Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա (մաս Բ)
Նվիրում եմ քավորիս՝ Կիլիկյան Գագիկին,
եւ ընկերոջս՝ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանին,
ում խոստացել եմ այս նյութը գրել
Իրականության սահմանը շատ նուրբ է:
Կիլիկիայի օրինակը ցույց է տալիս, թե այն, ինչ այսօր առավել հեռու է իրականությունից, առանց շատ մեծ ջանքի կարող էր լինել սովորական մի իրողություն՝ Կիլիկիայի հայկական հանրապետություն, որը գոյություն կունենար հենց այսօր:
Այսօր Կիլիկիայի հայկական լինելն ամենաանհավանական բանն է, որ կարող է լինել: Կարելի է պատկերացնել, որ մի օր ինչ-որ կերպով, ասենք, Կարսը կամ Վանը նորից հայկական կլինեն, բայց Կիլիկիան… Սակայն 100 տարի, այսինքն՝ ընդամենը 3-4 սերնդի կյանք առաջ ոչ մի անհնարին բան չկար, որ ինչպես Սիրիան կամ Լիբանանը, անջատվելով Օսմանյան կայսրությունից եւ անցնելով ֆրանսիական հովանու տակ, ի վերջո ձեւավորեցին իրենց ազգային պետությունները, նույնկերպ էլ Կիլիկիայում կարող էր լինել: Միշտ էլ կարող ենք ասել, որ եթե այդպես չեղավ, կային առարկայական պատճառներ:
Պատմաբաններս սիրում ենք ամեն ինչ պոստֆակտում բացատրել որպես օրինաչափ: Դրա պատճառով պատրանք է ստեղծվում, որ պատմության մեջ ամեն բան օրինաչափ է, որ այն, ինչ եղել է, այդպես էլ միայն պետք է եւ կարող էր լինել, որ այլընտրանք չկար… Այդ պատմական դետերմինիզմը ձեւավորում է ճակատագրապաշտական ընկալում նաեւ ներկայի վերաբերյալ՝ կոտրելով մարդկանց հավատը տարբեր հնարավորությունների նկատմամբ, ստիպում է հաշտվել անելանելի թվացող իրավիճակների հետ, անհնարին համարել սովորականից տարբեր թվացող նպատակները: Բայց իրականում ոչ մի դետերմինիզմ, կանխորոշվածություն չկա անցյալում, չկա ներկայում, չկա եւ ապագայում: Ճիշտ է, կան օրինաչափություններ: Բայց նախ՝ դրանք այնքան շատ են ու հաճախ իրար հակասող, որ պատմաբանը գրեթե միշտ էլ հնարավորություն ունի եղածը բացատրելու այս կամ այն օրինաչափությամբ, բայց նույնկերպ նա կարող էր օրինաչափորեն բացատրել նաեւ եղածի ճիշտ հակառակը: Առավել եւս, որ պատմաբանների մեծ մասը չի էլ խորանում այդքան, այլ պարզապես ենթագիտակցաբար ընդունելով եղածը որպես միակ կամ առավել հնարավոր՝ հենց որովհետեւ եղել է, փորձում է ամեն գնով արդարացնել դա՝ հաճախ ոչ թե իրական, այլ զուտ հռետորական օրինաչափություններով հիմնավորելով այն:
Երկրորդ՝ պատմական օրինաչափությունները բնագիտականների նման միանշանակ չեն այն պարզ պատճառով, որ պատմությունը մարդու մասին գիտություն է, իսկ մարդը շատ ավելի բարդ, բազմաշերտ ու դինամիկ երեւույթ է, քան բնագիտության ուսումնասիրած առարկաները:
Կանխորոշվածություն ուրեմն չկա, կա հավանականություն եւ բազմաթիվ հնարավորություններ ամեն տվյալ պահին՝ անցյալում թե ներկայում: Այն, ինչ թվում է ինքնին պարզ ու սովորական, կարող է լինել մեկ կամ մի քանի պատահականությունների արդյունք: Օրենքն ու պատահականությունը մոտավորապես կես-կես են բաշխված, ինչպես ցանկացած խաղում: Այսօր կարող էր լինել Կիլիկիայի հայկական հանրապետություն, եւ մենք դա կընկալեինք որպես աշխարհի ամենասովորական բանը ու կմտածեինք, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, եւ հազար ու մի հիմնավորում կգտնեինք, թե ինչու է այդպես, եւ ինչու չէր կարող այլ կերպ լինել:
Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպես այդ տարօրինակ իրականությունը կլիներ սովորական փաստ:
Երկու Հայաստան՝ մեկը մեր իմացած Հայաստանի Հանրապետությունը, մյուսը՝ Կիլիկիայի Հայաստանի Հանրապետությունը: Իրարից կտրված մեծ տարածությամբ: Մեկը՝ Միջերկրականի ափին՝ իր նավատորմով, ծովային առեւտրով, մյուսը՝ ծովից կտրված, լեռներում ու լեռնային հարթավայրերում: Մեկը՝ ֆրանսերենի, մյուսը՝ ռուսերենի ազդեցությամբ: Մեկը՝ արեւմտահայ ինքնության հիմամբ, մյուսը՝ արեւելահայ: Մեկը՝ մերձավորարեւելյան, մյուսը՝ կովկասյան: Երկու գրական լեզու, երկու կաթողիկոս՝ այն, ինչ այսօր էլ ունենք, բայց շատ ավելի շեշտված կերպով: Իրարից անջատ-անջատ զարգացած, բայց իրար հանդիպող, առերեսվող Սովետական միության փլուզումից հետո:
Եվ ինչեր չէին լինի դրանից, այն, ինչ այսօր սովորական է թվում… Հայկական սփյուռքը չէր լինի այդքան մեծ: Հատկապես Սիրիայի եւ Լիբանանի հայկական համայնքները, բայց նաեւ Ֆրանսիայինը, ԱՄՆ-ինը… Սովետական Հայաստանից դուրս հայության զգալի, եթե ոչ մեծ մասը կձգտեր տեղավորվել Կիլիկիայում: Չէր լինի դեպի Սովետական Հայաստան «ախպարների»՝ 1946-ի ներգաղթը կամ շատ թույլ կլիներ, եւ չէր լինի, ուրեմն, այն կարեւոր ազդեցությունը, որն ունեցավ Հայաստանի վրա: Եվ մյուս կողմից՝ Հայաստանի արտագաղթը զգալի չափով ուղղված կլիներ դեպի նույն Կիլիկիա…
Փորձենք ավելի մանրամասն երեւակայել…
Պատկերացնենք, որ ինչպես Սիրիան եւ Լիբանանը, Կիլիկիան եւս անջատվում է Թուրքիայից եւ ֆրանսիական հովանավորությամբ (պրոտեկտորատ) ձեւավորվում է Կիլիկիայի հայկական հանրապետություն: Մինչեւ 1946-ը պահպանվում է ֆրանսիական պրոտեկտորատը, իսկ 1946-ին հռչակվում է անկախություն, ինչպես եղավ Սիրիայի դեպքում:
Սկզբնական շրջանում Կիլիկիայի առավել կարեւոր խնդիրը լինում է տեղի թուրք բնակչության հետ հայերի եւ այլ քրիստոնյաների հարաբերությունների հարցը: Թուրք բնակչությունը մեծ էր հատկապես ծովափնյա՝ Դաշտային Կիլիկիայում, մինչդեռ Լեռնային մասում հայերը գերակշիռ մեծամասնություն էին: Թուրքիան անպայման փորձելու էր թուրք բնակչության միջոցով ապակայունացնել իրավիճակը: Բայց ֆրանսիական զինված ներկայությունը, իհարկե, կարեւոր զսպող գործոն էր լինելու այդ հարցում, եւ հայերը ժամանակ էին շահելու՝ կազմակերպվելու եւ ուժեղանալու համար այնքան, որ թուրքական վտանգը ավելի թուլանար:
Իրենց հերթին ֆրանսիացիները փորձելու էին որոշակի հավասարակշռություն պահել հայերի եւ թուրքերի միջեւ՝ չթողնելով նաեւ հայերի չափից ավելի ուժեղացումը, որպեսզի ֆրանսիական գերիշխանությունն ավելի կայուն լիներ: Սակայն որքան էլ ֆրանսիական քաղաքականությունը զսպող լիներ, հայերը բավականին ժամանակ ունեին, որպեսզի փոքր քայլերով, աստիճանաբար ամրացնեին իրենց դիրքերը:
Թուրքական նախկին Ադանայի վիլայեթի բնակչությունը 1912-ին հաշվում էին ըստ հայկական տվյալների 490 հազար, որից հայերը՝ 208 հազար, թուրքերը՝ 78 հազար, քրդերը՝ 58 հազար: Բացի այդ՝ 40 հազար հույն, 30 հազար արաբ, 20 հազար ասորի, 15 հազար չերքեզ, 12 հազար եզդի: Այս թվերը կարող են ոչ շատ ստույգ լինել, բայց ընդհանուր պատկերը տալիս են: Հայերի դաշնակիցների կամ համենայնդեպս հակաթուրք ուղղվածություն ունեցողների թվում այստեղ պետք է հաշվել հույներին, ասորիներին, եզդիներին եւ արաբներին, իսկ հակառակ ճամբարում, բացի բուն թուրքերից, նաեւ քրդերին ու չերքեզներին: Թեեւ քրդերը՝ որպես կանոն, «խաղում են» տվյալ պահին ուժեղի կողմից:
Ֆրանսիական պրոտեկտորատի հռչակմամբ կարելի է պատկերացնել հայկական բավականին մեծ ներգաղթ տարիների ընթացքում: Դա պետք է ավելանար այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր անկախությունը եւ դարձավ սովետական: Այդ պայմաններում հայկական անկախության բոլոր երազանքներն ու նպատակները կենտրոնանում էին Կիլիկիայի վրա, եւ Կիլիկիան վերածվում էր, այսպես ասած, «հիմնական» Հայաստանի: Բացի այս, ի տարբերություն բուն Հայաստանի՝ Կիլիկիան ուներ ավելի նպաստավոր պայմաններ՝ ծով, հաղորդակցություն Մերձավոր Արեւելքի եւ Միջերկրականի ամբողջ ավազանի հետ, ֆրանսիական զինուժով ապահովված անվտանգություն եւ կապ Եվրոպայի հետ: Պարզ է, որ այս պայմաններում ներգաղթի ձգտումը դեպի Կիլիկիա շատ ավելի բարձր կլիներ հայերի մեջ, քան դեպի աշխարհից կտրված, ավերված ու աղքատ Հայաստանի Հանրապետություն: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ թվերին սփյուռքահայերի մեծ մասը անտուն, աղքատ փախստականներ էին՝ նոր կտրված իրենց հայրենիքից, այլ ոչ թե հետագայի համեմատաբար տեղավորված եւ բարգավաճած «ախպարները», եւ շատ բնական կլիներ նրանց համար նոր տուն ու տեղ փնտրել Կիլիկիայում, քան աշխարհի որեւէ այլ անկյունում:
Հայկական այս ձգտումը, որը մեծ չափեր պետք է ընդուներ, մյուս կողմից կզսպվեր ֆրանսիացիների կողմից, որոնք չէին ուզենա հայկական տարրի վճռական ուժեղացումն իրենց պրոտեկտորատում: Բայց չափի մեջ այդ ուժեղացումը չէր վնասի, այլ ձեռնտու կլիներ քաղաքական եւ տնտեսական իմաստով, մանավանդ որ հայերի հավատարմությունն ըստ երեւույթին կլիներ 100-տոկոսանոց: Եվ բացի այդ, որքան էլ ֆրանսիացիները չափավորեին հայկական ներգաղթը, միեւնույն է, տարիների ընթացքում այն կստեղծեր հայերի վճռական քանակային առավելություն նաեւ Դաշտային Կիլիկիայում:
Դեպի Կիլիկիա կձգտեին Եղեռնից փրկված արեւմտահայերը, Հայաստանի Հանրապետության անկումից հետո՝ նաեւ որոշ թվով արեւելահայեր: Սովետական Հայաստանից փախստականների թիվն ընդհանրապես շատ ավելի մեծ կարող էր լինել: Քաղաքականապես չեզոք հայկական մտավորականությունից շատերը, ինչպես ճարտարապետ Թամանյանը, պատմաբան Մանանդյանը, լեզվաբան Աճառյանը, որոնք 1921-ին փախել էին Թեհրան, իսկ հետո վերադարձան Հայաստան Մյասնիկյանի կոչով, ամենայն հավանականությամբ կհաստատվեին հենց Կիլիկիայում՝ գոնե նրանց մի մասը: Պարզ է, որ նրանց տեսակետից նախընտրելի կլիներ ֆրանսիական պրոտեկտորատը, քան ռուսական բոլշեւիկյան դիկտատուրան, որքան էլ կապված լինեին բուն Հայաստանի հետ: Կարելի է գրեթե հաստատ ասել, որ Ավետիք Իսահակյանը չէր գա Հայաստան, այլ նույնպես կտեղափոխվեր Կիլիկիա, ուր ավելի ազատ կստեղծագործեր: Այս մտավորականներին կմիանային նաեւ Կոստան Զարյանը, Հակոբ Օշականը, Համաստեղը, Ադոնցը եւ մյուս շատ ոչ կուսակցական գրողներ, գիտնականներ, արվեստի մարդիկ, որոնք գործել են Սփյուռքում: Կիլիկիայոմ կստեղծվեր հայկական մշակույթի շատ ուժեղ կենտրոն, որտեղ ի տարբերություն Սովետական Հայաստանի՝ հնարավոր կլիներ ստեղծագործել ազատ պայմաններում, եւ ի տարբերություն Սփյուռքի՝ բնիկ հայկական միջավայրում ու նյութապես ավելի ապահով պայմաններում: Կարելի է նույնիսկ պատկերացնել, որ ինչ-որ հրաշքով կկարողանային Հայաստանից այստեղ փախչել մեր գրողներից ու գիտնականներից շատերը, օրինակ՝ Չարենցը կամ Բակունցը, որոնք 1930-ականներին հասցրել էին խորապես հիասթափվել սկզբնապես իրենց կողմից աջակցված սովետական կարգերից եւ անձնական ու ստեղծագործական ողբերգության մեջ էին: Շատ գեղեցիկ կլիներ հատկապես Բակունցի պատմությունը: Իր կյանքի վերջին տարիներին նա գրում էր Աբովյանի մասին իր վեպ-հետազոտությունը: Այնտեղ նա առաջ էր քաշում Աբովյանի կորստյան մասին այն վարկածը, որ մեծ գրողը, հիասթափվելով ռուսական գերիշխանությունից, որի գալը հենց ինքն այդքան գովերգել էր, եւ այլեւս որեւէ ելք չգտնելով՝ գաղտնի անցնում է ռուս-թուրքական սահմանը, փախչում Թուրքիայով դեպի Եվրոպա՝ մասնակցելու 1848-ի եվրոպական հեղափոխություններին: Կարեւորն այստեղ փախուստի վարկածն է. դժվար չէ հասկանալ, որ գրելով Աբովյանի մասին՝ Բակունցը պատմում էր ինքն իր մասին, փաստացի իր եւ իր նման մտածողների՝ Չարենցի, Խանջյանի եւ այլոց քաղաքական հիասթափությունն էր պատմում: Եվ կարելի է պատկերացնել, որ եթե լիներ մի այլընտրանքային հայկական միջավայր, Բակունցն ինքը փորձեր անցնել Արաքսը, եւ փախչել դեպի Կիլիկիա…
Ինչ էլ լիներ, Կիլիկիան դառնալու էր հայկական մշակույթի կենտրոն: Եթե սա իրականություն դառնար, այդ ժամանակ մենք կիմանայինք ու կհասկանայինք, թե ինչ բան է իրական մշակութային ծաղկումը, եւ ինչ իրական ներուժ կար հայերիս մեջ՝ մշակութային առումով: Հայկական մշակույթի՝ գրականության, արվեստի, գիտության վերելքի բոլոր հիմքերը դրվել էին 1860-1910-ականներին թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան հայերի մեջ: Բայց բուն վերելքը պետք է լիներ այդ հիմքով հաջորդ մեկ-երկու սերունդների ջանքերով: Դա վիժեցվեց հայտնի պատճառներով, իսկ այն, ինչ ունեցանք Սովետական Հայաստանում թե Սփյուռքում, թեեւ լուրջ արժեքներ ստեղծած, բաց իրականում, չվարանեմ ասել, խղճուկ արձագանքն էր նրա, ինչը կարող էր եւ պետք է լիներ: Եթե 1920-ականներից ստեղծվեր հայկական մշակույթի ձգողական կենտրոն, որը կգործեր հայկական բնիկ միջավայրում, հայկական անկախության կամ կիսանկախության մեջ, եթե ապահովված լիներ ստեղծագործական ազատությունը, նյութական համեմատաբար նորմալ պայմանները եւ անմիջական կապն արեւմտյան աշխարհի հետ, ապա կունենայինք մի քանի մակարդակ, մի քանի կարգ ավելի բարձր գիտություն, գրականություն, արվեստ, քան ունեցել ենք իրականում: Ու դրա հիմքով այսօր լրիվ այլ զարգացում:
Բացի հայկական ձգողական կենտրոնից, Կիլիկիան դառնալու էր նաեւ ձգողական կենտրոն Մերձավոր Արեւելքի քրիստոնեության եւ այլ փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների համար: Դեռեւս 20-րդ դարի սկզբներին բավականին ուժեղ եւ ամուր՝ Մերձավոր Արեւելքի քրիստոնեությունն այսօր կործանման եզրին է, եթե չասենք փաստացի կործանվել է: Սա ոչ թե մեկ օրվա մեջ է տեղի ունեցել, այլ տասնամյակների զարգացման արդյունք է: Այսօրվա Հայաստանը կարող էր եւ դեռ կարող է իր վրա վերցնել Մերձավոր Արեւելքի քրիստոնեության եւ այլ ազգային-կրոնական փոքրամասնությունների մնացորդների հովանավորի, երկրորդ տան դերը, նրանց շահերի պաշտպանը լինի նրանց ճակատագրի հանդեպ անտարբեր աշխարհակարգի առաջ: Բայց, անշուշտ, Կիլիկիայի հայկական հանրապետությունը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենար այդ առումով՝ լինելով բուն Մերձավոր Արեւելքի միակ քրիստոնյա պետությունը, ազատ լինելով սովետական գերիշխանությունից եւ ի սկզբանե ունենալով իր մեջ ասորիների, հույների, եզդիների պատկառելի քանակ: Կիլիկիայի հայերի կենսական շահերից էր բխելու դրանց բոլորի ուժեղացումը, այդ թվում ներգաղթը դեպի Կիլիկիա, եւ այստեղ նրանց համար հայրենիք, տուն եւ ինքնավար վիճակ ստեղծելը: Ոչ միայն հայկական, այլեւ հատկապես ասորական մշակույթը պետք է իր նոր վերելքն ունենար Կիլիկիայում, եւ դրա հիմամբ ավելի ապահով ու պաշտպանված զգային իրենց Սիրիայում եւ Իրաքում ապրողները նույնպես: Այս ծրագրին չպետք է խոչընդոտեր նաեւ ֆրանսիական գերիշխանությունը, որին որեւէ լուրջ վտանգ չէր սպառնալու ասորիների եւ մյուսների ուժեղացումն իրենց տիրապետության տակ, դեռ մի բան էլ իրենց աչքին կարող էր որոշ չափով զսպել ոչ միայն թուրքերի, այլեւ հայերի հավակնությունները:
Կիլիկիայի տնտեսական զարգացումը նույնպես պետք է ապահովված համարել. ակնհայտ պատճառներով այն ավելի բարենպաստ դիրքում էր, քան բուն Հայաստանը: Միայն ծովային հաղորդակցության հնարավորությունն արդեն լուրջ հիմք էր նման զարգացման համար: Շնորհիվ իր բարենպաստ պայմանների՝ Կիլիկիան կարող էր դեպի իրեն ձգել հայկական կապիտալը: Հայկական բնատուր տնտեսական շնորհներն այստեղ ավելի լավ կզարգանային:
Մեծ կլիներ քաղաքների դերը: Կիլիկիան չէր լինելու միակենտրոն, ինչպես այսօրվա Հայաստանն է, այլ բազմակենտրոն, քանի որ ի սկզբանե այստեղ կային բավականին ուժեղ ավանդույթներ ունեցող քաղաքային կենտրոններ եւ քաղաքային բնակչություն՝ ի տարբերություն նույն Հայաստանի, որը ռուսական տիրապետության տակ մի խուլ ծայրամաս էր, որն իր բնակչության ավելցուկն արտահանում էր Թիֆլիս եւ Բաքու: Ոչ միայն ծովափնյա, այլեւ լեռնային մասի քաղաքները, օրինակ՝ Սիսն ու Հաճնը, կարող էին դառնալ կենտրոններ, իսկ եթե Կիլիկիայի սահմանների մեջ մտնեին՝ Ադանայի վիլայեթից դուրս, բայց ֆրանսիական վերահսկողության տակ հայտնված Մարաշը, Զեյթունը, Այնթապը, ապա նաեւ դրանք:
Հայ եկեղեցին նույնպես իր վերելքը պետք է ապրեր այստեղ: 1920-1930-ականներին վերացման եզրին կանգնած, իսկ հետագայում սովետական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ հայտնված Էջմիածնի փոխարեն Սիսի կաթողիկոսությունը իր բնական պատմական հայկական միջավայրում իրապես անկախ ազգային եկեղեցու գլուխ կարող էր կանգնել՝ համախմբելով իր շուրջը հայկական հոգեւորականության լավագույն մասը, մշակութային եւ սոցիալական կարեւոր դեր ստանձնելով եւ շարունակելով հայկական անկախ քրիստոնեության լավագույն ավանդույթները:
Ներքին կյանքում գլխավոր բաժանումը կլիներ Լեռնային եւ Դաշտային հատվածների միջեւ: Կարելի է պատկերացնել, որ լեռնային մասն իր ավելի հոծ հայկական մեծամասնությամբ կլիներ ավելի շեշտված ազգային, գուցե նաեւ ավելի պահպանողական, իսկ ծովային մասն իր բազմազգությամբ ավելի, այսպես ասած, կոսմոպոլիտ, լեւանտական ոգու կրող: Երկուսի մրցակցությունը որոշակի լարում, բայց նաեւ որոշակի հավասարակշռություն կբերեր ներքին կյանքի մեջ: Այս աշխարհագրական-ազգագրական բաժանմանը կավելանար քաղաքական բաժանումը: Լեռնային մասում կարող էր գերիշխող դիրք զբաղեցնել Հնչակյան կուսակցությունը, որը, ազգային հարցը լուծված համարելով անկախության ձեռքբերմամբ, ավելի կկենտրոնանար իր ծրագրի սոցիալիստական մասի վրա: Հավանաբար ունենալով ամուր հենարան բնիկ հայկական միջավայրում՝ Հնչակյան կուսակցությունը չէր հայտնվի սովետական այն ազդեցության մեջ, որում հայտնվեց Սփյուռքում: Իսկ դաշտային մասում կարող էր գերիշխել բուրժուազիայի շահերը ներկայացնող լիբերալ՝ Ռամկավար կուսակցությունը, որն առավել եւս կխուսափեր սովետական ազդեցության գործակալի վերածվելու իր ճակատագրից: Այս երկուսի տեւական պայքարը կստեղծեր դասական երկբեւեռ քաղաքական համակարգ, քաղաքական ամուր մշակույթ, որը կայունություն կապահովեր երկրին տասնամյակների հեռանկարում: Դժվար է ասել, թե որը կլիներ Դաշնակցության դերը, որի դիրքերը, ի տարբերություն Հայաստանի մյուս շրջանների, համեմատաբար թույլ էին Կիլիկիայում, թեեւ ներկայություն, անշուշտ, կար: Հավանաբար դա կուժեղանար ներգաղթից հետ, բայց չէր խախտի մյուս երկուսի ուժերի կշռույթը վճռական չափով, մանավանդ որ հավանաբար խոչընդոտների կհանդիպեր թե´ ֆրանսիացիների, թե՛ Հնչակյանների եւ թե´ Ռամկավարների կողմից: Ամեն դեպքում որպես երրորդ ուժ՝ որոշակի դեր կստանձներ նաեւ այս ավանդական հայկական կուսակցությունը: Եվ սա նույնպես կխուսափեր միեւնույն ճակատագրից՝ 1960-ականներից չէր հայտնվի սովետական քողարկված ազդեցության տակ եւ կզարգանար որպես իրապես հայկական քաղաքական ուժ՝ իր կայուն ավանդույթներով:
Հնարավոր է հընթացս ձեւավորվեին նաեւ այլ քաղաքական ուժեր, օրինակ՝ 1930-ականներին մի քաղաքական փոքրամասնական, բայց էներգիայով լի հոսանք, որը, հակադրվելով ֆրանսիական գերիշխանությանը, կփորձեր կապեր հաստատել Իտալիայի հետ, որի թագավորական տան ներկայացուցիչները Կիլիկիայի հայոց թագավորական տիտղոսի պաշտոնական ժառանգներն էին: Այս խումբը կարող էր որդեգրել իտալական ֆաշիզմի ոճը: Գուցե հալածանքների ենթարկվելով՝ գործեր ընդհատակյա, լեռնային շրջաններում:
Իտալասերների կշիռը, սակայն, կբարձրանար 1940-41 թթ., երբ Ֆրանսիայում պատերազմի պարտությունից հետո ձեւավորվեց Վիշիի կառավարությունը: Սիրիայի եւ Լիբանանի ֆրանսիական զորքերը հավատարիմ մնացին այդ կառավարությանը: Միաժամանակ գերմանացիներն ու իտալացիները՝ արդեն որպես ֆրանսիացիների նոր դաշնակից, փորձեցին իրենց ազդեցությունը տարածել Մերձավոր Արեւելքում՝ ընդդեմ անգլիական գերիշխանության: 1941-ի մայիսին, սակայն, անգլիական ուժերը, հաղթահարելով ֆրանսիացիների դիմադրությունը, գրավեցին Սիրիան եւ Լիբանանը գոլիստների որոշ օգնությամբ:
Այս նույն իրավիճակը պետք է որ կրկնվեր Կիլիկիայում՝ անկախության պատճառ դառնալով, մանավանդ որ Թուրքիան այդ ժամանակ ուներ անգլիամետ դիրքորոշում: Ահա այստեղ է, որ Կիլիկիայի իտալամետ խումբը պետք է կատարեր իր կարեւոր դերը՝ ապահովելու համար հարաբերությունները գերմանա-իտալական բլոկի հետ՝ ընդդեմ թուրքական սպառնալիք դիրքի, մինչեւ որ խնդիրը կլուծվեր անգլիական օկուպացիայով:
Կիլիկիան անկախություն կստանար 1946 թվին:
Այդ ժամանակ, շնորհիվ երկու տասնամյակ կայուն զարգացման, հայերի եւ մասամբ ասորիների ներգաղթի, հայկական այս պետությունը բավականաչափ ամուր կլիներ, որպեսզի թուրքական վտանգն այդքան ուժեղ չլիներ: Այդուհանդերձ թուրքերն անպայման փորձեր էին անելու՝ եթե ոչ վերացնելու հայկական Կիլիկիան, ապա գոնե ապակայունացնելու իրավիճակը կամ նույնիսկ մեծ կտորներ պոկելու նրա տարածքից, ինչպես արեցին Կիպրոսում կամ ինչպես վարվեցին Ալեքսանդրետի սանջակի հետ, որն անջատեցին Սիրիայից 1939-ին: Սակայն Կիլիկիան, լինելով ավելի ընդարձակ եւ ավելի ամուր պետություն, պետք է կարողանար դիմակայել այս մարտահրավերին: Իսկ աշխարհաքաղաքական ելքը լինելու էր այն, որ Կիլիկիան դառնար ՆԱՏՕ-ի անդամ: Ինչպես Հունաստան-Թուրքիա հարաբերությունների դեպքում, դա թեեւ չէր լուծի խնդիրը վերջնականապես, բայց լուրջ զսպող գործոն կդառնար, որպեսզի Կիլիկիայում չծագի հայ-թուրքական պատերազմ:
1960-ականներից Կիլիկիայի զարգացումը նոր փուլ կմտներ: Կիլիկյան Հայաստանը լինելու էր շատ ուրախ տեղ: Ինտեգրված լինելով արեւմտյան մշակույթին, ինչպես բնական է հայկականի համար, եւ լինելով Մերձավոր Արեւելքի ամենաեվրոպականացված տեղը, այստեղ կզարգանար ուրույն հայ ռոքը: 1980-ականներից, երբ մեծացավ ռոք-համերգների աշխարհագրությունը, այստեղ կսկսեին գալ նաեւ հայտնի ռոք խմբերը: Իսկ Կիլիկիայի մետալ սցենան պակաս կարեւոր չէր լինի 1990-ականներին, քան Հունաստանինը: Ծովափնյա մասերում կզարգանար ավելի մելոդիկ փաուեր մետալը, իսկ լեռնային հատվածներում՝ ավելի էքստրեմալ ճյուղերը:
Ռուբինյանների հինավուրց բնօրրան Վահկայում թրեշ-մետալի հիմամբ կձեւավորվեր ամրոցային մետալ ոճը, որը հայտնի կդառնար աշխարհի մետալհեդների շրջանում:
Առհասարակ հայկական կյանքը շատ ավելի ուրախ կլիներ։ Այդքան դառը չէր լինի Մեծ եղեռնի հուշը, քանզի Կիլիկիայի գոյությունը կլիներ որոշակի փոխհատուցում կորուստների դիմաց: Թերեւս առանձնապես մեծ ծավալում չստանար Ցեղասպանության ճանաչման շարժումը: Չէր լինի նաեւ ԱՍԱԼԱ-ի թեեւ հերոսական, բայց հուսահատ ճիգը՝ հանուն մեծ տերությունների ուշադրությունը նորից Հայկական հարցին հրավիրելու:
1991-ին կհանդիպեին իրար Կիլիկյան եւ Սովետական Հայաստանները: Որոշակի կապեր կձեւավորվեին արդեն 1960-ականներից, բայց իսկական բացահայտումը կլիներ սովետական համակարգի փլուզումից հետո: Կիլիկիայի նախագահն այդ ժամանակ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյան անունով հայտնի հնչակյան գործիչը, որի ծնողներն իհարկե չէին գաղթի Սովետական Հայաստան, այլ կմնային իրենց հայրենի Կիլիկիայում…
Թե ինչպիսին կլիներ երկու Հայաստանների հանդիպումը, կարելի է միայն երեւակայել իր բոլոր լուսավոր ու ստվերոտ կողմերով: Մենք ավարտենք այն բանով, որ այդ հարաբերությունների մասին հետագայում մի մեծ վեպ էր գրելու կիլիկեցի հայտնի գրող, միաժամանակ Կիլիկիայի հետախուզական ծառայության պետ Առաքել Սեմիրջյանը։