Հայոց պատմությունն առանց Մեծ եղեռնի. Մաս I

Այլընտրանքային պատմություն
Հրանտ Տէր-Աբրահամեան

 
 

Ռուբեն Տեր-Մինասյանի «տարօրինակ» առաջարկը

«Այսպես, Ռուբեն Տեր-Մինասյան, Տարոնի ներկայացուցիչ, առաջարկեց կամավորական խումբեր կազմել թուրք բանակի կողքին ռուսների դեմ, բայց միտքը այնքան տարօրինակ թվաց, որ նույնիսկ քվեարկության չդրվեց»:

Սիմոն Վրացյանի «Կյանքի ուղիներով» հուշերի 3 հատորում արված այս վկայությունը հայոց պատմության ամենազարմանալի, եթե չասենք՝ սենսացիոն հնչող դրվագներից է. անհավանակա՜ն, անհավատալի՜ թվացող մի այլընտրանքի հնարավորություն՝ հայկական կամավորական ջոկատներ, որոնք պետք է կռվեին թուրքերի կողմից ռուսների դեմ:

Երկար տարիներ այս վկայության մասին մտորումները հանգիստ չեն տվել ինձ: Եթե այն իրականություն դառնար, որքանո՞վ կարող էր տարբերվել մեր պատմությունը այն բանից, ինչ եղավ իրականում: Կխուսափեի՞նք արդյոք Մեծ եղեռնից: Հնարավո՞ր էր արդյոք այս առաջարկի իրացումը: Իհարկե, այս հարցերը չեն կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված պատասխան, բայց հակված եմ համարելու, որ, այո, հնարավորություն կար: Այս հնարավորության շուրջ այլընտրանքային պատմության սցենար գրելը, թեեւ հասկանալիորեն ցավալի, բայց չափազանց ուսանելի է միաժամանակ:

ՆԱԽՔԱՆ ԱՅԴ ՍՑԵՆԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Եվ քանի որ թեման շատ զգայուն է, իսկ մեջբերվող փաստերից էլ շատերն այսօրվա հային հաճախ ոչ այնքան հայտնի, ստիպված ենք այլընտրանքային պատմության մեր շարքի այս հոդվածի զուտ պատմական-ներածական մասը սպասվածից ավելի ծավալուն դարձնել:

 

 

 

1914-ի թուրքական առաջարկը

Ռուբենի առաջարկը, որի մասին խոսում է Վրացյանը, արվել է ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել Կարինում (Էրզրում) 1914-ի հուլիսին՝ Առաջին համաշխարհայինի նախօրեին: Ընդհանուր ժողովը փաստորեն կիսատ է մնում. հենց այդ օրերին ստացվում է պատերազմ սկսելու մասին լուրը, որից հետո որոշվում է շուտ ավարտել համագումարը: Ցավոք, այս ժողովի նյութերից շատ քիչ բան է մնացել: Հատկապես չկան քննարկումների մանրամասն արձանագրություններն այնպես, ինչպես պահպանվել են նախորդ տարիների ժողովների մեծ մասից: «Նյութեր ՀՅԴ պատմության համար» բազմահատոր ժողովածուի 12-րդ հատորի մեջ կարդում ենք, որ այս Ընդհանուր ժողովի մանրամասնություններն «ընդմիշտ կորած են»:

Ընդհանուր ժողովը ցրվելուց առաջ կազմում է մի քանի հոգանոց հանձնախումբ, որը ժողովի ցրվելուց հետո հանձնառու էր պատերազմի հարցերով որոշումներ ընդունել: Ժողովի ավարտից անմիջապես հետո Կարին է ժամանում երիտթուրքերի պաշտոնական պատվիրակությունը, որը բանակցությունների մեջ է մտնում Դաշնակցության այդ հանձնախմբի անդամների հետ (Ռոստոմ, Վռամյան, Ակնունի) հայերի հնարավոր դիրքի մասին պատերազմի դեպքում: Այս բանակցությունների մասին մի քանի վկայություն կա, որոնք տարբերվում են մանրամասներում, բայց էությունը նույնն է: Մենք կհիմնվենք հիմնականում նույն՝ «Նյութեր ՀՅԴ պատմության համար» (հատոր ԺԲ) շարքում ներկայացված բանակցությունների մասնակից Վռամյանի կազմած սղագրի, նաեւ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ հեղափոխականի հիշատակարանի» 7-րդ հատորի տեղեկությունների վրա:

Բանակցություններում թուրքերը նախ տեղյակ են պահում, որ պատրաստվում են մասնակցել պատերազմին ընդդեմ Ռուսաստանի (այդ պահին դա դեռ պաշտոնապես հայտնի չէր, Թուրքիան մտավ պատերազմի մեջ միայն 1914-ի հոկտեմբերին, թուրք կառավարության մեջ կային նաեւ չեզոքության կողմնակիցներ, ինչպես նաեւ անգլիական կողմնորոշում ունեցողներ), ապա որ նրանք բանակցել են վրացիների եւ Կովկասի թուրքերի (ներկայի ադրբեջանցիների) հետ եւ ստացել նրանց համաձայնությունը պատերազմի դեպքում գործել միասին ռուսների դեմ՝ ապստամբեցնելով Կովկասը: Նույնն այժմ առաջարկում էին նաեւ հայերին՝ ապստամբեցնել ռուսների դեմ Արեւելյան Հայաստանը եւ թուրքերի կողմից մասնակցել պատերազմին: Ի հատուցումն այս ամենի՝ թուրքերը խոստանում էին անկախություն/ինքնավարություն Կովկասի ազգերին (մեր աղբյուրներն այնքան էլ որոշակի չեն՝ անկախ թե ինքնավար Հայաստանի, նաեւ Կովկասի իրավական կարգավիճակի եւ սահմանների հարցում): Համաձայն Ռուբենի հուշերի՝ պետք է ստեղծվեր անկախ Հայաստան, որի կենտրոնը կլիներ Էջմիածինը, եւ որին կմիացվեր նաեւ Արեւմտյան, այսինքն՝ թուրքական տիրապետության տակ եղած Հայաստանի մի մասը:

Իմաստ չկա այստեղ մանրամասն քննել թուրքական այս առաջարկը: Պարզ է միայն, որ թուրքերի հիմնական հույսը կարող էր լինել միայն հայերի վրա, քանի որ Կովկասի ժողովուրդներից հայե՛րն էին առավել կազմակերպված քաղաքական ու ռազմական ներուժ ունեցողը, եւ հայերն էին միայն, որ 1903-06 թթ ունեին ռուսական պետության դեմ կազմակերպված ազգային դիմադրության փորձ: Առանց հայերի թուրքական ծրագիրը չէր կարող կայանալ, ինչպես եւ եղավ իրականում:

 

 

Դաշնակցության ներկայացուցիչները մերժում են թուրքական այս առաջարկը այլեւայլ պատճառաբանությամբ: Հատկապես շեշտում են, որ անհնար է կովկասահայությանը պայքարի կոչել ընդդեմ ռուսների թուրքերի կողմից, քանի որ կա մեծ հիասթափություն թուրքերից, որը փոխարինել է 1908-ի թուրքական հեղափոխությունից հետո առաջ եկած ոգեւորությանը հայ-թուրքական հարաբերություններում: Դաշնակցությունը խոստանում է թուրքական կողմին պահպանել չեզոքություն պատերազմի դեպքում. Օսմանյան կայսրության հայերը կկատարեն իրենց պարտքը պետության նկատմամբ որպես զինվորներ: Նաեւ խորհուրդ էին տալիս թուրքերին ընդհանրապես չմիջամտել մեծ պատերազմին, այլ պահպանել չեզոք դիրք:

Կամավորական շարժում ռուսական անորոշ խոստումների հիմամբ

Աղբյուրներում կարծես չկա որոշակիություն, թե արդյոք ՀՅԴ 8-րդ ԸԺ-ն հստակ որոշում ունե՞ր պատերազմի մասին եւ հատկապես ռուսների կողմից հայկական հնարավոր կամավորական շարժման վերաբերյալ: Շատ անգամ կարելի է կարդալ, որ ԸԺ-ի որոշումն էր չեզոք դիրք պահելը, համաձայն որի՝ ռուսահպատակ եւ թուրքահպատակ հայերը պետք է իրենց պարտքը կատարեին պետությունների հանդեպ: Ժողովի նյութերում նման բան կարծես չկա: Վրացյանի՝ արդեն հիշատակած հուշերում ասվում է, որ ժողովը որեւէ որոշում չի ընդունել, այլ հարցը թողել է հանձնախմբին: Սա էլ իր հերթին չի հասցրել հավաքվել եւ լիարժեք որոշում ընդունել: Նույն ժողովի մյուս մասնակիցները այլ կերպ կարող են ներկայացնել խնդիրը՝ նայած, թե որը ո՛ր որոշման կողմնակից էր: Վրացյանը, քանի որ դեմ էր կամավորական շարժմանը (այսինքն՝ ռուսների կողմից թուրքերի դեմ հայկական կամավորական ջոկատների ստեղծմանը) կամ գոնե հետադարձ հայացքով ներկայացնում է այնպես, որ դեմ է եղել, հարցը թողնում է անորոշ: Նրանք, ովքեր, հակառակը, կողմ են եղել կամավորականությանը, փորձել են ներկայացնել այնպես, որ կա դրա վերաբերյալ ԸԺ դրական որոշում: Այսօրվա ընդհանրացված տեսակետն է, որ նման որոշում չի եղել: Սակայն իրականությունը թերեւս դեռ երկար կմնա հարցականի տակ:

Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ ԸԺ որոշումը եւ Դաշնակցության ղեկավարության ընդհանուր դիրքորոշումը չեզոքություն պահելն էր՝ յուրաքանչյուր երկրի քաղաքացի հայերի՝ իրենց զինվորական պարտականությունը կատարելն էր իր պետության նկատմամբ, առանց որեւէ մեկի կողմից կամավորական ջոկատների ստեղծման, ապա պետք է ասել, որ այդ որոշումն ի կատար չածվեց եւ բացարձակորեն խախտվեց:

Պատերազմի սկսվելուն պես ռուսահայերի մեջ ծավալվեց կամավորական շարժումը՝ հօգուտ Թուրքիայի դեմ պատերազմին ռուսների կողմից մասնակցելուն: Այս շարժմանն ի վերջո միացավ նաեւ Դաշնակցությունը, չնայած գոնե ֆորմալ իմաստով Դաշնակցությունը չէր դրա նախաձեռնողը, եւ այն հակասում էր չեզոքության մասին որոշմանը, եթե կար: Զուտ ռազմական տեսակետից, հենց Դաշնակցությունն էլ կազմեց շարժման կորիզը, քանի որ այլ՝ ինքնուրույն ռազմական ներուժ ունեցող կառույց հայության մեջ եւ ընդհանրապես Կովկասում չկար էլ:

Կամավորական շարժմանը մասնակցեցին դաշնակցական հայտնի գործիչներ, այդ թվում՝ արեւմտահայեր: Կամավորական շարժումը ծավալվեց ռուսական անորոշ խոստումների հիմամբ: Հայերն ակնկալում էին ինքնավար Հայաստան՝ ազատագրված Տաճկահայաստանի տարածքում: Ոչ մի փաստաթղթային հիմք այդ հույսը չուներ, սակայն հավատում էին, որ ռուսները խոստացել են բանավոր հայ ներկայացուցիչներին: Իրականում Ռուսաստանը որեւէ նման ծրագիր չուներ:

Մեծ ոգեւորությունից դեպի ավելի մեծ հիասթափություն

Ռուսական իրական ծրագրերում ինքնավար Հայաստանի հարց չկար: Վաղուց արդեն հրապարակված փաստաթղթերից հայտնի է, որ Ռուսաստանի նպատակն էր Արեւմտյան Հայաստանի պարզ կցումը Ռուսաստանին (միայն օրինակի համար հիշատակենք դեռեւս 1950-ականներին հայտնի դաշնակցական գործիչ Գաբրիել Լազյանի կողմից կազմված «Հայաստան եւ հայ դատը հայ եւ ռուս հարաբերությունների լույսի ներքո» փաստաթղթերի հավաքածոն): Հայտնի են նաեւ Հայաստանում կազակների վերաբնակեցման, այսպես կոչված՝ եփրատյան կազակության ստեղծման ծրագիրը: Այդուհանդերձ, իհարկե, պետք է նաեւ հասկանանք, որ եթե Արեւմտյան Հայաստանն իրոք կցվեր Ռուսաստանին, ապա նրանք հազիվ թե ի զորու լինեին արմատապես փոխել դրա ազգագրական պատկերն ի վնաս հայերի:

ՆՎԱՃԵԼՈՎ 1916-ԻՆ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾ ՄԱՍԸ՝ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԼԵՒՍ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՑՐՎԵՑԻՆ, ԵՒ ԴՐԱՆՑ ՏԵՂԸ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԶՈՐԱՄԱՍԵՐ: 

Տարբերությունն էական էր ու վճռական: Կամավորական ջոկատները, ըստ էության, ինքնավար հայկական բանակ էին ռուսականի կազմում ազատագրական պայքարով անցած հրամանատարներով եւ զինվորներով: Նոր «հայկական» կանոնավոր զորամասերը ռուսական շարքային միավորներն էին, որոնցում ծառայում էին սովորական՝ ազատագրական պայքարի հետ կապ չունեցող ռուսահպատակ հայեր: Սրանք չունեին ոչ կամավորականի ոգին, ոչ գաղափարականությունը, ոչ էլ կռվելու փորձը: Սրա մասին մանրամասն գրում է Կարո Սասունին իր «Հայ-թուրքական պատերազմը» գրքում:  

Կամավորական ջոկատների ցրումը 1916-ին մեծագույն հիասթափության առիթ էր հայկական միջավայրում: Եթե 1914-ը՝ կամավորական շարժման ստեղծման տարին, ոգեւորության շրջան էր, եթե 1915-ը ծանր էր, բայց դեռ հույսերով լի, ապա 1916-ի ավարտը հոգեբանական անկման տարի էր, չնայած Արեւմտյան Հայաստանի մեծ մասն արդեն ռուսական տիրապետության տակ էր: Պարզ դարձավ, որ ինքնավարության մասին ռուսական խոստումները գոյություն ունեին միայն հայերի վառ երեւակայության մեջ, իսկ հայկական կամավորական ջոկատները պետք էին միայն ռուսների համար ծանր պահին, երբ դեռ պարզ չէր Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվի ելքը: Իսկ վճռական հաղթանակներից հետո թուրքերի նկատմամբ, հայկական ջոկատներն այլեւս վտանգ էին ռուսների համար, որի պատճառով էլ ցրվեցին:

Հայկական լիբերալիզմի վարդագույն երազանքը

Կամավորական շարժումը ոչ միայն եւ ոչ այնքան Դաշնակցության նախաձեռնությունն էր, որքան ընդհանրապես արեւելահայ վերնախավի: Դա մի մեծ հոսանք էր, որին միացան ու մասնակցեցին հայության բոլոր վերնախավային շերտերը՝ եկեղեցականներից մինչեւ թիֆլիսահայ քաղքենիություն: Կամավորական շարժման ակտիվ քարոզիչներն էին այդ թվում նաեւ այն հանրային շերտերն ու գաղափարական հոսանքները՝ հայկական լիբերալիզմից («մշակականներ») մինչեւ պահպանողականներ, որոնք 1880-1910-ականներին եղել են հայկական հեղափոխության՝ ազգային-ազատագրական շարժման արմատական քննադատության դիրքերում: Սեփական ուժերի վրա հենվող հեղափոխական պայքարը թե՛ հայ լիբերալները, թե՛ պահպանողականները համարել են անխոհեմություն, իսկ Հայկական հարցի լուծումը տեսել են հզոր արտաքին միջամտությամբ՝ եվրոպական կամ ռուսական: Կարելի է ասել, որ Առաջին համաշխարհայինն ու կամավորական շարժումը ոչ միայն հայ քաղքենիական առաջադիմականության, հայ լիբերալիզմի, այլեւ հայ պահպանողականության վարդագույն երազանքի իրականացումն էր, քանի որ այդ հանրային շերտերի՝ տարիների քաղաքական ծրագիրն էր՝ սպասել «քաղաքակիրթ աշխարհի» պատերազմին ընդդեմ Թուրքիայի Հայաստանի «ազատագրման» հույսով: «Միջազգային հանրության» ձեռամբ Հայաստանի ազատագրումը թուրքերից քաղաքական սուրբ դավանանք էր, որը միավորում էր «հակահեղափոխականների» մյուս հարցերում իրար հակադիր թեւերը:

Դաշնակցությունը, որը, ինչպես տեսանք, սկզբնապես փորձում էր չեզոք դիրք գրավել, շատ արագ տարվեց 1914-ի ընդհանուր հոսանքով, որովհետեւ ինքն էլ ծագմամբ այս նույն քաղքենի առաջադիմության մի ձախ թեւն էր ի սկզբանե: Ճիշտ է, Դաշնակցությունը հռչակել էր իրեն հեղափոխական, այսինքն՝ սեփական ուժերով ազատագրական պայքարի կողմնակից, եւ մասամբ էլ հաջողության հասել այդ ճանապարհին, սակայն այդպես էլ երբեք վերջնականապես չկարողացավ ազատվել գաղութահայ գավառական լիբերալիզմի պորտալարից՝ «քաղաքակիրթ աշխարհին» հավատալուց, այսինքն՝ չկարողացավ լիարժեք հեղափոխական ուժ դառնալ:

Դաշնակցության գործիչներից մի քանիսն էին միայն, որոնք կամ բացահայտ դեմ էին, կամ վերապահումներ ունեին կամավորական շարժմանը: Դրանց թվում նշենք մեր նյութի հիմնական հերոս Ռուբեն Տեր-Մինասյանին, նաեւ Հովհաննես Քաջազնունուն, մասնակիորեն Արամ Մանուկյանին, Սիմոն Վրացյանին եւ այլոց: Սակայն նրանց կարծիքը կաթիլ էր այն ծովում, որն ալեկոծել էր հայությունը Մեծ եղեռնի նախօրեին:

Հնարավո՞ր էր արդյոք բացառել Մեծ եղեռնը

Թուրքերը սիրում են հղում անել կամավորական շարժմանը որպես «մեղմացուցիչ հանգամանք» իրենց հանցանքի: Պետք է ասել, որ հայկական միջավայրում էլ 1920-30-ականներին տարածված էր այն տեսակետը, որ Մեծ եղեռնի առիթը եղել է կամավորական շարժումը: Կարելի է ասել, որ այս կամ այն կերպով, թեկուզ ոչ ուղղակի ձեւակերպումներով, բայց այդպես էր արտահայտվում հենց Դաշնակցության 1920-30-ականների ղեկավարության զգալի մասը՝ արդեն հիշատակված Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Սիմոն Վրացյանը եւ այլք՝ բոլորն էլ Բյուրոյի անդամներ եւ բոլորն էլ ժամանակին կամավորական շարժմանն ընդդիմացող: Նման տեսակետն ամենեւին էլ չի կարող արդարացնել թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը: Պարզ ճշմարտություն է, որ ցանկացած ժողովրդի բնաջնջումը չի կարող ունենալ որեւէ հիմնավորում: Առավել եւս նման հիմնավորում չի կարող լինել կամավորական շարժումը, որին ի վերջո մասնակցել է հազիվ մի քանի հազար մարդ (ինչպես լինում է նման դեպքերում, աղմուկն ու ոգեւորությունն ավելի շատ էին, քան իրական մասնակցությունը), եւ որի դիմաց, ստացվում է, որ ոչնչացվել է միլիոնից ավելի մարդ, որը ոչ մի կապ չի ունեցել այդ շարժման հետ, ոչ էլ գոնե պոտենցիալ զինված դիմադրող է եղել (երեխաներ, կանայք, ծերեր): Սա հարցի մի կողմն է:

Հարցի մյուս կողմն այն է, որ, այո՛, Մեծ եղեռնը կարող էր եւ չլինել, եթե հայկական վերնախավն ինքնամոռաց չնետվեր Համաշխարհային պատերազմի հորձանուտը, եթե անքննելի հավատը քաղաքակիրթ աշխարհին եւ միջազգային հանրությանը, մարդկության առաջադիմությանը չլիներ հայկական վերնախավի բոլոր հոսանքների՝ պահպանողական, լիբերալ, սոցիալիստ, միակ եւ միասնական դավանանքը:

Թուրքական պետությունն իր էությամբ ջարդարար է եղել: Ոչ միայն հայերին եւ ոչ միայն նոր՝ հեղափոխական ժամանակներում, այլեւ բազմաթիվ այլ ազգերի, միջնադարից սկսած այդ պետությունը կոտորել է: Օրինակ՝ 16-18-րդ դդ. բնաջնջման քաղաքականության զոհ են եղել թրքալեզու շիաները, որոնք զգալի թիվ էին կազմում Օսմանյան կայսրության արեւելքում, եւ որոնք ընկալվում էին օսմանցիների կողմից որպես շիական Իրանի դաշնակից: Չնայած նրանք թրքալեզու էին եւ մուսուլման, բայց ենթակա էին ջարդարար քաղաքականությանը: Սրանք, ի դեպ, այսօրվա ադրբեջանցիների նախնիներն են, քանի որ այսօրվա ադրբեջանցիները ծագում են հենց շիա թուրքերից՝ ի տարբերություն սունի թուրք օսմանցիների: Այնպես որ, ճակատագրի հեգնանքով առաջին ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրականացվել է ... ադրբեջանցիների նախնիների նկատմամբ: Նոր դարաշրջանում նույն քաղաքականությունը, բացի հայերից, կիրառվել է հույների, ասորիների, եզդիների, վերջապես քրդերի նկատմամբ:

Բայց դա չի նշանակում, որ Օսմանյան կայսրությունն ամեն օր ու ամեն առիթով ոչնչացնում էր բոլորին: Պարզ է, որ ցանկացած պետություն, նույնիսկ վատագույնը, չի կարող ամենօրյա ջարդարարության ռեժիմով ապրել, ոչ էլ երազում է ամեն օր մի ազգի ոչնչացել:

Չնայած մեր այսօրվա պատմագիտությունը, հատկապես ազդված Հոլոքոստի պատմագրությունից եւ ընդհանրապես այսօրվա մոդայից «ցեղասպանագիտության» եւ ցեղասպանությունների, նաեւ պատմագիտության մեջ քաղաքական վերլուծության փոխարեն այլեւայլ «մշակութաբանական», «մարդաբանական», «հոգեբանական» եւ այլ՝ պատմագիտության իմաստը որպես գիտություն աղավաղող միտումների գերակայությունից, փորձում է բացատրել հայերի Ցեղասպանությունը գաղափարախոսական՝ ռասիզմ, պանթուրքիզմ կամ ինչ-որ իռացիոնալ հոգեբանական «ատելություն» եւ այլ «թրիլլեր» գործոններով, սակայն ավելի դասական պատմաքաղաքական վերլուծությունը պետք է հանգեր այն եզրակացության, որ հակված է կարծելու, թե երիտթուրքերը չեն ունեցել հայերի բնաջնջման հստակ որոշում (հենց որոշում, ոչ թե, ասենք, մտադրություն կամ «պլան Բ»), ընդհուպ մինչեւ 1914-15 թթ., եւ որ բնաջնջման որոշումը չի ընդունվել՝ ելնելով գաղափարախոսական, հոգեբանական կամ մշակութաբանական եւ այլ «հեքիաթաբանական» հիմնավորումերով, այլ ելնելով կոնկրետ քաղաքական իրավիճակից, որոնց թվում կարեւոր տեղ ուներ նաեւ կամավորական շարժումը:

Այնպես չէ, որ ամեն պետության կառավարություն նման իրավիճակում կորոշեր նույնը: Բայց արդեն տեսանք, որ Օսմանյան կայսրության զինանոցում ջարդի, բնաջնջման քաղաքականությունը կար ի սկզբանե: Թուրքիայի արդիականացումը, «քաղաքակրթումը» միայն պետք է նպաստեր այդ միջնադարյան ջարդարարության ավելի կայացմանը, կատարելագործմանը (թե ինչու քաղաքակրթումը պետք է ոչ թե մեղմեր, այլ միայն բյուրեղացներ այդ քաղաքականությունը, առանձին թեմա է): Այնպես որ, բավականին կանխատեսելի պետք է լիներ, եւ շատերի համար էլ ժամանակին էր, որ ի պատասխան արեւմտահայերի մասնակցության Թուրքիայի դեմ պատերազմին, ի պատասխան ռուսամետ կամավորական շարժման՝ թուրքերը կարող են կիրառել իրենց ավանդական քաղաքականությունը:

Ուժը՝ շարժիչ պատմության

Մեծ եղեռնը, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների մասն է: Բայց մեծ եղեռնը բացատրելի չէ միայն հայ-թուրքական հարաբերություններից. սա՛ է կարեւոր հասկանալ:

Հայերի եւ թուրքերի հարաբերությունները երբեք հովվերգական չեն եղել: Ընդհանրապես ցանկացած երկու հարեւան ժողովրդի հարաբերություններ այդպիսին չեն լինում: Միշտ կա երկկողմ հարաբերությունների, այսպես ասած, դիալեկտիկա՝ պատերազմից, մրցակցությունից, հակադրությունից մինչեւ համատեղ առեւտուր, մշակութային կապեր, փոխառություններ, ազդեցություններ եւ այլն: Ժողովուրդների հավետ եղբայրություն կամ հավետ ատելություն լինում է միայն վերացական, կյանքից կտրված պատկերացումներում:

Հայ-թուրքական հարաբերությունները 20-րդ դարի սկզբին ունեին ներուժ զարգանալու այս կամ այն կողմ: 1908-14 թթ. նույն Դաշնակցությունն ազատ գործում էր Թուրքիայում, ներկայացված էր խորհրդարանում եւ նույնիսկ իր համագումարը բաց եւ պաշտոնապես անց էր կացնում Արեւմտյան Հայաստանի սրտում եւ Թուրքիայի արեւելքի կարեւորագույն ռազմավարական կենտրոն Կարինում, չնայած այդ ժամանակ երիտթուրքերի եւ Դաշնակցության համագործակցությունը պաշտոնապես խզված էր: Նույն ժամանակ Ռուսաստանում Դաշնակցությունն օրենքից դուրս էր, բազմաթիվ գործիչներ նստած էին բանտերում կամ աքսորված էին, իսկ բաց, ոչ ընդհատակյա պաշտոնական համաժողով Դաշնակցությունը Ռուսաստանում երբեք հնարավորություն չի ունեցել անելու, ոչ էլ երբեւէ ռուս որեւէ պաշտոնյա բանակցել է հայ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ:

Ոչ թե որովհետեւ ռուսներն ավելի վատն էին, քան թուրքերը, այլ որովհետեւ նրանք ավելի ուժեղ էին, քան թուրքերը: Թուրքերի համեմատական թուլության տեսակետից հայերն ավելի կարեւոր գործոն էին, քան ռուսների համեմատական ուժի տեսակետից: Դրա համար թուրքական իշխող ուժը հնարավոր էր համարում անմիջական բանակցություններ վարել հայկական քաղաքական ուժերի հետ պատերազմի մասին եւ անել բավականին կոնկրետ առաջարկներ:

Եվ կրկին՝ սա չի նշանակում, որ թուրքերը լավն էին, իսկ ռուսները՝ վատը: Ռուսները նույնիսկ հայ-ռուսական դիմակայության գագաթին չեն ծրագրավորել հայերի բնաջնջումը: Ճիշտ է, Կովկասի թուրքերի միջոցով հայկական ջարդեր կազմակերպել են, բայց հայերի իսպառ ոչնչացման ծրագիր ունենալը ռուսական քաղաքական ավանդույթից դուրս էր: Եղել է հայերի տեղահանման առաջարկ, բայց դա նույնիսկ մոլի ռուս շովինիստների համար հնչել է որպես չափազանցված ծայրահեղություն: Հենց այնպես խնդիրը չի կարող լինել լավը կամ վատը. պատմության շարժիչ ուժը միշտ էլ ուժային փոխհարաբերությունն է:

1915-1920-ից հետո հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու շանս գրեթե չունեին: Ոչ թե անմոռանալի ողբերգության պատճառով, այլ որովհետեւ այսօրվա Հայաստանն այնքան փոքր ու աննշան է Թուրքիայի համեմատ, եւ որեւէ տարբերակ չկա նվազագույն իսկ հավասարը-հավասարի հետ փոխգործակցության: Դարասկզբին իրավիճակն այլ էր, եւ հայ-թուրքական փոխշահավետ ժամանակավոր դաշինքները հնարավոր էին: Ոչ թե հանուն ժողովուրդների բարեկամության եւ նման վերացականությունների, այլ որովհետեւ կարող էին գտնվել երկուստեք շահեր՝ երկուստեք, այլ ոչ թե միակողմանի կախվածության, պետքականության տարբերակներ:

Դարերի նզովքը

Հայկական Ցեղասպանությունը հետեւանք է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ միջազգային հարաբերությունների: Հետեւանք է մեծ պետությունների միջամտության հայ-թուրքական «դիալեկտիկայի» մեջ եւ հայկական վերնախավի կույր հավատքի քաղաքակիրթ աշխարհի, մարդկության անշրջելի առաջընթացի, միջազգային հանրության եւ նման այլ «աստվածությունների» նկատմամբ:

ԱՅԴ ՀԱՎԱՏՔՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԿՈՐԵԼ, ԱՅԼ ՀԻՄՔՆ Է, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ...

Կարո՞ղ էր արդյոք լինել այլ կերպ: Այս նյութի շարունակության մեջ կփորձենք ցույց տալ, որ, այո՛, հնարավոր էր:

Մեր այլընտրանքային պատմությունը կառուցելու ենք այն տարբերակի շուրջ, որ 1914-ին Ռուբեն Տեր-Մինասյանի առաջարկը՝ թուրքերի կողմից ռուսների դեմ կամավորական ջոկատներ ստեղծելու մասին, գտնելու է իր կողմնակիցներին ու իրացնողներին: Ինքնին այդ տարբերակը գուցե այնքան էլ հավանական չէ, բայց հարմար է այլընտրանքային պատմություն կառուցելու համար: Մյուս կողմից, սակայն, նախորդ ամբողջ շարադրանքը պետք է գոնե որոշ չափով ցույց տա, որ հնարավոր էր եթե ոչ այդ կոնկրետ առաջարկի իրացումը, ապա գոնե հայ-թուրքական հարաբերությունների այլ կերպ դասավորվելն ընդհանրապես:

Ամենակարեւորը պետք է փորձենք ցույց տալ, որ Տեր-Մինասյանի «տարօրինակ» առաջարկի իրացման դեպքում հնարավոր էր խուսափել Մեծ եղեռնից՝ այս կետից բխող բոլոր հետեւանքներով: Ինչպես որ Երկրորդ համաշխարհայինում, նախորդ դառը փորձից որոշ չափով սովորած հայ գործիչները, ի հակակշիռ սովետական բանակում հայերի ակտիվ մասնակցության, ստեղծեցին նաեւ գերմանացիների կողմից կռվող, թեկուզ փոքր եւ կիսաձեւական միավորներ, որոնց շնորհիվ Եվրոպայի հայերն ազատվեցին բազմաթիվ փորձանքներից: Դրա մասին չեն իմանում կամ մոռանում են այսօրվա «մաքրամոլները», որոնք դատապարտում են այն հայ գործիչներին՝ Նժդեհին, Դրոյին, որոնք գերմանացիների հետ համագործակցության եզրեր գտան:

Ռուբեն Տեր-Մինասյանի անունը թերեւս նզովվեր դարերի մեջ որպես դավաճանի: Բայց նա կկատարեր իր պատմական առաքելությունը՝ բնաջնջումից փրկելով տաճկահայությանը: Դրա մասին ոչ ոք կարող էր չիմանալ՝ Մեծ եղեռնը կմնար այլընտրանքային պատմության մղձավանջային տարբերակ:


Շարունակելի

 

 

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

 

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

 

«Այլընտրանքային պատմություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն է:

«Այլընտրանքային պատմություն» նախագծի նպատակներից է հերքել այն տարածված պատկերացումը, որ պատմության «եթե»-ները քննարկելն անիմաստ է:

«Այլընտրանքային պատմություն»-ը սովորեցնում է պատմական օրինակներով ներկայի հնարավորությունների վերլուծություն: Այլընտրանքային մեթոդը չի ենթադրում բացարձակ երեւակայություն, այլ ներկայացնում է հնարավորինս փաստարկված, հիմնավոր այլընտրանքներ՝ պահելով երեւակայականի, երազայինի եւ տրամաբանականի, փաստականի հավասարակշռությունը: