Պապ թագավորի
այլընտրանքային
պատմությունը

Այլընտրանքային պատմություն
Հրանտ Տէր-Աբրահամեան

Մաս III.
Պապի եւ Հրահատի զրույցը.
Բացարձակ պատերազմը

 
 

- Մինչեւ Մամիկոնյանների քոքը չկտրես, Պապ, երկրում հանգիստ չես ունենա,- ժողովի ավարտից հետո պալատում առանձնացած՝ Պապի մտքերն ընդհատեց Հրահատը: Հարցը Մամիկոնյանները չեն: Նրանց մեծ մասը եղել են, ինչպես եւ բոլոր հայոց իշխանները, թագավորներին լավ կամ վատ ծառաներ: Բայց այսօր այդ հին օրերը չեն, երբ մեր ներքին հարցերը մեր ներքին հարցերն էին՝ որոշակի արտաքին ազդեցությամբ: Այսօր Մամիկոնյաններն ու մյուսները միայն անուն են, գործիք, իրենց ինքնուրույնությունը կորցրած խամաճիկ օտարի ձեռքում:

- Հռոմեացիների հետ ի՞նչ ենք անելու:

- Հոռոմների հետ դու այժմ բացարձակ պատերազմի մեջ ես, որից կամ պետք է հաղթած դուրս գաս, կամ կործանվես:

- Բայց նրանք չեն գնա բաց պատերազմի Հայքի դեմ: Ի վերջո, այդքան էլ հեշտ չէ պատերազմը Հայոց աշխարհի դեմ, որն ունի բավականաչափ զինված ուժեր, եւ երկիրն էլ հեշտ նվաճվող չէ, իսկ հոռոմների ուժն այժմ նույնը չէ, ինչ հնում էր. նրանք կռվում են վարձկաններով, որոնք մեծաքանակ չեն, եւ որոնց հավատարմությունը բացարձակ չէ:

- Այո, ճիշտ ես, բաց պատերազմի նրանք չեն գնա:

- Տեսնո՞ւմ ես, դու էլ համաձայն ես: Ուրեմն նրանք պետք է տեսնեն, որ իրենց պատկերացրածը չի ստացվում, որ հայոց արքայի երիտասարդ տարիքը, Հռոմի օգնությամբ գահ բարձրանալն ու երկրի ավեր վիճակը Պարսից պատերազմից հետո չի նշանակում, որ երկիրը չունի դիմադրելու ուժ, եւ որ մենք պետք է հանձնեինք մեր թագավորությունն իրենց: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց բոլոր փորձերը Ներսեսի, հետո Մուշեղի՝ թագավորից հետո երկրի առավել հզոր մարդկանց միջոցով հասնել իրենց նպատակներին, տապալվեցին, որ մենք կարողացանք լուծել ե՛ւ եկեղեցական հարցը, ե՛ւ սպարապետի ու հունաց զորավարի դավադրության հարցը: Դրանից հետո նրանք պետք է հաշտվեն իրավիճակի հետ եւ նոր հարաբերություններ փորձեն կառուցել հայոց հետ: Մենք հաղթում ենք, Հրահատ:

- Ամեն ինչ ճիշտ է, արքա: Քո միտքն անթերի է: Բայց միայն ոչ հոռոմների դեպքում: Մենք չենք խոսում սովորական պատերազմի եւ սովորական թագավորության մասին: Հոռոմները դուրս են դրել իրենց մարդկային հարաբերություններից, մարդկային բանականությունից: Նրանց մեծ նպատակները մարդկային չեն եւ հասկանալի ու հաշվարկելի չեն:

- Պարզ խոսիր, Հրահատ: Մենք խոսում ենք շատ նյութական բաներից, ոչ թե վարդապետություն ենք կարդում ամբիոնից:

- Պարզ եմ խոսում, արքա: Հույս չունենաս Հռոմի հետ հաշտության: Այս կռվում որքան դու ավելի հաղթում ես, որքան ավելի հաջող են քո գործողությունները, այդքան հեռանում ես հաշտությունից: Երբ հաջողում ես այս կռվում, ոչ թե ավելի համոզում ես հակառակորդին, որ ինքը պետք է կանգ առնի եւ հաշվի նստի քեզ հետ, ինչպես լինում է սովորական պատերազմներում, այլ ավելի ես ջղայնացնում նրան, ավելի ես բորբոքում կրակը:

Կան սովորական պատերազմներ. դրանք ծագում են մարդկային, կենսական շահերի հակասություններից: Դրանք լուծվում են պարզ մարդկային հաշվարկով. եթե կռվողներից մեկը տեսնում է, որ այլեւս հույս չունի իր նպատակներին հասնելու, նա հաշտություն է փնտրում: Այլ են բացարձակ պատերազմները, որոնցում հաղթելն ավելի երկար, բարդ եւ նուրբ պայքար է պահանջում: Այստեղ հակառակորդը վիճարկում է ոչ թե քո ուժեղ կամ թույլ, ճիշտ կամ սխալ լինելը, այլ քո լինելու իրավունքն ընդհանրապես. չկա եւ չի կարող լինել այլ թագավոր, բացի մեկից, եւ այդ մեկը Հռոմի կայսրն է: Եվ ոչ միայն պարզապես թագավոր: Աստված, հավատ, պետություն, կառավարման ձեւ, օրենք, ապրելակերպ, սովորույթ՝ ամենը պետք է լինի մեկն ու մեկընդմիշտ որոշվածը: Տարբերությունները միայն անվանական կարող են լինել: Սա է բացարձակ պատերազմը, որը քո դեմ չէ, հայոց դեմ չէ, որևէ մեկի դեմ չէ՝ ազգերի դեմ է, թագավորությունների դեմ է, բազմության ու բազմազանության դեմ է:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ II. ՀՐԵՇ ՈՐՍԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

 - Ուզում ես ասել, որ ես իմ թագավորությամբ կարող եմ արմատախիլ անել Հռոմեական մեծ թագավորությո՞ւնը: Դա ցնորք է, Հրահատ, մենք հիմա դրա ժամանակն ունե՞նք:

- Դու կշահես ժամանակ, եթե ունենաս մի փոքր համբերություն: Ժամանակը շտապելով ու վազելով չի: Ժամանակի կառավարումը թագավորական արվեստի հիմքն է՝ ճիշտ պահին դադարներ ունենալ եւ ճիշտ պահին գործել արագ՝ կայծակնային: Հովազը չի վազում ամեն վայրկյան: Նա համբերատար սպասում է իր զոհին թաքստոցում եւ արագանում է միայն ճիշտ պահին: Իր որսալու պահը նա պատրաստում է երկար ու թաքուն, իսկ մահացու հարվածը ակնթարթի հարց է:

- Լավ է, որ հասկանում ես նաեւ որսից, ոչ թե միայն վարդապետություններից:

- Դե ուրեմն, լսիր որսորդի վարդապետությունը: Սա որսերի որսն է, որսորդական արվեստի բարձրակետը, որը վայել է միայն արքաներին: Մենք այսօր դուրս ենք եկել ո՛չ եղնիկի, ո՛չ վարազի, ոչ էլ առյուծի որսի, տեր իմ, Պապ: Մենք այսօր պետք է որսանք անորսալին՝ մի բան, որը չկա, մի հոգի, մի ուրվական, եթե կուզես մի դեւ: Պարսից արքան առյուծ է՝ նրան որսալը դժվար է, բայց հնարավոր քաջերի համար: Հայոց արքան վարազ է, որն առյուծի վրա չի հարձակվում, բայց եթե առյուծը նրա վրա հարձակվի, կարող է հաջողությամբ պաշտպանվել: Բայց Հռոմի թագավորը կենդանի չէ, այլ մարդկության թշնամին, անտեսանելի եւ աներեւույթ, հրեշավոր ուժ: Այս որսը ոչ քեֆ անելու, ոչ էլ տղամարդկության համար է: Այս որսն ազատության ու ազատվելու համար է:

- Լավ որսից լավ բան չկա, Հրահատ: Պատմիր տեսնեմ, ո՞նց ենք որսում քո ուրվականին: Միայն թե ես չեմ հավատում աներեւույթներին:

- Ես էլ, բայց դա կարեւոր չէ: Կարեւորը, որ իրե՛նք են իրենց հավատում, իսկ այն, ինչ ինքն իրեն հավատում է, կա՝ անկախ մեր հավատալուց:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ III. ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Ուրեմն, հռոմեացիների խնդիրն այն չէ, թե դու լավն ես կամ վատը, ճիշտ ես, թե սխալ, ձախողել ես, թե հաջողել իրենց դավերի դեմ: Իհարկե, նրանք էլ են մարդիկ՝ մսից ու արյունից, եւ գիտեն ու կարող են պետք եկած տեղը սպասել, պետք եկած տեղը նահանջել, պետք եղած տեղը հաշտվել իրավիճակների հետ, խաբել, խորամանկել, կարճ ասած՝ իրենց պահել բանական մարդու նման: Բայց այդ ամենից վեր կա մի ավելի բարձր հարկ, որտեղ նրանց նպատակները բացարձակ են, անհիմն, մարդկայինից ու բանականից դուրս, եւ այդ բարձրագույնի համեմատ նրանց նահանջները, նրանց հաշտվելը, նրանց մարդկայինը ժամանակավոր է ու խաբուսիկ:

Նրանց իրական, մեծ խնդիրը ոչ թե մասնավորն է, այլ քո թագավորությունը, քո ազատությունը, քո անկախությունը, քո իսկ լինելիությունը:

Դու Հռոմի համար անօրինական ես ի սկզբանե, ի բնե, այլ ոչ թե որովհետեւ ինչ որ բան սխալ կամ ճիշտ ես արել: Պետք է լինի միայն մեկ թագավոր, մեկ թագավորություն, մեկ օրենք. սա է Կայսրության բնատուր հայացքը, որը հնարավոր չէ փոխել: Դա այնքան խոր է, որ կարող է գործել նույնիսկ անգիտակցաբար: Դու իսկական թագավոր չես, քոնն իսկական թագավորություն չէ, որն ունի իր էությունը, իր իմաստը, իր կարգը, դու մի տեղանք ես առանց իմաստի, դատարկ, եւ միակ օրինական վիճակը քեզ համար Հռոմի մաս դառնալն է, Հռոմում ստեղծված իմաստներով ու ձեւերով քո դատարկությունը լցնելը: Դու կարող ես ժամանակ շահել, տեղական դիմադրությամբ ժամանակավոր կանգնեցնել այդ հոսանքը, բայց չես կարող փոխել դրա ուղղությունը:

Եվ նույնիսկ դիմադրողական ուսմունքներն ու շարժումները նրանք կարող են յուրացնել, իրենցը սարքել: Հիսուսի ուսմունքը, որը սկզբնապես կայսրության ծայրամասում ծնված մի դիմադրություն էր, իսկ հետո դարձավ մեծ քաղաքներում իրենց արմատներից կտրված ռամիկների ուսմունք, որը հալածանքների ենթարկվեց Հռոմի կողմից, բայց դիմացավ, այսօր դարձել է հոռոմների երբեմնի ունեցած ամենալավ գործիքը իրենց տիրապետությունը տարածելու ներսում ու դրսում ազգերին եւ դասերին ենթարկելու համար: Սրանով նրանք կատարելության են հասել:

Հին աստվածները սիրում էին տուն, տեղ, հայրենիք, օջախ, կապված էին դրանց հետ: Ամեն ազգ, ամեն երկիր, ամեն քաղաք, ամեն գյուղ, նույնիսկ ամեն ընտանիք իր աստվածներն ուներ: Աստվածներն ազգերինն են, այսինքն՝ նրանք սիրում են բազում սկզբունքներ: Ամեն երկրում իր թագավորն ու իր Արամազդը, Զեւսը, Յուպիտերը: Հռոմեացիք վաղուց էին իրենց արգանդում հղանում մեկ Աստծու գաղափարը: Նրանք խառնում էին ազգերին, միաձուլում աստվածներին, բայց այդ ամենը դեռ նախաբանն էր: Փիլիսոփաները վաղուց էին հռչակել, որ կա միայն մեկ Աստված: Փիլիսոփայությունը կրթյալների համար է: Բայց ահա մեծ քաղաքներում ու հռոմեացվող գավառներում փիլիսոփայությունը վերածվեց մի նոր կրոնի: Ի՞նչ գործ ունի կամ ի՞նչ պիտի անի Յուպիտերը Հռոմ քաղաքից դուրս, Անտիոքի մի առեւտրականի համար, որը մոռացել է իր հայրերի լեզուն, խոսում է կոտրատված հունարենով, եւ որի հորեղբայրն ապրում է Լիոնում, որն աշխարհի մյուս ծայրին է, բայց Անտիոքից շատ չի էլ տարբերվում: Մեկ կայսրություն, մեկ ճանապարհ, մեկ առեւտուր, մեկ Աստված՝ տրամաբանական չէ՞:

Դիոկղետիանոս կայսրը, երբ վերականգնեց Հռոմի հզորությունը, փորձեց վերականգնել նաեւ հին, պապենական կրոնը: Բայց դրան չէր հավատում նույնիսկ ինքը՝ վերականգնողը: Վերջը նա էլ՝ ծագմամբ մի իլիրիացի, մի վարձկան զինվոր, ի՞նչ գործ ուներ երբեմնի Հռոմ քաղաքի գերագույն աստվածության հետ, ի՞նչ զգացմունքներ, ի՞նչ հավատ կարող էր ունենալ նրա հանդեպ: Կոնստանտինն ավելի խելոք գտնվեց: Նա տեսավ, որ այսպես թե այնպես միասնական առեւտուրը, մեծ քաղաքների միանմանությունը, ազգերի համաձուլումը ինքն իրեն արդեն ընտրել է նաեւ կրոն ու Աստված: Նա դարձրեց դա իրենը եւ հետը շահեց մեծ նվեր: Նախ՝ ստացավ մեկ Աստված, մեկ թագավոր, մեկ թագավորություն բանաձեւը, որով այժմ կարող էր հիմնավորել այն, ինչ առանց այդ էլ կար հռոմեական գիտակցության մեջ: Երկրորդ՝ ստացավ հրաշալի կազմակերպված ցանց՝ եկեղեցին, որի վրա կարող էր հենվել ոչ միայն իր պետության ներսում, այլեւ որի միջոցով կարող էր տարածել իր ազդեցությունը նաեւ դեպի դուրս: Եթե դու քրիստոնյա ես եւ ընդունում ես մեկ Աստված, մեկ ճշմարտություն, մեկ դավանանք, մեկ եկեղեցի, ապա ինչո՞ւ չես ընդունում դրանից բխող բնականը՝ մեկ թագավոր եւ մեկ օրենք բոլոր քրիստոնյաների համար: Ինչի՞ համար է թագավորների ու թագավորությունների բազմազանությունը, եթե հավատը, ճշմարտությունը, Աստված, ճանապարհը, եկեղեցին մեկն է: Ո՞րն է քո առանձին Հայոց թագավորության իմաստը: Եթե չկան աստվածներ, չկան եւ առանձին թագավորություններ:

ՊԱՊԻ ԵՎ ՀՐԱՀԱՏԻ ԶՐՈՒՅՑԸ IV. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿՌԻՎԸ

 

- Իսկ ինչո՞ւ հռոմեացիք պետք է հրաժարվեին իրենց բնիկ Յուպիտերից հանուն գավառական մի քարոզչի աստվածացման:

- Իսկ ի՞նչ կապ ունի Հռոմեական կայսրությունը երբեմնի Հռոմի հետ: Միջերկրականի բազմազգ առեւտրականների այդ միությունը, որը պաշտպանում են իլիրիական եւ գերմանական վարձկանների բանակները, եւ ուր իշխում են այն նույն վարձկաններից դուրս եկած, նրանց կողմից ընտրված եւ մեծ քաղաքների հարուստների շահերը պաշտպանող կայսրերը: Վաղուց վերացել են Հռոմ քաղաքի մեծ տոհմերը, որոնք ստեղծել են այդ տերությունը: Մնացել է միայն անունը: Զարմանո՞ւմ ես: Բայց արդյոք Հռոմն այն տերությունը չէ՞, որը ցայսօր իրեն կոչում է հանրապետություն, համարում է, որ ինքը թագավոր չունի, որ ազատ քաղաքացիների պետություն է, բայց իրականում աշխարհի ամենաբռնակալ միապետությունն է: Հռոմն անուն է միայն հնուց ժառանգած: Հռոմեացիներ, հույներ՝ եղել են հնում այդպիսի ազգեր, որոնք ստեղծել են մեծ արժեքներ, այդ թվում՝ մեծ թագավորություններ ու տերություններ: Բայց այսօր դրանք միայն անուններ են: Այսօր Հռոմեական տերությունը մի անհող, անարմատ, անաստված տարածք է, որը չի ներկայացնում ոչ մի կենդանի էություն, ինքնանպատակ դատարկություն է, որը խժռում է աշխարհում դեռեւս մնացած ինքնուրույն կյանքերը՝ լցնելու համար իր դատարկությունը, բայց ի զորու չէ կշտանալ:

- Եվ սակայն Հայքը չի կարող անվերջ կռվի մեջ լինել Հռոմի դեմ, որի կարողություններն անսպառ են:

- Նախ՝ կռվի լինել կամ չլինելը քո ցանկությամբ չէ: Եթե կռիվները լինեին ցանկությամբ, ապա, թերեւս, երբեք չէին էլ լինի: Քանի կա Հայքը, քանի կան ազատ ժողովուրդներ, թագավորություններ, Հռոմի կռիվը նրանց դեմ անվերջ շարունակվելու է: Հայերը, պարսիկները, գերմանները նույն կռիվն ունեն: Դա սկզբունքների հակադրություն է՝ ազատության եւ անազատության:
Մեծ Հայքի սկզբունքն ազատությունն է: Դա հաճախ մեր թուլությունն է, բայց նաեւ մեր ուժը: Դու արքա ես, բոլոր իշխանների իշխանն ես, բայց եթե պետք է որոշում ընդունես, պետք է խորհուրդ անես հայոց զորքի՝ Հայոց ժողովի հետ: Քո հրամանը քոնն է, բայց արտահայտում է ժողովյալ կամքը: Հայոց երկրում ամեն գավառ, ամեն երկիր, ամեն հովիտ, ձոր իշխանություն է, ունի իր տերը, իր զորքը, իր լեզուն, իր սրբությունը: Եվ ամեն իշխան էլ իր իշխանության սահմաններում ամենակալ չէ. նա ունի իր ժողովը, իր զորքը, որի հետ համատեղ որոշում է իր անելիքը: Ազատությունը՝ յուրաքանչյուրի ինքն իրեն իշխան լինելը, Հայոց երկրի սկզբունքն է վերեւից ներքեւ: Այդպես եղել է ի սկզբանե, մինչեւ իսկ թագավորների հայտնվելը Հայքում:

Հայոց արքայի գործը հեշտ չէ: Նա պետք է հաշվի առնի բոլորին, հաշտեցնի բոլորին: Հայոց արքայի դեմ միշտ կարող են դրսից հանել իշխանների մի խումբ: Բայց մեր ազատությունը միայն մեր թուլությունը չէ: Դա մեր ուժն էլ է: Հայոց աշխարհը դժվար է նվաճել: Կարելի է մի օր վերացնել Հայոց թագավորությունը, բայց նա, ով ուզում է նվաճել Հայքը, պետք է հատիկ առ հատիկ վերացնի ամեն սարի, ձորի, հովտի իշխանությունը, զորքը: Եվ մինչ նվաճի մեկին կամ երկուսին, երրորդը նորից ապստամբում է: Հայոց երկիրը կարելի է բաժին առ բաժին կլանել, քայլ առ քայլ նվաճել, բայց միանգամից եւ ամբողջապես ոչ ոք չի կարող դա անել, նույնիսկ հոռոմները, եւ դա շնորհիվ մեր ազատության:

Մեզ նման են պարսիկները, հեռավոր գերմանները, որոնք այսօր Հռոմի գլխավոր զինված ուժն են դարձել: Պարսիկները կարող են մի օր վերացնել Հայոց թագավորությունը, բայց հայոց ազատությունը նրանք ոչ կարող են, ոչ էլ ուզում են վերացնել: Այլ է Հռոմը: Նրա նպատակը սովորական տիրապետությունը չէ: Նրա նպատակը երկրի նվաճումն է, ազատության արմատախիլ անելը, ամբողջական կարգը փոխելը՝ իրավունք, բարոյականություն, զորք, կրոն: Եթե մի օր հոռոմները ենթարկեն Հայոց երկիրն իրենց, ապա նրանք չեն բավարարվի հարկ հավաքելով եւ զինվորական օգնություն ստանալով, այլ կձգտեն մի օր քայլ առ քայլ վերացնել հայոց կարգի հիմքը՝ իշխանությունը, տեղական զորքը, միով բանիվ՝ բուն Հայքը:

Հռոմի եւ մեր կարգը իրար հայելային հակադիր են: Նրանք ոչ միայն այլոց են ուզում ազատությունից զրկել, այլեւ իրենք են հենց ստրուկներ իրենց երկրում: Թեեւ անունով ազատ են, բայց դա միայն հին վերհուշ է վաղուց անցած ժամանակների, երբ Հռոմի քաղաքացիների ժողովներն իրապես ընտրում էին իրենց կառավարողներին ու զորավարներին, որոշումներ էին ընդունում եւ զորք կազմում: Այն պահից, երբ Հռոմի քաղաքացիները դադարեցին զորք լինելուց, եւ հռոմեական լեգեոնները սկսեցին հավաքվել փողի դիմաց, նրանք կորցրին իրենց ազատությունը: Այդ վճարվող զորքի զորավարները դարձան բռնապետներ՝ միակ իշխողներ ահռելի մեծ տարածքում: Թեեւ իրենց թագավոր չհռչակեցին, բայց ցանկացած թագավորից տասնապատիկ ավելի ինքնակալ են: Հսկայական տարածքում կա միայն մեկ իրապես իշխող, եւ դա կայսրն է: Իսկ վերջին շրջանում այդ բռնապետությունն ավելի սարսափելի դարձավ: Եթե առաջին կայսեր օրոք Հռոմի զորքը, թեեւ վճարովի էր, բայց լեգեոններում ծառայում էին բուն հռոմեացիք ու իտալացիք, ապա այսօր զինված ուժն օտար վարձկաններն են: Այս նոր զորքն էլ հաստատեց իր նոր կարգը. հենց նույն օտարազգի վարձկանները սկսեցին գրավել գահը եւ նույնիսկ ժառանգաբար տիրել: Վերացան նույնիսկ այն ազատությունները, որոնք դեռ կային, օրինակ՝ քաղաքների ազատությունները, կրոնական ազատությունը:

Այս երկու՝ հայոց եւ հոռոմոց զորքերն են իրար դեմ: Մեկն ազատների զորքն է, որը ստեղծել է իր թագավորությունը, եւ մյուսը վարձկանների զորքն է, որը ստեղծել է իր բռնապետությունը հանրապետության անվան տակ եւ դրա փլատակների վրա: Հռոմեական կարգը չի կարող հանդուրժել իր շուրջը այլ կարգեր: Նրա համար ազատությունն անկարգություն է, բարբարոսություն, անօրենություն: Դուրսը պետք է լինի նույն բացարձակ միությունը, նույն միաստվածությունը, ինչ ներսում: Այդ կռիվն է, որ քո ընտրությունից դուրս է, այդ տարերքն է, որ իրենով կա՝ անկախ քո կամքից:

Դու կարող ես հաղթել այդ կռվում, որովհետեւ չնայած ուժերն անհավասար են թվում, բայց ամեն մեկն ունի իր ուժն ու թուլությունը:

- Բայց ինչպե՞ս հաղթեմ:

- Արդեն ուշ է, եւ դու վաղն ունես բազմաթիվ շտապ գործեր: Դեռ այսքանը հասկացիր: Պետք է անենք առաջին ամենաանհրաժեշտ քայլերը, իսկ շարունակությունը կհասունանա ինքն իրեն:

Շարունակելի

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: