Հայոց պատմությունն
առանց Մեծ եղեռնի.
Մաս III` Հետգրություն.
Ռուբեն Տեր-Մինասյանը
առանց Մեծ եղեռնի.
Մաս III` Հետգրություն.
Ռուբեն Տեր-Մինասյանը
Որպես հետգրություն այլընտրանքային պատմության շարքի այս հատվածի՝ ճիշտ ենք համարում մի ակնարկ նվիրել դրա գլխավոր հերոսին՝ Ռուբեն Տեր-Մինասյանին:
Կրակ եՎ սառույց
Ռուբեն Տեր-Մինասյանը Հայաստանի հիմնադիրներից է, բարդ ու հետաքրքիր պատմական, ասենք նաեւ՝ գեղարվեստական կերպար, բավականին ուշագրավ գրավոր ժառանգություն թողած: Ցավալի է, որ անկախ Հայաստանի 3-րդ տասնամյակում սովորական հայի համար Ռուբենի անունը պակաս ծանոթ է մնում, քան, ասենք, Միկոյանի կամ Վորոշիլովի անունները:
Մեղադրելու խնդիր չէ: Չճանաչելն ունի առարկայական հիմքեր: Բացի սովետական՝ դեռ կենդանի ավանդույթից, Ռուբենի դեպքում կան նաեւ որոշ յուրահատուկ հանգամանքներ: Ռուբեն Տեր-Մինասյանը պարտվել է իր կյանքի գլխավոր ճակատամարտը՝ հայ-թուրքական 1920 թվի պատերազմը, որի ընթացքում եղել է զինվորական նախարար, բայց նաեւ երկրի փաստացի առաջին դեմք, Դաշնակցության ոչ պաշտոնական առաջնորդ: Արամ Մանուկյանի մահից հետո հենց Ռուբենն է եղել իր սերնդի գործիչների մեջ կիսալեգենդար այն կերպարը, որից սպասում էին թեկուզ անհնարինը: Եթե Արամը հաղթեց իր կյանքի ճակատամարտը՝ Սարդարապատը, ապա Ռուբենը պարտվեց ոչ միայն իր, այլեւ հայոց պատմության նորագույն շրջանի ամենավճռական կռիվը:
Կարելի է բազմաթիվ առարկայական պատճառներ բերել, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց փաստը մնում է փաստ՝ վճռական պահին Ռուբենը չկարողացավ լինել հայ ժողովրդի այն առաջնորդը, որը պետք է, հակառակ պայմաններին, ապահովեր 30 տարի տեւած հայկական հեղափոխության հաղթական ավարտը: Եվ այստեղ էլ հարցը մեղադրանքը չէ, ոչ էլ արդարացումը, այլ փաստագրումն ու հասկանալը: Պարտվողներին չեն հիշում, նույնիսկ եթե, բացի պարտությունից, նրանք ունեցել են նաեւ հաղթանակներ ու բազմաթիվ արժանիքներ: Արամին կամ, օրինակ, Նժդեհին այսօր հիշում եւ ճանաչում են ավելի՝ թեկուզ շատ անգամ ձեւականորեն, ծիսականորեն, առանց խորանալու կերպարների բարդության մեջ, բայց հիշում են, որովհետեւ նրանք հաղթել են:
Կա, սակայն, եւ այլ՝ մասնավոր պատճառ: 1920-ականներից մինչեւ մահը՝ 1951-ը, Ռուբենը եղել է Դաշնակցության փաստացի ղեկավարը: Նրա եւ այդ ժամանակվա Դաշնակցության բյուրոյի քաղաքական գիծը, եթե զգույշ ձեւակերպենք, բավականին տարբեր էր հետագա՝ 1960-ականներից ցայսօր հայտնի Դաշնակցության գծից: Դրա գլխավոր շեշտը Հայաստանի անկախությունն էր, հակասովետական կողմնորոշումը, որից էլ բխում էին փորձերը՝ լեզու գտնելու Կովկասյան հարեւանների, նաեւ Թուրքիայի հետ: Համաձայնեք, սա այնքան էլ ցանկալի հուշ չէ այսօրվա ՀՅԴ-ի համար: Դրա համար Ռուբենից մնում է ավելի շատ անունը, «նկարը», բայց գրեթե երբեք ոչ ավելին:
Մենք չենք պատրաստվում տալ այստեղ գործչի դասական կենսագրություն՝ ծնվեց, գործեց, մեռավ... Դա քիչ բան կտար մեր շարադրանքին, եւ բացի այդ, ցանկացողն ամեն դեպքում այդ տվյալները կարող է եւ ինքնուրույն գտնել: Մեզ ավելի հետաքրքիր է կերպարի ամբողջությունը վերագտնել, դրա՝ հատկապես գեղագիտական, ոճաբանական տարրերով հանդերձ: Մենք հեռու ենք դասագրքային մոտեցումից՝ անխնա հերոսացում կամ նույնքան անխնա սեւացում: Մեզ պետք է կենդանին, որն անհրաժեշտաբար հակասական է, բարդ, բազմերանգ, նաեւ՝ մի կողմից անհրաժեշտաբար անհատական է, յուրահատուկ, մյուս կողմից՝ տիպական, նույնիսկ՝ արխետիպային:
Ռուբենը որպես արխետիպային կերպար
Ցանկացած պատմական կերպար բաղկացած է երկու հիմնարար մասից:
Նա մի կողմից իր ժամանակի ծնունդն է, իր ժամանակի արտահայտումը, եւ իր ժամանակից դուրս բացարձակ անհասկանալի, անմեկնելի ու մեռյալ:
Մյուս կողմից, եթե նա իրոք ուժեղ, շեշտված անհատականություն է, ապա նաեւ ժամանակից դուրս է, մարմնավորում է մի արխետիպի, մի նախնական ոգու, ինքնին հայտնի ու ընկալելի տիպարի, մի ոճի:
Ռուբեն Տեր-Մինասյանի մեջ արխետիպայինը, ոճականը ակնհայտ է եւ շեշտված: Ռուբենը սառը, ինչ-որ տեղ նույնիսկ մռայլ, «սեւ» հերոսներից է: Նրա այդ սառնությունը, «հեռավորությունը»՝ դիստանցավորվածությունը զգացվում է նույնիսկ մեծ տարածության վրա: Դա զգալու համար պարտադիր չէ կենդանի շփումը, ոչ էլ ժամանակակիցների վկայությունները նրա մասին: Սառնությունն ու տարօրինակությունը հորդում է նրա գրվածքներից, դատողությունների ոճից, տարբեր իրավիճակներում արտահայտած տեսակետներից, ի վերջո նրա ճակատագրից:
Հենց թեկուզ հիշելով 1914-ի նրա առաջարկը՝ թուրքերի կողմից կամավորական ջոկատներ ստեղծելու մասին. 1914-ին էլի կային մարդիկ, որոնք դեմ էին ռուսների կողմից հայերի կռվելուն, թուրքերի հետ բացարձակ թշնամանալուն, բայց միայն Ռուբենի «անդրաշխարհային», կարծես զգացմունքներից զուրկ մտածողությունը կարող էր ձեւակերպել հայ իրականության մեջ այս դժվար պատկերացնելի առաջարկը՝ հայկական կամավորական ջոկատներ, որոնք պետք է կռվեին թուրքերի կողմից:
ՆՐԱ ՀԱՄԱՐ ԿԱՐԾԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ, ԿԱՂԱՊԱՐՆԵՐ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ:
Հայկական գիտակցության կրողը պետք է շատ բան հաղթահարի այսպիսի մոտեցում ձեւակերպելու համար: Ընդ որում՝ Ռուբենը դա անում է՝ լինելով թուրքերի դեմ կռվի մեջ իր կյանքի բոլոր կարեւոր պահերին: Մեկը մյուսին չի խանգարում, ինքն իր մեջ էլ կարծես կարողանում է տարբերակել իրականությունները, անկողմնակալ լինել յուրահատուկ սառցե անկողմնակալությամբ:
Սառցե հերոսը
Երեւի լավագույնս բացահայտվում է Ռուբենի կերպարը Արամ Մանուկյանի հետ համեմատելով: Այս երկուսը կարծես առասպելական հին երկվորյակ լինեն, նույն նյութից սարքված, բայց միաժամանակ ամեն ինչում իրար հակադիր՝ տաք ու սառը, մարդկային-մարդամոտ եւ հեռու, միշտ հաջողակ եւ հակառակը՝ նույնիսկ հաջողություններում միշտ ողբերգության, անելանելիության երանգով:
Արամն ու Ռուբենը նույն սերնդից են, միասին են սկսել իրենց հեղափոխական գործունեությունը՝ երիտասարդ տարիքում. 20 տարեկանները հազիվ լրացած՝ դարձել են ազատագրական պայքարի կարեւորագույն երկու շրջանի՝ մեկը՝ Վանի, մյուսը՝ Տարոնի ու Սասունի ղեկավարները: Երկուսն էլ ստանձնել են այդ դերը ծանրագույն պահին՝ 1904-ի Սասնո ապստամբության պարտությունից եւ ֆիդայական ուժերը երկրից դուրս բերելուց հետո:
Հետաքրքիր է, որ նախքան երկիր տեղափոխվելը, Արամը համարում էր, որ կարեւորագույն շրջանը Սասունն է, եւ հեղափոխական կենտրոնը հենց այնտեղ պետք է լինի, իսկ Ռուբենը, հակառակը, այդպիսին համարում էր Վանը: Եվ ճակատագիրն արդեն այստեղ կարծես մի խաղ է խաղում երկուսի գլխին. Տարոնը կարեւորողը դեպքերի բերմամբ դառնում է Վանի ղեկավարը, իսկ Վանը կարեւորողը՝ Տարոնինը:
1915-ին երկուսն էլ ղեկավարում են իրենց շրջանների ինքնապաշտպանությունը: Արամը հաջողությամբ կարողանում է դիմադրել Վանում երկու ամիս, մինչեւ ռուսների գալը, եւ նշանակվում է Վանի նահանգապետ: Ռուբենը 7 ամիս դիմադրում է Սասունում, ապա կրակելով վերջին փամփուշտը՝ ստիպված է լինում հրաման տալ ողջ մնացածներին՝ փախչել եւ փրկվել ո՛վ ինչպես կարող է՝ հասնելով դեպի ռուսական ճակատ: Չնայած 7 ամիս դիմադրած Սասունի պարտության պատճառներն ակնհայտ են, բայց այստեղ արդեն երեւում է երկուսի ճակատագրերի տարբերությունը: Վանի ինքնապաշտպանությունը համարվում է հաջող դիմադրության դասական օրինակ: Սասունի ինքնապաշտպանությունն ունենում է ողբերգական ավարտ, եւ բացի այդ էլ, հետագայում շատերը հարցականի տակ են դրել Ռուբենի որոշումը՝ ամրանալ միայն Սասունում՝ թողնելով Մշո դաշտը, որը նա անհնար էր համարում պաշտպանել: Որոշումը բնականորեն միանգամայն հասկանալի էր, բայց զգացմունքային տեսակետից՝ նույնիսկ ցայսօր չմարսված: Երբ Ռուբենը, մի բուռ սասունցիներով մի կերպ ճեղքելով ճակատի գիծը, վերադառնում է Կովկաս, Դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմը կարճ հարցնում է նրան՝ ինչո՞ւ եկար: Այսինքն՝ ինչո՞ւ չմեռար Սասունում:
1918-ին Ռուբենը Թիֆլիսում է՝ Ազգային խորհրդում, Արամը՝ Երեւանում: Ռուբենը 1918-ի մայիսին դեմ է քվեարկում Հայաստանի անկախության մասին որոշմանը (եթե հիշողությունս չի խաբում՝ երկու դեմ քվեարկողներից մեկն է): Նրա սառը, հաշվարկող բնավորությանը պետք է խորապես խորթ լիներ նման որոշմանը կողմ քվեարկելը 1918-ի մայիսի պայմաններում: Նույն ժամանակ Արամ Մանուկյանը Երեւանում կերտում է Հայաստանի իրական, ոչ «քվեարկած» անկախությունը: Նա 18-ի ամբողջ գարնանը քարոզում է եւ կազմակերպում դիմադրություն թուրքական արշավանքին՝ դիմադրություն, որի հաջողմանը չէր հավատում ոչ ոք: Հայկական բանակի սպայակազմը կանխորոշված էր համարում Երեւանի հանձնումը եւ նահանջը դեպի Արագած ու Սեւան (թե հետո ո՞ւր նահանջել, հայտնի չէր): Երեւանի քաղաքային դումայի անդամները մտորում էին, թե ինչպես պետք է աղուհացով դիմավորեն թուրքերին: Ժողովուրդն է, որ հավատում է Արամին եւ նրան հռչակում դիկտատոր: Ժողովրդական շարժումը փոխում է զորքի տրամադրությունը, եւ Սարդարապատում հայերը հաղթում են: Սա Արամի երկրորդ ու վերջին մեծ հաղթանակն էր: Նա մահանում է դրանից մեկ տարի անց՝ 1919-ի սկզբին: Ի հակադրություն նրա՝ Ռուբենն ապրում է անհամեմատ երկար եւ տանուլ է տալիս իր «Սարդարապատը»:
Արամի մահից հետո Հայաստանը ղեկավարող Դաշնակցության փաստացի առաջին դեմքը մնում է Ռուբենը: Նա չի սիրում երեւացող դերեր: Նրա ղեկավարման ոճը ստվերային է, նաեւ՝ չմիջամտող, հեռավոր, ոչ ուղղակի: 1920-ի մայիսյան ապստամբությունից հետո նա ստիպված էր դուրս գալ ստվերից եւ ստանձնել պաշտոնական դեր. նոր՝ բացարձակապես ՀՅԴ բյուրոյից կազմված կառավարությունում որպես զինվորական նախարար: Դրանք նրա կյանքի ամենավճռական ամիսներն են: Նրա դերը որոշիչ է բոլշեւիկներին ճնշելու խնդրում, նաեւ Հայաստանի թուրքաբնակ ապստամբ շրջանները վերջապես՝ երկու տարի անորոշ տատանումներից հետո մաքրելու գործում: Ռուբենի՝ գրեթե անձնական թշնամի Շահան Նաթալին հետագայում հայկական մեծագույն հաղթանակը կհամարի 1920-ի ամռանը Հայաստանի թուրքական շրջանների մաքրումը՝ առանց Ռուբենի անունը տալու, բայց Ռուբենի դեմ ուղղված բանավիճային «Թուրքերը եւ մենք» գրքում:
Բայց Ռուբենին վիճակված չէր լինել հայկական Քեմալ՝ անկումից ու պարտությունից հայրենիքը վերածնողի եւ արժանապատվությունը վերականգնողի pater patriae` հայրենյաց հոր դերը: Նույնիսկ այժմ՝ ստանձնելով պաշտոնական ղեկավարումը, նա չէր վերցնում իրենից սպասվող՝ փաստացի դիկտատորի դերը: Նա թողեց ռազմական գործողությունների ղեկավարումը ռուսահայ բարձրաստիճան սպաներին՝ Նազարբեկովին, Սիլիկյանին, Փիրումյանին: Նա չմիջամտեց «մասնագետների» գործին, չդարձավ ժողովրդական շարժման առաջնորդ, որն իրական ազգային ոգի պետք է տար ոգով ավելի ռուսական, քան հայկական մեր բանակին: Վերջապես, երբ Կարսն ընկավ, եւ թուրքերը դանդաղորեն մոտենում էին Ալեքսանդրապոլին, բոլորի հույսը Ռուբենն էր, որը պետք է վերջապես սկսեր հեղափոխական, հայրենական պատերազմ՝ հայկական ժողովրդական կռիվ: Ռուբենն ասաց, որ եթե գտնի գեթ կռվելու պատրաստ 1000 զինվոր, անձամբ կառաջնորդի զորքը դեպի հակահարձակում: Նոյեմբերյան մելամաղձոտ եւ անձրեւային մի առավոտ նա մեկնեց ճակատ եւ երեկոյան վերադառնալով Ալեքպոլ, ուր նրան սպասում էր Հայաստանի եւ Դաշնակցության ողջ ղեկավարությունը, ասաց, որ ոչ մի հույս չկա, զորքը պատրաստ չէ կռվելու:
Նա չգտավ իր 1000-ին: Իրականում չէր էլ կարող գտնել նրանց, քանի որ նրա խառնվածքի տեր մարդուն այդ իրավիճակում միակ իրատեսական ելքը կարող էր թվալ հաշտությունը: Չնայած նոյեմբերին էլ դեռ կոչեր էր ստորագրում՝ վճռական պայքարի կարգախոսով, բայց դրանք ընդամենը կոչեր էին: Նրան պակասում էր իր երկվորյակ-հակադիրը՝ Արամը, կամ Նժդեհի պես մեկը, որը կաներ այն, ինչ Ռուբենը չէր կարող անել, որովհետեւ մարդը չի կարող գործել հակառակ իր բնության: Սառույցից կայծ չի առկայծում, ոչ էլ հակառակը, սեւ խոռոչը լույս չի տալիս, բայց ունի լույս տվող սովորական աստղի համեմատ ամենակուլ ձգողականություն:
Հայաստանի սովետականացումից անմիջապես հետո՝ 1920-ի դեկտեմբերի սկզբին, Ռուբենը մեկնում է Զանգեզուր, հանդիպում Նժդեհի հետ: Այստեղ նա նորից իր սիրած ստվերային դերում է: Ուղիղ վկայություններ կարծես չկան, բայց բազմաթիվ անուղղակի հետքերից պարզ երեւում է, որ Փետրվարյան ապստամբության ծրագրավորումն ու կազմակերպումը, ինչպես նաեւ Ինքնավար Սյունիքի հռչակումը Ռուբենի նախագծերն են: Կարող է հակասական թվալ, թե ինչպես է Տեր-Մինասյանը, որն ամեն ինչում ապավինում է միայն սառը հաշվարկին, նախագծում եւ հեռվից հեռու կազմակերպում այնպիսի անհույս թվացող գործ, ինչպիսին է փոքր Հայաստանի ապստամբությունը բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ: Ո՞րն էր իմաստը պարտության դատապարտված այդ վերջին կռվի:
Փետրվարյան ապստամբության հետ կապված մեր պատմագիտությունը դեռ նոր որակի լուրջ, հիմնարար վերլուծության կարիքն ունի: Կարող ենք միայն մեր փոքրիկ վարկածն առաջ քաշել, որը դեռ ապացուցման կամ հերքման կարիք ունի: Տարբեր աղբյուրներից ստացած մեր տպավորությամբ՝ Փետրվարյան ապստամբությունը մասն էր ավելի մեծ՝ տարածաշրջանային մի ծրագրի: Դրա թիկունքում թերեւս անգլիացիներն էին, իսկ մեծ ծրագրի իմաստն էր ամբողջ Կովկասի համաժամանակյա ապստամբությունը՝ Հայաստանով, Ադրբեջանով, Հյուսիսային Կովկասով, մինչդեռ Վրաստանը զուգահեռ անկախության պատերազմ էր մղում: Ընդ որում՝ թուրքերն առնվազն չեզոք դեր պետք է բռնեին, եթե ոչ ըստ հանգամանքների օգնեին ապստամբությանը: Սա մոտավորապես հենց այն նույն ծրագիրն է, որն առաջարկվում էր հայերին թուրքերի կողմից 1914-ի ամռանը, եւ որի փաստացի կողմնակիցն էր Ռուբենը, երբ առաջարկում էր թուրքերի կողմից կռվող հայկական կամավորական ջոկատներ կազմել: Փետրվարյան ապստամբության քաղաքական տրամաբանությունն անիմաստ է այլ կերպ պատկերացնել: Այս ծրագրի մի փոքր մասն է միայն իրականանում, հատկապես Վրաստանի դիմադրությունը շատ թույլ ու կարճատեւ էր, որով եւ մնացած ամբողջ շղթան՝ չիրականացող: Չնայած Սյունիքում ապաստանածները դեռ 1921-ի ամռան սկզբին հույս ունեին վերագրավել Երեւանը մի նոր գրոհով, բայց Ռուբենն իրավիճակն այլեւս անհույս է համարում, եւ լքում Զանգեզուրը՝ ապրիլին մեկնելով Թավրիզ:
Նա երկար է ապրում դրանից հետո: Փաստացի ղեկավարում է Դաշնակցությունը: Շփումների մեջ է անգլիացների ու քրդերի հետ: Հերթով թշնամացնում է Շահան Նաթալիին, Նժդեհին, նույնիսկ Վրացյանին: Գրում է հոդվածներ ու գրքույքներ այնպիսի ոճով, որոնք հայկական իրականության մեջ միայն իրեն են բնորոշ: Թեմաները բազմազան են՝ քիմիական պատերազմից մինչեւ Հայաստանի աշխարհագրություն եւ հայ-թուրքական հարաբերություններ: Նրա գործերից հատկապես հետաքրքիր է «Հայաստանը միջազգային ճանապարհների վրա» աշխատությունը, որը ոմանք համարում են հայկական գեոպոլիտիկայի առաջին ու թերեւս վերջին նմուշը (չհաշված հետսովետական դիլետանտ փորձերը): Այստեղ Հայաստանի պատմությունը քննվում է համաշխարհային խոշոր ճանապարհների ազդեցության լույսի ներքո: Ռուբենն ընդհանրապես շատ ուշադիր է աշխարհագրական հարցերին, աշխարհագրության եւ քաղաքականության կապին: Հայ հեղինակներից ոչ ոք չունի այդ ուշադրությունը (բացի երեւի Հայկ Ասատրյանից, բայց մի քիչ այլ կտրվածքով): Օտարության մեջ՝ Փարիզում, նա մահանում է 1951 թ.՝ չհասցնելով ավարտել իր հուշերի առավել ցավալի, բայց եւ կարեւոր հատվածը հայ-թուրքական պատերազմի մասին:
Ունենք, ուրեմն, մի կողմից Արամին՝ կարճ կյանք, երկու փայլուն հաղթանակ երկու վճռական պահի, ժողովրդական բաց առաջնորդ, սիրված գործիչ երեկ եւ այսօր: Եվ մյուս կողմից՝ Ռուբենը՝ երկար կյանք, երկու ողբերգական պարտություն երկու վճռական պահի, ոչ հրապարակային, ստվերային ղեկավարում նախընտրող, թշնամացած գրեթե բոլորի հետ, կիսամոռացված, վատ հասկացվող, հակասական: Երկու մասի բաժանված կյանք՝ հեղափոխականի, քաղաքական եւ ռազմական առաջնորդի՝ հայրենիքում, եւ կուսակցական ղեկավարի ու քաղաքական գրողի՝ օտարության, հանգիստ ու անփոթորիկ տարագրության մեջ: Կրակ ու սառույց, արեւ ու սեւ խոռոչ:
Ճակատագրի դիալեկտիկան
Ժամանակին Ռուբենի առավել աղմուկ հանած գրքերից էր հայ-թուրքական կնճիռը: Այդ գիրքը, ցավոք, այդպես էլ չեմ կարդացել: Բայց այն հիմք է ծառայում, որպեսզի Ռուբենը մեղադրվի թուրքամետության մեջ: Այդ գրքի դեմ է ուղղված Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ»-ը, որտեղ «հայրերի» դերում հենց Ռուբենն է՝ առանց անունը տալու: Նրա դեմ են ուղղված նաեւ Նաթալիի «Թուրքերը եւ մենք» եւ այլ ժամանակի բանավիճային գործերը:
Հայ-թուրքական հարաբերությունների թեման անցնում է կարմիր թելով Ռոբենի ամբողջ կենսագրությունով, ինչը զարմանալի չէ: Բայց այդ թեմայի դիալեկտիկ բնույթը նրա ճակատագրում ուշագրավ է եւ եզակի հայ իրականության մեջ: Ի տարբերություն նույն Շահան Նաթալիի՝ Տեր-Մինասյանի կռիվը թուրքերի դեմ թուղթ ու գրչով չի եղել: 1904-08 թվականներին՝ դեռ իր 30-ամյակը չլրացած, Ռուբենը ղեկավարում է հայկական ազատագրական պայքարի երկու հիմնական օջախներից մեկի՝ Տարոնի ընդհատակյա կռիվը թուրք կառավարության դեմ՝ ապրելով լեռներում, գիշերային թափառական կյանքով, մշտական վտանգի մեջ:
1915-ԻՆ ՆԱ 7 ԱՄԻՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ ԿՏՐՎԱԾ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ՍԱՍՈՒՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Մի բան, որի անհրաժեշտությունը եւ որի դառը հետեւանքները չէին լինի, եթե հակառակ իր հստակ տեսակետի՝ նրանք, ովքեր հետո պետք է մեղադրեին Ռուբենին թրքասիրության մեջ, չոգեւորվեին ռուսական ու եվրոպական սին խոստումներով: Վերջապես, ինչպես տեսանք, Ռուբենը ղեկավարել եւ պարտվել է հայ-թուրքական վերջին պատերազմում: Իր կյանքի ամենակարեւոր դրվագները Ռուբենն անցակցրել է հայ-թուրքական կռիվներում:
Մյուս կողմից՝ ոչ թե միայն 1920-ից հետո, այլ դրանից շատ առաջ՝ առնվազն 1908-ից, հայ-թուրքական հաշտության, փոխըմբռնման թեման առանցքային է նրա համար, կարծես յուրահատուկ իդեա-ֆիքս լինի: 1908-ի թուրքական հեղափոխությունից հետո նա կարծում է, որ Դաշնակցությունը ոչ միայն պետք է դադարի լինել զուտ հայկական, այլեւ պատք է վերածվի համաօսմանյան հեղափոխական կուսակցության: Այդ ժամանակ դա այնքան էլ հոսանքին դեմ տեսակետ չէր՝ հաշվի առնելով, որ քննարկվող թեմաներից էր, Ավստրո-Հունգարիայի օրինակով, Օսմանյան կայսրության վերաձեւումը՝ որպես թուրքերի ու հայերի պետություն: Բայց արդեն 1912-14 թթ., երբ խզվեցին երիտթուրքերի եւ Դաշնակցության հարաբերությունները, երբ Հայկական հարցը նորից դարձավ միջազգային դիվանագիտության թեմա, եւ սեղանին դրվեց Հայկական բարենորոգումների խնդիրը, Ռուբենը՝ որպես Տարոնի ներկայացուցիչ, արդեն հոսանքին դեմ էր, թեեւ այստեղ էլ միայնակ չէր: ՀՅԴ 7-րդ Ընդհանուր ժողովում, երբ քննարկվում էր Հայկական բարենորոգումների, երիտթուրքերի հետ հարաբերությունների, միջազգային դիվանագիտության հարցը, նրա դիրքը կտրուկ էր:
Ըստ ԸԺ սղագրությունների (Նյութեր ՀՅԴ պատմության համար, հատոր Ժ)՝ նա երիտթուրքերի հետ հարաբերությունների խզումը սխալ է համարում, նշում է, որ «մերոնք» նորից «հույսը դրել են դիպլոմատիայի վրա», որ Պոլսի ու Կովկասի դաշնակցական կոմիտեներն ընկել են «ավանտյուրայի գիրկը», դարձել կարծես «ռուսական գործակալներ» եւ մեծ աղետներ կարող են բերել ժողովրդի գլխին: Նա համարում է, որ հայերը բռնել են գործ, որն իրենց իրական ուժերից վեր է, որ պետք է լոյալ լինել թուրքական պետության նկատմամբ, պահանջներ դնել նրա առաջ՝ համապատասխան մեր ուժին, որ դիվանագիտության փոխարեն պետք է լծվել հեղափոխական ու ինքնապաշտպանական գործին եւ ուժեղանալով ավելի հստակ պահանջներ դնել թուրքերի առաջ: Նա չի վարանում տարվող քաղաքականությունն անվանել նույնիսկ դավաճանություն: Ավելի մեղմ դիրքերից, բայց էությամբ նույնն էր այս հարցում նաեւ Վանի ներկայացուցիչ Վռամյանի տեսակետը:
Հատկանշական է, որ այս տեսակետի կրողն են երկրի ամենահեղափոխական, թուրքերի դեմ պայքարում առավել աչքի ընկած երկու շրջանի ներկայացուցիչները: Հակառակ տեսակետին են հիմնականում գաղութահայ կենտրոնները՝ Պոլիսն ու Թիֆլիսը ներկայացնողները:
Հետագայում, հայի հետին խելքով գաղութահայ լիբերալները նույնպես հասկացան այն, ինչ Ռուբենն ու իր համախոհները հասկացել էին արդեն 1912-ին՝ զգուշացնելով Աղետի մասին: Բայց հասկանալով այս պարզ ճշմարտությունները՝ հայ լիբերալիզմը, ի դեմս, օրինակ, Լեոյի, փոխանակ խոսեր ու ցույց տար նախեւառաջ լիբերալ քաղքենիական հոսանքի մեղքը, փորձում է ամեն բան բարդել հայ հեղափոխության վրա այն դեպքում, երբ հենց հեղափոխական տեսակետն էր միակ այլընտրանքը Հայկական հարցի միջազգայնացման ու «դիվանագիտության», որը Լեոյի պես «առաջադեմ» քաղքենիների սիրած ու փայփայած զբաղմունքն է եղել ամբողջ գիտակցական կյանքում, մինչեւ որ նրանց կույր հավատը «միջազգային հանրությանը» չհանգեցրեց Մեծ եղեռնի, որից հետո նրանք, կորցնելով իրենց գլուխները, սկսեցին վայ կապել այն մասին, թե իբր մեղավորը հայերի զինված պայքարի գաղափարն էր՝ հենված սեփական ուժի վրա:
Անկախ այն բանից, թե ինչ են արել կամ ասել Ռուբեն Տեր-Մինասյանը եւ նրա համախոհները նախորդ եւ հետագա գործունեության ընթացքում, 1912-14 թթ. նրանց դիրքորոշումն ամենասթափ եւ քաղաքականապես միակ ճիշտ խոսքն է, որը հնչել է հայ իրականության մեջ այդ շրջանում: Ցավոք, հայությունը չուներ այն քաղաքական հասունությունը՝ լսելու եւ հետեւելու նման տեսակետների: Եթե ունենար գոնե այսօր, ապա առնվազն անցյալը կկարողանար վերլուծել:
1914-ին Ռուբենի դիրքորոշումն արդեն հայտնի էր: Նա կտրուկ դեմ էր կամավորական շարժմանը ռուսների կողմից, եւ գնում է այնքան հեռու, որ առաջարկում է հակառակը՝ կամավորական շարժում թուրքերի կողմից եւ ընդդեմ ռուսների: Նրան բնականաբար չեն լսում: Բայց որոշման հետեւանքները ճաշակում են ոչ թե որոշում ընդունողները, այլ նույն Տարոնի ու Վանի գործիչները, որոնք կանխավ զգուշացնում էին «ավանտյուրայի» եւ դրա հետեւանքների մասին: Պոլսի եւ Թիֆլիսի դիպլոմատները չէին տեղերում կազմակերպելու ինքնապաշտպանություն եւ կռվելու մինչեւ վերջին փամփուշտը:
Հայ-թուրքական փոխհամաձայնության թեման, ինչպես տեսանք, շարունակվում է Ռուբենի կյանքում նաեւ հետագայում: Բայց դա արդեն, ըստ էության, գրքային բանավեճ էր: Թուրքերի հետ պետք էր լեզու գտնել մինչեւ 1914-ը թվականը այն ձեւով, ինչպես առաջարկում էին Տարոնից ու Վանից, կամ էլ կռվով հաղթել 1920-ին, ինչը չկարողացավ անել մեր պատմության հերոսը: Իսկ դրանից հետո՝ ցայսօր մնացածը խոսակցություններ են:
Ռուբեն փաշան
Ես փորձեցի ներկայացնել պատմական հերոսին ոչ թե որպես հերոս կամ հակահերոս, այլ որպես բարդ, հակասական, բազմաշերտ, կենդանի էություն:
Իմ խորին համոզմամբ այսպիսին պետք է լինի պատմական վերլուծությունը:
Ռուբեն Տեր-Մինասյանի կյանքը կարծես անավարտ մի վեպ լինի: Շատ խոստումնալից սկզբով, բայց ձգված ու ինչ-որ տեղ տխուր ավարտով: Ցավալի է պատկերացնել մի մարդու, որի կյանքի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում մինչեւ նրա 40-ամյակի լրանալը, իսկ հետագա կյանքը կարծես երկարած հետգրություն լինի: Մեկը, ով կարող էր լինել Հայաստանի նոր պատմության գլխավոր հերոսը, իր կյանքի առավել հասուն տարիները վատնում է հեռավոր Փարիզում: Մարդ, որի համար Հայաստանը կյանք եւ իմաստ էր:
Հուսով եմ, որ շատ չեմ խանգարել նրա հոգու հանգիստը, եթե փորձել եմ կառուցել նրա կյանքի մեկ այլ՝ այլընտրանքային տարբերակը՝ փորձելով պատկերացնել, որ 1914-ի նրա հանդուգն, չտեսնված առաջակն ի կատար է ածվում: Ընթերցողը թերեւս կհամաձայնի, որ դա կլիներ նրա կյանքի ու ճակատագրի շատ ավելի տրամաբանական եւ գեղեցիկ շարունակությունը, կամ այն, ինչ եղավ իրականում՝ Կարսի պարտությունն ու տարագրությունը: