Հայոց պատմությունն առանց Մեծ եղեռնի. Մաս II` 1914-1921-ի այլընտրանքային պատմությունը
«Տարոնի ներկայացուցիչը գտնում է, որ մերոնք իրենց հարաբերությունները խզել են Իթթիհատի հետ, որը չպիտի լիներ...: Մերոնք փոխում են իրենց ուղղությունը ... թողնում են հեղափոխական գործունեությունը, եւ ընկնում դիպլոմատիայի գիրկը: Մեր ընկերները թե՛ Պոլսում, թե՛ Կովկասում, չունենալով քաղաքական հոտառություն, ընկել են մի տեսակ ավանտյուրայի մեջ, եւ կարծես դարձել են ռուսական գործակալներ, որը կարող էր մեծ վտանգ ու աղետալի հետեւանքներ ունենալ հայ ժողովրդի համար: Մեր պահանջները պետք է չափվեն կուսակցության բարոյական եւ ֆիզիկական ուժով: Առանց այդ ուժերի կշռադատության մենք բռնել ենք մի գործ, որը տանում է դեպի դավաճանություն: Մեր դիրքը թուրքական պետության հետ պիտի լինի լոյալ, նրան պիտի ուղղենք մեր պահանջները, եւ աստիճանաբար ընդունել տանք, մինչեւ ուժեղանանք: Ուստի առաջարկվում է դադարեցնել նման գործունեությունը, նվիրվել ինքնապաշտպանությանը եւ հեղափոխական գործի ուժեղացմանը, եւ ուժ ձեռք բերելով կատարել տալ տաճիկ կառավարությանը մեր պահանջները»: (Նյութեր ՀՅԴ պատմության համար: Հատոր Ժ: Արձանագրություններ ՀՅԴ 7-րդ Ընդհաուր ժողովի):
Այս մեջբերումը վերաբերում է ոչ թե այլընտրանքային, այլ իրական, վավերական պատմությանը: Սրանք 1913-ին Դաշնակցության համագումարին Տարոնի ներկայացուցչի իրական խոսքերն են: Քանի որ ժողովին ներկա էին երկու ներկայացուցիչ Տարոնից՝ Գալուստ Սասունին եւ Ռուբեն Տեր-Մինասյանը, եւ արձանագրություններում էլ նրանց խոսքը ներկայացված է մերթ անուններով, մերթ էլ անանուն՝ որպես պարզապես Տարոնի ներկայացուցիչ, այդքան էլ հասկանալի չէ, թե երկրորդ դեպքում երկուսից որինն է տվյալ խոսքը: Բայց քանի որ երկուսն էլ ներկայացնում են նույն քաղաքական գիծն ու մտածողությունը, ապա տարբերակումն այդքան էլ էական չէ: Եթե նույնիսկ այս խոսքն ասվել է ոչ թե Ռուբենի, այլ Գալուստ Սասունու կողմից, միեւնույն է, դրա գաղափարախոսը, ձեւակերպողը հենց Ռուբենն է, որը հեղինակություն էր Տարոնի գործիչների մեջ: Այս խոսքերն ասվել էին դեռեւս 1913-ին՝ Դաշնակցության 7-րդ ընդհանուր ժողովին՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ Դաշնակցությունը որոշում է խզել հարաբերություններն Իթթիհատի հետ՝ բանակցությունների մեջ մտնելով ռուսական ներկայացուցիչների հետ Հայկական բարեփոխումների ծրագրի շուրջ:
Այժմ՝ 1914-ի աշնանը, դրանք ավելի քան արդիական էին, եւ ամենամռայլ կանխատեսումները սպառնում էին դառն իրականության վերածվել: Ռուբենի հեղափոխական փորձն ունեցող մեկի համար դժվար չէր կանխատեսել դեռեւս երկու տարի առաջ այն, ինչը միայն «թերթային» քաղաքականությանը սովոր գործիչներին կարող էր թվալ ավելորդ հոռետեսություն, թերահավատություն կամ էքստրավագանտ տարօրինակություն:
Դիվանագիտություն խաղալով, նորից վերադառնալով հեղափոխական պայքարի փորձով բազմիցս հերքված ուղուն՝ կաբինետային գործիչները հայ ժողովրդին կրկին դարձրել էին մեծ տերությունների քաղաքականության գերին: Սա թուրքի արյուն չթափած, զինված պայքարի հոտ չառած, երկրից ու ժողովրդից կտրված նախկին լրագրողների, աշխարհի արդարությանը հավատացող եւ քաղաքակրթության հավատացյալների շինծու, թատերական հակաթուրքականություն էր: Առաջադիմությունն ու քաղաքակրթությունն անխուսափելիորեն հաղթելու են, հայ ժողովուրդն էլ փրկվելու է այդ հաղթանակի ուժով: Անհիմն, էությամբ կրոնական հավատք, որը բազմիցս ապացուցել է իր կործանարար բնույթը:
ՄԻՆՉ ԱՅԺՄ, ԱՄԵՆԸ, ԻՆՉԻ ՀԱՍԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ, ԵՂԵԼ Է Ի ՀԵՃՈՒԿՍ ԱՅԴ ԿՈՒՅՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՇՆՈՐՀԻՎ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԱՊԱՎԻՆՈՂ ՈՒ ՀԱՎԱՏԱՑՈՂ՝ «ՀԵԹԱՆՈՍ» ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ:
Նյարդայնացած եւ հուզված Ռուբենը վեր կացավ սեղանի մոտից եւ վառեց ծխամորճը: Ուշ գիշեր էր, մոտեցավ պատուհանին: Մշո դաշտի գիշերներից մեկն էր՝ մեկը տասնյակ հազարավորներից, որոնք եկել են ու գնացել: Դարեր ու հազարամյակներ են անցել, բայց նույնն է մնացել Մշո դաշտն իր սրբություններով, իր սբ Կարապետով ու Առաքելոց վանքով, որոնք նույնքան պաշտելի էին Վահագնի, Աստղիկի եւ Ոսկեմայրի մեհյանների դարում, որքան քրիստոնյա հայ թագավորների ու իշխանների, որքան հետագայում՝ ցայժմ: Նույն ժողովուրդն է մշակում հողը, պաշտում նույն սրբերին, պատմում նույն վեպն ու հեքիաթները, նույն ոգին է, ինչ հայոց արքաների հին օրերում: Բայց դարերը երաշխիք չեն հավիտենության: Դարերով ստեղծածն ու գոյատեւածը կարող է մեկ ակնթարթում կործանվել: Գիշերը կմնա նույն աստղազարդ գիշերը: Բայց այս աշունը կարող է վերջինը դառնալ հին սրբությունների համար:
Ինչպե՞ս գործել մի իրավիճակում, երբ գրեթե լիովին մենակ ես քո մտածողությամբ, փորձով, պատկերացումներով: Ի՞նչ կարող է անել մեկ կամ թեկուզ մի քանի «անհավատ» հավատավորի ինքնագոհ, ինքնավստահ, էքզալտացված ծովում: Ի՞նչ կարող է անել մեկը «աշխարհի» դեմ եւ մանավանդ «աշխարհին» հավատացողների դեմ: «Համաշխարհային կրոնի» հավատացյալները միշտ նույնն են՝ հնում, միջնադարում թե նոր ժամանակներում: Նրանք միշտ էլ, ամեն պատմական պահի էլ հավատում են, որ բոլոր «վատ բաներն» անցյալում են՝ մութ ու «հեթանոսական», բայց ահա եկել է մի լուսավոր ներկա, երբ ամեն բան այլ կերպ է, պատմությունն իր բոլոր փորձանքներով ավարտվել է կամ ավարտին մոտ է, որ դարը փոխվել է, եւ մի վերջին ճակատամարտում ուր որ է Բարին հաղթելու է Չարին: Առաջին դարի քրիստոնյաներից մինչեւ ռեֆորմացիայի հիլիաստներ եւ նոր դարերի ուտոպիստներ՝ փոխվում են միայն հավատքի անունները, բայց էությունը մնում է նույնը:
Դաշնակցության համաժողովը Կարինում ավարտվեց գրեթե չսկսված: Ռուբենի առաջարկը՝ պատերազմի դեպքում կազմել կամավորական ջոկատներ թուրքերի կողմից կռվելու համար ընդդեմ ռուսների, կանխատեսելիորեն չանցավ, նույնիսկ չքննարկվեց: Հայկական հեղափոխությունը դեռ շատ երիտասարդ ու անփորձ է, քաղաքական գիտակցությունը դեռ չափից ավելի թաթախված է ավանդական պատկերացումներով, Թիֆլիսի քաղքենիների ու մտավորականների ազդեցությունը դեռ շատ ուժեղ է, որպեսզի նման առաջարկները լուրջ ընդունվեն: Տարիների զոհողություններն ու հեղափոխական աշխատանքը զուր են անցնելու, եթե նորից հայը պետք է վերադառնա հին մտածելակերպին՝ ռուսներին եւ «առաջադեմ մարդկությանն» ապավինի իր ազգային ծրագիրն իրականացնելու գործում, թուրքերի դեմ սեփական ուժերով կռվելու, այլեւ բանակցելու եւ հարկ եղած դեպքում դաշնակցելու փոխարեն դրսի ուժով փորձի լուծել իր հարաբերությունները հարեւան ժողովրդի հետ, որի հետ ունի կռիվ, վեճ, բայց նաեւ կարող է ունենալ ընդհանուր շահեր:
Ի՞նչ անել: Ժողովը վերջացավ՝ որոշելով պատերազմի դեպքում չեզոքություն պահպանել: Լավ էր գոնե այդպես լիներ, չնայած չեզոքություն պահպանելը, երբ հայրենիքդ ռազմաճակատի առաջնագիծն է, ինքնին անիրատեսական՝ միայն թղթի վրա հնարավոր որոշում ու կեցվածք է: Բայց պարզ է, որ այդ որոշումն էլ ձեւականություն էր, գավառական «դիվանագիտության», միամիտ խորամանկության փորձ: Բոլորին, այդ թվում՝ թուրքերին, նաեւ՝ որոշումներ ընդունողներին պարզ էր, որ չեզոքությունը նշանակում էր ռուսների կողմը բռնել: Եվ արդեն՝ դեռ պատերազմը չսկսած, լծվել էին գործի ազգիս մեծերը Թիֆլիսում՝ քարոզելով, որ ցարը խոստացել է հայ ժողովրդին ազատություն, որ Անտանտը՝ որպես առաջադեմ մարդկության մարմնավորում, հայի փրկությունն է, եւ որ Հայկական հարցը լուծվելու է լուսավորյալ մարդկության, այն է՝ Անտանտի հաղթանակով ընդդեմ «հետադիմության»:
Տարիներ շարունակ զինված հեղափոխական պայքարի վատաբանման եւ անվանարկման հաշվին միայն թղթի վրա՝ թերթերում գոյություն ունեցող իրենց քաղաքական գոյությունն ինքնահաստատողներն այժմ առյուծի կաթ խմած քաջ ֆիդայի էին խաղում՝ ռուսի եւ Անտանտի «քյոմակ»-ով: Քաղքենի զանգվածի ոգեւորությունը կոպեկի գին ունի. ալիքի պես բարձրանալու է եւ ալիքի պես անկում ապրելու, նրանց կամքը մի քանի ամսվա է, որին հետեւելու է անխուսափելի «հիասթափությունը»: Եվ «հիասթափման» գինը նրանք նորից պահանջելու են հեղափոխական փոքրամասնությունից, որը տարիներ շարունակ ոչ միայն խոսքով, այլեւ գործով քարոզեց պայքար՝ հենված սեփական ուժերին: Այսօր դարձել են առյուծներ, թուրքի արյուն խմողներ, վաղը ցարից եւ համաշխարհային դեմոկրատիայից խաբված անիծելու են ճակատագիրը՝ նոր ողբեր եւ Ներսեսի նոր նզովքներ կապելով հայ ժողովրդի գլխին: «Աշխարհի» ուժով թուրքի դեմ կռիվ քարոզող Լեոները, վաղը՝ հետեւանքները ճաշակելուց հետո, մեղքը ոչ թե իրենց վրա են վերցնելու, այլ հայ հեղափոխությանն են հռչակելու աղետի պատասխանատու...
Դաշնակցությունը, ցավոք, իր գերակշիռ մասով արեւելահայ այդ քաղքենի միջուկի հարազատ ծնունդն է, թիֆլիսահայ լիբերալիզմի ձախ թեւը միայն, որը թեեւ հռչակեց իրեն հեղափոխական, բայց իրական հեղափոխական միջուկը փոքրամասնությունն է: Տարանջատում ծնող միջավայրից երբեք էլ վերջնական չդարձավ: Դրա համար քաղքենիական ոգեւորության ալիքն այժմ այդքան հեշտորեն տանում է իր հետ անվանապես հեղափոխական կուսակցության մեծամասնությանը: Հավատալ ցարին, ցարի համար կամավորական ջոկատներ ստեղծել, սա հեղափոխականի ճանապարհի ամենամեծ հեգնանքն է:
Ասում են, թե թուրքերը մեզ խաբեցին, չկատարեցին մեր արդար պահանջները, դրա համար հիմա պետք է միավորվենք հայ հեղափոխության ամենամոլի թշնամի՝ ռուսական միապետության հետ՝ ընդդեմ երեկվա մեր դաշնակից թուրք հեղափոխականների: «Մազալու» այս մարդիկ կարծում էին, որ մեր պահանջները թուրքերը պետք է կատարեն, այլ ոչ թե մենք մեր ուժով հասնենք դրանց իրականացմանը: 1908-ից թուրքերը համագործակցեցին մեզ հետ, որովհետեւ ճանաչեցին մեր ուժը, ճանաչեցին հայերին որպես գործոն: Որպեսզի նրանք իրականացնեին մեր հաջորդ պահանջները, պետք էր շարունակել ուժեղանալ, կազմակերպվել բուն Հայաստանում, այնպես, որ մեր նոր դաշնակիցները ստիպված լինեին շարունակել հաշվի նստել մեզ հետ: Բազմիցս խոսվել, ասվել է դրա մասին, բայց խոսքը գործ չի դարձել: Բացի Տարոնից ու Վանից, երկրի մյուս կոմիտեները մնացին թղթի վրա, Բյուրոն փաստորեն չէր գործում, իսկ կուսակցությունը ղեկավարում էր երկրից դուրս գտնվող Պոլսի Կենտրոնական կոմիտեն՝ առանց դրա իրավունքն ունենալու: Թուրքերի կողմից հայկական պահանջների անտեսումն առիթ դարձրին, որպեսզի դավադրական կապի մեջ մտնեն Պոլսի ռուսական դեսպանատան հետ: Եվ 1912-ին խզեցին հարաբերությունները թուրքերի հետ դեսպանատան դրդմամբ եւ սիրուն առիթներ թղթի վրա շարադրելով: Հեղափոխությունը նորից փոխարինվեց դիվանագիտությամբ: Ուրախացան հայկական բարեփոխումների ծրագրով եւ բաց թողեցին Մեծ պատերազմի հասունացումը:
Պատերազմը կարող է նոր հնարավորության դուռ բացել, առիթ դառնալ հին սխալները ջնջելու եւ ամեն բան զրոյից սկսելու: Թուրքերը չեն վստահում մեզ, որովհետեւ մենք իրենց հետ դրսի ուժով ենք խոսում, բայց այսօր էլ պետք ենք թուրքերին՝ ավելի, քան երբեւէ: Հայ-թուրքական հարաբերությունը կարելի է սկսել մաքուր էջից: Ասում են՝ չենք կարող հավատալ թուրքերի խոստումներին, որովհետեւ նրանք մեզ մի անգամ խաբել են:
Այսօր էլ պետք ենք թուրքերին՝ ավելի, քան երբեւէ: Հայ-թուրքական հարաբերությունը կարելի է սկսել մաքուր էջից: Ասում են՝ չենք կարող հավատալ թուրքերի խոստումներին, որովհետեւ նրանք մեզ մի անգամ խաբել են:
Դա չի խանգարում, որ նորից հավատանք նույն ուժերի նույն խոստումներին, որովհետեւ... երանի հավատացողներին, զի նրանցն է Երկնքի արքայությունը: Եթե ուզում ենք հայ ժողովրդին ուղարկել Երկնային արքայություն, ապա ամեն բան ճիշտ է, բայց եթե ուզում ենք հողային, նյութական, հայոց արքայություն, ապա պետք է գործենք որպես անհավատներ ու հեթանոսներ:
Թուրքերին հայերն ավելի են պետք, քան ռուսներին կամ անգլիացիներին, որովհետեւ թուրքերն ավելի թույլ են, քան մյուսները, եւ նրանց համար հայկական համեստ ուժն ավելի մեծ գին ունի, քան մյուսների: Թուրքերն այսօր միակն են, ովքեր պատրաստ են անմիջապես բանակցել հայկական քաղաքական ուժի հետ եւ պայմաններ ստորագրել: Բայց միաժամանակ թուրքերը նաեւ միակն են, ովքեր, ի պատասխան մեր թշնամանքի, կարող են եւ պատրաստ են ոչնչացնել հայությանն ու Հայաստանը, ինչի ունակությունը նրանք ապացուցել են: Պատճառը նույնն է. թուրքերին մենք ավելի մեծ վտանգ ենք, քան Ռուսաստանին կամ առավել եւս որեւէ մեկին...
Լուսանում էր: Մտքերի սկզբնապես քաոտիկ եւ անհանգիստ շարանը, դասավորվում էր կուռ տրամաբանությամբ: Հստակվում էր որոշումը: Անկախ կուսակցությունից նախաձեռնել բանակցություններ թուրքերի հետ Տարոնի Կենտրոնական կոմիտեի անունից: Իհարկե, դա այն չէ, ինչ ակնկալում էին թուրքերը, չի ունենա այն գինը, ինչը կարող էր ունենալ, եթե բանակցողը լիներ ամբողջ Դաշնակցությունը. իհարկե, Կոմիտեի մի մասը կընդդիմանա՝ ի վերջո խոսքը սեփական կուսակցության հետ հարաբերությունների խզման եւ այնպիսի գործի մեջ մտնելու մասին է, որը վստահաբար որակվելու է որպես դավաճանություն, բայց սա միակ տարբերակն է խուսափելու աղետից:
1914-ի վաղ աշնանը Ռուբեն Տեր-Մինասյանը որոշում է կուսակցությունից անջատ բանակցությունների մեջ մտնել երիտթուրքերի ներկայացուցիչների հետ:
Այստեղից արդեն սկսվում է պատմության ոչ իրական, այլընտրանքային դեպքերի շարադրանքը: Իրականում Ռուբենը դաշնակցության հետ կապերը չի խզել եւ թուրքերի հետ անջատ բանակցությունների մեջ չի մտել: Սեփական համոզմունքները զսպել է հանուն կուսակցական կարգապահության:
Իր այդ որոշման մասին տեղյակ է պահում Տարոնի կոմիտեի իր մի քանի առավել մտերիմ ընկերոջ: Ծանր խոսակցությունից հետո նրանց մեծ մասը, այդ թվում՝ Կարո Սասունին միանում են Ռուբենին: Նրանք որոշում են բանակցել Տարոնի, եւ եթե հնարավոր եղավ՝ նաեւ Վանի կոմիտեի անունից, որը Տարոնից զատ, երկրի առավել կազմակերպված, մարտական հին ուղի, հեղափոխական իրական փորձ ունեցող երկրորդ կոմիտեն էր: Դեռեւս 1912-ից ոչ միայն Ռուբենը, այլեւ Տարոնի ներկայացուցիչներն ընդհանրապես ակտիվորեն քննադատում էին Պոլսի կոմիտեի առաջնորդությամբ կուսակցության ընտրած նոր քաղաքականությունը՝ հարաբերությունների խզումը թուրքերի հետ եւ դիվանագիտական նոր խաղը ռուսների հետ Պոլսի ռուսական դեսպանի միջնորդությամբ: Վան-Վասպուրականի ընկերները՝ Արամ Մանուկյանի եւ Իշխանի գլխավորությամբ, նույնպես լուրջ վերապահումներ ունեին նոր քաղաքականության նկատմամբ: Տարբեր առիթներով նրանք նույնպես հայտնել են իրենց տեսակետը կուսակցական այլեւայլ ժողովներին, սակայն, ի տարբերություն Տարոնի ներկայացուցիչների, նրանց ընդդիմությունն ավելի մեղմ էր, ավելի դիվանագիտական ու չափավոր: (Սրանք իրական, այլ ոչ թե այլընտրանքային փաստեր են):
Դա մասամբ բացատրվում էր Վանի եւ Տարոնի աշխարհագրական դիրքերի տարբերությամբ: Եթե Տարոնը չորս կողմից շրջապատված էր օսմանյան տիրույթներով, ապա Վանը սահմանակից էր Պարսկաստանին, ավելի մոտ էր Ռուսաստանին, այսինքն՝ հաղորդակցություն ուներ դրսի հետ, եւ այստեղ ավելի հեշտ էր կազմակերպել դիմադրությունն իրավիճակի կտրուկ սրման դեպքում: Հեղափոխական գործը, որքան էլ դժվար էր ամենուր, սակայն, Տարոնի փորձն առավել դաժան ու կարծր էր:
Ռուբենը, Արամն ու Իշխանը նոր չէին իրար ճանաչում: Սերնդակիցներ էին, անցել էին նույն դաժան դպրոցը, ընդհատակյա պայքարի նույն փորձն ունեին, նաեւ միմյանց հետ ունենալով ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ կողմեր:
ՆՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ «ՀԱՎԱՏԱՑՅԱԼ» ՉԷՐ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ, ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ:
Երեքն էլ արյունոտ կռվի ճամփա էին անցել, ոչ թե երեւակայական, այլ իրական՝ միս ու արյունից թուրքերի դեմ՝ հեղել են սեփական եւ այլոց արյունը, 30-ամյակները չլրացած՝ կոփվել են այնպիսի փորձով, որն անցնելով կամ մահանում ես, կամ Սասնա Դավթի պես մեծանում-հասունանում ոչ թե օրերով, այլ ժամերով: Նրանք կորցրել էին իրենց հավատը, եւ այլեւս երբեք ոչ մի ուժ ի զորու չէր նրանց կրկին «դարձի» բերելու՝ ստիպելու հավատալ Բարու եւ Չարի մասին պատումներին, որոնց ավարտին Բարին միշտ հաղթում է:
Այդուհանդերձ, նույնիսկ Արամի եւ Իշխանի նման կոփված երկաթների համար, խոսակցությունը բարդ էր: Ռուբենի առաջարկը ծայրահեղ «հեթանոսական էր», եթե չասենք՝ «սատանայական», նույնիսկ «անհավատների» այս պարագլուխների տեսանկյունից: Հարցը դրված էր կտրուկ` բանակցել թուրքերի հետ՝ փաստացի խզելով Անտանտի խոստումներով ոգեշնչված Դաշնակցության եւ արեւելահայության, այլեւ՝ արեւմտահայության մի մասի հետ: Այսինքն՝ խզել սեփական, հարազատ միջավայրի հետ, լինել ոչ թե պարզապես «անհավատ», այլեւ անցնել հաջորդ փուլ՝ վերածվել նզովյալ «սատանայի», «չարագործի»:
Ռուբենի փաստարկները հասկանալի էին թե՛ Իշխանին, թե՛ Արամին, բայց մարդը միայն փաստարկներով չի ապրում, այլեւ՝ կենդանի զգացումներով, կապերով: Մեկ օրում համոզելու բան չէր: Խոստացան մտածել: Բայց Ռուբենը շտապում էր: Սպասելը ոչ միայն գործի տեսակետից էր խնդրահարույց, այլեւ հոգեբանորեն էր մաշեցնում: Վճռական քայլի պատրաստ մարդը ներքուստ շտապում է: Նա պահանջ դրեց, որ երեքով հանդիպեն ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց: Սեպտեմբերի վերջն էր: Թեեւ հանդիպումն ուղեկցվեց ընկերական սովորական կատակներով, բայց երեքն էլ գերլարված էին: Կեսգիշերին եկան միասնական որոշման:
Իշխանը միանում էր Ռուբենին՝ նրանք երկուսով պետք է բանակցությունների մեջ մտնեին երիտթուրքերի հետ: Իշխանի դեմքը մռայլված էր, բայց նա որոշել էր գնալ Ռուբենի առաջարկած ճանապարհով: Միասին որոշեցին նաեւ, որ Արամը չպետք է հրապարակավ լինի իրենց հետ, այլ պետք է հեռանա Կովկաս: Այնտեղ պետք է փորձի համոզել մնացածներին, որ գոնե ընդունեն «երկու ճակատով» գործելու ծրագիրը՝ արտաքուստ անիծելով ու նզովելով միմյանց, բայց ներքուստ միասին լինելով: Համոզելու հույսերը, սակայն, քիչ էին, եւ որոշեցին, որ եթե համոզելը չստացվի, Արամը մնա Կովկասում եւ գործի այնտեղ՝ որպես ռուսական կողմնորոշմանն իբր հավատացած: Երեքով զոհաբերվելն անմտություն է, մեկը գոնե պետք է մնա եւ ապահովի գործի ճիշտ ընթացքը հակառակ կողմում: Հնարավորության դեպքում իրար հետ կապ կպահեն:
1914-ի հոկտեմբերին Ռուբենն ու Իշխանը Տարոնի եւ Վան-Վասպուրականի անունից բանակցությունների մեջ են մտնում երիտթուրքերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Թուրքերն այս անգամ տրամադրված էին ավելի վատ, քան օգոստոսին: Այդուհանդերձ, հնարավոր է լինում հասնել որոշակի պայմանավորվածության: Քանի որ Տարոնն ու Վանը հայության առավել մարտունակ հատվածն էին, հաջողվում է թուրքերից որոշակի գրավոր համաձայնություններ ստանալ գալիք պատերազմում հայկական կամավորական ջոկատների ստեղծման դիմաց: Կողմերը համաձայնում են անկախ Հայաստանի ստեղծմանը Կովկասում անկախ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ: Սակայն, ի տարբերություն օգոստոսյան առաջարկների, թուրքերը տրամադիր չէին անկախ Հայաստանին կցել նաեւ Արեւմտյան Հայաստանի որոշ հատվածներ, այլեւ պահանջ էին դնում, որ Կարսի բերդը պետք է դառնա ոչ թե անկախ Հայաստանի, այլ Օսմանյան կայսրության մաս: Վան-Վասպուրականում եւ Տարոնում նրանք համաձայն էին ինքնավար Հայաստանի, բայց Օսմանյան պետության կազմում՝ անկախ Հայաստանի հետ մշակութային եւ տնտեսական լայն կապերի ապահովմամբ:
Մյուս հայաբնակ շրջաններում հնարավոր էին համարում մշակութային ինքնավարության եւ տնտեսական, հատկապես հողային բարեփոխումների ծրագրեր միայն: Ռուբենի եւ Իշխանի տեսակետից այսքանն էլ բավական էր, ընդ որում՝ նույնիսկ, եթե թուրքերը հետագայում խոստումների մի մասից հետ կանգնեին: Նրանք հասկանում էին, որ խոստացված անկախ Հայաստանը լինելու է փաստացի թուրքական պրոտեկտորատի տակ: Սակայն նրանց առաջնային նպատակը արեւմտահայությանն անխուսափելի ջարդերից փրկելն էր, ռուսահայ կամավորականների նկատմամբ թուրքական անխուսափելի ցասման մեղմացումը, իսկ մյուս հարցերը կլուծվեին ապագայում: Հայտարարվեց հայկական կամավորական ջոկատների ստեղծման մասին: Դրանք մեծաքանակ չէին՝ երկուական 1000 ընտրյալ մարտիկներ Տարոնից ու Վանից: Ռուսական բանակի կողմից կռվող հայ կամավորների թիվն ավելի մեծ չէր: Կարեւորը քանակը չէր, այլ բուն փաստը: Հետագայում կամավորների քանակը մեծացավ, քանի որ հայ զորակոչիկների համար նախընտրելի էր մտնել այդտեղ, քան բուն թուրքական բանակ: Թուրքերը, սակայն, հայկական ջոկատների քանակը որոշակի չափի մեջ էին պահում՝ չցանկանալով դրանց հետագա մեծացումը:
Ռուբենի եւ Իշխանի հրամանատարությամբ հայկական ջոկատները մասնակցեցին Սարիղամիշի ճակատամարտին 1914-15-ի ձմռանը, որին երկու կողմից մասնակցում էին նաեւ զորակոչիկ հայերը (երկու կողմից զորակոչիկ հայերի մասնակցությունը ճակատամարտին վերցված է իրական պատմությունից): Թուրքական զորքի հետ Ռուբենն ու Իշխանն էլ նահանջեցին պարտությունից հետո: Հայկական ջոկատներն ունեցան առաջին կորուստները, բայց նաեւ աչքի ընկնող ծառայություններ մատուցեցին թուրքական բանակին:
Այդ ժամանակ արդեն Ռուբենի եւ Իշխանի անունները դարձել էին դավաճանության հոմանիշ արեւելահայ գործիչների մեջ: Նրանք ոչ միայն պաշտոնապես հեռացված էին Դաշնակցությունից, այլեւ հայտարարված մահապարտ: Իսկ մամուլը՝ «հեղափոխական», լիբերալ, թե պահպանողական, նրանց միաբերան անվանարկում էր որպես վերջին սրիկաների, ոչ միայն հայության, այլեւ մարդկության բարձր իդեալներին դավաճանած, բարբարոս թուրքի հետ դաշնակցած եղբայրասպաններ: Ոչ միայն քաղքենի վերնախավը, այլեւ ազնիվ մարտիկներն անկեղծ ատելությամբ էին լցված իրենց երբեմնի ավագ ընկերների ու հերոսների նկատմամբ: Շատ քչերն էին, թեկուզ միայն իրենց մտքերում, առանց բարձրաձայնելու հասկանում Ռուբենի ու Իշխանի ինքնազոհ քայլի իրական տրամաբանությունը, դրա անգնահատելի օգուտը հայկական գործին՝ անկախ պատերազմի արդյունքից: Ժամանակի ընթացքում հասկացողների թիվը ստվարանալու էր:
1915-ի գարնանը ռուսները սկսեցին հարձակողական գործողությունները Վանի ուղղությամբ: Թուրքական բանակը նահանջում է, իրավիճակը բարդանում է: Իշխանը ստանում է թուրքական հրամանատարության թույլտվությունը Վանի վիլայեթի հայերից կազմակերպել ավելի մեծ հայկական ռազմական միավոր: Նահանջող եւ կարգապահությունը կորցնող թուրքական զորքի փոխարեն Իշխանի գլխավորած հայկական ջոկատները փաստորեն ստանձնում են Վանի պաշտպանությունը ռուսներից: Ռուբենի ջոկատը միաժամանակ կռվում է Մանազկերտի ուղղությամբ: Մոտ երկու ամիս է տեւում Վանի պաշարումը եւ հայկական ջոկատների դիմադրությունը, մինչեւ թուրքերը կարողանում են վերակազմակերպվել, նաեւ հավելյալ ուժեր ստանալ թիկունքից: Իշխանը պաշտոնապես նշանակվում է Վանի նահանգապետ Օսմանյան կառավարության կողմից: Բացի այդ, հռչակվում եւ Թուրքիայի ու նրա դաշնակիցների կողմից ճանաչվում է ժամանակավորապես, մինչեւ պատերազմն անփոփոխ խաղաղության կոնֆերանս հայկական կառավարություն, որի գլուխ է նշանակվում Ռուբենը, ներքին գործերի նախարար՝ Իշխանը, զինվորական նախարար՝ Կարո Սասունին: Այս կառավարությունն իրավասու է հայտարարվում ոչ միայն ժամանակավոր կառավարել Տարոնի եւ Վանի հայության գործերը, այլեւ ապագայում ռուսներից ազատված հայաբնակ շրջանները:
Վանի պաշտպանությունն ավարտվում է ռուսական պարտությամբ, սակայն պաշարման վերջին օրերին՝ վերջնական հաղթանակից առաջ, մարտում վիրավորվում եւ մահանում է Իշխանը: Նրա մահվան մասին տարբեր վարկածներ տարածվեցին: Ասում էին, որ նրան սպանել է ռուսական կողմից կռվող հայ մարտիկներից մեկը՝ ի կատարումն մահապատժի կուսակցական որոշման: Մյուսներն ասում էին, որ անհանգստացած Իշխանի հաջողություններից, սպանությունը կազմակերպել է հենց թուրքական հրամանատարությունը: Այս տարբերակներից որեւէ մեկն այդպես էլ հաստատում չստացավ:
Վանի պաշտպանության արդյունքը սակայն եղավ հայերի իրավունքների ավելի լայն ճանաչումը թուրքերի կողմից, իսկ հայկական ջոկատներն ավելի լուրջ գործոնի վերածվեցին: Իրենց հերթին ռուսները, որոնք թուրքերի նման միշտ էլ կասկածանքով էին նայում իրենց կողմից կռվող հայկական կամավորներին եւ հետեւում էին, որ նրանց քանակը չանցնի որոշակի սահմանը, նույնպես ստիպված էին ավելի սիրաշահել հայերին եւ ավելի մեծ հնարավորություններ տալ: Հայկական կառավարության հռչակումն ու Իշխանին՝ թեկուզեւ հետագայում սպասված նահանգապետ նշանակելը լուրջ հարցեր էր առաջացնում ռուսահայ միջավայրում: Ինչո՞ւ հայկական կառավարության մասին խոսք չկա Ռուսաստանում, ինչո՞ւ հայկական ինքնավարության, էլ չասած՝ անկախության մասին խոստումները մնում են օդի մեջ, աննյութական: Ռուսական կառավարությունը, ի պատասխան սրա, փորձում է մեծացնել հայկական զորամիավորումների դերը, կարգավիճակը եւ ռեսուրսները: Իսկ Տարոնում ու Վանում, չնայած ռազմական իրավիճակին, հայությունն ավելի թեթեւ է սկսում շունչ քաշել: Ստեղծվում են ժամանակավոր հայկական վարչություններ, որոնք եղած պայմանների համեմատ սկսում են հոգալ տեղի հայության կարիքները:
1916 ԹՎԱԿԱՆԸ, ՍԱԿԱՅՆ, ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ԷՐ ՌՈՒԲԵՆԻ ԵՒ ՆՐԱ ԲՌՆԱԾ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ: ՌՈՒՍՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՈՂՋ ՃԱԿԱՏՈՎ՝ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ:
Թուրքական բանակն ի զորու չի լինում երկար դիմադրել: Մեկը մյուսի հետեւից գրավվում են Էրզրումը, Վանը, ռուսները հասնում են Մշո դաշտ: Ռուբենի ջոկատներն այստեղ դիմադրություն են կազմակերպում, բայց տեւական մարտերից հետո ստիպված են նահանջել: Հայկական ինքնակառավարման նոր սկսված գործը ձախողվում է: Ռուբենի ջոկատները նահանջում են թուրքերի հետ, մնացած հայերը մնում են իրենց տեղերում՝ թուրքերի եւ քրդերի հետ:
Հաստատվելով Արեւմտյան Հայաստանի մեծ մասում, ռուսներն աստիճանաբար փոխում են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ: Նրանք հայերի մեջ ավելի շատ սպառնալիք են տեսնում, քան դաշնակից: Զինաթափում են գրաված տարածքների հայ բնակչությանը: Մեղմ ու ներողամիտ քաղաքականություն են վարում տեղում մնացած քրդերի ու թուրքերի նկատմամբ: Վերացնում են հայկական ինքնակառավարման մարմինները՝ պատճառ բերելով պատերազմական իրավիճակը: Հաջորդիվ վերացնում են հայկական կամավորական ջոկատները՝ տարրալուծելով ընդհանուր ռուսական հրամանատարության տակ գործող կանոնավոր ստորաբաժանումների մեջ: Իրական՝ ոչ այլընտրանքային պատմության մեջ էլ ռուսները 1916-ին վերացնում են հայկական կամավորական ջոկատները, ինչը հայկական միջավայրում մեծ հիասթափության եւ ընկճվածության առիթ է դառնում:
Հայկական շրջաններում տիրապետող է դառնում հիասթափության եւ ընկճվածության տրամադրությունը: Վերջապես շատերը հասկանում են, որ հերթական անգամ սխալվել են իրենց հաշվարկներում: Երբ աշխարհի բարուն ու չարին հավատացող էնտուզիաստիկ պատրանքը թուլանում է, շատերն են սկսում նորովի գնահատել Ռուբենի եւ Իշխանի անուններն ու նրանց արած գործը, թեեւ առայժմ՝ առանց բարձրաձայնելու: Մյուսները՝ ավելի համառ իրենց հիմար հավատքում, հակառակը, մեղադրում են Ռուբենին ու Իշխանին՝ որպես ռուսների անվստահության պատճառ հայերի նկատմամբ:
Այս ամենը, սակայն, ոչ օգուտ էր, ոչ վնաս թուրքերի հետ Խարբերդ նահանջած Ռուբենին: Նրա վիճակն առավել անորոշ ու անհեռանկար էր, քան երբեւէ: Թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ նույնպես սառչում է, Ռուբենի աստղը սկսում է մարել:
Ռուսական հաղթանակը թվում էր անշրջելի, եւ Ռուբենը չի գտնում իր անելիքը նոր իրավիճակում: Որպես մասնակի ելք՝ նա առաջարկում է իր զինակիցների մի մասին Կարո Սասունու գլխավորությամբ վերադառնալ Երկիր: Իբր, նրանք խզում են կապը Ռուբենի հետ, ընդունում իրենց սխալները եւ ներում խնդրում: Ծրագիրը ռիսկային էր, որովհետեւ հայտնի չէր, թե որքանով իրենց հաղթանակից հղփացած ռուսները կուզեին ընդունել «դավաճաններին»: Համենայնդեպս, եթե դա ստացվեր, կարելի էր փորձել որոշակի կապ ստեղծել գոնե Տարոնի հետ, նաեւ ընդհատակյա աշխատանքով փորձել կազմակերպել ժողովրդին: Որքան էլ ռիսկային, սակայն գործելու այլ տարբերակներ չէին էլ մնում: Մտավախությունները սակայն ավելորդ էին: Ռուսները, ինչպես եւ արեւելահայ «առաջադեմ մտավորականությունն» ընդունում են Ռուբենի զինակիցների կարծեցյալ «դավաճանությունը»: Համատարած հիասթափության շրջանում արեւելահայ ջոջերին կարեւոր էր թվում փաստել, որ իրենց ընտրած ուղու ճիշտ լինելն այժմ հաստատվում է նաեւ «հակառակորդի» կողմից, հրապարակավ հրճվում էին, որ «եղբայրասպան եւ թուրք Ռուբենը» մենակ եւ լքված է մնացել: Վերահաստատվելով Տարոնում՝ «դավաճանների» խումբը Սասունու գլխավորությամբ աստիճանաբար եւ զգուշորեն փորձում է կազմակերպել ժողովրդին՝ նախապատրաստվելով Հայաստանի հնարավոր անկախացմանը: Նրանք կապ են հաստատում Արամի հետ, որը նույն գործը փորձում է կազմակերպել Վանում:
1917-ի Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում նոր իրավիճակ է ստեղծում: Արեւելահայ գործիչները, ուղնուծուծով «ռուսական դեմոկրատիայի» ծնունդ լինելով, գլխովին ընկղմվում են նոր գործընթացի մեջ: Նրանց երազանքներում «ռուսական դեմոկրատիայի» հորձանուտում ինքնաբերաբար լուծվում էին նաեւ բոլոր տեսակի ազգային հարցերը: Հայաստանի անկախության կամ թեկուզ ինքնավարության խնդիրը մոռացվում եւ երկրորդ պլան է մղվում: Մյուս կողմից, ավելի ազատ է դառնում վիճակն Արեւմտյան Հայաստանում: Հնարավոր է լինում որոշ չափով շունչ քաշել եւ ավելի հանգիստ ու բացահայտ ներքին ինքնակազմակերպչական աշխատանք տանել: Բայց հայության երկու հատվածի՝ միմյանցից կտրվածության, երկու տարբեր միտման մեջ լինելու պատճառով այդ կազմակերպչական աշխատանքը չի ստանում բավարար կենտրոնացված, մտածված բնույթ (1917-ի փետրվարին հետեւած այս իրողությունները նույնպես «փոխառված են» իրական պատմությունից):
1917-ի ընթացքում ռուսական բանակի կարգապահությունն ու մարտունակությունը գնալով անկում է ապրում: Ձախողվում են Կովկասյան ճակատում նոր՝ լայնածավալ հարձակման ծրագրերը: Ճակատի գիծը մնում է նույնը, մինչեւ տարվա վերջ: 1917-ի հոկտեմբերին տեղի ունեցած Բոլշեւիկյան հեղափոխությունը վերջնականապես կազմալուծում է ճակատը:
Սկսվում է ռուսական զորքի մեծ նահանջը, փաստացի փախուստը, եւ 1918-ի սկզբի դրությամբ այլեւս ռուսական զինված ուժ Կովկասում եւ Հայաստանում չի մնում: Իրավիճակը կրկին արմատապես փոխվում է:
Ռուսական զորքերի նահանջից հետո թուրքերը նախապատրաստվում են հարձակման Հայաստանի եւ Կովկասի ուղղությամբ, որտեղ ճակատն այժմ պահում են հայկական ուժերը միայն: 1918-ի ձմռան վերջին սկսած հարձակման ժամանակ թուրքերը հաջողության են հասնում հյուսիսային ուղղությամբ՝ գրավելով Երզնկան, եւ ուժեղ մարտերից հետո՝ Էրզրումը: Սակայն հարավում՝ Մուշի, Բիթլիսի եւ Վանի ուղղությամբ, ուր նախապես տարվել էր մեծ կազմակերպչական աշխատանք հայերի կողմից թուրքական գրոհը ձախողվում է: Դիմադրությունն ուժեղ էր նաեւ Կարսի ուղղությամբ, ուր թուրքերի որոշակի առաջխաղացումից հետո պատերազմը ստանում է դիրքային բնույթ: Այդուհանդերձ, Էրզրումի անկումը բարդացնում է Վանի, առավել եւս՝ Տարոնի պաշտպանությունը, որոնք գրեթե պաշարման մեջ են հայտնվում: Մյուս կողմից էլ, թուրքերը, Կարսի մոտ դիմադրության հանդիպելով եւ չկարողանալով նաեւ արագ լուծել Վանի եւ Մշո դաշտի խնդիրը, հայտնվում են դիրքային փակուղում: Երկու կողմն էլ սկսում է մտածել փոխհամաձայնության ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այստեղ է, որ թուրքերը նորից դիմում են Ռուբենի օգնությանը, որն այդ ընթացքում փաստացի տնային կալանքի տակ էր:
Ռուբենի միջնորդությամբ կազմակերպվում են հայ-թուրքական բանակցությունները: Բարդ ու տեւական խոսակցություններից հետո պայմանավորվում են, որ նախկին Ռուսահայաստանը հռչակվում է անկախ եւ ռազմաքաղաքական դաշինք կնքում Օսմանյան կայսրության հետ, Վանում ու Տարոնում հռչակվում է հայկական ինքնակառավարում՝ սեփական կառավարությամբ ու զինված ուժերով, բայց Օսմանյան կայսրությունը Վանում նշանակում է իր ներկայացուցչին, ինչպես նաեւ վերադառնում են թուրքական զորքերը: Առավել բարդ է լինում Կարսի հարցի քննարկումը: Թուրքերը պահանջում են, որ հայկական անկախության, ինչպես նաեւ Վանի ու Տարոնի ինքնավարության ճանաչման դիմաց իրենց զիջվի Կարսը: Հայերը բնականաբար դեմ են արտահայտվում այս առաջարկին: Վերջում, սակայն, հայկական կողմը ստիպված է լինում զգալիորեն զիջել այս հարցում, քանի որ թուրքերի ռազմական դիրքերն Էրզրումի գրավմամբ ավելի ամուր էին, եւ Վանի ու Տարոնի պաշտպանությունը խնդրահարույց էր տեւական ժամանակով երկարացնելը: Պայմանավորվում են, որ Կարսում իրականացվում է համատեղ հայ-թուրքական կառավարում, եւ թուրքական զորքերը տեղավորվում են Կարսի բերդում: Սրա փոխարեն թուրքերը համաձայնում են անկախ հռչակած Արեւելյան Հայաստանին զիջել Օսմանյան կայսրության մաս կազմող Բայազետը, որով ապահովված կլիներ Վանի եւ Արարատյան դաշտի կապն Իգդիրով, իսկ Ալաշկերտը ճանաչել Ինքնավար Արեւմտյան Հայաստանի մաս, թեեւ հայկական բնակչությունն այդտեղ փոքրամասնություն էր դեռ 19-րդ դարից սկսած: Այս սահմաններով էլ երկու Հայաստանն էլ գոյատեւում են եւ արագ ու հաջող ինքնակազմակերպվում 1918-ի ընթացքում:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈՒԽ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԻՍԿ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Երբ 1918-ի ավարտին թուրքական զորքերը Առաջին համաշխարհայինում գերմանական բլոկի պարտությունից հետո հեռանում են Կովկասից, միավորվում են երկու Հայաստանները, եւ հռչակվում է Միացյալ Անկախ Հայաստան, որի մասն է դառնում նաեւ Կարսը: Նոր պետության սահմանների մեջ մտնում են Ղարաբաղը, Նախիջեւանը, Վանը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը: Հայկական զորքերը կանգ են առնում Էրզրումի մատույցներում: Հայկական պետությունը, չնայած խնդիրներին, բավականին կենսական տարածք եւ զարգացման հիմք է ունենում: Հայկական բանակը զարգանում է ոչ միայն եւ ոչ այնքան ռուսահայ սպայական կազմի, որքան հեղափոխական ճանապարհ անցածների հիմքով:
Երբ 1920-ի առաջին կեսին ռուսները, ի դեմս բոլշեւիկների, վերադառնում են Հարավային Կովկաս, նրանց դիմակայում է տարածքով բավականին մեծ եւ ներքուստ համեմատաբար ամուր Հայաստանը, որը մեկ հարվածով գրավելը բարդ խնդիր է: Հայաստանը նաեւ երաշխիք է դառնում Վրաստանի անկախության համար: Կնքվում է հայ-վրացական ռազմական դաշինք: Հատկապես լավ կազմակերպված մարտական ոգին ու պատրաստականությունը բարձր, անկախության գաղափարը կրող Վանի եւ Տարոնի հայությունը դառնում է նոր մարտահրավերին դիմադրելու ամուր ու հուսալի հիմք:
1920-ի օգոստոսին՝ Սեւրի պայմանագրի կնքումից հետո, հայկական բանակը պատրաստվում է պետության սահմանների նոր ընդարձակման: Սեպտեմբերի երկրորդ կեսին հայկական զորքերը սկսում են գրոհը երկու ուղղությամբ՝ Կարսից ու հարավից, եւ ամիսուկես տեւած մարտերից հետո՝ հոկտեմբերի 30-ին, ազատագրում են Կարնո բերդը՝ Էրզրումը: Քեմալական շարժումը Թուրքիայում պարտվում է՝ այդպես էլ չհասցնելով ծավալվել: Նոր Թուրքիան հաշտվում է կորուստների հետ եւ նույնիսկ դաշինք կնքում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով ռուսական-բոլշեւիկյան առաջընթացի ընդհանուր վտանգը: Հայաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ 1921-ի փետրվարին հակաբոլշեւիկյան ապստամբություն է բարձրանում Ադրբեջանում, որը հաջողությամբ է ավարտվում, եւ բոլշեւիկները դուրս են մղվում Այսրկովկասից: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ հռչակվում է Կովկասյան դաշնություն:
Ռուբեն Տեր-Մինասյանն առաջնորդում է հայկական զորքը Էրզրումի գործողության ժամանակ՝ 1920-ի աշնանը: Նա մահանում է հոկտեմբերի 28-ն՝ սկսած վճռական գրոհի ժամանակ, թշնամու գնդակից: Էրզրումի հաղթանակը հայկական բանակը նվիրում է նրա հիշատակին: Նա ավարտում է այնտեղ, որտեղից սկսել էր 6 տարի առաջ՝ Էրզրումի ժողովից մինչեւ Էրզրումի ազատագրում: Կարինը համարում էր Հայկական Լեռնաշխարհի ռազմավարական կենտրոնը, հայոց պատմության առանցքը:
Հ.Գ. - Այս պատմությունը գրելիս նպատակ չեմ դրել, եւ չէի կարող դնել՝ ճշգրիտ մանրամասներով «վերականգնել» բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք կարող էին հետեւել ընդամենը մեկ որոշումից՝ եթե Ռուբեն Տեր-Մինասյանի 1914-ի առաջարկն իրականություն դառնար: Տարբերակների եւ ենթատարբերակների հնարավոր ճյուղավորումը գրեթե անսպառ է 1914-21 թթ. անընդհատ փոփոխվող իրավիճակում: Ես փորձել եմ հնարավորինս մոտ շարադրել իրական պատմությանը՝ միայն մեկ կարեւոր փոփոխական մտցնելով՝ թուրքերի կողմից հայկական կամավորական ջոկատների ստեղծումը: Իմ խնդիրն էր ցույց տալ, որ կա այնպիսի այլընտրանքային հնարավորություն, որտեղ Մեծ եղեռնը չի լինում: Դա ամենակարեւորն է: Ինչ էլ լիներ հետո, ով էլ հաղթեր պատերազմում, արդեն այդքան էլ էական չէ, քանի որ եթե պահպանվեր հայոց հայրենիքը, կպահպանվեր այն հողը, այն հիմքը, որի վրա մի օր կարմատավորվեր ավելի ընդարձակ ու կենսունակ հայոց պետությունը, քան ունենք այսօր: Ես ցանկացել եմ ցույց տալ, որ պատմության մեջ չկա կամ շատ քիչ է պատահում որեւէ՝ բացարձակապես անհրաժեշտ, անխուսափելի իրավիճակ:
Ինչպես եւ ցանկացած պատմական, թեկուզեւ այլընտրանքային պատմական շարադրանքի մեջ, անխուսափելին միայն կապն է ներկայի հետ՝ արդիական խնդիրների հետ ուղղակի կամ անուղղակի թելերը: Մեծ եղեռնն ունի իր անմիջական պատասխանատուն՝ Օսմանյան կառավարությունը: Մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ մեծ տերությունները՝ թուրքերին դաշնակից թե հակառակորդ: Բայց ես ցանկացել եմ ցույց տալ ավելին: Մեծ եղեռնի պատճառներից մեկը ու ոչ անկարեւորը հայկական վերնախավի կույր հավատքն էր «քաղաքակիրթ աշխարհին», «միջազգային հանրությանը», «մարդկության առաջադիմականությանը»: Այս հավատքը ոչ միայն բնորոշ էր, այլեւ հիմքերի հիմքն էր գրեթե բոլոր՝ այլ հարցերում իրար հակադիր քաղաքական հոսանքների համար: Հայ լիբերալը, հայ պահպանողականը, հայ մարքսիստը իրենց բոլոր հակադրություններով հանդերձ նույն հավատքի, նույն այդ «կաթողիկե եւ առաքելական եկեղեցու» զավակներն էին: Եվ նույնիսկ անվանապես հեղափոխական կուսակցությունները զգալի չափով այդ նույն «աշխարհիկ կրոնի» կրողներն էին: Միայն փոքրամասնությունը հայ գործիչների՝ նրանք, ովքեր երիտասարդ տարիքից անցել էին իրական՝ ընդհատակյա եւ զինված քաղաքական պայքարի փորձի դպրոցով, կարողացել էին հասնել մի կարեւոր շեմի, որից այն կողմ բացվում էին աշխարհի իրական՝ ոչ հավատքային, ոչ կրոնական կառուցվածքները: Նրանց թվում էր նաեւ Ռուբեն Տեր-Մինասյանը: Միայն գիտակցության այդ փոխակերպման շնորհիվ էր հնարավոր Ռուբենի՝ ոչ միայն «հերետիկոսական», այլեւ պարզապես «հակաեկեղեցական»՝ բոլոր ընդունված պատկերացումներին դեմ գնացող առաջարկը, որը, սակայն, իրականություն չդարձավ: Իրավիճակը շատ տարբեր չէ նաեւ այսօր: Այսօր էլ անկախ բոլոր տարաձայնություններից հայկական քաղաքական ու հանրային հոսանքների ճնշող մեծամասնությունը մնում է նույն այդ դավանանքի սահմաններում, նույն «հավատքն աշխարհին» կամ աշխարհում տեղի ունեցող Բարու եւ Չարի պայքարին սահմանում է հոսանքների պայքարը: Առանձին բացառությունները եղանակ չեն ստեղծում: Բայց փոխվում է համաշխարհային մթնոլորտը: Եթե «հավատքը» դեռ ամուր է հայկական վերնախավի գլխում, ապա աշխարհում այն ճեղքեր է տալիս, որոնց արձագանքները հասնում են մեզ: Եվ մենք դեռ ականատես ենք լինելու շատ ավելի հետաքրքիր ու այսօրվա տեսակետից անսպասելի, հիրավի այլընտրանքային զարգացումների:
Շարունակելի