Ղարաբաղյան պատերազմ առանց Ղարաբաղի. Մաս II

Այլընտրանքային պատմություն
Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

 

Փոփոխությունների նախաշեմին

2012-ի սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, մահանում է Կարեն Դեմիրճյանը: Հայաստանը մտնում է իր պատմության նոր փուլ, որում խախտվում է նախկինում այդքան խնամքով ստեղծված եւ մյուս կողմից համաշխարհային կայունությամբ ապահովված հավասարակշռությունը:

Առջեւում էին ներքին քաղաքական պայքարի սրումը, կուտակված արտաքին լարվածությունների պայթյունը, պատերազմը: Այս ամենի մասին Հայաստանի երկար տարիների ղեկավարին վերջին պատիվները տվող հայաստանցիները չգիտեին: Չգիտեին, բայց բնազդաբար կանխազգում էին մեծ փոփոխությունների քամին:

2012-ի աշունը Երեվանում նման էր Արարատյան դաշտի անցած-գնացած եվ գալիք բոլոր մյուս հայաստանյան աշուններին: Արեվային, հանդարտ, խաղաղ օրերը հետեվում էին մեկը մյուսին: Աստվածները պարգեվել էին այս երկրին հունական դասական արվեստի նմուշների չափ կատարյալ ու անթերի աշուն:

Պարթենոնի ինքնաբավ, իրենից դուրս ոչինչ չճանաչող ու ոչնչի կարիք չունեցող դիցական կատարելությամբ աշունը գերիշխում էր Հայկական լեռնաշխարհի այս հատվածում իր խոհական մայրամուտներով, որոնց լույսն արտացոլվում է վարդագույն տուֆին: Թվում էր՝ ոչինչ չի կարող պատահել այս ընթացքում մարդկանց հետ, քանզի անմահներն այդ ժամանակ այցի էին գալիս Արարատյան դաշտի այգիները՝ վայելելու մահկանացուների հյուրասիրությունը: Աշունը խաղաղ էր, հանգիստ, կապույտ եւ ոսկեգույն:

Արտաքուստ ամեն բան հանգիստ էր նաեւ երկրի կյանքում: Չերեւացող կուլիսներում սակայն տենդագին, լարված շարժումներ էին:

2012-ին մահացած հետսովետական Հայաստանի անփոփոխ ղեկավար Կարեն Դեմիրճյանը չթողեց իրեն արժանի քաղաքական ժառանգ, ինչպես հաճախ է լինում երկիրը երկար տարիներ կառավարող եւ բոլոր լծակներն իրենց ձեռքին կենտրոնացրած առաջնորդների հետ: Նրա մահվանից հետո Հայաստանը մտնում է իշխանության համար պայքարի տեւական փուլ: Այս պայքարն իր անդրադարձներն է ունենում ոչ միայն իշխող ուժի ներսում կամ ներիշխանական կուլիսներում, այլեւ ողջ քաղաքական դաշտում եւ ընդհանրապես հանրության մեջ՝ առաջ բերելով կարեւոր վերադասավորումներ:

Բուն իշխող՝ Ժողովրդական կուսակցության ներսում պայքարն ընթանում է երկու՝ ավագների եւ երիտասարդների միջեւ: Սերնդային բաժանումը պայմանական էր. ավելի ճշգրիտ եւ կարեւոր էր այն, որ եթե պայմանական ավագների թեւը համարում էր, որ անհրաժեշտ է ամեն գնով պահել նախորդ շրջանի՝ իրեն արդարացրած քաղաքականությունը, ապա պայմանական երիտթեւը միտված էր չափավոր փոփոխությունների, հանրության աճող տրամադրություններին ընդառաջելու, ավելի շեշտված «ազգային» երանգներ ունեցող քաղաքականություն որդեգրելու: Քանի որ երկուսի ուժերն էլ մոտավորապես հավասար էին, նրանցից ոչ մեկն ի զորու չէր պարտադրել իր թեկնածուին, մանավանդ որ, Դեմիրճյանն իր կենդանության օրոք նրանցից ոչ մեկին ակնհայտ առաջնություն չէր տալիս, այլ փորձում էր հավասարակշռել երկուսի ազդեցությունը: Արդյունքում ժամանակավորապես ընտրվեց փոխզիջումային տարբերակ, որով երկրի ղեկավար դարձավ սեփական թիմ չունեցող, թույլ քաղաքական դիրքի տեր, քիչ հայտնի եւ անձնական որակներով աչքի չընկնող Արմեն Խաչատրյանը: Նրա իշխանությունը բոլորը համարում էին անցողիկ, մինչեւ հիմնական խմբերի միջեւ պայքարի վճռական ելքը:

Նոր իրավիճակում աշխուժանում են նաեւ քաղաքական դաշտի մյուս՝ միջին ու փոքր քաղաքական խաղացողները: Դաշնակցությունը որպես մարտավարական նպատակ է դնում իր դիրքերի ուժեղացումը՝ ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարություն կազմելու հեռանկարը: Սրա համար բնականորեն համագործակցում է իշխող ուժի երիտթեւի հետ: Երիտթեւն իր հերթին ուներ Դաշնակցության աջակցության կարիքը, որի խողովակների միջոցով կարող էր ավելի սուր քննադատել ներքին մրցակիցներին, որի կառույցներից եւ այլ ռեսուրսներից կարող էր օգտվել իշխանության պայքարում հավասարակշռությունն իր կողմը թեքելու համար:

Երկիրը հուզող տարբեր խնդիրների շուրջ ակտիվանում է հանրային ինքնակազմակերպումը՝ առայժմ ոչ քաղաքական ձեւաչափերով, բայց ավելի ու ավելի արմատացող տրամադրություններով: Հանրությունը զգում է իշխանության թուլացումը եւ օդի մեջ ազատության շունչ է որսում:

Նախկինում լուսանցքում եղած քաղաքական ընդդիմադիր ուժերից կարողանում է պահը որսալով ուժեղանալ եւ ամրանալ դեռեւս 1991-ին ԱՄԿ հիմքով ստեղծված Հանրապետական կուսակցությունը, որը սկսում է իր շուրջը համախմբել ազգայինների առավել արմատական, վճռական թեւը՝ նրանց, ում Դաշնակցության, առավել եւս Ժողկուսակցության երիտթեւերի չափավոր, զգուշավոր ազգայնականությունը չի բավարարում: Որպես Հանրապետականի ճյուղավորում՝ ստեղծվում են Ցեղակրոն խմբերը: Սրանք գերազանցապես երիտասարդական էին եւ նպատակ ունեին արշավներ, սպորտային մրցումներ կազմակերպել: Պարզ էր սակայն, որ դա միայն արտաքին նպատակն էր, իսկ իրականը՝ մարտունակ, մարզված ջոկատների ստեղծումն էր: Նախորդ շրջանում հնարավոր չէր, որ ընդդիմադիր որեւէ ուժ նման նախաձեռնություն ցուցաբերի, սակայն այժմ իշխանությունը, զբաղված լինելով իր ներքին պայքարով, աչք էր փակում նման երեւույթների վրա:

Արագորեն փոփոխվում էր նաեւ Հայաստանի արտաքին միջավայրը:

Եվրոպական միության ներսում աճում էր ներքին հակասությունը: Խոսվում էր գերմանական նոր գերիշխանության սպառնալիքի մասին, որից մտահոգվածների ճամբարը գլխավորում էր Անգլիան: Լարումն արտաքին դրսեւորում ստացավ, երբ 2014-ին Անգլիան բոլորի համար անսպասելի որոշում կայացրեց դուրս գալ Եվրոպական միությունից: Նույն տարվա վերջին Ֆրանսիայում հաղթած «պոպուլիստական» շարժումը նույնպես հայտարարեց միությունից դուրս գալու մասին: Եվրոպական անջատողականներն ուժեղ դիրքեր ունեին նաեւ Նիդեռլանդներում ու Լեհաստանում:

Ֆրանսիայի դուրս գալով՝ Եվրոպական միությունը, անվանապես պահպանվելով, փաստացի ստացավ Գերմանական միության բնույթ: Միությանն առայժմ հավատարիմ էին մնում մեծ երկրներից Իտալիան ու Իսպանիան, իսկ ավելի փոքրերից Խորվաթիան ու Հունգարիան գերմանական գծի առավել հավատարիմներն էին: Այս արագ եւ արտաքուստ անսպասելի զարգացումները վերաձեւեցին տասնամյակներ ի վեր կայացած պատկերացումները միջազգային իրավիճակի վերաբերյալ: Անգլիայի եւ Ֆրանսիայի նոր դաշինքը մամուլում սկսեցին կոչել Նոր Անտանտ՝ այնքան ակնհայտ էր զուգահեռը նախորդ դարի իրադարձությունների հետ: Նոր Անտանտի եւ Գերմանիայի գլխավորած Եվրամիության միջեւ պահպանվում էին լարված հարաբերություններ, փաստացի չհայտարարված պատերազմ: Բառացի պատերազմի՝ ռազմական գործողությունների հնարավորությունը համարվում էր նվազագույն, բայց սառը պատերազմի միտումն ակնհայտ էր: Երկու կողմերն էլ փորձում էին դաշնակիցներ գտնել դրսում, իսկ ներսում նոր իրավիճակին համապատասխանող քաղաքական ու տնտեսական լուծումների ակտիվ փնտրտուքի մեջ էին: 

ԱՄՆ-ը, որի գերակայությունն աշխարհում մնում էր անվիճելի, սակայն աննկատորեն թուլացող, փորձում էր գոնե ձեւական հավասարակշռություն պահպանել երկու կողմերի հետ իր հարաբերություններում եւ ինչ որ չափով մեղմել, սահմանների մեջ պահել լարման աճը: Ռուսները, արտաքուստ ավելի հակված լինելով գերմանական բլոկին, ավելի շատ հնարավորություններ էին փնտրում այդ թվացյալ համակրանքը լավ գնով անգլիացիներին վաճառելու իրենց ավանդական քաղաքականությունը: 

Հայաստանի հարեւաններից Թուրքիան նույնպես երկակի խաղ էր փորձում խաղալ, սակայն չունենալով Ռուսաստանի հնարավորությունները՝ չէր կարող այդ խաղն ավելի տեւական ու թանկ դարձնել՝ ի վերջո ավելի ու ավելի հստակ հակվելով դեպի անգլիական բլոկը: Հակառակը, Իրանի շահերը թելադրում էին ակտիվ կապեր ստեղծել «գերմանական» Եվրոպայի հետ: 

Միաժամանակ ծավալվում էր մերձավորարեւելյան ճգնաժամը, որն իր բացասական ազդեցությունն ուներ նախեւառաջ եվրոպական շահերի վրա՝ այն աստիճանի, որ շատերն ընկալում էին այդ տարածաշրջանում տեղի ունեցողը որպես անգլիական թիկունքային գործողություն Գերմանիայի դեմ: 

Մեր տարածաշրջանի վրա այս ամենը չէր կարող չանդրադառնալ, բայց գումարվում էր նաեւ մեկ այլ կարեւոր փաստ: Նավթի գների կտրուկ եւ անկանոն անկումը, որը հետեւանք էր նաեւ տեխնոլոգիական մի քանի առանցքային ճեղքման այլընտրանքային էներգիայի գոյացման հարցում եւ ԱՄՆ քաղաքականության՝ արագացնելու այդ ճեղքումները՝ որպես կանխարգելիչ քայլ ապագա ավելի մեծ ճգնաժամում նավթային պաշարներից կախվածությունը թուլացնելու համար: 

Նավթի գների կտրուկ անկումը բնական անդրադարձ ստացավ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ադրբեջանի տնտեսության վրա: Իսկ մերձավորարեւելյան ճգնաժամն ավելի ու ավելի էր ներքաշում իր մեջ Թուրքիային եւ Իրանին: Հարավկովկասյան Մեծ շուկան, որի մասն էր դարձել Հայաստանը, սկսեց ճեղքեր տալ: 

Ներքին իրավիճակն Ադրբեջանում անկայունության միտումներ սկսեց դրսեւորել՝ զուգահեռ թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան լարվածությանը: 

Նավթի գների կտրուկ անկման պայմաններում տնտեսական անկումը տպավորիչ էր: Այս պայմաններում խախտվում է վերնախավերի կայացած ուժային բալանսը, մյուս կողմից էլ աճում է բնակչության դժգոհությունը: Նախորդ տարիներին կուտակված, բայց այս կամ այն կերպ զսպված լարվածությունը հայերի դեմ արտահայտվելու առիթներ է փնտրում: 

Նավթային տնտեսության կտրուկ անկումը նույն եւ ավելի սուր հետեւանքներ է ունենում Ռուսաստանում: Աճող ճգնաժամն ի վերջո հանգեցնում է 2017թ. ռուսական հեղափոխությանը: Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում հասնում է նվազագույնի: Հաշվի առնելով, որ թուրքերն ու պարսիկներն ավելի զբաղված էին Մերձավոր Արեւելքով, եվրոպացիներն իրենց ներքին «կռիվներով», ամերիկացիներն էլ՝ ե՛ւ մեկով, ե՛ւ մյուսով, Հարավային Կովկասի ժողովուրդները հայտնվում են «մեն-մենակ» այնպիսի վիճակում, որում չէին եղել նախորդ 100 տարվա մեջ: 

Հասունացող վտանգը պայթեց 2018-ի սկզբին Բաքվում: Բաքվի հայ ձեռնարկատերերից մեկին պատկանող փոքր գործարաններից մեկում ծագած կենցաղային վեճը վերածվում է ծեծկռտուքի, որում տուժում են թուրք աշխատակիցները: Ծանր վնասվածքներով նրանք ընկնում են հիվանդանոց:

Կենցաղային այս միջադեպը ստանում է ազգային երանգ: Տուժածների բարեկամները պահանջում են արագ ու խիստ դատաստան: Կայծակնային արագությամբ այդ պահանջից ձեւավորվում է մեծ հավաք, որին մասնակցում են արդեն ոչ միայն գործի հետ անմիջական կապ ունեցողները, այլեւ քաղաքի բնակչության զգալի մասը: Առաջ են քաշվում հակահայկական կարգախոսներ: Իշխանությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ, քանի որ առանց այդ էլ աճող սոցիալական դժգոհությունը կամ պետք է ուղղվեր իշխանության, կամ հայերի դեմ: 

 Զգալով իշխանության վերաբերմունքը՝ ամբոխն ավելի սանձարձակ է դառնում եւ մի քանի օր բորբոքվող կրքերից հետո անցնում է «գործի»: Բաքվում սկսվում են հայկական ջարդեր, որոնք տեւում են 3 օր: 

 Որքան էլ «տեսականորեն» նախապատրաստված՝ Հայաստանում անակնկալի են գալիս այս դաժան դեպքերից: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ տասնամյակների խաղաղ գոյակցությունից, տնտեսական սերտ համագործակցությունից հետո հանկարծ պետք է կրկնվեին դեպքեր, որոնք որքան էլ ծանոթ էին պատմությունից, սակայն թվում էին անդարձ անցյալ: Ճիշտ է, կար երկուստեք լարում, դժգոհություն, բայց դա ի վերջո կրում էր «ակադեմիական» բնույթ: Ժամանակակից մարդու ուղեղը, դաստիարակված այն տեսություններով, որ տնտեսական հարաբերություններն են որոշիչ հանրային կյանքում, որ բացի տնտեսությունից, մնացած ամեն ինչն ի վերջո պայմանականություն է եւ «պաթոս» կամ լավագույն դեպքում՝ սիմվոլիկա, որ ամենավատը միշտ անցյալում է եւ մութ միջնադարում, իսկ այսօր եւ վաղը մարդկությունը միայն առաջ է գնում, չէր կարող միանգամից մարսել, որ այսօր ու այստեղ գրքային սարսափները դառնում են կենդանի իրականություն, եւ որ հաջող առեւտուրը չի վերացնում բոլոր հակասությունները մարդկանց միջեւ: 

Հայաստանի իշխող վերնախավը հատկապես անակնկալի էր եկել: Նախորդ՝ մոտ 30 տարվա ձեւավորված քաղաքական ավանդույթում չկար որեւէ հենակետ, որից ելնելով հնարավոր էր համարժեք պատասխան տալ նոր իրավիճակի վճռական մարտահրավերին: Առավելագույնը, ինչը գիտեին իշխող վերնախավի որոշ հատվածներ, ազգային զգացումների հետ մարտավարական չափավոր խաղն էր, բայց այստեղ պետք էր ոչ թե մարտավարություն, այլ վճռականություն ու խիզախություն, որոնք նշան են ոչ թե իրավիճակային ճկունության ու մանրակրկիտ հաշվարկի, այլ լայն,  իրապես մեծ բանականության:

Պատմությունը, ոչ միայն պատմական անցյալի, այլեւ պատմաստեղծ տարերքի իմաստով բարեկեցիկ ներկայի մակերեսային գիտակցության կողմից անտեսված լինելով որպես անցած-գնացած, որպես անցյալի սարսափներ եւ մեծ վճռական պահեր, վերադառնում է սեւ դռնից որպես պատիժ նրանց, ովքեր ապրում են բացարձակեցված ներկայում, որից միմիայն բխում է իբր կանխատեսելի ապագան: Երբ վերադառնում են մեծ դեպքերը, անակնկալի են գալիս ժամանակակից, չափազանց ժամանակակից ոգիները, որոնք մանր առօրյա հաշվարկն ու դատողականությունը նույնացնում են բանականության հետ՝ անտեսելով, որ բանականությունը շատ ավելի մեծ ծավալ է եւ ներառում է ոլորտներ, որոնք վեր են եւ ավելին են, քան սովորական մարդկայինը, ամենօրյան: Վերնախավի ինքնահավան իմաստնությունը կոպեկի գին է ստանում մեկ ակնթարթում, եւ անսպասելիորեն պարզվում է, որ պետք է ապավինել բնազդին, որը թեեւ չի կարող ինքն իրեն մինչեւ վերջ բացատրել, բայց ինքնահռչակ միապետ, հողից ու հիմքից կտրված գիտակցության համեմատ զարմանալիորեն ավելի բանական է երեւում... 

Ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց Ադրբեջանի իշխանությունը պատրաստ չէր մինչեւ վերջ նոր զարգացումներին: Ի սկզբանե թվում էր, որ հնարավոր էր վերահսկողության տակ պահել ամբոխային տրամադրությունները, ինչպես ասում են՝ մի քիչ գոլորշի բաց թողնել, սոցիալական դժգոհությունն ուղղել հակահայկական հունով՝ ճիշտ պահին միացնելով եւ անջատելով «սեղմակը»: Ինչ վերաբերում է հայկական հնարավոր հակադարձին, ապա Ադրբեջանի իշխանությունն առանձնապես չէր մտահոգվում՝ հաշվարկելով, որ քաղաքականապես թույլ Հայաստանն ի զորու չի լինի վճռական քայլերի, իսկ մնացած հարցերը կարելի կլինի կարգավորել այս կամ այն չափի ձեւական փոխզիջումներով: 

Սակայն մեկ անգամ պոռթկացած տարերքն այլեւս հնարավոր չէր պահել վերահսկելի սահմանների մեջ, միացնել կամ անջատել: Անջատիչ-միացնիչն անցնում էր իշխանությունից հակահայկական շարժմանը, որն էլ, ծավալվելով եւ զգալով իր ուժը, արդեն ոչ միայն հակահայկական, այլեւ ընդհանրացված խնդիրներ կարող էր ձեւակերպել: Անիշխանությունը ձեռնտու չէր Ադրբեջանի իշխանությանը, բայց շշից բաց թողնելով ջինին՝ այլեւս վճռական հետքայլի հնարավորություն չուներ, այլ ստիպված էր մանեւրել ուժգնացող շարժման պահանջների եւ իշխանությունը պահելու նպատակի միջեւ: 

Մտահոգված էր նաեւ Թուրքիայի ղեկավարությունը: Հակահայկական հուժկու թեման նրա համար էլ էր անսպասելի, եւ համենայնդեպս այս պահին անպետք ու անիմաստ: Հայերը Թուրքիայի տեսակետից մեծ վտանգ չէին: Մյուս կողմից թուրքերը չէին կարող նաեւ հայամետ դիրք գրավել եւ անտեսել Ադրբեջանում ծավալվող ժողովրդական շարժման պահանջները, նախեւառաջ՝ հակահայկական ուղղվածությունը, եւ ստիպված էին հաշվի նստել դրա հետ: Մի կողմից Թուրքիան Ադրբեջանի ղեկավարությունից պահանջում էր սահմանների մեջ պահել այդ շարժումը, մյուս կողմից էլ հենց թուրքերը պետք է որոշ չափով սիրաշահեին հակահայկական տրամադրված Ադրբեջանի հանրությանը: Այսպիսով, Թուրքիայի ղեկավարությունը նույնպես ավելի շատ իրավիճակի հետեւից էր գնում, քան իրավիճակ թելադրում: 

Մինչ Մեծ շուկայի թմբիրում քաղաքական առաջնորդության եւ մեծ պատմական դեպքերում կողմնորոշվելու բնազդը կորցրած կառավարությունները փորձում էին մանեւրել՝ խաբելով պատմությանը, հանրություններն ինքնակազմակերպվում էին եւ գործում իրենց հայեցողությամբ՝ ասես ներշնչված լինելով ինչ-որ գերմարդկային ուժերի կողմից: 

Հակահայկական շարժման ծավալմամբ Ադրբեջանում սպառնալիքը հասնում է մինչեւ Դաշտային Ղարաբաղի (անցած դարի լեզվով՝ Լեռնային Գանձակի)՝ դեռեւս պահպանված հայկական գյուղեր: Այստեղի հայ բնակչությունը դիմում է ինքնապաշտպանության: Պաշտոնական Հայաստանից որեւէ օգնության հույս չկար: Եթե Հայաստանն ուզենար էլ որեւէ կերպ միջամտել, ապա չէր կարող, քանզի հայկական զինված ուժերը թույլ էին: 

Տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական համագործակցության գաղափարախոսությամբ հիմնավորված քաղաքականության պայմաններում ոչ ոք առանձնապես հոգ չէր տարել իրապես մարտունակ բանակ կազմակերպելու մասին: Չկար եւ չէր կանխատեսվում որեւէ լուրջ սպառնալիք, որին պետք է դիմակայեին կամ որի պարագայում պետք է մարզվեին զինված ուժերը: Ինչպես եւ հետսովետական շատ պետություններում, բանակը Հայաստանում ավելի շատ խորհրդանշական բնույթ ուներ՝ պետական անհրաժեշտ ատրիբուտ էր, որը կար թղթի վրա, ուներ ինչ-որ քանակ, գլխավորվում էր սովետական բանակի հայ սպաների կողմից, բայց որպես կենդանի մարմին գոյություն չուներ: Իսկ թվաքանակով եւ զինվածությամբ ակնհայտորեն զիջում էր ավելի հարուստ Ադրբեջանի՝ թեկուզեւ ոչ պակաս թղթային բանակին: Էլ չասած այն մասին, որ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելը Ադրբեջանի, հավանաբար նաեւ՝ Թուրքիայի դեմ, հայկական իշխող վերնախավի մտքով անգամ չէր անցնում: Ադրբեջանում տեղի ունեցածի նկատմամբ Հայաստանին մնում էր «միջազգային հանրությանը», «առաջադեմ մարդկությանը», ինչպես նաեւ «ժողովուրդների եղբայրությանն» ու հատկապես «թուրք ժողովրդի դարավոր իմաստնությանն» ապավինելն ու դիմելը, ինչը եւ մերոնք հաճույքով անում էին: Միջազգային հանրությունն ու առաջադեմ մարդկությունը հեռու էին, իսկ թուրք եղբայրները խոստումներ էին շռայլում, բայց «ավաղ, չնայած ձեռնարկած միջոցներին, չէին կարող առայժմ դեմն առնել առանձին սանձարձակ տարրերի»: 

Մնում էր հանրության ինքնակազմակերպումը: Առանց երկար-բարակ մտածելու եւ հաշվի առնելու հանգամանքները, որոնք տվյալ դեպքում անհաշվարկելի էին, Հայաստանի հանրությունն արագորեն ինքնակազմակերպվում էր: Հրատապ էր հատկապես Գանձակի շրջանի հայերի պաշտպանության խնդիրը: «Ցեղակրոն» խմբերի հիմամբ ստեղծված փոքրիկ, բայց մարտունակ ջոկատներն առաջինն էին, որ կարողացան հասնել օգնության: Հասունացող կռվում հաղթելու էին ոչ թե թղթե բանակները, այլ սկզբնական շրջանում հենց փոքրաթիվ, բայց նախապես մարզված, կազմակերպված ու գաղափարական ջոկատները, որոնք որոշակի պայմաններում եւ գոնե առժամանակ ի զորու էին դիմադրել ոչ միայն ջարդարար խուժանին, այլեւ կանոնավոր բանակի ստորաբաժանումներին, եւ իրենք էլ կանոնավոր բանակի հիմք դառնային: 

Գանձակի հայությունը հայտնվում է փաստացի ապստամբ վիճակում: Որեւէ մեկից հույս չունենալով, բացի Հայաստանից ժամանած փոքրաթիվ ժողովրդական ինքնակազմակերպված օգնությունից, նրանք պատրաստվում էին վճռական բախումների: Մյուս կողմից սա արդեն առիթ էր պաշտոնական Բաքվի համար՝ մեղադրելու հայերին: Իբր՝ մինչ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հանդարտեցնել իրավիճակը, պատժել մեղավորներին, հայերն իրենք են բախումների առիթ ստեղծում: Հայաստանի ղեկավարությանը պաշտոնապես զգուշացվում է հետեւանքների մասին: Բայց պաշտոնական հրահանգներն արդեն չեն կատարվում: 

2018-ի մայիսի վերջին 10-օրյակում՝ 21-29-ը, տեղի են ունենում զինված բախումներ Լեռնային Գանձակում, որոնցում հայերը հաղթող են դուրս գալիս: Ի պատասխան այս ամենի՝ Հայաստանի թուրքաբնակ մի քանի շրջան՝ Վարդենիսը, Ղափանի լեռնային մասի գյուղերը, որոնք սահմանակից էին Ադրբեջանին, նաեւ Մասիսի եւ Ամասիայի շրջանները, որոնք սահմանակից էին Թուրքիային, հայտարարում են իրենց անկախությունը: 

Վարդենիսի գյուղերից զինված թուրքերը անսպասելիորեն մտնում են Վարդենիս եվ փորձում վերահսկողության տակ վերցնել շրջկենտրոնը: Հայերը ժամանակավորապես ստիպված են լինում նահաջել: 

Չնայած այս ապստամբ շրջանները մեծ չէին, բայց քանի որ ուղղակի աջակցություն կար Ադրբեջանից ու Թուրքիայից, որոնք նման կերպով պատժում էին Հայաստանին, հնարավոր չէր կտրուկ եւ վճռական գործողություններով հակադարձել ապստամբություններին: Դեռ հակառակը, Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր բանակցությունների մեջ մտնել նրանց հետ: 

Վիճակն օրհասական էր:

Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում հասունանում էին իշխանափոխություններ:

Արագ տեմպերով զարգացող իրադրություններում Հայաստանում հռչակվում է Հայոց համազգային շարժում, որի զինված թեւն են դառնում Ցեղակրոն ջոկատները...

Հ.Գ. - Մենք հատուկ ընդհատում ենք շարադրանքն այս կետի վրա: Կարելի է անշուշտ փորձել պատկերացնել եւ նկարագրել հետագա դեպքերը: Ընդ որում՝ դա ե՛ւ գրողի, ե՛ւ ընթերցողի համար թերեւս լինի շարադրանքի առավել հետաքրքիր մասը: Բայց մեծ հաշվով հետագան ընթերցողին հայտնի է: Մանրամասներով տարբեր, բայց էությամբ նույնն է մեր վերապրած փորձի: 

Մեր նպատակը լուծած ենք համարում այնքանով, որ փորձեցինք ցույց տալ, թե ինչպես էլ զարգանար պատմությունը, միեւնույն է, կան հակասություններ, որոնք այսպես թե այնպես արտահայտվելու էին: Խնդիրը չար բախտը չէ: Խնդիրը պատմությունն է, որը երբեք չի ավարտվում ի հեճուկս բոլոր ժամանակների վախճանաբանների՝ կրոնական, մարքսիստական, լիբերալ, թե այլ (մեծ հաշվով կա միայն մեկ՝ կրոնական վախճանաբանություն, իսկ մյուսները դրա աշխարհիկ տարատեսակներն են, աշխարհիկ լեզվի թարգմանած կրոնական հղացքները): Պատմությունը նման չէ սիրող եւ քնքուշ մոր, այլ ազգերին փորձության ենթարկող մրցակցային ասպարեզ է, որտեղ կռվում-կոփվում են ուժեղները՝ քաջերը, հեռատեսներն ու դիմացկունները: Նա, ով թուլանում է եւ ընկնում երանության, հավետ հանգստի, անհոգության, երազանքների գիրկը, կամ նա, ով ապավինում է «քաղաքակիրթ աշխարհին», «մարդկությանը» եւ մոնոթեիստական Աստծու այլ անուններին, պատժվում է, քանի որ պատմությունը, ուզենք թե չուզենք, «հեթանոս է» եւ ճանաչում է միայն հին աստվածներին՝ միակ կենդանի, իրական, ապրված էություններին եւ ուժերին, բայց ոչ փիլիսոփաների թղթե վերացականություններին: Խաղից դուրս գալ հնարավոր չէ, ոչ էլ խաղի կեսից փախչել: Պատմությունը մարտահրավերներ է ձեւակերպում եւ անկախ բարդությունից՝ պահանջում է դրանք լուծել: Եվ նա սիրում է մարտահրավերները ոչ միայն համարձակորեն, այլեւ ուրախությամբ դիմավորողներին, վտանգի պահին ժպտացողներին: 

Մյուսը, որ ուզում էինք հասանելի դարձնել այս նյութով, այն է, որ պատմական ընթացքը դիալեկտիկ է հեգելյան իմաստով: Հաճախ կորստի վերջնարդյունքը ձեռքբերումն է, իսկ ձեռքբերման վերջնարդյունքը՝ կորուստը: Միակ բանը, որ ստույգ է՝ մարդկային հաշվարկի, մարդկային դատողության, մարդկային կանխատեսման, մարդկային հավատքի սահմանափակությունն է: Բանականությունն ավելի մեծ է եւ վեր այդ ամենից (ինչը հայտնի է առնվազն գերմանական դասական փիլիսոփայության շրջանից՝ ոչ միայն Հեգելից, այլեւ Կանտից, էլ չասած ավելի ուշ շրջանի փիլիսոփայական վերլուծությունների մասին): Ամեն կոնֆլիկտ, հակասություն, բախում ինքնին չարիք չէ, այլ ունի երկու կողմ, եւ մյուս կողմից ամեն խաղաղություն, կայունություն, համագործակցություն ինքնին բարիք չէ, այլ ունի ստվերային կողմ եւս: Ի վերջո չկա առանձին վերցրած պատերազմ կամ խաղաղություն. դրանք պայմանական վերացականություններ են, որովհետեւ ամեն խաղաղություն հաստատված է մի ինչ-որ պատերազմի արդյունքով, եւ ամեն պատերազմ հետեւանք է մի ինչ-որ խաղաղության շրջանի կուտակած հակասությունների: 

Իրական պատմության մեջ մենք 1988-ին ունեցանք Ղարաբաղյան խնդիր: Դա նախորդ սերունդների անթույլատրելի սխալների արդյունք էր, որի դիմաց վճարեց մեր սերունդը: Դա մարտահրավեր էր, որը պետք էր լուծել մեծագույն ջանքով ու բարդություններով: Բայց հաղթահարված մարտահրավերը միայն ուժեղացնում է: Մենք կարող էինք չունենալ Ղարաբաղի խնդիր: Դա իրոք պատմականորեն շատ հնարավոր տարբերակ էր: Եվ կարող էինք լինել անհոգ ու երջանիկ 1988-ին: Բայց ինչպես մարտահրավերի մեջ թաքնված է ներուժ եւ հաղթանակ, այնպես էլ անհոգության մեջ կան թաքնված մարտահրավեր, թուլություն ու պարտություն, եւ պատմական հանգստությունը գուցե հենց ինքն է ամենամեծ մարտահրավերը: Չկա ավելի մեծ անհանգստություն պատմական դեպքերին ծանոթ մարդկանց համար, քան երկարող հանգիստ շրջանները՝ դրանց ներսում կուտակվող լարվածությունները պայթում են առավել անսպասելի եւ ուժգին, որքան ավելի երկար է առանց երկրաշարժ շրջանը: 

Բնականաբար մենք չենք կարող երաշխավորել այստեղ ներկայացված մեր այլընտրանքային սցենարի ճշգրտությունը մանավանդ մանրամասներում: Մենք չենք էլ դրել այդպիսի նպատակ: Մանրամասները ներկայացրել ենք թռուցիկ: Առարկություններ շատ կարող են լինել, եւ գուցե հենց մենք էլ ամենից լավ գիտենք մեր գրածի թույլ կետերը: Ցանկացած վերլուծական առարկություն մեզ համար ընդունելի է: Բնականաբար պետք է հաշվի առնել, որ գիտական գործ չենք գրել, իսկ մեր շարադրանքը հիմնավորելու համար պետք կլիներ մի ամբողջ գիրք գրել, այլ ոչ թե թռուցիկ մի քանի էջ: Ի վերջո, սա նաեւ զվարճանքի համար գրած տեքստ է, որը, հուսանք, բացի հաճելիից, նաեւ օգտակար է: 

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: