները: Հիմա մենակ նրանք են մնում, ովքեր աշխարհում ամենից շատ իրանց ու իրանցն են սիրում:
- Ախպեր, մե՛զ էիր ասում, արագացրեք, հիմա վախտ ես գտել խորանալու քո տեսությունների մեջ: Նենց չի, որ չգիտեինք որ քեզ ես սիրում, գնա մայորիդ բեր: Հազիվ էլ քո շրջապատից էդքան խփո կոնսպիրոլոգ մայոր, ու էն՝ չես հասկանա էզոթերիկ, թե նացիստ Հրայրը: Հա, մեկ էլ, նախնական զենք բա պետք չի՞ լինելու մեզ:
- Զենքը պահակներից կվերցնենք:
- Հաբա, իրանք էլ տվեցին:
- Բայց իրանց ո՞վ է հարցնելու, ասեցի՝ վերցնելու ենք, չասեցի խնդրելու ենք, իսկ ոնցը էլի հետո կմտածենք:
- Մյուսներին ասո՞ւմ ենք:
- Մենակ զենքը վերցնելուց հետո, որ նախնական շուխուր չանեն, գործը փչացնեն, ով գալիս է, թող գա, ով ոտն ուզում է կախ գցի, մեղքն իրա վիզը:
- Դե գնա քո խփոներին հավաքի, մի խելքը գլխին մարդ ըլներ, հո քո ընկերը չէր ըլնելու:
- Դուք էլ գնացեք կանանց հետ խոսացեք, տեսեք, ինչ են ասում: Հաստատ Անահիտը, Ծովոն, Լուսինեն մեզ հետ են լինելու:
- Կանայք մեզնից արագ են ֆայմում, դու քեզ տես….
3.
200 հոգուց միայն 15-ը միացավ առաջարկին, մնացածները նախընտրեցին մնալ անորոշ փրկության հույսին: Տարածվում էին ամենատարբեր լուրեր: Օրինակ, որ ամերիկացիները գտել են հարցի լուծումն ու հեսա դեսանտ են իջեցնելու նաեւ Հայաստան՝ ամերիկահայ համայնքի խնդրանով ու օժանդակությամբ, որ հեսա ռուսական զորքն է մտնելու, որ Վրաստանում հնարավոր է ապաստան գտնել կամ նույնիսկ Արաքսի մյուս ափ՝ Թուրքիա տեղափոխվելով հնարավոր է փրկվել, որովհետեւ քրդերի մեջ հիվանդությունը չի տարածվել: Սրանք դեռ համեմատաբար հավաստիներն էին, իսկ թե ինչպիսի այլ զառանցանքներ էին տարածվում, նկարագրելու չի:
Զորանոց հասնելը, մտնելը ու կատաղածներից բակը մաքրելն անսպասելիորեն ավելի հեշտ անցավ, քան կարելի էր պատկերացնել, չնայած ոչ առանց որոշ արկածների ու վտանգների: Գործողությունը ղեկավարեց կաղ մայորը, որը կարծես իր տարերքի մեջ էր:
- Սիրտս լավ բան չի վկայում, շատ հեշտ անցավ ամեն ինչ,- Բժշկին դիմելով կամացուկ ասաց Շիպոն, երբ զորամասի բակի զտումը կատաղածներից ավարտին էր հասնում:
Հենց այդ նույն պահին հանկարծ լսվեց բակում՝ ինչ-որ տեղ տեղադրված բարձրախոսի ձայնը:
- Ունեցած բոլոր զենքերը հենց հիմա վայր եք դնում ու ձեռքերը վեր բարձրացնում:
- Թքեցինք,- ասաց Շիպոն:
- Դե հիմա բոլորդ մտնում եք ուղիղ ձեր դիմացի գարաժը, առանց թիթիզությունների, հերթով, ձեռքերը չենք իջեցնում:
Թոփալը նշան տվեց, որ ենթարկվեն, այլ տարբերակ չկար: Գարաժի դուռը փակվեց վերջին մտնողի վրա: Կատարյալ մթություն էր:
Ժամեր անցան, եւ ոչ մի ձայն չէր լսվում դրսից:
Սկզբնական շոկն աստիճանաբար վերածվում էր անհանգիստ ձանձրույթի:
4.
- Մի բան խոսացեք, տղերք, բան չկա անելու, համ էլ ցրվենք: Ստեղից դուրս գալու տարբերակ չկա:
- Ձեզնից ո՞վ էր սիրում նայել պոստապոլաիպտիկ սարսափ կինոներ: Ես շատ էի սիրում, օրինակ, «Քայլող մեռյալներ» սերիալի առաջին սեզոնները, դրանց մեջ իրական վախ կար, ադրենալին, որը հետո կամաց-կամաց մաշվեց: Հետո դրա գիրքն եմ նայել, որը նույնիսկ ավելի լավն էր, որովհետեւ կինոն աստիճանաբար վերածեցին հոգեբանական դրամայի ու բարի ուսուցողական հեքիաթի՝ սկզբնական սարսափի տարրերի մնացուկով: Ես միշտ ինձ հարց եմ տվել՝ ի՞նչն է ինձ ձգում դա նայելու, ու ավելի վատը՝ ի՞նչն է իմ մեջ, որ ստիպում է պատկերացնել ինձ այդ իրավիճակում, նույնիսկ հաճույք ստանալ, ուզենալ այդտեղ լինել: Ինչպե՞ս կարղ է մարդն ուզենալ լինել սարսափի մեջ:
- Երեւի ինչ որ մազոխիստական զգացում է, հա՞:
- Դե էսօրվա պոպ-հոգեբանությունը էդպիսի մի բան կասեր: Հոգեբաններն էսօր տերտերների տեղն են աշխատում, որ բալիկներին լավ ու բարի բաներ սովորեցնեն, վատ բաներն էլ խոստովանեցնեն ու հեռու վանեն, բուժեն: Բայց դա, իհարկե շատ թույլ, հիմար պատասխան է՝ վատ բաները եկեք վատ բաներով բացատրենք, որ հանկարծ չստացվի, որ մարդու մեջ կա լույս ու ստվեր, սպիտակ ու սեւ, ու դրանք հավասարազոր ուժեր են, այլ ոչ թե մեկը միայն ճիշտ ու ընդունելի, իսկ մյուսը՝ սխալ, մեղավոր ու հաղթահարելի: Ես իմ պատասխանն ունեմ: Երբ փորձեցի մի լավ փորել ինձ, հասկացա, որ պատկերացնելը հետապոկալիպտիկ վիճակում մարդուն ազատության զգացողություն է տալիս: Մարդն ապրում է հանրության մեջ եւ շնորհիվ հանրության: Բայց դրա գինն էն է, որ իր ազատությունն է տալիս:
- Յանի մի թույլիկ պոպ-հոգեբանություն էլ քո ասածն է, ի՞նչ տարբերություն, ա՛խ, ազատ թռչունիկս ընկել եմ վանդակի մեջ:
- Հա, հասկանում եմ, որ ասածս տենց մի բան ստացվեց: Բայց ես ազատություն ասելով նկատի չունեմ ինչ որ տենց նկարչի նուրբ հոգի, որին չեն հասկանում էս դաժան աշխարհում: Չէ, ազատությունը հենց չարությունն է, բնազդայինը, կենդանին մարդու մեջ: Կենդանին՝ նա, ով ապրում է, եւ նա, ով հենց մարդն է: Նա, ով ուզում է սեփականն ամեն գնով հաստատել, տարածել, ավելացնել ու վտանգավոր է դառնում ընդհանրության համար: Ու ինքը հեչ գիտակից անձնավորություն չի ու չի ուզում լինել:
- Հա, ոնց որ էս ամեն ինչի սկզբում կոչ էին անում լինել առավել գիտակից: Ու մի հատ էլ առավել գիտակիցների հատուկ ջոկատ կար, որ հատուկ հսկում էր, խստիվ դատապարտում, բռնացնում ու մերկացնում անգիտակիցներին: Հիմա դրանք բոլորը հող էին՝ հող դարձան:
- Դե հա, իրենք ճիշտ էին անում, որովհետեւ որ հանրությունն ապրի, պիտի գիտակցություն լինի: Բայց եթե հանրությունն էլ չկա, գիտակցությունը ոչ միայն օգուտ չի, այլեւ վնաս է:
- Դե ստեղ հետաքրքիրն էն է, որ գիտակցությունն ու անհատին են նույնացնում: Իբր դու հենց քո գիտակցությունն ես, իսկ մնացածը քո միջի կենդանին է, որը նույնիսկ մարդ կոչվելու արժանի չի: Բայց ճիշտ հակառակն է. գիտակցության մեջ ոչ մի անհատական բան չկա՝ գիտակցությունն ամենա- ոչ անհատական մասն է մարդու, հանրության եւ ժամանակի արդյունքն է: Գիտակցությունը հանրային է, իսկ մարդը՝ եզակին, կենդանին է:
- Հենա ասա էն կատաղածներն են էլի իսկական մարդը, ոչ թե մենք: Նրանք ընդհանրապես գիտակցություն չունեն:
- Դե իրանք բա մեր մետաֆորան են, հենց նրա համար էլ հայտնվեցին, որ առիթ դառնան մեր էս խոսակցության: Էս պատմության իմաստը հենց մեր խոսակցությունն է, իսկ դրսի սարսափ կինոն՝ դրա ֆոնը:
- Բայց սխալ ես, որ հանրության օգուտը մենակ գիտակիցներն են: Էդքան հեշտ չի: Տարածված սխալն էն է, որ իբր որպեսզի ամեն բան լավ լինի, պետք է հնարավորինս անենք առավել ճիշտ բաներ, ու հակառակը, խնդիրները դեռ կան միայն այն պատճառով, որ մարդիկ դեռ բավարար գիտակից չեն ու ամեն ինչ դեռ ճիշտ ու լավ չեն անում:
- Նայած ամեն ինչ լավն ասելով ինչ ես հասկանում:
- Դե, ես նկատի ունեմ, օրինակ, զարգացումը: Հասարակությունը չի զարգացել ճիշտ ու սպիտակ բաների միջոցով, այլ սպիտակի ու սեւի, լույսի ու ստվերի հարաբերությամբ: Մարդիկ ստացել են հարուստ ու բարեկեցիկ ինդուստրիալ աշխարհ, որովհետեւ անգլիացի ծովահենները հիմնել են բրիտանական գաղութային կայսրությունը, որովհետեւ բրիտանացիները, իսպանացիները, հոլանդացիները, ֆրանսիացիները թալանել են մյուս մայրցամաքները ու կապիտալ կուտակել զարգացման համար: Կարելի է սա խստիվ դատապարտել, բայց ես դեռ չեմ տեսել մեկին, ով հրաժարվեր այդ ամենի արդյունքներից ու կամովին ուզենար վերադառնալ նախաինդուստրիալ կյանքին: Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստացանք 8-ժամյա աշխատանքային ժամը, համընդհանուր ընտրական իրավունք, միջուկային զենքը պարգեւեց մարդկությանը տասնամյակների խաղաղություն, եթե չլիներ Հիրշոիմայի ու Նագասակայի ռմբակոծությունը Երրորդ համաշխարհայինն անխուսափելի էր, ինտերնետը ծնվեց ռազմական հետազոտություններից, ինչպես եւ տիեզերագնացությունը: Սրանք ամենապարզ, հայտնի փաստերն են, բայց գիտակցությունը չի սիրում դրանք ընդունել, որովհետեւ դա քանդում է ամբողջ միաչափ աշխարհայացքը, որը քարոզվում է մարդուն տարբեր անունների տակ առնվազն վերջին 2000 տարվա մեջ:
- Մի հատ մոռացված անգլիացի հեղինակ կա 17-րդ դարից, կարծեմ, որին Մարքսն էլ շատ սիրում էր՝ Մանդեւիլ, որը գրել էր «Մեղուների առակը»: Էդտեղ ապացուցում էր, որ եթե հնարավոր լինի մի օր վերացնել մարդկային բոլոր արատները, հանրությունը կկործանվի, որովհետեւ առաքինությունների հիմքում արատներն են:
- Դե մենակ ինքը չէ՝ Հերակլիտեսից մինչեւ Հեգել, Մարքս ու Նիցշե, էդ հակասությունները որպես կյանքի հիմք ցույց են տվել:
- Բայց չեն կարողացել քանդել երբեք գերիշխող մոդելը, որովհետեւ դա կենսունակ է, դրանով առավել հեշտ է կազմակերպել մարդկանց: Դե պատկերացրու հիմա մարդկանց սովորեցնեին, որ գիտեք ինչ, սիրելիներս, մեկ-մեկ ճիշտ ասեք, մեկ-մեկ էլ խաբեք, մեկ-մեկ մի գողացեք, մեկ-մեկ էլ գողացեք, որովհետեւ առանց դրա զարգացում չկա, կյանքի օրենքն է: Կատարյալ հիմարություն: Կյանքն այնքան թույլ չէ, որպեսզի վերանա բարի լինելու քարոզներից, դրա համար քարոզում ենք ճիշտ բաներ՝ իմանալով, որ մեկ է, սխալ բաներն իրենք իրենցով էլ կարվեն, ու բալանսը կպահվի։ Հենց էդ նույն գիտակցությունը կյանքի ձեւերից մեկն է: Գիտակցությունը պետք է պահպանման համար, գիտակիցները պահպանողական սկզբունքն են, իսկ զարգացումն ապահովվում է հակառակ կողմից:
- Պատկերացնում եմ՝ ոնց կզայրանային հիմա, եթե իմանային, որ իրենք պահպանողականն են, չէ որ իրենք առաջադիմության կրողներն են ու կենդանի մարմնավորումը:
- Դե պարզ է, բայց ո՞ւմ է հետաքրքիր, մանավանդ հիմա, իրենց զայրույթը: Փաստն այն է, որ ճիշտ բաներ անելով՝ կարելի է լավագույնս պահպանել, կոնսերվացնել որեւէ իրավիճակ, իսկ առաջընթացն ապահովվում է լրիվ հակադիր որակի տարրերով:
- Ի դեպ, ոչ միայն մարդու, այլեւ կյանքի պատմությունն է նույնը: Կյանքի էվոլյուցիայի պատմությունը կենտրոնանում է մի քանի մեծ վերացման շուրջ՝ չհաշված միջիններն ու փոքրերը, ինչպես մարդկության պատմությունը կենտրոնանում է մի քանի մեծ պատերազմի շուրջ: Կյանքի ամեն նոր որակական փուլ սկսվում է նախորդ կյանքի մեծ վերացումից: Դինոզավրերի ժամանակ կաթնասունները փոքր մկնիկներ էին, որոնց զարգացման համար տեղ ազատվեց միայն դինոզավրերի վերացումից հետո: Բայց երկինքը մնաց զբաղված թռչուններով, եթե դրանք չլինեին, կունենային նաեւ թռչող կաթնասունների բազմություն, նախեւառաջ՝ թռչող կապիկների, որովհետեւ թռչելը սկսվում է ծառ բարձրանալուց: Դինոզավրերից առաջ ծաղկում էին կաթնասունների բարեկամները՝ սինապիդները, որոնց վերացումից հետո մեծ աղետում մինչ այդ փոքրիկ դինոզավրերին աճելու ու զարգանալու տեղ ավելացավ: Նրանք գրավեցին նաեւ երկինքը. այսօրվա թռչունները դինոզավրերի հետնորդներն են:
- Էս խոսակցությունը եղավ մեր Միհրանի սիրածը: Նա է սիրում իր մետալ երաժշտության մասին գլուխներս հարդուկել: Ի՞նչ կասես, Միհրան ախպեր, քանի չեն գյուլլել քեզ էս չաստի խփնված տերերը:
- Լավ էլ խոսում եք, էլ ի՞նչ ասեմ, այ կենդանի մեռածներ: Երբ 13 տարեկան ես ու իմանում ես, որ երաժշտություն կա, որտեղ երգերի, ալբոմների, խմբերի անունները կարող են լինել «Ագրեսիայի տասնամյակ», «Տոտալ ոչնչացում», «Հրետանի», «Ծայրահեղ ագրեսիա», «Տեւտոնական տեռոր» ու էդպես շարունակ, պարզ է, որ դեռ չլսած սիրահարվում ես դրանց ու ուզում ես անպայման լսել, ու երբ լսում ես ու զգում, որ կեղծիք չի, ձեւ չի, այլ երաժշտությունը, կատարումը, հույզերը համապատասխանում են այդ անուններին, հասկանում ես, որ գտար քոնը: Կյանքը եռում է քո մեջ, իսկ երբ կյանքը եռում է ու լեփ-լեցուն է, քեզ ամենեւին էլ չեն ձգում սեր, երջանկություն, խաղաղություն բառերը, քեզ բացարձակ անհասանելի է դրանց էներգիան: Պիտի կյանքը մի քիչ չափավորվի, հանդարտվի, որ գոնե հանդուրժելի դառնան դրանք քեզ համար, էլ չասած՝ յուրային: Իսկ էն, ինչ քո մեջ զգում ես, ոչ մի տեղ չկա արտահայտված, լեզուն չկա դրա: Ու երբ հայտնաբերում ես, հասկանում ես, որ գտար քո ներքին աշխարհի, չէ´, քո կյանքի չասված մասերի արտահայտողին: Մեծանալը չի օգնում ազատվելու էդ կապից, որովհետեւ մեծանալը միայն մի քիչ հղկում է, բայց էությունդ չի փոխում: Միակ լեգիտիմ ձեւն էսօր, որտեղ կարելի է արտահայտել մարդկային այդ կողմը, ծանր երաժշտությունն է: Մետալ լսողներս վաղուց գիտեինք, որ էս օրը գալու է, գիտեինք, որ կյանքն ունի իր մյուս կողմը՝ սեւը, մութը, ավերողը: Ու դա ոչ թե կյանքի պակասի, կյանքը չսիրելու, թուլության կողմն է, այլ հակառակը, կյանքի լիության, կյանքը սիրելու, ուժի կողմն է, դեպրեսիվ չէ, այլ ագրեսիվ է: Տերտերները, հոգեբանները, գաղափարախոսներն ուզում են ագրեսիվ կողմը դուրս բերել դեպրեսիայից, դժգոհությունից, բայց ճիշտ հակառակն է: Բոլոր 13 տարեկանները սիրում են կյանքը, ու կյանքն ամենից շատ սիրում է ինքն իրեն, ու երբ կյանքը շատ է, հաճախ ուզում է մի բան ջարդի:
- Ե՞վ:
- Եվ էն, որ….
- Հըլը սուս եք, խփոների պալատ, դրսից ձեներ են գալիս, ձյաձերը եկան մեզ գյուլլելու կամ ուտելու, մի հատ աղոթեք ձեր մետալ աստվածներին, որ դժոխքում լավ տեղ տան ձեզ պես պարապ մնացած փիլիսոփաներին: Ձեր երազանքները հեսա կիրականանան, դուք կհայտնվեք լրիվ սեւի մեջ, ու ձեր գիտակցությունը կմարի:
Գարաժի դուռը բացվեց: Լույսը կուրացրեց ներսում եղածների աչքերը:
Դռան մոտ դրսից կանգնած էին երկուսը՝ ոտքից գլուխ զինված, բեղավոր, կերած-խմած դեմքերով, կինոյի վատ տղերք:
- Պատրոնդաշս կապել եմ,- քթի տակ երգեց Շիպոն՝ հազիվ զսպելով ծիծաղը:
- Պարոնայք մտավորականներ, իհարկե, շատ կուզենայինք ձեզ ընդունել մեր զորամասում, բայց, ցավոք, մի քիչ պայմանները հարմար չեն, տեղ չունենք: Շարվեք, սենց անթրաշ, սոված ու ծարավ ձեզ պիտի անհապաղ գյուլլենք: Մոռացա ներկայանալ՝ ես Գայլ Վահանն եմ՝ էս չաստի կամանդիրը, կողքինս էլ Գող Վասիլն է՝ իմ տեղակալը: Էս զորամասում, բացի մեզնից, էլ մարդ չի մնացել, մենք էլ զաթի երդվել ենք ստեղ մնալ, որովհետեւ մեր տունն էս է: Կռված տղերք ենք, ներվային, մեզ մի ջղայնացրեք, սիրուն շարվեք ու ընկերովի մահը հարսանիք է՝ տղավարի մեռեք:- Ասելով սա, Գայլն իրենից կարծես շատ գոհ լռեց ու ուշադիր նայեց «գարաժավորներին»՝ ստուգելու համար իր խոսքի ազդեցությունը:
Շիպոն թարս չափեց կյաժ Միհրանին՝ յանի տեսա՞ր, այ Գուդերիան, որ ասում էինք։ Հետո մի քիչ մնաց ու, չգիտես ինչու, բարձրաձայն ասաց.
- Զիգ հայլ, պարոն հրամանատար, խաշինք Աստծո սպասում են ձեր հրամաններին:
Գող Վասիլը փռթկաց:
Վերջ առաջին մասի