Նավը լեռան վրա: Հայաստանի նոր մայրաքաղաքը (ֆուտուրիստական այլընտրանք) Մաս I

Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

Հոդվածը նվիրվում է Ալեքսանդր Թամանյանի մահվան (20.02.1936)
տարելիցին

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Որքա՛ն նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

...Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ —
Կապույտ բոցով բռնկված վերջին ջերմում ուղեղի,
Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արեւային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—
Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին 

Ե. Չարենց

 

- Ես ուզում եմ ավարտել ելույթս այնպես, ինչպես սկսել եմ. Հայաստանի նոր մայրաքաղաքի նախագիծը ոչ թե քմահաճույք է, ոչ թե շքեղություն կամ ճոխություն, այլ անհրաժեշտություն, գերխնդիր եւ եթե կուզեք՝ ճակատագիր: Միաժամանակ այն գործիք է՝ ինքնիշխանության նոր որակի հաստատման, ապագայապաշտ զգացողության եւ մտածողության ձեւավորման, քաղաքական եւ հանրային կրավորականության, ծուլության, ստրկամտության հաղթահարման:

Երիտասարդ բանախոսը դադար տվեց եւ հայացք գցեց փոքր դահլիճում տեղավորված լսարանին՝ փորձելով որսալ տպավորությունը, որ թողեց իր խոսքը ներկաների վրա: Զգալով, որ ներկաները թեեւ հետաքրքրված են, բայց հազիվ թե հավատան իր ելույթին այնպես, ինչպես ինքը կուզեր, որ գոնե որոշները ներշնչվեին հավատքի ու կրքի աստիճանի, նա ցանկացավ շարունակել՝ հակառակ, որ ժամանակը սպառել էր:

- Եթե թույլ տաք, ես ամփոփեմ, բայց ավելի շատ նույնիսկ՝ հավելեմ իմ ասելիքս՝ խոսելով այժմ դասախոսության նախապես գծված սահմաններից դուրս, գուցե ավելի ձեր սրտի, երեւակայության, զգացմունքների հետ եւ ավելի ընդհանուր:

Ես ուզում եմ ձեզնից հնարավորինս ուշադրություն, սթափություն եւ արթնություն: 21-րդ դարը քնեցնում է: Նախորդ բոլոր դարերից ամենաանհետաքրքիրն է այն, բայց իր մեջ մեծ ներուժ, մեծ լարում կուտակող, որը պայթելու է իր ժամին՝ որպես նոր մեծ ստեղծագործություն:- Նա կարծես ուզում է ասել, որ ամեն բան հայտնի է, պատրաստի ստեղծված, բավական է տառացի պատճենել մշակված էտալոնային ձեւերը, առանց նույնիսկ յուրացման եւ սեփականացման, բավական է լինել կողմ «ճիշտ» բաներին, եւ երջանիկ ու ապահով կյանքը կհաստատվի ինքն իրենով:- Պետք չէ կամք, ստեղծագործություն, ջանք, անհատականություն, չափից ավելի շեշտված յուրահատկություն:

Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, խորապես զգաք, որ մենք չենք կառուցի Հայաստան, եթե չլարենք մեր կամքը, եթե չլինենք առավելագույնս անհատական, եթե չունենանք ժամանակային խորք՝ փոխառելով անցյալից ու ստեղծագործելով ապագան, այլ ոչ միայն քուջուջ անելով ներկայի նեղվածքում, եթե չներշնչվենք մի տեսակ սառը, սթափ խելահեղությամբ, եթե չլինենք հերոսներ, նոր Արգիշտիներ, Տիգրան Մեծեր, Նժդեհներ՝ վճռական մենակ Վահագներ, հին էպոսների ու ողբերգությունների հերոսներ: Մեր առջեւ նպատակ է դրված ոչ թե կառավարել եւս մի՝ չգիտես ինչի համար առանձին գոյություն ունեցող հերթական պետություն աշխարհում գոյություն ունեցող մոտ 200-ից, այլ դարերում գոյություն ունեցող եւ հետագա դարերի համար գոյություն ունեցող հազարամյա մի թագավորություն: Մենք պետք է զգանք եւ գործենք որպես հիմնադիրների սերունդ, որը հետնորդների առասպելներում ու լեգենդներում ապրելու է որպես կիսաստվածներ: Թող կորչի ամեն մարդկայինը, սովորականը, առօրեականը, կեղծ-իմաստունը, «մեծացել ենք»-ը ձեր մեջ, եւ թող ապրի ու վերապրի 18 տարեկանը, որի համար նպատակը այնքան ձգողական է, որքան պատանի տարիքում առաջին անգամ տեսած կնոջ մարմինը: Թող կորչի մարդկայինը, որովհետեւ այն տանում է դեպի առօրեականության ճահիճ: Թող կորչի մարդասիրությունը եւ ապրի ապագայասիրությունն ու դիցապաշտությունը:

Մեծ նպատակներ կամ ոչինչ: Մեծ նպատակներ կամ մահ: Մեծ նպատակներ, մեծ քաղաքականություն, մեծ ռեալիզմ: Պաթոսի համար ներողություն խնդրելու ժամանակն անցել է, մանավանդ որ առավել դատարկ ու տափակ պաթոսը, առավել անբովանդակ ու անխնդիր կույր հավատը որպես կանոն բնորոշ է նրանց, ովքեր առավել շատ սիրում են խոսել պաթոսի՝ կրքի դեմ:

Նա զգաց ու հասկացավ, որ շատ հեռուն է տանում, բացում է տրամադրություններ ու զգացողություններ, որոնք չարժի բացել ոչ միայն, որովհետեւ դրանք հակառակ են ժամանակի ոճին, այլեւ ավելի կարեւոր, որովհետեւ դրանք արժեզրկվում են արտահայտվելիս, եւ ավելի լավ է ոչ թե ուղիղ ասվեն, այլ փոխանցվեն տողատակերով: Համենայնդեպս զգուշացավ, որ հավելյալ համոզելու փոխարեն այս անգամ ավելի կարող է վախեցնել լսարանին:

- Ես այժմ խոսեմ ավելի առարկայորեն:

Մեծագույն հանցանք է հայ ժողովրդի նկատմամբ կատարել նա, ով Հայաստանի բնակչության մեծ մասը կենտրոնացրել է մեկ քաղաքում: Իհարկե, երբ ասում եմ հանցանք, նկատի չունեմ որեւէ մեկին կամ նույնիսկ որեւէ խմբի՝ անձնավորված ու նյութականացված: «Նա, ով կատարել է մեծագույն հանցանք»-ը, տվյալ դեպքում ճարտասանական հնարք է՝ կոչված շեշտելու, ուշադրություն հրավիրելու երեւույթի հիմնարար նշանակությանը, խնդրի կարեւորությանը: «Նա, ով կատարել է»՝ մարդ չէ, խումբ չէ, անձնավորված կամք չէ, այլ պատմությունն է, ժամանակը, դեպքերը, առարկայական ընթացքը: Սակայն այն բանից, որ «այդպես ստացվել է» անկախ որեւէ մեկի կամքից կամ ոչ որեւէ մեկի չար կամքով, խնդիրը չի թուլանում:

Բայց այն պահից, երբ գիտակցում ենք իրողությունը, այն, ինչ ստացվել է ինքն իրենով՝ առարկայորեն, վերածվում է մեր անձնական պատասխանատվության, արդեն բառիս ոչ թե ճարտասանական, այլ ուղիղ իմաստով հանցանքի: Հանցանք է ցայսօր Երեւանում կենտրոնացած պահել Հայաստանի մեծամասնությանը, Երեւանն ունենալ որպես Հայաստանի բացառիկ կենտրոն եւ չմտածել այդ իրավիճակի արմատական ձեւափոխման մասին: Ստանդարտ հակափաստարկները՝ դրա ժամանակը չէ, չկան դրա ռեսուրսները եւ այլն, ծիծաղելի են այստեղ: Ինքնին պարզ է, որ այս խնդիրը մեկ տարում լուծելի չէ, բայց ինքնին պարզ է նաեւ, որ եթե հասարակությունը եւ նրա վերնախավն ի զորու չեն իրենց առջեւ դնել ավելի երկարատեւ նպատակներ, քան մեկ տարին կամ նույնիսկ մեկ տասնամյակը, ապա դրանք պատմության աղբանոց նետելի են եւ անպայման կնետվեն՝ տեղի տալով ավելի հզոր կամքերի: Եվ խոսքն այստեղ թղթային «ստրատեգիաների» մասին չէ, որտեղ կուտակված են բարի ցանկություններ եւ փոխառյալ վերացականություններ, որոնք երբեք չեն իրականանալու, ոչ էլ բյուրոկրատական պլանավորման, այլ վերապրող, ներսից այրող մեծ գաղափարների ու մեծ նպատակների մասին է:

 

Խոսքիս մեջ չկա չափազանցություն: Հայաստանի բնակչության գերկենտրոնացումը բառիս բուն իմաստով հանցանք է: Որպեսզի միայն մեկ նախադասությամբ հիմնավորեմ ասելիքս՝ պատկերացրեք, որ բավական է մեկ ուժեղ երկրաշարժ Երեւանին մոտ էպիկենտրոնով, եւ հանցանքի մասին պնդումը կվերածվի շատ նյութական, շոշափելի ճշմարտության:

Բնավ չեմ ուզում ահաբեկել: Մեծ, հասուն մարդիկ ենք, եւ վախը չպետք է լինի փաստարկ: Բայց ուզում եմ այս փաստարկով, բացի ամենից, ցույց տալ նաեւ, թե որքան ինքնաօտարացած ենք: Մեծ բան չէ կանխատեսել ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը կարող է Երեւանին մոտ լինել, որովհետեւ ոչ միայն Հայկական լեռնաշխարն ընդհանրապես երիտասարդ է, հետեւաբար՝ սեյսմիկորեն ակտիվ երկիր է, այլեւ մասնավորապես Արարատյան դաշտը եւ շրջակայքը պատմականորեն ուժեղ շարժերի կենտրոններ են՝ էլ չասած, որ պատմությունն էլ եթե չլիներ, կան մանրամասն երկրաբանական քարտեզներ: Եվ նման երկրում ու նման տարածքում կենտրոնացրել ենք ոչ միայն երկրի բնակչության, այլեւ ներուժի ճնշող մեծամասնությունը:

Սա ոչ միակ, բայց գուցե առավել պատկերավոր օրինակն է այն բանի, որ թեեւ հայերս ֆիզիկապես ապրում ենք Հայաստանում եւ տեսականորեն գիտենք երկրի աշխարհագրական եւ այլ տվյալներ, բայց մեր հանրային գիտակցությունն օտարված է ինքն իրենից ու իր երկրից, իրական, կենդանի վերապրում չունի իր հայրենիքի, այլ ապրում է փոխառյալ գիտակցությամբ եւ կառուցում իր երկիրն ու իր կյանքը՝ ավտոմատ պատճենելով օտարը:

Այս օրինակով ուզում եմ ձեւակերպել եւ դնել ավելի լայն, ընդգրկուն խնդիր, որը վերաբերում է ոչ թե մեկ առանձին վերցված, այլ բազմաթիվ խնդիրների, եթե չասեմ հենց ինքը մեր հանրային կյանքի առավել հիմնարար խնդիրն է՝ օտարացման խնդիրը: Եվ նպատակ պետք է լինի հակառակի՝ օտարման հաղթահարման եւ վերասեփականացման:

Եթե հեղափոխություն բառի իմաստը փորձենք իմաստավորել, ապա դրա էությունը հենց դա է՝ օտարացման հաղթահարում: Իրական հեղափոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ հանրության մեծամասնությունը՝ ժողովրդական զանգվածը, բնազդաբար զգում է, որ իր «մարմինը»՝ պետությունը, կառավարման համակարգը, օտարացած է իր հիմքից, այլեւս յուրային չէ: Բնազդական նպատակն այստեղ հենց վերասեփականացումը, վերադարձը բնիկ, հարազատ վիճակին, ակունքին: Լատիներեն revolutio բառը բառացի հենց «վերադարձ, շրջադարձ» է նշանակում: Բայց այլ հարց է, թե արդյոք զանգվածային շարժումները՝ կազմակերպված ազգային բնազդի շուրջ, կարողանում են իրենց մեջ ուժ գտնել ինքնակազմակերպվելու որպես գիտակցություն՝ սեփական փորձից ու վերապրումից ձեւավորված աշխարհայացք եւ կառուցվածք: Իմ նախագիծը՝ նոր քաղաքը, գործիքներից է, որը պետք է ծառայի այդ վերասեփականացմանը: Սեփական փորձից բխած ինքնագիտակցությունը վերացական կարգախոս չէ, ինչպես տեսնում ենք, դրա բացակայությամբ նույնիսկ պարզագույն ճշմարտությունները, պարզագույն արգելքները չի կարելի թույլատրել բնակչության գերկենտրոնացում մի փոքր երկրում, որը սեյսմիկ տեսակետից ակտիվ գոտում է, չեն գործում, չեն գիտակցվում, կամ եթե նույնիսկ տեսականորեն դրանք պարզ եւ հայտնի են համարվում, ապա չեն վերապրվում եւ գործնական հետեւանքներ չեն ունենում, որովհետեւ ինքն իրենից օտարված գիտացությունը գործողության, կամքի հիմնավորում եւ սանկցիա է փնտրում ոչ թե ինքն իր մեջ, այլ իրենից դուրս: Հայկական կամք գոյություն չունի, հայը սեփական լավն ու վատը չունի, սեփական նպատակներ չունի, սեփական ցանկություններ չունի, սեփական թագավորություն չունի:

Իհարկե, չափազանցնում եմ: Նորից: Բայց մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմն այսօր կարեւոր չէ մեզ համար, մենք խոսում ենք մեծ, ընդհանուր պատկերների մասին, ուր մանրամասները երկրորդական են:

Ու նորից վերադառնամ իմ նախագծի հիմնավորմանը:

Ես չեմ ուզում երկար խոսել այն մասին, որ մեր մայրաքաղաքը, ոչ թե պարզապես մայրաքաղաքը, այլ բնակավայրը, ուր կենտրոնացած է բնակչության ու ներուժի ճնշող մեծամասնությունը, այդքան մոտ է սահմաններին թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից, ընդ որում՝ որեւէ բնական պատնեշով չպաշտպանված, բացի Երասխ գետից՝ արեւմուտքում: Չեմ ուզում երկար խոսել սրա մասին, որովհետեւ որպես կանոն առարկություններ են անում, որոնց պատասխանելը երկար է ու շեղող: Իհարկե գիտեմ, որ ներկա Հայաստանն այնքան փոքր է, որ գրեթե ամբողջությամբ մի մեծ սահման է: Ասում են նաեւ, թե ժամանակակից ռազմական տեխնիկայի դեպքում, միեւնույն է, հասանելի է ցանկացած կետ, եւ այլեւս կարեւոր չէ աշխարհագրական տեղադրությունը: Իրականում սա այնքան ուժեղ հակափաստարկ չէ, որքան թվում է դա անողներին: Նախ՝ հասկանալի չէ, եթե նույնիսկ ռազմական տեխնիկայի համար հասանելի են նաեւ համեմատաբար հեռավոր կետերը, ինչո՞ւ պետք է ամեն դեպքում հեշտացնենք հնարավոր ներխուժողի գործը՝ նրան հրամցնելով առավել մոտիկը եւ խոցելին հնարավոր տարբերակներից, ինչո՞ւ տալ հոգեբանական այդ առավելությունը: Բայց սրանք իմիջիայլոց: Ավելի կարեւոր է այն, որ այս կամ այն հզոր զենքն ունենալը դեռ չի նշանակում դրա օգտագործման հնարավորությունն ամեն պարագայում: Ռազմական այս կամ այն միջոցի օգտագործումը քաղաքական կարողության հարց է, որը կախված է իրավիճակից, եւ այնքան ավելի բարդանում է, որքան ավելի հզոր զենքի մասին է խոսքը: Ասել կուզի, որ հզոր զենք ունենալը մի այիբ է, իսկ օգտագործելը՝ մեկ այլ: Ամերիկացիներն ունեին միջուկային զենք, բայց չեն օգտագործել այն Վիետնամի դեմ: Ավելի ուժեղի եւ ավելի թույլի հակամարտությունում ավելի ուժեղը հաճախ սահմանափակված է իր բոլոր հզորությունները կիրառելու մեջ այլեւայլ պատճառներով: Բայց հավասարների հակամարտությունում էլ գործում են բազմաթիվ քաղաքական սահմանափակումներ: Առավել ավանդական եւ պարզ ռազմական միջոցները մնում են առավել հասանելի կիրառության համար, հետեւաբար եւ Երեւանի խոցելիությունը ռազմական տեսակետից արդիական եւ չհնացած խնդիր է:

Բայց կա անվտանգության ավելի մեծ հարց, քան զուտ ռազմականը: Երբ սովորականից մի փոքր ավելի ուշադիր նայում ենք Հայաստանի քարտեզին, ապա բարդ չէ նկատել, որ երեւանակենտրոն Հայաստանը (Լեռնային Ղարաբաղով հանդերձ) երկատված աշխարհաքաղաքական մարմին է, իրականում ամբողջական եւ միասնական երկիր չէ, այլ բաղկացած է առնվազն երկու խոշոր կտորից: Մեկը՝ Վայոց ձորից հյուսիս ընկած կտորն է, մյուսը՝ հարավայինը, որն ընդգրկում է Վայոց ձորի, Սյունիքի մարզերն ու Արցախը: Դրանք կոչում ենք երկու առանձին կտոր, ֆրագմենտ, քանի որ Երեւանի կապը հարավի հետ ապահովված է միայն երկու ճանապարհով, որոնցից ավանդական՝ Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը հնարավոր է փակել մեկ կարճ ռազմական հարվածով մի քանի կետում, իսկ երկրորդը՝ վերջին տարիներին նորոգված ճանապարհը՝ Վարդենիսով ու Քարվաճառով, բացի այն, որ նույնպես ճակատի գծին շատ մոտ անցնող հատվածներ ունի, նաեւ երկրի կեսը շրջանցում է տեղ հասնելու համար եւ չի կարող լիարժեք փոխհատուցում լինել:

Երեւանը հարավի հետ միացնող միակ բնական ճանապարհն անցնում է Նախիջեւանով: Երեւանի մայրաքաղաք լինելն այդ իմաստով անիմաստ է, քանի դեռ առնվազն Նախիջեւանը, իսկ իրականում նաեւ Սուրմալուն Հայաստանի կազմում չեն: Եվ այս պնդումը չի փոխվում, եթե նույնիսկ մի օր պատկերացնենք խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ Նախիջեւանով ճանապարհի բացում: Խաղաղություն՝ չի նշանակում վտանգի իսպառ չեզոքացում եւ աշխարհի վերջ՝ կատարումն օրինաց եւ մարգարեից: Որեւէ պետական միավոր, որի կենտրոնը Երեւանն է, նվազագույն անվտանգություն ունենալու համար պետք է ներառի Նախիջեւանն ու Սուրմալուն (Իգդիրը), ինչպես օրինակ եղել է Երեւանի խանության տարածքը, որի մասնակի շարունակությունն ու ժառանգորդն է Հայաստանի Հանրապետությունը՝ աշխարհաքաղաքական, այլ ոչ ազգային կամ իրավական ու քաղաքական իմաստներով: Խոսքը հենց նվազագույն անվտանգության մասին է, որը պետք է բավականացնի գոնե այնքան փոքր տարածքային միավորներին, որպիսին այսօրվա Հայաստանն է կամ նրանից էլ ավելի փոքր, բայց ավելի ամբողջական ու «տրամաբանական» Երեւանի խանությունը:

Երեւանակենտրոն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պատրանք է, զուտ իրավական ձեւակերպում: Բայց բովանդակային իմաստով ՀՀ-ն չունի տարածքային ամբողջականություն, այլ իրար բարակ թելով կապված երկու բեկոր է: Երեւանը՝ որպես մայրաքաղաք, ոչ թե միավորում է, այլ պառակտում Հայաստանն այն սահմաններով, որոնք կան: Ուշ թե շուտ անշուշտ դրվելու է Հայաստանի սահմանների լայնացման հերթական փուլի հարցը: Բայց դա անորոշ եւ անկանխատեսելի ապագայում է, իսկ այսօր ու այստեղ՝ այս սահմաններով Հայաստանի կենտրոնը պետք է տեղափոխվի այնպես, որպեսզի ավելի համապատասխանի հիմնարար աշխարհագրական տվյալներին, եւ երկրի տարածքային ամբողջականությունը ձեռք բերի բովանդակություն:

Որպեսզի այս խոսակցությունը ճիշտ հասկանանք, պետք է իմանանք նաեւ պատմությունը: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Երեւանն ու ավելի լայն՝ Արարատյան դաշտը, որի սահմանին է Երեւանի կենտրոնը կամ բուն քաղաքը դարձել Հայաստանի կենտրոն: Դա տեղի է ունեցել այսօրվանից միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական պայմաններում եւ դրանց տրամաբանության մեջ: Ես շատ երկար կարող եմ խոսել սրա մասին եւ շատ հեռուն գնալ՝ մինչեւ Վանի թագավորություն՝ Ուրարտու եւ ավելի հետ՝ բրոնզե դար: Բայց մեզ այսօր բավարար է միայն մի կարճ ակնարկ:

Ուրարտուի թագավորների տեսակետից Արարատյան դաշտն իրենց կայսրության կենտրոնական մասի ապահով թիկունքն էր՝ հեռու հարավից սպառնացող ասորեստանյան վտանգից: Դրա համար էլ ուրարտական արքաներն այստեղ հետեւողականորեն կառուցում էին իրենց պետության երկրորդ կենտրոնը: Ուրարտական թագավորներն առաջինն էին, որ քաղաքականապես միավորեցին Հայկական լեռնաշխարհն ու անկախ ուրարտացիների ազգային պատկանելության խնդրից՝ այդու հիմք դրեցին հայկական ինքնության: Մեծ Հայքի թագավորությունն աշխարհագրորեն ժառանգորդն էր Ուրարտուի, իսկ Արարատյան դաշտն արդեն Մեծ Հայքի ոչ թե երկրորդ, այլ հենց բուն քաղաքական կենտրոնը դարձավ: Դա նույնպես, բացի այլ հանգամանքներից, բացատրելի է նաեւ աշխարհաքաղաքականորեն: Անվտանգության հիմնական մարտահրավերները Մեծ Հայքին սպառնում էին արեւմուտքից ու հարավից, որոնցից հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղադրված Այրարատը հնարավորինս հեռու էր եւ միաժամանակ տնտեսապես բավականաչափ հարուստ արքունի ոստան լինելու համար: Այրարատի համար միակ լուրջ խոցելի ուղղությունը հարավարեւելյանն էր, որն արդիականանում էր, երբ Իրանում որեւէ ուժեղ տերություն էր ստեղծվում: Բայց այդ խոցելի ուղղությունն էլ բավականաչափ ապահով էր, քանի դեռ հայոց արքաների վերահսկողության տակ էր Ատրպատականը կամ դրա արեւմտյան ու հյուսիսային մասերը՝ Ուրմիայի ավազանով:

Բագրատունիների շրջանում հայկական կենտրոնները որոշ դեգերումներից հետո բնական ձգողականությամբ տեղաշարժվեցին դեպի ավելի հյուսիս եւ արեւմուտք՝ Անի, Կարս, Լոռի, քանի որ Արարատյան դաշտն այլեւս չէր կարող լինել անվտանգ կենտրոն քիչ թե շատ մեծ երկրի համար այն պայմաններում, երբ Ատրպատականը, առավել եւս Նախիջեւանը այդ երկրի վերահսկողությունից դուրս էին, եւ այն պայմաններում, երբ այդ երկու տարածքում գոյանում էր բավականաչափ ուժեղ թշնամական կամ պարզապես այլազգի քաղաքական միավորներ:

Արարատյան դաշտը եւ այս դեպքում արդեն կոնկրետ Երեւանը նորից քաղաքական կենտրոն են դառնում արդեն ավելի ուշ, այս անգամ ոչ թե հայկական, այլ այլազգի պետությունների համար, որոնցից ամենաուշն ու ամենահայտնին Երեւանյան խանությունն է, որի մասին արդեն խոսեցինք: Երեւանյան խանությունն էլ կարելի է համարել այսօրվա Հայաստանի Հանրապետության առաջին հեռավոր ուրվագիծը: Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ 15-րդ դարում Ղարա Կոյունլու տիրակալների աջակցությամբ եւ հայ իշխանական վերջին հզոր տոհմի՝ Օրբելյանների նախաձեռնությամբ Արարատյան երկիր՝ Էջմիածնի վանքին վերադարձվեց նաեւ հայկական հոգեւոր կոնտրոնը՝ կաթողիկոսական գահը, ինչը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության նախահիմնադրում: Եթե չլիներ հոգեւոր կենտրոնի վերադարձը, Արարատյան դաշտը չէր դառնա այդքան ուժեղ ձգողական կենտրոն հայկական քաղաքական նախագծերի համար:

1918 թվականին Երեւանը դարձավ Հայաստանի մայրաքաղաք՝ մասամբ ինքնահոսի ուժով, մասամբ էլ իրերի ներքին տրամաբանությամբ: Թեեւ պաշտոնապես Երեւանը մայրաքաղաք դարձավ 1918-ին, սակայն փաստացի այն հայության նոր կենտրոնի էր վերածվել մի փոքր ավելի շուտ՝ մոտավորապես 1915-16 թթ., երբ դեպի Երեւան ու շրջակայք գաղթեցին վանեցիները: Հետաքրքիր է, որ այստեղ կրկնվեց հնագույն՝ ուրարտական շրջանի պատմությունը. Վանից դեպի Երեւան ճանապարհը նորից կենտրոնական դեր ստանձնեց հայոց պատմության մեջ, նորից Արարատյան դաշտը ծառայեց որպես թիկունք ու փրկություն Վանին, եւ այստեղ ստեղծվեց երկրորդ կենտրոն, երկրորդ Վան: Պատմական համընկնումների այս պոեզիան կարծես ուզում է ամրապնդել ինքն իրեն որպես Երեւան-Վան հանգավորում: Ռուսական կայսրության մեջ Երեւանը երկրորդական կենտրոն էր, ոչ հայ բուրժուազիայի ու մտավորականության, ոչ էլ հայկական ազատագրական շարժման տեսակետից նա առաջնային դեր չուներ: Երեւանն իրական կենտրոն սկսեց դառնալ միայն վանեցիների գաղթով, որով նախ՝ սկիզբ դրվեց հայկական տարբեր շրջաններից եկածների ձուլման կաթսայի դերը, երկրորդ՝ շնորհիվ հեղափոխական պայքարի բովով անցած վանեցիների Երեւանը սկսեց քաղաքականանալ: Վանեցիների գաղթն էր նաեւ, որ հիմք դարձավ 1918-ի գարնանը Երեւանում ժողովրդական զանգվածային հրապարակային շարժման ծավալման, որից էլ ծնվեց Սարդարապատի հաղթանակը՝ որպես ժողովրդական շարժման գագաթնակետ:

 

Առաջին Հանրապետության գոյության կարճատեւ շրջանում ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանի սահմաններն ի վերջո լինելու են այն, ինչ եղան: Բայց 1920-21 թթ., երբ վերջնականապես հաստատվեցին այսօրվա սահմանները, Հայաստանի Հանրապետությունը ձեւավորվեց որպես ռազմական պարտության արդյունքում բզկտված, մասնատված երկիր, որը ոչ միայն պարզապես փոքր էր, այլեւ այնպես էր գծված հաղթողների կողմից, որ հնարավորինս անկենսունակ լինի եւ անվտանգության տեսակետից խոցելի: Երեւանը մնաց այս երկատված հանրապետության մայրաքաղաքն ինքնահոսով, հակառակ այն բանի, որ խախտվել էին նույնիսկ Երեւանի խանության սահմանները, եւ որ Երեւանի կենտրոնական դիրքը չէր համապատասխանում նոր եւ վերջնականապես հաստատված սահմանների որեւէ առարկայական տվյալի:

Այսքանով հանդերձ Երեւանը կատարեց իհարկե նաեւ մեծ դրական դեր: Այստեղ հատկապես պետք է արժեւորենք Թամանյանի նախագիծը: Ճարտարապետությունը, մանավանդ՝ քաղաքաշինությունը դարեր ի վեր թագավորական արվեստ է, սերտորեն կապված քաղաքականության հետ: Հնում թագավորների առաջնային գործառույթներն էին՝ պատերազմը, քաղաքաշինությունը եւ ծիսական-կրոնական ոլորտը: Թամանյանը ստանձնեց հայոց թագավորի դերը, չնայած քաղաքական գործիչ չէր ժամանակակից իմաստով, կամ կարելի է ասել, հենց շնորհիվ նրա, որ չէ՛ր: Չնայած կարելի է ասել, որ Թամանյանի պատկերացրած Երեւանի նախագիծն ամբողջությամբ չի իրականացվել կամ նույնիսկ մեծամասամբ չի իրականացվել, մանավանդ եթե հաշվի առնենք դրա հիմքում ընկած «քաղաք-պարտեզի» գաղափարը, սակայն նույնիսկ այդ թերի վիճակով Թամանյանը եղավ մի նոր Արգիշտի, որը զրոյից կերտեց Մեծ քաղաքը՝ Խալդիի զորությամբ, հողն ամայի էր, մեծ գործեր կատարեցի այստեղ: Ի դեպ, Թամանյանի Երեւանը հենց թեկուզ որպես «քաղաք-պարտեզ», այսինքն՝ բնակելի հատվածների միջեւ մեծ տարածքներ ենթադրող, երբեք չէր լինելու եւ չէր դառնալու այն անճոռնի գերհսկան, որը կլանելու էր Հայաստանի բնակչության մեծամասնությանը:

Թամանյանական Երեւանը թերեւս միակ քաղաքն էր, որ սովետական շրջանում կառուցվելով՝ այդուհանդերձ իր ճարտարապետական գաղափարախոսությամբ, իր թաքնված, չխոսացվող հղացքով ոչ թե սովետական, այլ ազգային հայկական նախագիծ էր, որի ենթատեքստում անկախ Հայաստանի վերականգնումն էր: Ճարտարապետությունը ձեւավորում է հանրային գիտակցություն եւ ենթագիտակցություն: Թամանյանի հռոմեական հրապարակներով ու շենքերով կառուցապատված Երեւանը դարձավ հզոր ժողովրդական ազգային շարժումների կենտրոն՝ որպես այդպիսին իր էությունը բացահայտած առաջին անգամ դեռեւս 1960-ականներին, իսկ 1988-ին Թամանյանի նախագծած Ժողովրդական տան՝ Օպերային կից հրապարակը վերածվեց ֆորումի, որից ծնվեց Respublica Romana-ն:

 

Երեւանը կատարեց իր այս դրական դերը հայության համար՝ ձեւավորելով հայկական քաղաքական մշակույթը, հայկական ուղիղ ժողովրդավարության ավանդույթը:

Բայց միաժամանակ, սկսած մոտավորապես Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո՝ պատերազմ, որ ինքնին քայքայիչ դեր ունեցավ հատկապես հայկական գյուղի համար, Երեւանը սկսեց վերածվել վամպիրի, որը կլանում է Հայաստանը, քամում նրա կենսական ուժերը: Ամայացնելով Հայաստանը՝ Երեւանը մասնակիորեն վերածվում է մի վերացականության՝ անհող, օտարացած եւ դրսակենտրոն՝ արտաքին գերիշխանության փոխանցման կետի «բարբարոս տարածքի» նկատմամբ: Իր այս դերում Երեւանը որոշ չափով շարունակում է հայկական գաղութային կենտրոնների դիրքն ու մտածողությունը՝ Թիֆլիսի, Պոլսի եւ այլն՝ իրենց դրական ու բացասական կողմերով: Հայաստանը վերածվում է քաղաք-պետության՝ Երեւանի Հանրապետության:

Երեւանի ընտրությունը որպես անկախ Հայաստանի մայրաքաղաք՝ որեւէ գիտակցված կամքի արդյունք չէ, այլ զուտ ինքնահոս շարունակություն եղած վիճակի: Բայց Հայաստանի ապակենտրոնացումը եւ ոչ թե ձեւական-խորհրդանշական, այլ իրական, բովանդակային, մեծ եւ հեռանկարային ծրագրի տեսքով՝ կենսական անհրաժեշտություն է եւ Հայաստանի՝ գուցե ամենահիմնարար ռազմավարական խնդիրը: Որպեսզի այդ ապակենտրոնացման ծրագիրն ունենա ձգողականություն, էսթետիզմ, տեսանելի մարմնավորում, պետք է Հայաստանի նոր մայրաքաղաքի նախագիծը մտածել: Մյուս տարբերակներն ի վերջո վերածվելու են ձեւական, հռչակագրային խոսքերի ու քայլերի: Երեւանը կմնա որպես Հայաստանի ամենամեծ քաղաք, բայց քաղաքական, մտավոր եւ կրթական կենտրոնը պետք է ապագայում տեղափոխվի նոր քաղաք, որի դիրքը կհամապատասխանի Հայաստանի աշխարհաքաղաքական յուրահատկություններին, եւ որի գաղափարը կդառնա ազգային մեծ քաղաքականության, ազգային հեղափոխության խորհրդանիշ ու մարմնավորում:

Շարունակելի

 

 

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: