Վռամշապուհ արքայի աստղային պատերազմները. Մաս II (վերջին)
451 թվականի ապրիլի 7-ին հոների թագավոր Աթիլան գրավեց Մեց քաղաքը Գալիայի եւ Գերմանիայի սահմանին: Մեցի գրավումը մասն էր մեծ արշավանքի, որն Աթիլան ձեռնարկել էր դեպի Գալիա, ուր նրան դիմակայում էին վեսթգոթերի եւ հռոմեացիների միացյալ զորքերը:
Մեցի գրավումից հետո հոների տիրակալը մեծ խնջույք է կազմակերպում: Ջահերի լույսով լուսավորված դահլիճում տեղավորվել էին Աթիլայի բազմազգ բանակի իշխաններն ու զինվորները, բացի բուն հոներից՝ բուրգունդներ, օսթգոթեր, թյուրինգներ, կելտեր, ալաններ: Բուն հոները տարբերվում էին իրենց արտաքինի բազմազանությամբ՝ արտահայտիչը նրանց բազմացեղ ծագման եւ տեւական շարժման՝ Չինաստանի սահմանից մինչեւ Արեւելյան Եվրոպա: Խնջույքին հավաքված բազմազգ, բայց գերազանցապես գերմանացեղ բազմության մեջ աչքի էին ընկնում երեքը՝ ավելի հարավային արտաքինով: Թեեւ երեքից մեկն ուներ շեկ մազեր ու մորուք, ինչպես գերմանացիների մեծ մասը, բայց դիմագծերը խիստ տարբերվող էին՝ մատնելով նրա եւ ընկերների եկվոր լինելը:
Այդ երեք օտարականից երկուսը Միհրդատ ու Վարազդատ եղբայրներն էին, որոնց գիշերային զրույցից Վռամշապուհ արքայի հետ անցել էր 30-ից ավելի տարի, եւ 17-18 տարեկան պատանիներն այժմ հասուն տղամարդիկ էին՝ շատ բան տեսած ու շատ բանի մասնակցած: Երրորդը Վռամշապուհի որդին էր՝ հայոց վերջին եւ գահընկեց արքա Արտաշեսը:
Դեռեւս Հայաստանում եղբայրները դարձան գաղտնի քուրմ Արտավազդ Վարագի աշակերտները, որին ներկայացրեց ինքը՝ արքան:
Արտավազդը այդ տարօրինակ անձնավորության անուններից մեկն էր միայն: Հայաստանի տարբեր գավառներում հայտնի էր միանգամայն տարբեր անուններով, որոնց ընդհանուր թիվը մի քանի տասնյակի էր հասնում, եւ ոչ ոք չէր կարող ասել, թե որն էր իսկականը կամ գոնե սկզբնականը՝ Վարդան, Խորեն, Արտակ, Տաճատ, Հմայակ, Ներսես, Վահան, Արսեն, Գարեգին, Գադիշո, Գյուտ, Տիրոց, Մանեճ, Արտեն, Ընջուղ, Ներսեհ, Վարազշապուհ, Մանեն, Ջոնն, Մար, Վաղինակ, Դատ, Մանակ, Մեհեն, Մեհառ, Գարջույլ, Մուշկ, Դեմետ, Կիշկեն, Սուրիկ, Վրկեն... Ոչ ոք վստահ չէր՝ արդյոք խոսքը մեկ մարդու մասի՞ն է, թե՞ մարդկանց բազմության:
Նրա մասին պատմում էին հեքիաթային բաներ: Ասում էին, որ նա գտել է անմահանալու գաղտնիքը. 40 տարին մեկ Նավասարդին հետեւող առաջին Նորալուսնի օրը նա մտնում է Արածանիի ջուրը՝ միայն իրեն հայտնի տեղում, եւ նոր երիտասարդություն ստանում: Ասում էին, որ մանուկ է եղել դեռեւս Երվանդի ու Արտաշեսի ժամանակներում: Երբ նրան հարցնում էին այդ մասին, լռում էր: Ասում էին նաեւ, որ ուներ մի կլոր քարե սեղան, որի վրա ինքնաբերաբար հայտնվում էին ուտելիքներ, եւ որ նա սնվում էր բացարձակապես դրանցով: Պատմում էին նրա սեւ մետաղե ծանր ու մահացու խփող գավազանի մասին, որը միաժամանակ ծառայում էր որպես երաժշտական գործիք. երբ հարվածում էիր գետնին, քարերը երգում էին: Նույնիսկ մի երգ էլ կար հենց այդ գավազանի մասին, որը սկսվում էր այսպես. «Երբ արեւը մահացավ, երբ հրեշտակները կուրացան, երբ մառախուղը ծանրացավ Աստծու պալատի վրա, երբ լիալուսինը լուսավորում էր երկիրը, երբ գայլերը հավաքվում էին դաշտում, երբ արեւելյան երկրների հավատքը բռնաբարվում էր կրկին ու կրկին, երբ հները վերադառնում էին...»:
Ինչը հաստատ էր, այն էր, որ նա միշտ սեւ էր հագնում, թեեւ չէր խուսափում սեւ զգեստի վրայից կրել ոսկե մեծ զարդեր եւ նման չէր սեւազգեստ ճգնավորի ոչ իր խոսքում, ոչ էլ վարքուբարքում: Սիրում էր ուտել, խմել եւ հաճախ կոպիտ էր խոսում՝ չխորշելով հայհոյանքներից:
Նա իրեն սովորեցրել էր գիշերներն արթուն մնալ եւ ցերեկները քնել: Առավել սիրում էր ձմեռային երկար գիշերների արթմնի ժամերը: Ասում էր, որ գիտակցված ջանքերով է հասել դրան՝ նպատակ դնելով լիովին շրջել սովորական մարդկայինը եւ նմանվել գիշերային գիշատիչներին:
Նա տեղյակ էր թռչունների թռիչքից, կայծակների ձեւից ու տերեւների շարժումից դատողություններ անելու, ապագան գուշակելու եւ որոշումներ կայացնելու հին արվեստից:
Լավ որսորդ էր: Չար լեզուներն ասում էին, որ նա մեկ-մեկ գիշերները զվարճանում է մարդաորսով եւ ունի հատուկ զարդարված մարդկային գանգերի հավաքածու: Բայց ընկերներն ասում էին, որ գանգերը հավաքել է իր երիտասարդ տարիների ճակատամարտերում եւ միայն անձամբ իր կողմից սպանված թշնամիներից: Կասկածում էին նաեւ, որ հրդեհների սիրահար է, եւ հատկապես նրա ձեռքի գործն են երկրի տարբեր տեղերում ժամանակ առ ժամանակ բռնկվող փայտե եկեղեցիների հրդեհները: Նա սիրում էր ծիծաղել իր մասին պատմվող պատմությունների վրա: Բայց ամենից շատ սիրում էր այն ասեկոսեն, թե իբր գիտի քնար նվագելու մի ձեւ, որով կարող է քնեցնել կամ նույնիսկ սպանել լսողներին: Նա իսկապես ուներ մի սեւ քնար, որը նվագում էր յուրահատուկ, աղմկոտ ձեւով, եւ որի անունը դրել էր ագռավաքնար:
Շատերը նրա մասին ասում էին, թե նույնիսկ հայ էլ չէ: Նրա ծագումն իրոք հայտնի չէր, բայց փոխարենը հայտնի էր, որ ուխտ ուներ երբեք չլքել Մեծ Հայքի սահմանները եւ օտար հողին ոտք չդնել, քանի որ այդպես կարող էր կորցնել իր զորությունները: Ոչ միայն դա, այլեւ ընդհանրապես չէր շփվում եւ խուսափում էր օտարներից՝ խոսելուց, հպվելուց, պարզապես ներկայությունից, նույնիսկ անուն տալուց: Նա ստիպված էր մերժել նույնիսկ պարսից արքայի փոխանցած խնդրանքը կարեւոր գուշակության մասին: Նաեւ արգելված էր իր մոտ խոսել որեւէ օտար լեզվով, արտասանել որեւէ օտար բառ, ընդհանրապես որեւէ տեղեկություն ստանալ եւ իմանալ, պետք է ապրեր այնպես, կարծես աշխարհում կա միայն Հայաստանը:
Նա բավականին տանջվում էր իր այս սովորությունից, քանի որ խառնվածքով չափազանց հետաքրքրասեր էր եւ ուզում էր իմանալ Հայաստանից դուրս եղած ժողովուրդների, լեզուների, կրոնների մասին: Բայց դա այն արգելքն էր, որը ստիպված էր կրել, եւ որը նրա վրա դրել էր իր ուսուցիչը՝ Երազատես Երվազը:
Սակայն փոխհատուցելու համար այս անհարմարությունը, նրան թույլատրված էր արթմնի կամ իրական երազներում ճամփորդել օտար երկրներ, մտածել ու երազել դրանց մասին, պատկերացնել, թե ինչպիսին է այս կամ այն երկիրը եւ նրա լեզուն, ժողովուրդը, սարերն ու դաշտերը, ռազմարվեստը, երաժշտությունը, խաղերը, կանայք: Իր երազներում ու երազանքներում նա գնում էր թե՛ իրական երկրներ, որոնց անունները լսել էր, թե՛ երկրներ, որոնց անունները ինքն էր ստեղծում ու հորինում:
Ընկերներն ասում էին, թե նրա պատմածներն օտար երկրների մասին զարմանալիորեն մոտ էին իրականությանը եւ նույնիսկ ճշգրտորեն արտացոլում էին իրական երկրների իրական պատկերները: Բայց ավելի շատ սիրում էր իր հորինած երկրները: Նա կարող էր մի օրվա, կամ իր դեպքում ավելի ճիշտ է ասել՝ մի գիշերվա մեջ հորինել մի քանի նոր երկիր: Օրինակ՝ Բլաշիրխ անունով երկիրը, որի մասին ուներ մի երգ. «Սեւացած արեւից այն կողմ բարձրանում են լեռները, սեւացած արեւից հեռու որոտում է սառույցը, այնտե՛ղ է անսուրբ թագավորությունը՝ սառը երկնքի տակ, անլույս Բլաշիրխի սառած մթությունը»: Նա երգ ուներ նաեւ Կաթարիա երկրի մասին. «Մենք դարձել ենք անիծյալ սերմերի ցեղ: Ես մտա օձի ոգու մեջ: Մենք փայլում ենք հյուսիսային երկնքում: Կաթարիան կառուցվեց՝ անվերջ աշխարհը»:
Բայց ամենից շատ նա սիրում էր իր Արիազատե կամ Արիանէ երկիրը, որը համարում էր իր դուստրը եւ դիցուհին: Սրա մասին էլ երգում էր. «Դեպի արեւ, դեպի հարավ, դեպի հյուսիս, մինչեւ թռչունների թռիչքի վերջին սահմանը: Ողտերի շղթաները ջարդվում են՝ փշուր-փշուր ընկնելով հողին: Երբ զանգը կանչում է թագավորական տոնին, օ՛, քաղցր կրկներգ, որը բուժում է ցավը, օ՛, Ալբիոնը մնում է նույնը՝ քնած այժմ, որպեսզի հարի նորից»:
Չնայած իր թվացյալ կտրվածությանը, տարօրինակ կյանքին, կասկածելի սովորություններին եւ ակնհայտ հակադրությանը պաշտոնական կրոնին՝ նա ուներ շփման մեծ շրջապատ, ընկերներ՝ սեղանակիցներ ու զրուցակիցներ, չէր պահում իրեն ուսուցչի, իմաստունի կամ վարպետի պես եւ չէր սիրում այդ դերերը: Զարմանալիորեն ընդունելի էր շատերի համար՝ սկսած թագավորներից, իշխաններից մինչեւ եպիսկոպոսներ ու հայրապետներ: Նա խորհրդական էր շատերի համար, այդ թվում՝ եկեղեցականների, բացի փոքրամասնություն կազմող մոլի տիպից, որի համար չկար քրիստոնեականի հայկականը, այլ միայն վերացական ճշմարտությունը: Ոչ թե նա թշնամանում եւ հակադրվում էր նմանների հետ, այլ խուսափում: Նրա համար չկար ավելի հոգնեցնող ու ձանձրալի բան, քան մոլի նվիրվածությունը որեւէ ճշմարտության, ընդհանրապես՝ մոլագարությունը: Նա ավելի շուտ եւ ավելի շատ Պիղատոսի պես հարցնում էր՝ ի՞նչ է ճշմարտությունը, բայց չէր սիրում, երբ որեւէ մեկը կարծում էր, թե գիտի այդ հարցի պատասխանը եւ մանավանդ կրողն է ճշմարտության: Նա ոտի վրա կարող էր քնել հինգ րոպե, երբ ստիպված էր շփվել որեւէ հավատավորի հետ, որը գիտեր, թե ինչը ինչպես պետք է լինի:
Նրա ուսմունքը շատ պարզ էր: Միհրը կամ Մհերը, որին տարբեր տեղեր կոչում են նաեւ Շիդար կամ հենց Արտավազդ, եւ որը փակված է կամ շղթայված, պետք է վերադառնա եւ բերի իր հետ ազատություն:
Սակայն, մյուս կողմից դժվար է ասել, թե ուներ նա արդյոք մեկ ուսմունք կամ թեկուզ մի քանի ուսմունք: Նրա քարոզածները, ասածները, պատմածները, կարծիքները տարբերվում էին՝ ընդհուպ մինչեւ լիակատար հակասություն տարբեր զրույցներում, տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում: Այս կամ այն գավառում, այս կամ այն անվամբ, այս կամ այն զրուցակցի հետ կարող էր որպես ուսմունք ներկայացնել լիովին տարբեր կամ գոնե արտաքուստ իրարից լիովին տարբերվող տեսակետներ:
Առավել մտերիմներին որոշ չափով բացում էր իր մոտեցումը: Ուսմունքները ստեղծված են մարդկանց կողմից եւ մարդկանց համար, եւ ոչ հակառակը: Մարդը վեր է ցանկացած ուսմունքից, նաեւ ճշմարտությունից: Ուսմունքները պետք է ծառայեն մարդկանց, այլ ոչ թե մարդիկ ուսմունքներին ու ճշմարտություններին: Մարդը չպետք է գերի դառնա ոչնչին, այդ թվում ինքն իր ուսմունքին, ինքն իր պատկերացումներին, ինքն իրեն: Առավել եւս՝ ինքն իրեն:
Ընդհանրապես չկա մեկ մարդ, այլ միեւնույն մարդու մեջ կա այլեւայլ ուժերի, դիտակետերի, ներքին ուժերի փոփոխվող հարաբերություն: Տիեզերքում ամեն ինչ բազմիշխան է, եւ տիեզերքը բազում աստղերի հարաբերությունն է: Բնության մեջ մեկ կենդանատեսակ չէ, այլ տեսակների անընդհատ փոխվող հարաբերություն: Աշխարհում մեկ ազգ չէ, այլ բազում ազգերի հարաբերություն: Երկնքում մեկ Աստված չէ, այլ աստվածների եւ ուժերի հարաբերություն: Ճշմարտությունը մեկը չէ, ուղին մեկը չէ, իշխանությունը մեկը չէ, արքայությունը մեկը չէ: Եվ ուրեմն, մարդու մեջ չի կարող ապրել միայն մեկ հոգի, միայն մեկ ուժ, այլ հոգիների բազմություն, անվերջություն, եւ մարդն այդ հոգիների հարաբերությունն է, այլ ոչ թե մեկ, պարզ, կենտրոնացած հոգի:
Տիեզերքի ուղին բազմիշխանությունն է, բազմաստվածությունը:
Իմաստասիրելու այս ոճը նա կոչում էր ինչպես իմաստասիրել մուրճով կամ կուռքերի մթնշաղը: Իմիջիայլոց, հին՝ հեթանոսական կրոնի ամենամեծ սխալը համարում էր հենց կռապաշտությունը՝ աստվածային ուժերը կուռքերի՝ արձանների միջոցով պատկերելը, տաճարային պաշտամունքը, որը, փոխառվելով հարավից, եկավ փոխարինելու հյուսիսի, այդ թվում Հայաստանի նախնական՝ անկուռք, անտաճար, անպատկեր պաշտամունքը:
Իր՝ կուռքերից ազատված իմաստասիրությամբ նա ոչ թե ուզում էր ստեղծել որեւէ առանձին դպրոց, մի հատուկ ուսմունք, այլ ավելի շուտ սպառել բոլոր հնարավոր ուսմունքների, ուղղությունների, դիտակետերի հնարավորությունները, հասնել ամեն հնարավոր ուսմունքի արմատին եւ հետեւողականորեն տանել այն մինչեւ վերջին, ծայրահեղ հնարավորություն, ունենալ բոլոր հնարավոր հայացքների քարտեզ, ի վերջո ստանալ ուսմունքների տիեզերքի վերջնական բազմաստղային պատկեր, ուր կան առանձին գերիշխող ուժի կուտակումներ, բայց չկա մեկ միասնական կենտրոն, որից բխում են մնացած բոլորը:
Աշակերտների տարբեր խմբերին նա սովորեցնում էր տարբեր ուսմունքներ, ինչպես մեկը կսովորեցներ մարդկանց տարբեր արհեստներ՝ ըստ անհրաժեշտության ու նպատակի: Այդ տարբեր ուսմունքները նույնիսկ անվանվում էին արհեստների ու զբաղմունքների նմանաբանությամբ՝ կավագործների ուսմունք, դարբինների ուսմունք, հեծյալ զինվորների ուսմունք, առեւտրականների ուսմունք, թագավորների ուսմունք եւ այլն: Նրանք, ովքեր հոգիների կավագործությամբ են զբաղվում, չեն կարող նույն արժեքները դավանել, ինչ հոգու դարբինները, ասում էր նա, իսկ հոգեւոր առեւտրականների դիտակետը պետք է տարբերվի հոգեւոր զինվորականներից: Ընդ որում՝ բոլոր ուսմունքներն էլ իրենց հերթին բաժանվում էին գաղտնի՝ բանավոր, եւ բաց՝ գրավոր ուսմունքների: Եվ ուներ նաեւ հատուկ քարոզներ ժողովրդի համար:
Գաղտնի ուսմունքներից մեկում նա խոսում էր ինը լույսի եւ ինը ստվերի մասին, նաեւ՝ ինը հերոսի: Մեկ այլ գաղտնի ուսմունք կոչվում էր «Եթե լույսը տանի մեզ»: Դա բաղկացած էր չորս մասից կամ նվիրագործման չորս աստիճանից՝ «Այն, ինչ մի անգամ եղել է», «Երբ լույսը տանի մեզ», «Դեպի ամրոց», «Դատարկություն»: Ուներ նաեւ «Ներկայություն» կոչված ուսմունքը, որի գլխավոր հատվածը կոչվում էր «Աքիլլեսի վերջին կայանը»:
Ժողովրդի մեջ ու ժողովրդի համար գլխավորապես քարոզում էր Մհերի կամ Միհրի ուսմունքը, որը, ազատվելով շղթաներից, ազատություն է բերելու ժողովուրդներին: Նա տապալելու է հունաց ու պարսից գահերը, եւ ամեն ժողովուրդ վերականգնելու է իր թագավորությունը, եւ ամեն թագավորության ներսում յուրաքանչյուր երկիր նույնպես վերագտնելու է իր ազատությունն ու իշխանությունը: Միհրը տապալելու է բռնապետ գահերն ու բռնապետ կրոններն ու ճշմարտությունները, վերականգնելու բազմիշխանությունը: Իր սիրելի ուսմունքներից մեկի մասին երգում էր. «Փրկի՛ր երկիրը եւ պահանջի´ր կատարելություն: Հաշվի´ առ մեծամասնությանը եւ փարատի´ր անհամաձայնությունը: Ո՞նց ես զգում քեզ ինքդ քեզնով, կապված աշխարհին՝ լրիվ միայնակ, ծանր երկնքի բեռի տակ: Հարի՛ր, Ատլաս»:
Միհրդատին ու Վարազդատին նա պատրաստում էր հենց Միհրի ուսմունքը քարոզելու նաեւ Հայքից դուրս՝ հյուսիսի ժողովուրդների մեջ: Ըստ այդմ՝ Մհերը հին ժամանակներում ապրող քաջ ու արդար թագավոր էր՝ Հայկի սերնդից: Հայկը ծովային արքան, նախահայրն է հյուսիսի եւ արեւմուտքի բոլոր ժողովուրդների, որն իր ազատությունը նվաճել էր հարավի տիրակալ Բելի դեմ պայքարում: Հայկը որդիներ չուներ, այլ միայն մի դուստր՝ Ծովինարը, որը վարազի կերպարով իրեն հայտնված Վիշապաքաղ Վահագնից հղացավ զույգ որդիներին՝ Արմենակին ու Արամայիսին, որոնք էլ հիմնադրեցին հին Այրարատը: Հայկի յոթերորդ սերունդն էր Մհերը: Սա քաջ ու արդար թագավոր էր, հաղթած բազում ճակատամարտերում եւ իր երկրում արդարություն հաստատած յուրաքանչյուրի համար: Երիտասարդ տարիքից իրեն նվիրել էր Տիր աստծու պաշտամունքին եւ անցել նրա նվիրաբերության ծեսը՝ ինը օր կախվել էր ծառից՝ ոչինչ չուտելով ու չխմելով: Դրանից հետո նրա մասին ասում էին, թե ինքը գտել է «բանաստեղծության մեղրը», այսինքն՝ ձեռք է բերել մեծագույն իմաստնություն, եւ նրա անուններից է դառնում Կարապետը: Ճակատամարտերից մեկում կորցրել էր իր մի աչքը եւ վնասել ոտքը, որի պատճառով կաղում էր եւ միաչքանի էր, իսկ նրա թշնամիներն անվանում էին նրան Քոռ Մհեր կամ Քոռ ագռավ: Ապրում էր սեւ շենքում, գետի ափին:
Մհերի թագավորության վերջում, սակայն, նրա երկրում խռովություններ առաջ եկան, որոնց ավարտը եղավ ներքին պատերազմը: Սկզբնական դավադրությունը ձեւավորվեց Մհերի առավել սիրելի ու մտերիմ զորապետ Արգամի միջոցով, որը գաղտնի կապի մեջ էր մտել Մհերի կնոջ՝ Սաթենիկի հետ: Ծերացած թագավորը բացահայտում է դավադրությունը եւ պատժում կազմակերպիչներին, սակայն նրա դեմ ապստամբում է իր կարծեցյալ թե անօրինական որդի Միսրը, որը մինչ այդ թագավորին օգնում էր դավադրությունը բացահայտել, բայց մինչ արքան զբաղված էր դավադիրների քաղաքը գրավելով, ինքը՝ Միսրը, զավթում է գահը մայրաքաղաքում: Ճակատամարտը հոր եւ որդու զորքերի միջեւ տեղի է ունենում Կամլանի դաշտում, որն ավարտվում է երկուսի մենամարտով: Այդ մենամարտում հաղթող չի լինում, երկուսն էլ մահացու վիրավորվում են: Միսրը մահանում է, իսկ Միհրը՝ անհետանում: Սակայն նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է իր հավատարիմներին: Նրա ժողովուրդն ու իշխանները հավատում էին, որ նա պետք է վերադառնա՝ վերականգնելու համար արդարությունն ու ազատությունը: Մինչ այդ, ամեն մարդ, ամեն ժողովուրդ պետք է լինի զինվորի պես՝ պայքարող հանուն ազատության ու արդարության, եւ ամեն գործին մոտեցող որպես պատերազմի, որում ինքը պետք է հաղթի:
Մհերի մահից հետո Հայկի որդիների տոհմերից շատերը դուրս եկան իրենց հայրենիքից եւ տարածվեցին երկրագնդով մեկ՝ դեպի հյուսիս, արեւմուտք եւ արեւելք: Նրանք հեծյալ զինվորներ էին, որոնք նվաճում էին երկրները, հաստատում ամեն տեղ արդար ու ազատ կարգեր եւ հիմնադրում թագավորություններ ու իշխանություններ: Նրանց լեզուն տարածվեց աշխարհով մեկ՝ հիմք դառնալով բազմաթիվ լեզուների՝ Հնդկաստանից ու Պարսկաստանից մինչեւ Հունաստան, Գերմանիա եւ Բրիտանիա: Հույների ու հռոմեացիների հիմնադիրները նույնպես այդ տոհմերից էին, եւ նրանց արյանն են պարտական այդ ժողովուրդներն իրենց փառքով: Սակայն ժամանակի ընթացքում խառնվելով իրենցից առաջ այդ երկրներում ապրող բնիկների հետ՝ նրանք յուրացրին հարավցիներին բնորոշ բռնապետական բարքերը՝ ձգտումը մեկ ճշմարտության եւ մեկ իշխանության՝ հոգեւոր եւ քաղաքական բռնապետությունների:
Բայց նրանք, ովքեր բնակվեցին ավելի հյուսիսային երկրներում, պահպանեցին հին հավատքը եւ հին բարքը: Տարբեր անունների տակ պաշտելով Մհերին, Վահագնին, Տիրին եւ մյուսներին՝ պահպանեցին նաեւ Մհերի վերադարձի հավատքը՝ որպես Արթուր թագավոր, որպես Բալդր՝ Օդինի որդի, եւ այլն:
Հենց Մհերի հավատքը Միհրդատն ու Վարազդատը իրենց հետ տարան հյուսիս՝ քարոզելու համար հոների, գերմանացիների, ալանների մեջ, այն, ինչ նրանցն էր ի բնե, եւ այն, ինչին ծանոթ էին տարբեր անուններով: Եղբայրները դարձան Աթիլայի զինվորներ եւ իրենց հավատարմությամբ ու քաջությամբ վաստակեցին թագավորի վստահությունը: Նրանց հետագայում միացավ Հայաստանում գահընկեց եղած Արտաշես արքան՝ որպես Աթիլայի պատվավոր հյուր: Տարիների ծառայությունից հետո միայն եղբայրները սկսեցին բացել իրենց ուսմունքը՝ հոների տիրակալի հետ երեկոյան երկար զրույցներում, աստիճանաբար, քայլ առ քայլ նախապատրաստելով նրան: Նրանք փորձում էին իմաստ ու առաքելություն հաղորդել Աթիլայի պայքարին եւ պատերազմներին հռոմեացիների դեմ: Ոչ թե պարտադրել, այլ բացահայտել իմաստը հենց ընթացող պայքարի ներսից: Հռոմին հնարավոր չէ հաղթել միայն քաջությամբ: Պետք է ավելի հզոր զենք, որը միաժամանակ հոների տիրակալին սովորական զորավարից կդարձնի ազգերի ազատագրող բռնապետությունից: Տարիների աշխատանքն արդյունք տվեց, երբ 451 թվի արշավանքը ծրագրավորվեց որպես նախապատրաստություն կամ առաջին քայլ մեծ գործի: Ոգեւորությունը մեծ էր, հաղթանակի սպասումը՝ արբեցնող:
Զուգահեռաբար Հայաստանում զարգանում էր պարսիկների դեմ ապստամբությունը: Անհանգստացած դրա ծավալումից՝ պարսից արքան հետ վերցրեց կրոնափոխության իր պահանջը: Ողջամիտ էր թվում նահանջել եւ խաղաղություն հաստատել պարսիկների հետ այդ զիջման դիմաց: Սակայն Արտաշես արքայից գաղտնի դեսպաններ են ժամանում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ առաջարկելով չհրաժարվել պայքարից, չնայած պարսիկներն այլեւս չեն պահանջում հրաժարվել քրիստոնեությունից: Դրանով բացահայտվում էր հայերի ապստամբության գաղտնի նպատակը՝ կրոնափոխության հարցը միայն պատրվակ էր: Թվում էր՝ մոտ է քաղաքական ազատության ժամը. Աթիլան արեւմուտքում, իսկ հայերը Վարդանի գլխավորությամբ արեւելքում կհաղթեն երկու մեծ թագավորներին, եւ հետո միանալով իրար՝ հոներն ու հայերը կհաստատեն նոր կարգ:
Բայց այս հաշվարկները սխալ էին: Վարդանը պարտվում է Ավարայրում 451-ի մայիսին, իսկ Աթիլան՝ Կատալուանյան դաշտում, 451 թվականի հունիսի 15-ին: Երկու տարի անց հոների հզոր տիրակալը մահանում է. նրան քնի մեջ սպանում է գերմանացի երիտասարդ կինը, եւ նրա թագավորությունը քանդվում, քայքայվում է երկպառակություններից:
Բայց Մհերի հավատքի սերմերը մնում են Աթիլայի զինվորների մեջ: Մհերի վերադարձին հավատացողները կազմում են գաղտնի խմբեր, որոնք սերնդեսերունդ փոխանցում են իրենց ուսմունքը դարերի ընթացքում: Հետեւելով իրենց ուսուցիչների ուսմունքին՝ նրանք գործում են տարբեր դիմակների տակ եւ տարբեր դերերում՝ չխորշելով ամենատարբեր դավանանքներից, դիրքերից ու դրոշներից: Բայց միշտ աչքի առաջ ունենալով հիմնական նպատակը՝ պայքարը հռոմեական բռնապետության դեմ, որը նույնպես տարբեր դիմակների եւ տարբեր անուններով քարոզում էր մեկ ճշմարտության եւ մեկ կարգի ուսմունքը բոլոր ազգերի, դասակարգերի ու անհատների համար: Միհրի գաղտնի խմբերը կանգնած էին բազմաթիվ հայտնի շարժումների թիկունքում՝ միջնադարից մինչեւ նոր ժամանակներ՝ կրոնական, դասակարգային, քաղաքական շարժումների ու հեղափոխությունների: Ժամանակի ընթացքում նրանց գաղտնի ուխտի մասին հայտնի դարձավ նաեւ հիմնական հակառակորդներին, որը միջնադարում կաթոլիկ եկեղեցին էր, իսկ հետագայում՝ այլ միջազգային կազմակերպությունները, խմբերն ու ցանցերը:
Սակայն այդքան էլ հեշտ չէր ջարդել այդ գաղտնի ուխտը, քանի որ այն, հետեւելով հին կանոնին, չուներ կենտրոնացած ղեկավարում կամ միջուկ, այլ բազմաթիվ անկախ, իրարից անտեղյակ խմբերի հավաքածու էր: Պայքարելու համար սրա դեմ «հռոմեացիները» նույնպես ստեղծում են իրենց գաղտնի ուխտը, որը յուրաքանչյուր հարվածին փորձում է պատասխանել հակահարվածով՝ ստեղծելով հին բռնապետության նորանոր գաղափարախոսություններ ու կառույցներ, որոնք անվանապես հրաժարվում են հնի հետ կապերից, բայց էությամբ միշտ նույնն են մնում՝ ժխտելով աշխարհի բազմազանությունը, բազմիշխանությունը, բազմաստվածությունը, թեկուզ անգամ հանուն այդ արժեքների: Աշխարհը դառնում է խելահեղ գաղտնի պատերազմի վայր, ուր նույնիսկ միմյանց դեմ պայքարող կողմերը միշտ չէ, որ վստահաբար կարողանում են հասկանալ, թե ով ո՛ր կողմից է, որովհետեւ երկուսն էլ օգտվում են բազմաթիվ դիմակներից, լեզվական անորոշություններից ու բազմիմաստություններից, եւ երկուսն էլ ժխտում են որեւէ գաղտնի ցանցի գոյությունը որպես անտեղի դավադրամոլություն:
Երկուսի պայքարն էլ շարունակվում է ցայսօր՝ ներառելով բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ ու կենցաղ, եւ երբեք նախապես հայտնի չէ, թե որ երեւույթը ո´ր կողմից է, իսկ հաճախ էլ մեկի ստեղծածի մեջ անմիջապես ներգրավվում են հակառակորդներն ու փորձում յուրացնել թշնամու հերթական զենքը: Եվ արդյոք դեռ որեւէ մեկը հիշո՞ւմ է, թե ինչից եւ ինչի համար է այս ամենը ստեղծվել: Թերեւս միայն անմահ աստվածները, որոնք լցնելու համար իրենց պարապը ստեղծել են այդ դրաման՝ հետեւելու դրա վայրիվերումներին: