Գայլի ճամփան:
Աշխարհի վերջի
օրագրություններից
1.
- Շա՞տ վախեցաք, երբ գարաժից դուրս գալուց հետո ասեցի, թե գյուլլելու եմ բոլորիդ,- հարցրեց Գայլ Վահանը թոփալ մայորին՝ նոր բացած շշից գինին գլուխը քաշելով:
- Մի ոտով էն աշխարհում ենք, մի կես ոտով էլ՝ է՛ս, էն մյուս կեսն էլ կորցրել ենք, էլ ինչի՞ց պիտի վախենայինք, կամանդիր:
- Տնաշեն, բա հենց սենց վախտերով է մարդ ամենից շատ ուզում ապրի, կյանքի գինն է հասկանում: Թե չէ, սովորական ժամանակ նստած ես տանդ կամ գործիդ տեղը, չգիտես՝ մեռած ես, թե ապրում ես, որովհետեւ տարբերությունը կյանքի եւ մահվան աչքիդ առաջ չի: Դու մայոր մարդ ես, քանի դիա՞կ ես տեսել կյանքումդ՝ թաղումներից դուրս:
- Դե եղել է, էլի, կռվի տարիներին, բայց ես շատը ինֆորմացիայի հետ էի աշխատում էն թվերին, առաջին գիծ չէի:
- Ըհը, իսկ էս ձեր միջի ջահելներն էդ էլ չեն տեսել, հիմա ուրախացել են, կյանքները մեջները եռում է, բոլոր հիվանդություններն անցել են, մարմնի բոլոր օրգանները մոբիլիզացվել են, ճիշտ կերպով են աշխատում, տրամադրությունները բարձրացել է, դեմքի գույնը տեղն է եկել, էլ մյուս բաները չասեմ, որովհետեւ մահ են տեսնում շուրջը, ու դրա համար կյանքն էլ մեջները գլուխ է բարձրացրել, դարձել են ականջները սուր գայլեր: Ով ապրելու բան չի, նա միանգամից է չքվում, բայց ով կյանքի ծարավ է, մեջն ագահություն ունի՝ աչքերը փայլում են, ավելի է ուզում ապրել, քան երբեւէ:
- Կամանդիր, խելոք մարդ ես, եթե ապրելն էդքան սիրում ես, էստեղից էլ պետք է դուրս գանք:
- Ասել եմ, չեմ դուրս գալու, սա մեր տունն է: Ես էլ, Վասիլն էլ էստեղ ենք մնալու, դուք կարաք գնաք՝ ձեր փայ զենքն ու մեքենաները վերցնելով:
- Բայց Վասիլին հարցրե՞լ ես, ուզո՞ւմ է մնալ:
- Ե՞ս եմ կամանդիրը, թե՞ ինքը, ես ասում եմ, ինքն անում է: Միասին կռվել ենք, միասին աշխատել ենք, միասին էլ մնալու ենք:
- Վահան, էլի միասին ենք, բայց մեր ջահելներին մի անգամ էլ լսի, ճիշտ բաներ են ասում:
- Բերանս բացել ես տալի, հա... Լավ, քանի քեֆս լավ է, լսում եմ, ասա:
- Միհրան, Դոկտոր, եկեք, մի վերջին անգամ մեր Գայլ Վահանին համոզեք, թե կարողացաք:
- Արի, արի, Գուդերիան, էն դոկտոր Գեբելսին էլ հետդ բեր:
- Ես միանգամից ասեմ, որ կամանդիրի կողմից եմ, սրանից լավ տեղ չենք գտնի, ուտելիքը կա, խմելիքը կա, հազիվ տնեցիքս հանգիստ քնում են:
- Շիպո, դու սուս, քոնը գիտենք՝ էսօր լավ է, վաղը՝ ջայնամ:
- Դե ասեք, տղերք, բայց վերջին անգամ եմ ձեզ լսում, թե համոզեցիք՝ համոզեցիք, թե չէ՝ Վասիլի բեղերը թրաշել եմ տալու, խեղճ տղեն դարդից գնա իրեն պատից ցած գցի, ձեր խղճներին բեռ մնա: Կյաժ, դու սկսի, մենակ էդ քո գժական մետալներից չպատմես, թե չէ մետաղե դագաղի մեջ կթաղեմ:
- Կամանդիր, բայց մի օր քեզ լսել եմ տալու դրանք, իսկը քո մասին ու քո համար է:
- Ջանմ, եթե իմ մասին է, էլ ես ինչի՞ լսեմ, ոնց որ դնեմ ինքս իմ մասին կինո նայեմ: Ես աղջիկների մասին եմ սիրում երգեր, սիրո, ծաղիկների, իսկ իմ գժական ռոքը պուլիմյոտի ձենն էր ֆրոնտում:
- Լավ, կամանդիր, կատակը մի կողմ, լսի: Խելոք մարդ ես, ի՞նչ ես կարծում, էս տեղդ, որ մի երկու ստից պատով իբր պաշտպանված է, բայց մեջը լիքը զենք, մեքենա, ուտելու պաշար, դրսի բոլոր վայրի արջերի համար մեղրով քսած կարագ չի՞: Մենակ մե՞նք էինք էդքան խելոք, որ ֆայմեցինք գալ էստեղի վրա: Բա որ մեզ նման քոռուփոշման կիրթ տղերք չլինեն, այլ բաբաթին զինված մեծ բանդա, ո՞նց ենք պաշտպանվելու: Եթե էսօր չեկան, վաղը հաստատ պատերի տակ երեւալու են, թե ցերեկը չեկան, գիշերը հաստատ դուռդ ծեծելու են:
- Յանի ի՞նձ ես ուզում վախեցնես, այ տղա: Գիտես աղջի՞կ եմ, որ մի հատ էն քո վախենալու երգերից միացնես վախեցնես՝ կպցնելու հույսով, որ եթե վախենա, գուցե համ էլ սիրի քեզ, մտածի՝ էս ինչ զորընդեղ մանչ է էս մանչը: Ու մի բան էլ հիշի՝ հիմա ուր էլ գնաս, ինչ էլ անես, կռվով ես անելու: Առանց կռիվ տեղ չկա է՛լ հիմա:
- Կամանդիր....
- Չկպավ, դոկտոր, դու ասա, Վասիլ, բեղերդ պատրաստի, մի կեսը թրաշում եմ, մի կեսը թող մեր դոկտորը փրկի: Օձի լեզուդ տեսնեմ, դոկտոր Գեբելս:
- Մեր հիմնական թշնամին հիմա ոչ գազազածներն են, ոչ էլ նույնիսկ մարդիկ՝ զինված, թե անզեն: Մեր հիմնական թշնամին հենց ինքը՝ քաղաքն է: Հերթով սկսելու են կանգ առնել ու փլուզվել քաղաքը սպասարկող բոլոր համակարգերը՝ ջրատարը, գազամատակարարումը, էլեկտրականությունը, բոլորը: Առանց հսկողության մնացած համակարգերը ոչնչացնելու են այն, ինչը կոչված են սպասարկել: Լքված տներում պայթյուններ են սկսվելու, հրդեհներ: Ջուրն ու կրակը մրցելու են միմյանց հետ՝ ավերելու ու նոր՝ հետմարդկային լանդշաֆտ ստեղծագործելու գործում: Լինելու է գուցե շատ հետաքրքիր, նույնիսկ գեղեցիկ, բայց կյանքի հետ անհամատեղելի: Ատոմակայանում վթարները՝ փոքր ու մեծ, կարող են սկսվել մոտ երկու շաբաթից, ու որքան հեռու լինենք, այնքան լավ: Մարդկանց մասին չեմ խոսում, բացի զինված քաոսից, ուշ թե շուտ հենց ապաստարաններում սկսվելու է մարդակերությունն ու մարդաորսը: Վախեցնելու համար չեմ ասում, այլ մտածելու. սեփական տունն ու սիրելի քաղաքը դառնալու է մեզ անխաչ ու անքար գերեզման: Ինձ թվում է, որ մենք էն տղերքն ենք, որ իրենց գերեզմանները կուզենան տեսնել ավելի սիրուն, զարդարված, խնամված, անսփոփ այրիների արցունքներով մշտաոռոգ ու պարտադիր գերեզման այցելելուց ձանձրացած, բայց հավուր պատշաճի դեմքերով թոռների ու ծոռների կողմից ծաղկազարդ:
Գայլի դեմքը լրջացավ, խոժոռվեց: Մի պահ լռություն տիրեց: Իր գերեզմանին նա ուզում էր տեսնել երկաթե խաչ ու երկաթագիր տառերով գրած՝ Գայլ Վահան, հրամանատար:
2.
Առավոտ ծեգին ճամփա ընկան:
Իրականում ճամփա՝ որպես այդպիսին, չկար: Մեծ ճանապարհները խցանված էին մեքենաներով, որոնց տերերը կամ մահացել էին ու վերջին հանգիստը գտել հենց իրենց մեքենաներում, կամ էլ լավագույն դեպքում փախել էին՝ թողնելով մեքենաները տեղում: Այս կամ այն հատվածում գազազածների կուտակումներ էին կամ զինված թալանչիների: Ավելի փոքր ու շրջանցիկ ճանապարհները միայն մի քիչ էին ավելի անվտանգ ու անցանելի: Հասնելու համար ուզածդ տեղը, պետք է ինքդ քո ճամփան հընթացս անընդհատ գծեիր, եւ կարեւորը նաեւ՝ «նվաճելով» անցնեիր նախապես գծածդ ուղին, հաճախ բոլորովին դուրս նույնիսկ երկրորդական-երրորդական ուղիներից, դաշտերով ու չոլերով, ասես մի անհայտ ու վայրի երկրում, ուր մարդը դեռ ոտք չի դրել, կամ նման հին թագավորներին, որոնք իրենց ռազմարշավներով հիմք էին դնում ապագայի խաղաղ մայրուղիների:
Գրեթե ամբողջ օրն այստեղ ու այնտեղ անելով, նախապես հետախուզելով, շրջանցելով, հետուառաջ անելով, սխալվելով ու նորից փորձելով՝ հազիվ մի փոքր դուրս եկան Երեւանից ու մայրամուտից առաջ կանգ առան համեմատաբար ապահով ու մեկուսի մի տեղում՝ գիշերելու համար:
Տակը՝ մայրամուտի լույսերի մեջ, ընկած էր Երեւանը, որն այստեղից երեւում էր ասես ափի մեջ:
Լուռ կանգնած էին Կյաժը, Շիպոն ու նոր միացածներից Առաքելը, որի անունը դրել էին Զոմբի, որովհետեւ ասում էր, թե զոմբին մաքուր գիտակցությունն է՝ մարմինը մեռած է, միայն ուղեղն է միացած, ու հետեւաբար մարդու նոր՝ ավելի կատարյալ տեսակն է: Չեք հասկանում, ասում էր, բնության էվոլյուցիան նոր փուլ է մտնում, մեր ժամանակն անցնում է, իսկ բնությունը նոր ուղի է ընտրել: Էս կատաղածները հիմա ձեզ թվում են անուղեղ ու անպետք հայվաններ, բայց ամեն նոր կյանք էլ սկսվում է սենց պարզ ձեւերից. միլիոնավոր տարիներ անց սրանք ավելի բարձր քաղաքակրթություն են ստեղծելու, քան մերն է: Բա էլ ինչի՞ ես մեզ հետ փախչում սարերը, Առաքել ախպեր, եթե մեր տեսակը դատապարտված ես համարում: Ասում էր՝ փախչելը պատրանք է, մարդ ուր էլ փախչի, իրենից է փախչում, իսկ ինքն իրենից չի կարա փախչի: Ես ձեզ հետ չեմ փախչում, ես պարզապես ժամանակ եմ անցկացնում ու իմ հավեսին ապրում եմ օրերը, որոնք ինձ դեռ տրված են:
Կյաժը պայուսակից հանեց հեռադիտակն ու դրեց աչքերին: Մի որոշ ժամանակ նայում էին քաղաքին՝ ներքուստ հրաժեշտ տալով Երեւանին:
- Միշտ հենց մայրամուտի պահերին եմ ամենից շատ սիրել Երեւանը, երբ արեւի կարմրած ճառագայթներն ընկնում էին տուֆից շենքերի վրա: Էդ պահերին նույնիսկ Կոմիտասի խրուշչովկեքն էին սիրուն երեւում: Բայց ամենից շատ սիրում էի կինո Նաիրիի շենքն աշնան մայրամուտի ժամերին, արեւոտ օրերին, երբ օդի ջերմաստիճանն էլ իդեալական էր մարդու համար՝ մոտ 25-26 աստիճան, երբ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ, էնպես, որ պարզապես չես զգում, որ օդ կա ընդհանրապես:
- Քաղաքը դանդաղ մեռնելու է, մնալու են Անիի ավերակներ, մնացածներովս՝ դեռ մի քանի սերունդ ու գուցե ավել, նույնիսկ երբեք չենք ունենալու նման մեծ քաղաք վերականգնելու հնարավորություն:
- Առանց մարդկանց քաղաք չկա, դատարկ շենքեր են:
- Դու էլ հո չասիր՝ հին աշխարհը մայր մտավ, իսկ դու նրա տափակ իմաստություններն ես կրկնում, որոնց հավատալու պատճառով էլ գուցե նա հենց վերացավ: Հենց շենքերն են քաղաքն ու գեղեցկությունը: Մարդը դաշտում էլ է մարդ, մարդու ի՞նչն է գեղեցիկ կամ արժեք: Հին ավերակները նայելիս մա՞րդ ես փնտրում, թե՞ հենց անմարդաբնակությունն է նաեւ նրանց գեղեցկությունը:
- Մա՞րդը չի ստեղծում շենքերն ու քաղաքները: Թամանյանին ենք հիշում, մյուս քաղաք կառուցողներին: Մարդը, որը ստեղծում է շենքը, իրա ստեղծածից բարձր չի՞:
- Իհարկե ոչ: Թամանյանին հո չենք հիշում, որովհետեւ ինքը մեկն էր միլիոնավոր մարդկանցից: Հիշում ենք, հենց որովհետեւ իրենից, իր մարդ լինելուց ավելի բարձր բան է ստեղծել: Երբ ասում են՝ մարդը գերագույն արժեք է, ես միշտ պատկերացնում եմ, թե մեկը հայելու դեմը կանգնած նայում է ինքն իրեն ու կրկնում՝ ես գերագույն արժեք եմ, ինձնից բարձր ոչինչ չկա: Ու իրա կինը կողքով անցնելիս ամեն անգամ ասում է՝ Գագո, էլի գժվե՞լ ես, ու վերջը չի դիմանում ու զանգում է 03, ու Գագոյիս տանում են հոգեբուժարան: Որովհետեւ բոլորին պարզ է, չէ, որ եթե մեկն իրեն գերագույն արժեք է հռչակում՝ նա հոգեբուժարանի արժեք է: Բայց եթե դա մեկը չէ, այլ իբր ընդհանուրի անունից է ասվում, ապա դառնում է գերագույն իմաստություն ու նույնիսկ Սահմանադրության մեջ ամրագրելի:
- Իսկ ես միշտ նման դեպքերում պատկերացրել եմ, ասենք, նապաստակները հավաքվում են անտառային բացատում ու նրանցից ամենաիմաստունը սկսում է ուսուցանել՝ նապաստակն է գերագույն արժեքը, նապաստակից վեր ոչինչ չկա ու չի կարող լինել, Աստված ստեղծեց նապաստակին իր նմանությամբ ու պատկերով: Գայլն ուշադիր լսում է այդ ամենը թփերի մեջ թաքնված, ու երբ ձանձրանում է, մեկ էլ հոպ՝ իմաստուն նապաստակս դարձավ ճաշ, իսկ գերագույն արժեքները վախից փախան ամեն մեկն իրեն բունը:
- Երեւան, մայրամուտի գեղեցկուհի, այլեւս երբեք չեմ տեսնի քեզ, բայց եթե իմանայիր՝ քեզ որքան եմ սիրում, ջահել կյանքս մատաղ կանեի քո ոտքերի առաջ, որ դու մի օր էլ ավել ապրեիր, եթե դա օգներ, եթե դա միայն օգներ, իմ յար, իմ կյանք, իմ վարդագույն սիրուհի...
- Գնացինք, մեռածը մեռել է: Էլ երբեք հետ չի գալու:
3.
Գիշերը զույգ-զույգ հերթապահում էին:
Գիշերվա երեքի-չորսի կողմերը հեռվից տարօրինակ աղմուկ սկսվեց: Աղմուկը մոտենում էր, ու շուտով ակնհայտ դարձավ, որ կատաղածների մեծ խումբ է մոտենում ճամբարին: Հերթապահներն արթնացրին մյուսներին:
Իրավիճակը բավականին բարդ էր ու անորոշ: Բացարձակ մթության մեջ անհասկանալի էր մոտեցող կատաղածների քանակը եւ շարժի ուղղությունը: Դատելով աղմուկից՝ բավականին շատ էին: Եթե միացնեին լույսերը, ապա կարող էին ուշադրություն գրավել եւ ոչ միայն կատաղածների այս խմբի: Մյուս կողմից մթության մեջ սպասելն էլ անհնար էր: Կրակելը նույնպես խնդիր էր նույն ուշադրություն գրավելու պատճառով: Դիրքավորված նախապես պայմանավորված կետերում՝ խումբը լարված սպասում էր: Աղմուկը միայն շատանում էր ու մոտենում: Պարզ դարձավ, որ «խաղաղ լուծումը» բացառվում է: Լույսերը միացան: Տեսարանը, որը բացվում էր, զարհուրելի էր: Հարյուրավոր կատաղածներ գալիս էին ճամբարի ուղղությամբ: Լավ էր գոնե այն, որ մի փոքր թեքություն կար, եւ կատաղածները բարձրանում էին ու ներքեւի դիրքում էին ճամբարի նկատմամբ: Ելքեր քննարկելու ժամանակ չկար: Սկսվեց «կռիվը», ավելի ճիշտ կատաղածների սպանդը: Բայց նրանք շատ էին ու որքան կոտորվում էին, այնքան էլ մոտենում էին բեռնատարներին: Նահանջի ճանապարհ չկար. կատաղածները բոլոր կողմերից էին գալիս՝ արդեն նաեւ աղմուկի ու լույսի վրա: Խումբն ավելի ու ավելի էր սեղմվում բեռնատարների շուրջը: Կենտրոնացած դիմադրությունն անիմաստ էր դառնում: Միակ ելքը բաժանվելն էր երկու-երեքհոգանոց խմբերի ու փորձել փախչելը:
- Ճժեր, ցրվում ենք՝ մարդա իրա գլխի տերը: Եթե կենդանի մնացինք, կհանդիպենք էն հեռվի աշտարակի մոտ: Ես ու Վասիլը կմնանք, մինչեւ բոլորիդ գնալը: Մայոր, միոտանի սեւ սատանա, դու փախի հետները, պետք կգաս ջահելներին:- Գայլ Վահանի ձենն էր:
4.
Մանր անձրեւ էր գալիս: Լույսը բացվել էր, թույլ մառախուղ էր: Կյաժն ու Շիպոն՝ երկու անբաժան ընկերներ, թաքնվել էին մի «երկսենյականոց» քարայրում՝ անտառոտ տեղանքի եզրին: Խումբը ցրվել էր տեղանքով, իրարից խաբար չէին: Ինչ եղավ Գայլի եւ Գողի հետ, նույնպես չգիտեին: Բեռնատարներն ու միջի զենքը եւ այլ պաշարներ մնացին գիշերային ճամբարի տեղում: Հույսը դրանց վերադարձնելու թույլ էր: Միայն պարզ էր դառնում, որ գիշերվա հարձակումը պատահական չէր: Կատաղածների ամբոխները կարծես ուղղորդված լինեին ճամբարի վրա, իսկ նրանց հետեւից գալիս էին զինված մարդիկ: Երբ Կյաժն ու Շիպոն պատսպարվեցին իրենց քարայրում, նրանք նկատեցին, որ իրենց հետեւում են:
- Մարդ սպանելը հե՞շտ է,- հարցրեց Շիպոն:
- Մի րոպե,- ասեց Կյաժը,- հեսա կխոսենք:
Հենց այդ պահին նա խփեց ծառերի հետեւից երեւացող հերթական գլուխը: Դա կատաղած չէր, այլ մեկն այն անհայտ խմբից, որը հետապնդում էր ընկերներին:
- Բեսերը, գալիս ու գալիս են, ուզածներն ինչ է, ինչքան են ու ինչի բոլորով միասին չեն գալիս մեր վերջը տան, չեմ հասկանում,- զարմացած ասաց Կյաժը՝ մի մուխ քաշելով լավ խոնավացած ծխախոտից:
- Մարդ սպանելը հեշտ է, իհարկե: Բայց բարդ: Խփում ես, կպնում ես, ընկնում է, մեռնում է: Եթե լավ ես խփում, չի էլ տանջվում, արագ է մեռնում: Էդտեղ բադ բան չկա: Մարդ է, շուն է, եղնիկ է, ոզնի է՝ բոլորը նույնն են: Ապրում են ու մեռնում: Դե պատկերացրու առաջ, երբ հրազեն չկար, սառը զենքով էին սպանում, հիմա վերածվել է սիմվոլիզմի, իսկ էն ժամանակ իսկական մորթել էր:
- Հա, ոնց որ Քյոռօղլին, որ առաջին հրացանով զինվորին տեսնում է, փակվում քարայրում ու ասում, թե ասպետների դարն ավարտվեց:
- Եվրոպական հին գրականության մեջ էլ շատ կա էդ մոտիվը, որ իսկական ասպետական պատերազմն ավարտվեց, հիմա նենգ մարդասպաններն են հրացաններով: Փորձե՞ս մեկին էլ դու խփես:
- Չէ, իրոք չեմ կարողանում: Սիրտս խառնում է, որ պատկերացնում եմ:
- Մենակ չմտածես, թե դա մարդասիրությունից է կամ ուրիշի կյանքի նկատմամբ հարգանքից, որ չես կարողանում ստիպես քեզ:
- Բա էլ ինչի՞ց է:
- Շատ պարզ, սեփական կյանքը կորցնելու վախից է: Երբ սպանում ես քեզ նմանին, վատանում ես, որովհետեւ դու քեզ նույնացնում ես նրա հետ, կամ սենց ասեմ՝ հասկանում ես, թե որքան հեշտ է նաեւ քեզ կյանքից զրկել: Անվտանգության պատրանքը, անմահության պատրանքը կորչում է, ու վախը մտնում է մեջդ: Ոչ մի ալտրուիզմ, ամենասովորական էգոիզմն է խոսում մեջդ:
- Բայց ոչ մի կենդանի, բացի մարդուց, չի սպանում իր նմանին:
- Իհարկե սպանում է: Մարդը սիրում է ինքն իրեն բացառիկ զգալ, այդ թվում՝ բացասական իմաստով բացառիկ, բայց այս հարցում էլ բացառիկ չի: Բոլորն էլ իրար սպանում են: Բայց ոչ ոք դա առանձնապես չի սիրում, որովհետեւ իր տեսակին սպանելով՝ վախենում է ինքն իր համար, սկսում է ինքն իրեն անապահով զգալ: Վերցրու էս մեկին, դու խփի, պատկերացրու, որ հենց դու ես, ինքդ քեզ ես խփում: Մի օր, եթե ես չլինեմ, ո՞նց ես պաշտպանելու քո սիրելիներին:
- Լավ, փորձեմ...
- Տղերք, մի կրակեք, ե՛ս եմ...
Բժշկի ձայնն էր ծառերի հետեւից:
- Տունդ շինվի, այ դոկտոր, հազիվ Շիպոն մարդ պիտի խփեր, փոզմիշ արեցիր:
- Ի՞նչ անեմ, տղերք, բժիշկ մարդ եմ, պետք է մարդկային կյանքեր փրկեմ:
- Առայժմ քո կաշին մենակ փրկեցիր մեր քաջարի դիպուկահար Շիպոյի անողոք գնդակից, մեկ էլ նույն այդ քաջարի դիպուկահարին տակն անելուց փրկեցիր այն մտքից, որ սպանել է մի հոմոսափիենս տեսակի պրիմատ:
- Բա դու ես մեղավոր, էդ շաշի ձեռն ո՞ւր ես հրացան տվել, խփելու էր, կպներ ծառին, ռիկոշետով հետ գար կպներ իրեն, դիակը մնալու էր վրեդ: Բայց կատակը մի կողմ, եկեք օգնեք, տղերք, թոփալ մայորը հետս է ու վիրավոր: Լուրջ բան չկա, բայց էլ չեմ կարում քաշ տամ: Տեղով թոփալ էր, հիմա դարձել է հաշմանդամների միության պատվավոր նախագահ: Էլ չասած ինֆորմացիոն ու բակտերիոլոգիական պատերազմի տեսություններով գլուխս արդեն ուռցրեց, եկեք փրկեք:
5.
Հաջորդ օրը հասան աշտարակի մոտ, որտեղ պայմանավորվել էին հանդիպել ցրվածներով: Զգալի մասը չկար: Որոշեցին սպասել երեք օր՝ նաեւ վիրավորներին ու մյուսներին հանգիստ տալով: Երկու հոգի գնացին ստուգելու՝ բեռնատարների տեղը մի բան մնացե՞լ է, թե՞ ոչ: Բեռնատարները չկային: Հողին արյան հետքեր էին: Գայլ Վահանի սապոգներն ու գլխարկը գցած էր խոտերի մեջ՝ բեռնատարներից մեկի կանգած տեղում: Գող Վասիլից հետքեր չկային: Պարզ չէր՝ մահացե՞լ են, թե՞ հաջողվել է փրկվել: Պարզ էր միայն, որ գիշերային հարձակումը կատաղածների սովորական հարձակում չէր, այլ մարդկանց կողմից կազմակերպված, իսկ կատաղածներին ինչ որ կերպ ուղղորդել են խմբի վրա: Կատաղածները բեռնատար չէին կարող փախցնել: Պետք էր շտապել, տեղն անվտանգ չէր: Երկու ընկեր՝ Սպոն ու Առաքելը, հետ գնացին շրջանցիկ ճամփով՝ փոքր անտառակի միջով:
- Էս ի՞նչ վնգստոց է: Ոնց որ շան քոթոթի լինի:
- Սրանք շուն չեն, գայլի ձագ են, գնանք, սրանց մերը, որ հասավ, լավ բան կարա չլինի:
- Սրանք մեր չունեն, ախպեր, էնքան փոքր են, որ մերն իրենց մենակ չէր թողնի, սատկել է նրանց մերը:
- Ամեն դեպքում գնացինք, արագացնենք:
- Չէ, ես վերցնում եմ սրանց հետս:
- Երեխա հո չե՞ս, գե՞լ ես պահելու էս նեղ մաջալին, մեկը լիներ քեզ պահեր:
- Ոնց որ հին խեթական աղոթքներում՝ մարդն աստվածների անասունն է, մի աստված լիներ՝ մեզ հիմա պահեր, ջայնամ, թե մեկ-մեկ կաթի համար չէր կթի, դե կամ էլ խաշլամա սարքեր:
- Կարեւորը ձու ածելու համար չպահեր, գնացինք, ընկեր:
- Չէ, ես վերցնում եմ:
- Ինչ ուզում ես արա, մենակ գնացինք:
Քայլեցին նորից:
- Մարդը ո՞նց է գայլից շուն դարձրել, Սպո ախպեր:
- Մարդը չի դարձրել, գայլն է եկել մարդու մոտ: Հենց սրանց նման ձագերը եկել կպել են:
- Լավ, դա հասկացանք, բայց ինչի՞ հենց գելի ձագը, կարար չէ՞ աղվեսի լիներ կամ վագրի, կամ արջի:
- Նման են իրար՝ մարդն ու գայլը, նույնն են համարյա:
- Մարդը կապիկ չի՞, շիմպանզեն չի՞ մեզ ամենամոտ բարեկամը:
- Քո մոտ բարեկամն էլ քո քեռի՞ն է: Շա՞տ ես նման իրեն: Թե՞ քո ընկեր, ասենք, Գեւորգն է քեզ ավելի հոգեհարազատ:
- Գեւորգը: Քեռուս նմանը չկա:
- Դե մարդ կենդանին էլ պարտադիր չի իր ամենամոտ բարեկամներին նման լինի: Շիմպանզեն մարդու ցեղակիցն է, իսկ գայլը՝ ընկերը, այսինքն՝ նմանը: Երկուսն էլ շեշտված խմբային են, ընկերային, երկուսն էլ գիշատիչ են, երկուսն էլ խմբի ներսում խիստ հիերարխիկ են, ու շնորհիվ էդ ամենի՝ կարողանում են իրենցից մեծերին ու ուժեղներին որսալ: Խմբային գիշատիչ լինելն է ստեղծում ուժեղ ուղեղի, բանականության պահանջ, հաղորդակցության բարձր մակարդակի պահանջ: Բանականությունը հենց էդ երկուսի զուգադիպման արդյունք է՝ խմբային գիշատիչ լինելու: Մարդն ու գայլը մոտիկ ցեղակիցներ չեն, բայց հարազատներ են:
- Էդքան էլ համաձայն չեմ: Մարդը ո՞րն է: Ինքն իրենով մարդ չկա՝ վակուումի մեջ: Մարդ-գայլ էլ կա, մարդ-աղվես էլ, արջ էլ: Դրանք տիպեր են:
- Դե հիմա կարող է գայլերի մեջ էլ ապրեիր, ասեիր՝ գայլ չկա, առյուծ գայլ էլ կա, նապաստակ գայլ էլ:
- Ինձ թվում է՝ ի սկզբանե մի քանի սահմանափակ տիպեր են ամեն տեղ: Դրա համար աստվածներին եմ հավատում, ոչ թե Աստծուն: Մի հատ չի Աստված, ոնց որ Մարդը հենց մի հատ չի: Ամպրոպի աստված, Արեւի աստված, ոնց որ ասես՝ գայլ-աստված, առյուծ-աստված, սրանք սկզբունքներ են, որ չեն հատվում իրար, այլ միշտ իրար հետ զուգահեռ կան...
- Մի րոպե, մի հատ տես, էն ի՞նչ է:
Երկուսով մոտեցան: Ծառի տակ Գայլ Վահանի դիակն էր՝ հոշոտված, այլանդակված, հազիվ ճանաչելի: Մի փոքր հեռավորության վրա Գող Վասիլն էր: Մի պահ պապանձվեցին: Էսքանից հետո, դեռ առավել դաժան տեսարանն էր:
- Ոնց որ գայլերը հոշոտած լինեն, ատամի հետքե՞ր են:
- Նման է, բայց սա մարդիկ են արել: Մարդիկ, որոնք ինչ-որ դաժան խաղ են խաղացել, ուզեցել են, որ իրենց գայլի տեղ դնեն կամ գայլի հետ շփոթեն:
- Հիմա շատ են էսպիսի բաներ լինելու, մարդկային ամբողջ տակնուվրան դուրս է գալու:
- Աֆրիկյան էն հովազի միությունների նման երեւի, որ մարդ էին գողանում ու սպանում, բայց այնպես, կարծես հովազներն են արել:
- Թաղենք մեր ընկերներին: Հիշո՞ւմ ես, ոնց չէր ուզում գալ մեզ հետ ու հետո գերեզմանի խոսակցության վրա համոզվեց:
Լուռ արեցին իրենց անելիքը: Երկու փայտից հազիվ կպցրած մի խաչ զարդարեց երկու անբաժան ընկերոջ գերեզմանն անհայտ անտառակի մեջ: Վրան դանակով փորագրած՝ Գայլն ու Վասիլը՝ հրամանատարներ:
6.
- Բա հիմա ո՞ւր ենք գնալու:
- Ամբերդ:
- Դու վերջը բոլորիս մեռցնելու ես, Կյաժ, ինչի՞ ենք քեզ միշտ լսում:
- Մեռցնե՞մ: Իբր հիմա, ապրում եք, մեռած չե՞ք:
- Ապրելը բա էլ ո՞նց է լինում: Հիմա ապրում ենք, ուրեմն կանք:
- Ախր, հասկացեք, բարձունքի վրա կատաղածները ձեզ չեն հասնի, մարդիկ էլ քիչ կլինեն: Մարդիկ իներցիայով են շարժվում: Իրենց առաջ քաղաքում էր անվտանգ, իրենք հիմա էլ քաղաքում են փնտրելու անվտանգությունը: Նորից փնտրելու են իրենց հին աշխարհը ու մեռնելու են: Իսկ մենք նոր աշխարհ ենք գտնելու ու ստեղծելու, նոր լեզուներ, նոր ազգեր: Մենք հիմա հիմնադիրներ ենք լինելու, Հայկ Նահապետներ: Մեր մասին երգեր ու վեպեր են գրվելու, լեգենդներ ու առասպելներ են հյուսվելու:
- Լավ, բայց ինչի՞ հենց Ամբերդ: Ինչո՞ւ, ասենք, ոչ Բյուրական, Դղեր: Ինչո՞ւ ամենաբարձրն ու ամենաբարդը: Բյուրականի բարձրությունը քեզ հերիք չի՞:
- Որ ճիշտն ասեմ, ես էլ չգիտեմ, չեմ կարող հիմնավորել: Բայց դրա համար է՛լ ավելի համոզված եմ: Եթե հիմնավորումներն աշխատեին, աշխարհի վերջը չէր գա, չէ՞: Բոլոր հիմնավորումները կային, որ դա չէր լինելու: Ու եթե նա եկավ առանց հիմնավորման ու հակառակ բոլոր հիմնավորումների, ուրեմն գուցե պետք է անել ոչ թե այն, ինչ հիմնավորված է ու ճիշտ, այլ այն, ինչ անհիմն է ու սիմվոլիկ: Ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ որ մի անիծյալ տեղում ենք հող դառնալու կամ որ մի օրհնյալ բարձունքից ենք հուր դարձած նոր աշխարհը սփռելու: Ավելի լավ չէ՞ դա լինի նշանակալի մի վայր կամ դրա ճանապարհը:
- Նրանք մահացան Ամբերդի ճամփին: Ոչ ոք նույնիսկ չի իմանա քո էշ նահատակության մասին, թերթերը չեն գրի, ու հետմահու հերոսի կոչում չես ստանա, որովհետեւ թերթերը չկան, նահատակ հերոսները շնից շատ են ու կիլոն 100 դրամով վաճառվում են ամեն խաչմերուկի, ու դու ոչ մեկին պետք չես, ու ոչ ոք էլ ոչ մեկին պետք չի:
- Հիշո՞ւմ եք, որ նոր էր սկսվել այս ամենը, ինչպես էին ճշտապահության մարտիկները դատապարտում ու քարկոծում մարդկանց, որ եկեղեցիներ են գնում, ու եկեղեցականներին, որ չեն հրաժարվում պատարագներից: Վարակ է տարածվում, կարանտին է, իսկ նրանք շարունակում են պատարագներ մատուցել, եկեղեցիներ գնալ: Կարծես պատարագը համերգ է՝ կուլտուրական միջոցառում իրապես հավատացողի համար: Ո՞ւմ է պետք քրիստոնյան, որը չի հավատում, որ պատարագը սրբություն է, եկեղեցին սրբություն է, եւ հիվանդությունը չի կարող փոխանցվել սրբության միջոցով: Ավելի լավ է միանգամից փակել բոլոր եկեղեցիները, քան ենթադրել նման թույլիկ, ջրիկ հավատիկ:
- Ում է պետք, չգիտեմ, բայց մեզ ինչի՞ պիտի վնասեին իրենց հավատով:
- Բայց ձեզ ինչո՞վ վնասեց: Ձեզ պաշտոնական միջոցառումները փրկեցի՞ն: Հիմա էլ ի՞նչ տարբերություն ձեր ու էդ հավատացողների միջեւ: Դուք հավատում էիք պաշտոնական հորդորներին, նրանք էլ հավատում էին Ավետարանին ու մնացածին: Երկուսդ էլ մի բանի հավատում էիք: Երկուսդ էլ սխալ դուրս եկաք: Բայց երկուսիցդ մեկի հավատքը գորշ կրավորականություն էր, իսկ մյուսինը՝ կամքի լարում ու մարդկայինի հաղթահարում, կրակ: Հանրությունները պետք է երազեն մի բանի կրակով հավատացող մարդկանց խումբ ունենալու մասին:
- Կյաժ, դու սատանիստ չէի՞ր, ի՞նչ մի անցար քրիստոնեության պաշտպանությանը:
- Հեթանոս էի, հազար եմ ասել, դրանք իրար հետ կապ չունեցող բաներ են: Սատանիստը նույն քրիստոնյան է, բայց թարսուշիտակ: Քրիստոնեության մեջ չե՞ք զգացել սատանիստական ենթաշերտը, նույնիսկ էսթետիկան՝ սեւ զգեստներ, ժխտողականություն, կենտրոնացում մահվան վրա: Բայց դա չի ասածս: Հիմա, երբ ճգնաժամ է, դու երբեք չգիտես ճիշտն ու սխալը հաստատապես: Հենց նրա պատճառով, որ ճգնաժամ է, այսինքն՝ ամեն բան հարցականի տակ է: Ամենից շատ զարմացել եմ, երբ մարդիկ հենց դա չեն հասկացել: Ախր, ցավներդ տանեմ, բա եթե ճիշտը էդքան լավ աշխատեր, էլ ճգնաժամ էլ չէր լինի, չէ՞: Եթե եղել է, ուրեմն արդեն մի բան էն չի: Ուրեմն պետք է մի քիչ զգույշ լինել: Միգուցե մեր իմացած ճիշտը չի, միգուցե այլ մտածողություններն են ավելի համարժեք վիճակին: Ոչ թե կասկածն է շեշտը, այլ բաց լինելը, ուշադիր լինելը, պատրաստ լինելը, որ կարող են լինել տարբեր ճանապարհներ: Որովհետեւ, երբ կարգը սկսում է քանդվել, տարբեր ճամփեք ու խաչմերուկներ են բացվում, ու էլ պարզ չի, թե որն է դրանցից մայրուղին:
- Հիսուս քեզ Քրիստոս: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ... Հիսուսն ես, Մահդին ես, թե ժայռից դուրս եկած Մհերն ես, տո թեկուզ Բուդա Մայտրեան, մի բան պիտի իմանաս: Նույնիսկ Քրիստոսը մարդկանց ուտացնում էր: Ասենք՝ ջուրը գինի էր սարքում, քարը՝ հաց: Հիմա էս հարցը ո՞նց է լուծելու մեր նորահայտ սատանիստ-քրիստոնյա հեթանոս աթեիստը: Առանց հաց չենք կարող՝ հացն ու գինին, տեր կենդանին: Ամբերդի քարերում գարի՞ ես ցանելու, թե՞ սարերի խակ ծիրանն ես հրամցնելու: Ինչո՞վ ենք վարելու ու ցանելու, մեր քրտինքը հողի մեջ լցնելու:
- Ուտելն աշխատելով չի...
- Ես տենց էլ գիտեի, երկրային թռչուններին կերակրելու է Հայրը երկնավոր...
- Չէ, չէ, դա չի: Ես հաց չեմ առաջարկում ձեզ: Հացի հարցն ինքն իրենով լուծում չունի: Ես առաջարկում եմ իշխանություն: Մենք պետք է ստեղծենք իշխանություն, այսինքն՝ լինենք ուժ: Աշխատանքով վաստակած հացը սուղ է ու անկայուն: Իշխանություն ստեղծելը ինքնաբերաբար լուծում է բոլոր ստորակա հարցերը: Հացը կլինի առատ ու կայուն: Եթե չես ուզում աշխատածդ ուրիշներն ուտեն, պիտի իշխանություն ստեղծես: Մենք աշխարհը հիմքերից ենք վերստեղծելու, իսկ հիմքերի հիմքում ուժն է, դա է տալիս ե´ւ հաց, ե´ւ կաց...
7.
Գնում էին ու գնում: Անձրեւը չէր դադարում: Ծառերի կանաչը մատղաշ էր: Ժամանակ առ ժամանակ ամպերը գոռում էին:
- Նա լրիվ ցնդել է, Սպո ախպեր, տանելու է մեզ գերեզման իրա ցնդած գաղափարներով, ոնց որ Գայլին ու Գողին դուրս հանեց իրենց տեղից ու գել ու գազանի բաժին դարձրեց:
- Ի՞նչ ես առաջարկում, թռնե՞նք:
- Չէ, ինչի՞ համար: Արի իրեն կորցնենք: Լավ խումբ է, առանց էդ գժի, լավ էլ իրար խելք խելքի կտանք, կապրենք:
- Ընկերդ չէ՞ր:
- Որ ընկերս էր, բոլորս վարի գնա՞նք:
- Չգիտեմ: Բայց ես չկամ էդ գործում, հոգնել եմ: Ամեն մեկդ մի ցնդած փրկության պլան եք առաջարկում, բայց փրկություն չկա: Ապրում ենք: Սիրուն եղանակ է: Ես սիրում եմ ամպրոպների սեզոնը: Սիրում եմ մատղաշ կանաչը: Ու լավ է: Համարի երազում ես ապրում:
- Բժիշկ, սիրտս վկայում է, լավ չի ավարտվելու: Կյաժը մեր ընկերն է, բայց ես չեմ ուզում էլ իրա հետ գնամ: Նա լրիվ ցնդել է: Էն օրը գիտես ի՞նչ է ասում: Թե զինված մարդ տեսար, պիտի էլ բան չհարցնես, միանգամից սպանես, քանի ինքը չի սպանել առաջինը: Ես չեմ դիմանում, օրեցօր կորցնում է մարդկայինը:
- Շիպո, հասկանում եմ: Բայց եթե մտածես, ճիշտ է ասում: Էսօրվա համար են ասել՝ մարդը մարդուն գայլ է: Հետո անզենների հետ միշտ մարդկային է:
- Մարդկային է... Պարզապես համարում է, որ մարդիկ ռեսուրս են իր պլանների համար: Ասում է՝ մարդն արժեք է: Ոնց որ էն կարգին հաղորդման մեջ, հիշո՞ւմ ես՝ մարդը պոտենցիալ 100-դրամանոց պասաժիր է:
- Բայց էդտեղ էլ սխալ բան չի ասում: Մեզ մարդիկ պետք են...
- Լավ է, չես ասում ստրուկներ...
- Այ ցավդ տանեմ, ի՞նչ ես նեղվել էդքան: Ի՞նչ ստրուկ, արդեն չափազանցնում ես: Բան չմնաց, հեսա Բյուրական ենք հասնում:
- Չգիտեմ, ես էլ չեմ կարողանում, երեւի էս աշխարհն ինձ համար չի: Ասենք թե հասանք տեղ: Որ ի՞նչ, ինչի՞ համար: Էշի պես գոյատեւենք, մարդ սպանենք, մարդ փրկենք, որ ի՞նչ, որ հետո ի՞նչ լինի, ինչ որ իշխանություն բան: Ախպեր, ես չեմ ուզում իշխել ոչ մեկի վրա, ոչ էլ նույնիսկ ինքս ինձ վրա...
- Կզեք, տղերք, կրակում են...
8.
Թրջված, սառած, մի աչքը կապով փակած՝ Կյաժը կանգնած էր Ամբերդի եկեղեցու մոտ, նայում էր դեպի հեռուն՝ այնտեղ, ուր պետք է երեւար Երեւանը, երբ օրը բացվեր: Նա մենակ էր, մարդ չկար շուրջը: Գայլի քոթոթներին, որոնց վերցրել էր Առաքելը, տեղավորել էր հենց եկեղեցու ներսում:
Չգիտես ում դիմելով՝ նա բարձրաձայն խոսում էր.
- Մենք հիմնելու ենք մեր իշխանությունը: Շիպո, բժիշկ, լսեք ինձ, տղերք: Մենք գտնելու ենք ուրիշ մեզ նման մնացորդներին ու կապեր ենք ստեղծելու՝ մեկի հետ փոխանակում ենք անելու, մեկի հետ կռիվ, մյուսի հետ դաշնակցելու ենք երրորդի դեմ: Մայոր, Սպո, Առաքել, ո՞ւր կորաք: Աստիճանաբար առանձին համայնքների մեծ միություն է ստեղծվելու, առանձին աստղերը դառնալու են գալակտիկաներ: Բայց չենք կրկնելու հնի սխալները՝ ամեն մեկն իր համար, ամեն մեկն իր ուղով, ամեն մեկն ազատ ու ինքնիշխան, դաշնակից, բայց ոչ ձուլող միություն: Գայլ, Գող, Դժոխք, լսո՞ւմ եք:
Մոռացել էի ձեզ մի բան ասել: Որ ասում էի՝ ապոկալիպտիկ կինոներ էի սիրում ու ինչի համար էի սիրում: Ես վերջում հասկացա, որ այդ ամենն այլաբանություն է: Որ զոմբիները զոմբի չեն, այլ հենց մենք ենք զոմբիների հորդաներ՝ միանման, ամեն ձայնից ուղղորդվող այնտեղ, ուր որ պետք է ուղղորդողին՝ սեփականից զրկված, մեռած բայց քայլող: Ու ես տեսա, որ մարդիկ, որոնք մնում են ու փրկվում ապոկալիպսիսից, չնայած բոլոր սարսափներին, ավելի լավ աշխարհ են ստեղծում, որովհետեւ իրենք իրենցն են, այլ ոչ թե ուրիշինը:
Շիպո, Շիպո, հիշո՞ւմ ես, հարցնում էիր՝ բա հիմա հայ ու թուրք էլ չի՞ լինելու: Կլինի, իմ անուշ ախպեր, իմ քաղցր ընկեր: Կլինի անպայման: Նորից կլինի տարբեր մարդկություն: Կլինի հայ ու թուրք, պարսիկ ու վրացի, ռուս ու գերմանացի, չինացի ու ճապոնացի, սերբ ու խորվաթ, հրեա ու արաբ: Կլինեն բոլորը՝ տարբեր, իրար սիրող ու ատող, կռվող ու առեւտուր անող: Նորից կաճի օրհնյալ տարբերությունը մարդու ու մարդու, ազգի ու ազգի, երկրի ու երկրի միջեւ, եւ կյանքը կլուսավորվի բոլոր գույներով:
Բժիշկ, դու էլ ասում էիր՝ հիմա էլ եկեղեցի պետք չի լինելու: Եկեղեցին անուն է, եղբայր, մարդուն կարեւոր է, որ սրբություն լինի: Ու հիմա ավելի, քան երբեւէ: Զարմանում էիր, որ մաֆիոզները, հանցագործներն ամենից շատն են սիրում աղոթք, սրբապատկեր, եկեղեցի: Բա հենց իրենց համար էր, եղբայր, որովհետեւ: Մենք ի՞նչ ունեինք Աստծու հետ: Մեր գործած մեծ մեղքը լեւի գնալն էր: Մարդիկ պիտի Մեծ մեղքեր գործեն, որ Աստծու հետ տալ-առնելիք ունենան, պիտի Մեծ վախ ունենան: Դժոխքի կրակները պետք է կողքները լինեն, որ Դրախտի սրբություն ուզենան: Ես հիմա էստեղ գայլեր եմ պահում: Անունը դրել եմ գայլի տաճար: Մեր Գայլին ի հիշատակ: Ձեզ բոլորիդ ի հիշատակ, իմ լավ ընկերներ: Ինձ համար հիմա սրբություն է դարձել: Որովհետեւ եթե սրբություն չլինի, ո՞ւր գնամ մաքրվելու իմ չար ու դաժան գործերից հետո, որ պիտի անեմ, որ կարողանամ ստեղծել նոր աշխարհ, ուր ձեր բոլորի անուններով պիտի կոչեմ քաղաքներ ու ծովեր, ու աստղեր, որ դուք միշտ ապրեք:
Մարդ չկար: Նա խոսում էր ինքն իր հետ: Մեռել էին բոլորը, բացի իրենից: Ինքն էլ մնացել էր միաչքանի: Նա խոսում էր ստվերների հետ: Զորավար էր առանց զորքի: Գիշերներն արթնանում էր ամեն աղմուկից: Ու նայում էր դեպի հեռուն: Նախագծում էր նոր աշխարհներ, հեռավոր արշավանքներ, հաղթանակներ, մեծ դաշինքներ, մեծ ճամփաներ, ապրանքների փոխանակություն, առողջ ու զվարթ նոր մարդկություն:
Վերջ