Պապ թագավորի
այլընտրանքային
պատմությունը
Մաս II.
Եթե Պապը չմահանար
374 թվականի սկզբին Մեծ Հայքում ներքին իրավիճակը լարված էր: Տեւական ժամանակ էր, ինչ սրված էին երկրի թագավորի՝ Պապի, եւ սպարապետի՝ Մուշեղ Մամիկոնյանի հարաբերությունները:
Դեռ Պապի թագավորության սկզբին համառ լուրեր էին պտտվում, որ Մուշեղը ներգրավված է հակաթագավորական դավադրության մեջ, որի հետքերը տանում էին բյուզանդական արքունիք: Նույն համառությամբ Պապը փորձում էր չհավատալ, չտեսնելու տալ այդ լուրերը՝ ամեն անգամ արդարացումներ գտնելով սպարապետի համար: Նրա համար չափազանց ցավալի էր գիտակցել, որ իր հորը՝ Արշակին, հավատարիմ ծառայած Վասակ սպարապետի որդին, որն ինքն էլ բավականին ծառայություններ է մատուցել երկրին, կարող էր դավաճանել իր արքային: Բացի այդ, հաշվի առնելով սպարապետության իշխանությունը ժառանգաբար զբաղեցնող եւ ազդեցիկ այլ իշխանական տոհմերի հետ բազմաթիվ կապերով կապված Մամիկոնյանների կշիռը երկրի քաղաքական կյանքում, հոգեբանորեն հեշտ չէր ընդունել Մուշեղի դավադիր դիրքը, որից պետք է բխեր վճռական պայքար եւ բախում երկրի հզորագույն իշխանական տոհմերից մեկի դեմ չերաշխավորված արդյունքով:
Հարցի լուծումը ձգձգվում էր, բայց անտեսանելի ներքին լարումը դրանից ոչ թե պակասում, այլ ավելանում էր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՀԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պապը՝ երիտասարդ թագավորը, գահ էր բարձրացել բյուզանդական օգնությամբ եւ Մուշեղի, ինչպես նաեւ երկու տարի առաջ մահացած հայրապետ Ներսեսի ներգործուն մասնակցությամբ՝ պարսիկների դեմ պատերազմում հայկական եւ բյուզանդական միացյալ ուժերի վճռական հաղթանակից հետո: Գահ բարձրանալուց հետո սակայն նոր արքայի գլխավոր խնդիրը դառնում է հենց դաշնակիցներից՝ բյուզանդացիներից երկրի ինքնիշխանության պաշտպանությունը:
Արտաքուստ բյուզանդացիները ճանաչում էին Մեծ Հայքի ինքնիշխանությունը, եւ հարաբերությունները դաշնակցական էին, սակայն փաստացի ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ բյուզանդացիների գերխնդիրը Հայաստանի կցումն է կայսրությանը: Նրանք հույս ունեին, որ երիտասարդ ու անփորձ Պապն ի զորու չի լինի հասկանալ եւ դիմակայել այդ ծրագրին:
Բացահայտ թշնամության բյուզանդացիները պատրաստ չէին, սակայն նրանց համար բարդ չէր, օգտագործելով կայսրության նյութական ու հոգեւոր ազդեցությունը, կազմակերպել իրենց քաղաքական նպատակները սպասարկող ուժեղ ներքին ցանց: Այդ ցանցի մեջ նրանք կարողանում են ներգրավել երկրի հոգեւոր եւ զինվորական առաջին դիրքերը զբաղեցնող Ներսես կաթողիկոսին եւ սպարապետ Մուշեղին: Երկուսի՝ Ներսեսի ու Մուշեղի տներն իրար հետ կապված էին ազգակցական եւ հայրենակցական հին ու ամուր կապերով եւ միշտ էլ գործել են միասին:
Եկեղեցական հարցերը Պապը մասամբ կարողացել էր լուծել՝ Ներսեսի մահից հետո գահին նստեցնելով թագավորական տանը միշտ հավատարիմ եւ եկեղեցու ներսում թագավորական քաղաքականությունը ներկայացնող Աղբիանոսի տոհմի ներկայացուցիչ Շահակին: Պապը նաեւ վճռական քայլ էր արել՝ պետականացնելով եկեղեցական կալվածքների մի մասը, որոնք մեծ չափեր էին ստացել Ներսեսի օրոք՝ լայնանալով ոչ միշտ օրինական ճանապարհներով:
Ներսեսի մահը սակայն բյուզանդական ցանցը որպես առիթ էր օգտագործել կեղծ լուրեր տարածելու համար՝ իբր հայրապետը թունավորվել է արքայի հրամանով: Այս լուրերը տարածելով՝ հող էին նախապատրաստում հենց իր՝ Պապ արքայի դեմ ապագա դավադրությունն արդարացնելու համար:
ՊԱՊԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ
Պապի հաջող դիմադրությունից անհանգստացած՝ բյուզանդացիները եւ նրանց հովանավորած կուսակցությունը Հայաստանում որոշում է անցնել վճռական գործողությունների: Որոշվում է Պապին դավադրաբար սպանել:
Դավադրության լուրը հասնում է հայոց արքային: Այժմ արդեն կասկած չկար, որ դավադրության մեջ ներգրավված է նաեւ հայոց սպարապետը. դա այլեւս ապացուցված էր անհերքելի փաստերով:
Կարեւոր որոշումներ էին անհրաժեշտ: Մի կողմից պետք էր գործել արագ եւ վճռական, մյուս կողմից հնարավորինս հաշվարկել քայլերի հեռահար հետեւանքները:
Ուշ երեկոյան Պապի մոտ հավաքվում է նրա մտերիմ խորհրդականների խումբը՝ թագակիր ասպետ Վարազ Բագրատունին, կաթողիկոս Շահակը՝ Աղբիանոսյանների տոհմից, Բաթ Սահառունի իշխանը եւ Բագրատունյաց ասպետի խորհրդով Պապի շրջապատում հայտնված Հրահատ ճգնավորը:
Քիչ բան էր հայտնի վերջինիս մասին: Գիտեին միայն, որ Հրահատը ծնունդով կարինցի էր, միհրապաշտ քրմական հին տոհմից, ուներ ճգնավորի համբավ, սակայն նրա կրոնական իրական հայացքները կասկածի առիթ էին ոչ միայն ուղղափառ հոգեւորականների տեսակետից, այլեւ անորսալի էին շատերի համար: Մյուս կողմից նա կարողանում է հեղինակություն ձեռք բերել Կարինի, Դերջանի եւ Սպերի շրջակայքում որպես քարոզիչ եւ ի վերջո նաեւ մուտք գործել Սպերի տեր Բագրատունյաց իշխանի շրջապատ՝ դառնալով նրա խորհրդատուն: Ինքը՝ Բագրատունյաց ասպետը, հաճախ էր համարում Հրահատի հայացքները ծայրահեղ ու անհասկանալի, որոշ դեպքերում էլ՝ ոչ այնքան կայուն, սակայն գնահատում էր Հրահատի մեջ գիտելիքի եւ կրքի միաձուլումը՝ որակ, որն այդքան էլ հաճախ չի հանդիպում: Կաթողիկոս Շահակը՝ կրոնական նախապաշարումներից զուրկ եւ թագավորությանը հավատարիմ մարդ, որ ինքն էլ մի հին քրմական տոհմից էր, նույնպես խնդիր չէր համարում տարօրինակ հայացքներով ճգնավորի հայտնվելն իրենց շրջապատում, մանավանդ որ Հրահատը հաճախ համարձակորեն ձեւակերպում էր այն, ինչ Շահակն ի պաշտոնե զգուշանում էր ասել:
- Այսօր չենք կարող երկար քննարկել, պետք է արագ լուծել Մամիկոնյանի հարցը,- սկսեց խոսակցությունը հայրապետ Շահակը:
- Մամիկոնյանները Հայաստան աշխարհի հզորագույններից են, հեշտ բան չէ լուծել նրանց հարցը, նրանք ի զորու են նույնիսկ պատերազմ սկսել թագավորի դեմ՝ թիկունքում ունենալով բյուզանդացիներին,- արձագանքեց Բագրատունին:
- Բյուզանդացիները բաց կերպով պատերազմի չեն գնա, Բագրատունյաց տեր:
- Մամիկոնյանների հարցի միակ լուծումը նրանց բնաջնջումն է մինչեւ վերջին որձ մանուկը,- կտրեց Հրահատ ճգնավորը:- Քո մեծ պապ Խոսրովն այդպես վարվեց իրեն դավաճանած եւ պարսից թագավորի կողմը զորքով անցած Բզնունիների հետ: Հայքը անձերի երկիր չէ, այլ տոհմերի ու ազգերի, առանձին մարդուն պատժելով՝ մեզանում հարց չես կարող լուծել:
Բաթ Սահառունին գլխով արեց, որ համաձայն է Հրահատի կարծիքին:
- Պետք է դատ լինի, Հրահատ: Բզնունիները շատ հզոր էին, բայց նրանք հայոց սպարապետի իշխանությունը չունեին, բացի այդ, Խոսրովի ժամանակ թագավորն ավելի ուժեղ էր, եւ նրա դեմ հոռոմները չէին աշխատում: Բզնունին պարսից կողմն էր անցել, եւ նրա դավաճանությունն էլ բացահայտ էր, ապացուցման կարիք չուներ, հենց ռազմի դաշտում էր արվել,- առարկեց հայրապետ Շահակը:
- Հայոց զորքն ու երկիրը չի ների իր թագավորին, եթե նա Մուշեղի պես մարդուն եւ առավել եւս նրա ազգին ոչնչացնի առանց բաց, հրապարակային դատի,- ավելացրեց Բագրատունին: Թեկուզ ժամանակը քիչ է, բայց պետք է հավաքել Հայոց մեծ ժողով եւ հարցն այդտեղ քննել: Դա է մեր պապենական սովորությունը, որը սրբությամբ պահել են քո բոլոր նախնիները, Պապ: Հայոց արքան միայնակ չի կարող որոշել նման կարեւոր հարցեր, նա պետք է հավաքի երկրի ազատանուն, հայոց զորքը եւ ներկայացնի խնդիրը:
- Ես մնում եմ իմ կարծիքին՝ Մամիկոնյանների արագ ոչնչացում, իսկ ժողովը՝ հետո, բայց որոշումն արքայինն է: Միայն թե թագավորը թող լսի գոնե իմ մեկ այլ խորհուրդը: Կարեւոր որոշումները հնարավոր չէ ընդունել պալատում, չորս պատի մեջ: Դուրս արի այստեղից, բարձրացիր Արագածի փեշերը, եւ այնտեղ դու կորոշես անելիքդ մենակության մեջ՝ քո առջեւ ունենալով ոչ թե փակ պատեր, այլ լայն հեռանկար: Երբ քո առջեւ՝ Արագածի բարձունքներից բացվի մեծ տեսադաշտը մինչեւ Արարատյան դաշտի հեռուները, երբ լուսաբացի սթափ եւ առնական միտքը փոխարինի գիշերային անհանգստությանն ու անվստահությանը, երբ խոսես ոչ թե մարդկանց ու պատերի հետ, այլ քո զրուցակիցները, որոշման վկաները, խորհրդակիցները լինեն քո առջեւ բացված հեռանկարի անփոփոխ տվյալները՝ լեռնապարերի եզրագծերը, լուսաբացի աստղը, ճամփեզրի շանթահարված ծառը, Արագածի քարերը՝ ամենը, ինչ մարդկայինից դուրս է, այդ ժամանակ միայն դու կարող ես իրական մեծ վճիռ կայացնել:
- Թող լինի այս մեկը քո խոսքով, Հրահատ,- ասաց Պապը, որը մինչ այդ լուռ եւ ուշադիր լսում էր...
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
Լուսաբացն արքան դիմավորեց Արագածի բարձունքներին:
Նրա առջեւ բացվեց հեռարձակ տեսարան՝ մեծ դաշտավայրը՝ եզրերում սահմանափակված լեռնագագաթներով ու լեռնաշղթաներով: Աշնան սկիզբն էր, ծառերի վրա տերեւները սկսել էին գույնը փոխել: Թեթեւ քամի էր, որին համընթաց տերեւները շարժվում էին, որոշներն էլ՝ ընկնում գետնին: Պապը քայլում էր: Քամին, տերեւների սոսափյունը եւ սեփական քայլերը դասավորում էին նրա մտքերի կշռույթը. արեւը տրամադրություն էր ստեղծում, հեռապատկերը եւ բարձրությունը տալիս էին ազատության եւ մեծության զգացում, անկաշկանդություն:
Լուսաբացի միտքը ճկուն էր, համարձակ, հստակ եւ ինքնավստահ: Պալատի նեղ պատերի մեջ փակված եւ հաճախ էլ անքուն գիշերներին մտածածը անվերջ շրջապտույտ է առանց ելքի ու որոշման, վարանումներով ու տատանումներով, ոգեւորումներվ ու անկումներով, մե՛րթ անհարկի ինքնամեծարող, մերթ էլ չափազանց ինքնաոչնչացնող: Լուսաբացը տալիս է ուղիղ ճանապարհներ. այն համարձակ է, բայց ոչ ինքնամոռաց հափշտակող, քաջ է, բայց ոչ գինովցած, ուղիղ է, բայց ոչ միամիտ:
Հույները ստեղծել են քաղաքականություն բառը, հայերենը պետք է լիներ լեռնականություն: Հույներինը քաղաքներն էին, բայց Հայքի թագավորությունը ստեղծվել է լեռների շուրջը. սա է եղել նրա բնական քաղաքականը՝ լեռնականը: Քաղաքներում որոշումները պետք է իրականացվեն, բայց ընդունվեն լեռներում՝ բաց ու լայն հեռապատկերների առջեւ: Երեւի ծովափ ունեցող երկրներում կլիներ ծովականություն: Լեռների այս գիծն է՝ դաշտում եղած քաղաքն իրենցով սահմանող, եզրափակող: Հայքի մշտական՝ բնությամբ գծած ներքին սահմանները եւ նույնքան մշտական բնությամբ գծած ճամփաները, որոնք կապում են մեզ աշխարհի հետ. սա է Հայոց թագավորությունը, հայոց քաղաքականությունը:
«Մենք ենք, մեր սարերը»,- մտքում ասաց Պապը՝ կանխելով դարեր անց գրած մի գրքի անվանում:
Մեր սահմանն է, մեր ինքնուրույնությունը, մեր առանձին լինելը, բայց նաեւ մեր աշխարհում լինելը, ամբողջի մաս լինելը, քանի որ լեռները, եթե մի կողմից սահման քաշող են, առանձնացնող են, մյուս կողմից էլ ամենաընդհանուրն են, ամենաբարձրը, առանց մանրամասների, մի քանի գիծ ու միայն կարեւորի մասին:
...Աջ կողմից մի արծիվ երեւաց ու սավառնելով կորավ հեռուներում:
ՀԱՅՈՑ ԺՈՂՈՎԸ
Մյուս օրը հայտարարվեց, որ «թագաւորն Պապ հանդերձ միաբանութեամբ կնաւ իւրով՝ հայոց տիկնաւ հրաման ետ ի ժողով կոչել միաբանութեամբ ամենայն զաւրաց իւրոց: Եւ վաղվաղակի հասանէին ի ժամադիրն յամենայն կողմանց ըստ հրամանին՝ յԱյրարատ գաւառն ի Վաղարշապատ քաղաք»:
«Ապա առաւել ժողովեցան ի մի ժողով միաբանութեանն մարդիկ աշխարհին Հայաստան երկրին. նախարարք մեծամեծք, աւագք, կուսակալք, աշխարհակալք, ազատք, զօրագլուխք, դատաւորք պետք, իշխանք, այլ եւ ի շինականաց անգամ ռամիկ մարդկանն»:
Հնուց ի վեր այս երկրի սովորությունն էր՝ բոլոր մեծ որոշումները, գոնե ըստ ձեւի, կայացնում էին համատեղ՝ հայոց թագավորը «հայոց տիկնաւ հանդերձ» եւ հայոց զորքը՝ մեծամեծ իշխաններից մինչեւ մանր հողատեր ազատները, ընդհուպ մինչեւ ռամիկ զորքերը՝ կանչված Ժողովի թագավորի եւ թագուհու կողմից: Թագավորի բացակայության դեպքում Ժողովն ինքն էր հավաքվում՝ առանց կանչի, եւ որոշումներ կայացնում, այդ թվում նոր թագավորի, արտաքին հարաբերությունների եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ: Դրսի հետ հարաբերվելուց էլ ուղերձները գրվում էին հայոց թագավորի եւ հայոց զորքի անունից: Զորքը, ժողովն ու ժողովուրդը փաստացի հոմանիշներ էին, ինչպես նաեւ՝ զորքն ու երկիրը, զորքն ու մարդիկ, զորքն ու Հայքը: Հայոց թագավոր եւ հայոց զորք՝ փաստացի նշանակում էր թագավոր եւ երկիր:
Սա հին հայոց ազատությունն էր, ուր ազատ մարդը զենքով մարդն էր, իսկ ազատ մարդկանց բազմությունն ու ժողովը զորքն էր: Ամբողջ հայոց պատմության գլխավոր հերոսը, գործող անձը, մինչեւ ուշ միջնադար, հենց հայոց զորքն էր: Եվ երբ շատ դարեր անց՝ Պապից հետո, հայոց զորքը տեղափոխվեց Կիլիկիայի ափեր, դրանք էլ դարձան Հայոց թագավորություն...
Հայքը միագլուխ, միահեծան, միիշխան երկիր չէր, այլ բազմիշխան էր: Ամեն շրջան, ամեն ազգ, ամեն տոհմ ուներ իր «հայրենիքը»՝ հորից որդի փոխանցվող ժառանգական իշխանությունն ու հողը, եւ յուրաքանչյուրն ինքնիշխան էր իր հայրենիքում: Հայքը իշխանությունների, հայրենիքների եւ
ազգերի երկիր էր: Ամեն հայրենիք, ամեն ազգ, ամեն իշխանություն նաեւ մի զինվորական միավոր էր, որոնք միասին հայոց զորքը կամ հայոց բանակն էին: Նրանք էին նաեւ Հայոց ժողովը, որը թագավորի հետ Հայոց երկիրն էր. թագավորն այստեղ ոչ թե բացարձակ ու մեկ իշխանն էր, այլ գերիշխողն էր՝ իշխանաց իշխանը, տերերի տերը: Ավելին՝ նույնիսկ թագավորական իշխանությունը միատարր չէր, միաբեւեռ չէր, այլ թագավորի կողքին շեշտված դեր ուներ առնվազն հայոց տիկինը՝ հայոց թագուհին:
Այս համակարգը հայոց ուժն ու թուլությունն էր միաժամանակ: Երկիրը հնարավոր չէր գլխատել, քանզի այն չուներ մեկ գլուխ, հնարավոր չէր բառիս բուն իմաստով նվաճել, քանզի նվաճելու համար պետք էր հատ-հատ ընկճել բոլոր առանձին իշխանություններին ու նրանց զորքերը: Կարելի էր միայն փոխել գերիշխանությունը՝ հայոց թագավորի փոխարեն օտար թագավորի տիրապետություն հաստատել, բայց պահպանելով ներքին համակարգը՝ ամեն իշխանի տերությունը, զորքը, հողը, դիրքը, այլեւ Հայոց ժողովի իրավասությունները ներքին հարցերում որոշումներ ընդունելու: Նույնիսկ թագավորական գործակալությունները՝ պետությունները՝ սպարապետություն, ասպետություն, հազարապետություն ամեն մեկը մի ժառանգական իշխանություն էր, որը վարում էին նախարարական տների ներկայացուցիչները: Ասում էին՝ այսինչ ազգը կամ տոհմն ունի այսինչ պետության, օրինակ՝ սպարապետության իշխանությունը...
Հայոց մեծ ժողովին ներկայացվեց Մուշեղի գործը:
Մթնոլորտը ծանր էր, չկար նման հանդիսավոր ժողովներին բնորոշ տոնական տրամադրությունը: Մուշեղի դեմ բերված ապացույցներն անհերքելի էին: Նա բյուզանդական հրամանատարի հետ
մասնակցել է հայոց տիրոջ՝ Պապ արքայի դեմ կազմակերպված դավադրությանը, որի նպատակն էր թագավորի սպանությունը՝ ծանրագույն հանցանք, որը երբեւէ կարող էր գործել հայ իշխանը: Հանցանքը ծանրանում էր, քանի որ մեղադրյալը հայոց սպարապետն էր՝ հայոց արքայի զորքերի զորավարը, որի առաջնային պարտականությունը հենց թագավորի եւ աշխարհի պաշտպանությունն էր, նրա թշնամիներին պատժելը: Ոչ ոք հրապարակավ չէր կարող պաշտպանել դավաճան սպարապետին՝ ո՛չ նրա ընկերներն ու դաշնակիցները, ոչ էլ Մամիկոնյան տոհմի ազգակիցները: Բայց նույնիսկ նրա քաղաքական հակառակորդներն ազդված էին մեղադրանքի հանդիսավոր եւ ողբերգական ծանրությունից: Վճիռն ինքնին պարզ էր. Մուշեղին մահապատժի ենթարկել, ինչն իրականացվեց ժողովից անմիջապես հետո, ինչպես պահանջում էր հայոց օրենքը՝ ժողովի համաձայնությամբ եւ թագավորի հրամանով:
ՊԱՏԺԵ՞Լ ԹԵ՞ ԲՆԱՋՆՋԵԼ
Ավելի բարդ էին մյուս լուծելիք խնդիրները: Պատժել միայն Մուշեղի՞ն, թե՞ ամբողջ Մամիկոնյան ազգին: Վերից վար ազգերի (տոհմերի) աստիճանակարգի շուրջ կառուցված երկրում, ինչպիսին Մեծ Հայքն էր, ուր ոչ միայն այս կամ այն գավառի, այլեւ այս կամ այն պաշտոնի իշխանությունը ժառանգական էր եւ պատկանում էր մեկ կամ մյուս տոհմին, ուր նույնիսկ քրիստոնյա եկեղեցին՝ էությամբ հռոմեական, հետեւաբար ժառանգականության սկզբունքը, եթե ոչ պարտադիր ժխտող, ապա ոչ կարեւորող կառույց, Հայաստանում հաստատման օրից ամբողջությամբ ներծծվել էր ազնվապետությանը բնորոշ ժառանգականության ոգով. ահա այդպիսի երկրում բնական էր դաժան սովորությունը՝ պատժել ոչ միայն անհատին, այլեւ ամբողջ տոհմին: Բնաջնջման նման պատմություններ շատ են պահպանվել: Ճիշտ է, դրանց մեծ մասը կարող է լինել վիպական չափազանցություն, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես հորինվածք, սակայն միեւնույն է, նման պատմությունների առկայությունը հաստատում է այդ սովորության համապատասխանությունը ժամանակի մտածողությանը:
Թագավորի որոշ կողմնակիցներ համարում էին, որ ժամանակն է առիթն օգտագործելով պատժել ամբողջ Մամիկոնյան ցեղին՝ նախ զրկել նրանց սպարապետության ժառանգական իշխանությունից, եւ է՛լ ավելի հեռուն գնալով՝ բնաջնջել, ինչպես այն ժամանակ ասում էին՝ չթողնելով եւ ոչ մի որձ կորյուն: Ծանրութեթեւ անելուց հետո երիտասարդ արքան որոշեց գնալ առավել չափավոր տարբերակով՝ ոչ միայն չպատժել ամբողջ տոհմին, ոչ միայն չգրավել Մամիկոնյանների կալվածքները, ինչպես այլ իշխանների հետ արել էին իր պապ Տիրանն ու մեծ պապ Խոսրովը, այլ նույնիսկ սպարապետությունից չզրկել Մամիկոնյաններին: Նա սպարապետական իշխանությունը փոխանցեց Մուշեղի ազգական Արտավազդին:
Այդ որոշումը կայացնելիս արքան հասկանում էր դրա հնարավոր վտանգները. որքան էլ արտաքուստ համաձայն լինեին Մուշեղի պատժի հետ, Մամիկոնյանների սրտում ապրելու էր վրեժի զգացողությունը: Իհարկե մեծ տոհմերի ներսում էլ կար ներքին պայքար, եւ միշտ չէր, որ նրանք համերաշխ էին գործում: Մուշեղի տեղն Արտավազդին նշանակելով՝ Պապը հույսը դրել էր հենց այդ ներքին մրցակցության վրա: Բայց տոհմային վրեժի զգացողությունը կարող էր ավելի ուժեղ դուրս գալ, քան ներքին հակասությունները: Դա միայն ժամանակը ցույց կտար:
Բայց Պապի որոշման մոտիվներն ավելի լայն էին: Ամեն անգամ նոր տոհմերի ոչնչացումը կամ կալվածքներից զրկելն ավելացնում էր ներքին թշնամությունը երկրում: Հայկական համակարգն այնքան նուրբ էր ու բազմաթիվ հավասարակշռությունների շուրջ կառուցված, որ նույնիսկ իսպառ ոչնչացումը միշտ չէր, որ հարց էր լուծում: Հաճախ պատժված տոհմից մի քանի հոգու հաջողվում էր փրկվել եւ հետագայում վերադառնալ նախկին դիրքին: Հայոց իշխանները նշանակովի չէին, այլ ամեն մեկն իր գավառի բնիկ, հնուց եկող տերն էր: Ամեն գավառ, ամեն երկիր նախ սիրում եւ ընդունում էր իր իշխանին: Բացի այդ, սպարապետական ցեղի ոչնչացումը մեծ խայտառակություն էր երկրի համար, հարվածում էր հայոց պատվին եւ պետք էր հնարավորինս առայժմ խուսափել դրանից: Երիտասարդ արքան ցանկանում էր հնարավորություն տալ Մամիկոնյաններին մաքրվել խայտառակությունից: Նրանք ունեին երկու ճանապարհ դրա համար: Կամ համառելով պայքարը շարունակել եւ սաստկացնել Պապի դեմ՝ կարծելով, որ վերացնելով արքային՝ կարող են մոռացնել տալ իրենց հանցանքը, թաքցնել այն, շուռ տալ հենց արքայի դեմ: Կամ հակառակը, նոր ու հավատարիմ ծառայությամբ թագավորությանն ապացուցել, որ Մուշեղի հանցանքը չի վերաբերում ողջ ազգին: Մի բան, սակայն, Պապը ճիշտ չէր հաշվարկում: Հարցը վաղուց արդեն ներքին չէր: Նրա դեմ էին ոչ միայն հայոց իշխանները, որոնց նկատմամբ կարելի էր վարել «մտրակի եւ բլիթի» քաղաքականություն, այլեւ արտաքին հզոր ուժը, որի դեմ կռիվը բացարձակ էր եւ անզիջում...